Հայաստանյան Աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատաժամանակի ռեժիմները

«Ընտանիքամետ աշխատավայր․ հայաստանյան հնարավորությունները» հետազոտությունից տեղեկանում ենք, որ Հայաստանյան Աշխատանքային օրենսգրքով սահմանված է աշխատաժամանակի 4 ռեժիմ՝

Աշխատաժամանակի նորմալ տևողություն

Այս դեպքում նորմալ տևողությունը շաբաթական 40 ժամ է, օրական՝ մինչև 8 ժամ։ Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ` արտաժամյա աշխատանքը, հանգստի և սնվելու համար ընդմիջումը, չի կարող անցնել օրական 12 ժամից, իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամից։ Որոշ աշխատողների դեպքերում կարող են սահմանվել 24-ժամյա աշխատանքային օրեր, սակայն աշխատողների աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից, և յուրաքանչյուր 24-ժամյա աշխատանքային օրից հետո աշխատողը պետք է ունենա առանվազն 24-ժամյա հանգիստ։ Օրինակ, բժիշկը կարող է շաբաթական 2 անգամ 24-ժամյա հերթապահություն ունենալ, սակայն դրանք չեն կարող անմիջապես իրար հաջորդել։

Աշխատաժամանակի կրճատ տևողություն

Սա սահմանվում է հիմնականում անչափահասների դեպքում։ Ի դեպ, տարբեր տարիքային խմբերի դեպքում օրական և շաբաթական աշխատելու տարբեր առավելագույն աշխատաժամանակ է սահմանված (օրինակ, մինչև 7 տարեկանները կարող են շաբաթական առավելագույնը չորս ժամ ներգրավվել աշխատանքի մեջ, իսկ 16-18 տարեկանները՝ մինչև 36 ժամ)։

Եվ, իհարկե, պայման է նաև, որ աշխատել կարող են պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս։ Կրճատ աշխատաժամանակ կարող է սահմանվել նաև այն դեպքերում, երբ աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության համար անվտանգ մակարդակի և առավելագույն աշխատաժամանակը սահմանվում է շաբաթական 36 ժամ։

Աշխատաժամանակի գումարային հաշվարկ

Ինչպես տեսնում ենք նախորդ երեք ռեժիմների դեպքում հաշվարկը կատարվում է աշխատանքային օրվա կամ շաբաթվա կտրվածքով։ Սակայն այս ռեժիմի դեպքում թույլատրվում է կիրառել աշխատաժամանակի գումարային հաշվարկ այնպես, որ աշխատաժամանակի տևողությունը հաշվետու ժամանակահատվածում (ամիս, եռամսյակ և այլն) չգերազանցի աշխատանքային ժամերի նորմալ քանակը:

Գումարային հաշվարկվող ժամանակահատվածի տևողությունը յուրաքանչյուր դեպքում չի կարող գերազանցել 6 ամիսը: Սա նախատեսված է չընդհատվող ռեժիմով գործող կազմակերպություններում կամ առանձնակի բնույթ ունեցող աշխատանքների կատարման դեպքում, որտեղ, արտադրության (աշխատանքի) առանձնահատկություններով պայմանավորված, հնարավոր չէ տվյալ կատեգորիայի աշխատողների համար պահպանել աշխատաժամանակի ամենօրյա կամ ամենշաբաթյա տևողություն։ Ռեժիմի կիրառման կարգը սահմանվում է գործատուի ներքին կարգապահական կանոններով: Սահմանված է նաև, որ այս ռեժիմը արգելվում է կիրառել մինչև 18 տարեկանների նկատմամբ:

Ոչ լրիվ աշխատաժամանակ

Աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածի համաձայն, ոչ լրիվ աշխատաժամանակ սահմանվում է հետևյալ դեպքերում՝

  • եթե կա համաձայնություն աշխատողի և գործատուի միջև,
  • եթե պահանջում է աշխատողը՝ կապված իր առողջական վիճակի հետ՝ հիմքում ունենալով բժշկական եզրակացություն,
  • եթե պահանջում է հղի կինը և մինչև երկու տարեկան երեխա խնամող աշխատողը,
  • եթե պահանջում է հաշմանդամություն ունեցող անձը՝ հիմքում ունենալով բժշկական եզրակացություն,
  • եթե պահանջում է ընտանիքի հիվանդ անդամին խնամող աշխատողը՝ հիմքում ունենալով բժշկական եզրակացություն․ այս դեպքում ոչ լրիվ աշխատաժամանակով կարող է աշխատել առավելագույնը վեց ամիս և յուրաքանչյուր օրվա դեպքում առավելագույնը սահմանվածի կեսից ոչ ավել (օրինակ, ութժամյա աշխատանքային օրվա դեպքում առավելագույնը չորս ժամ օրական)։

Ամրագրված է նաև, որ աշխատաժամակի ոչ լրիվությունը կարող է լինել թե ժամերի ու օրերի կրճատման, թե երկուսը միաժամանակ կիրառելու դեպքում։ Օրինակ, կարող է սահմանվել շաբաթական երեք աշխատանքային օր՝ 5-ժամյա գրաֆիկով։ Աշխատանքային օրվա ընթացքում ոչ լրիվ աշխատաժամանակը կարող է բաժանվել մասերի: Օրինակ, եթե սահմանվել է 5- ժամյա աշխատանքային գրաֆիկ, ապա հնարավոր է երկու ժամն աշխատել առավոտյան, երեք ժամը կեսօրից հետո։ Ի դեպ, հոդվածով կարևոր ամրագրում է նաև այն, որ ոչ լրիվ աշխատաժամանակի հատկացման կարգը կարող է ներառվել աշխատանքային պայմանագրում:

Ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատելը հիմք չի կարող լինել հետագայում աշխատողի հանդեպ սահմանափակումներ կիրառելու համար՝ նրա ամենամյա արձակուրդի տևողությունը սահմանելու, աշխատանքային ստաժը հաշվարկելու, ավելի բարձր պաշտոնի նշանակելու, որակավորումը բարձրացնելու և աշխատանքային այլ իրավունքներ իրականացնելու ժամանակ։ Այսինքն, ընդգծենք, որ ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողն ունի նույնքան արձակուրդ, ինչ մյուս աշխատողները։

Օրենսգրքի 187-րդ հոդվածի համաձայն՝ ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքերում աշխատանքը վարձատրվում է փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան:

 

Աղբյուրը՝ «Ընտանիքամետ աշխատավայր․ հայաստանյան հնարավորությունները» հետազոտություն