Աննա Հովհաննիսյան. «Մանկաբարձական բռնության հետքերով»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Աննա Հովհաննիսյան

 

ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԲՌՆՈւԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

(պատմվածք)

Իմ պատմությունը  գլխիվայր շրջեց մեր կյանքը։ Ամուսնացել ենք շատ երիտասարդ հասակում։ Բնակվում ենք  գյուղական ավանում։ Հիմա ես 23 տարեկան եմ։ Ամբողջ կյանքս առջևում է, բայց կրկնակի մայրանալու բերկրանքը` արդեն անհնարին։ Լինելով անփորձ ու անտեղյակ ամեն ինչից, ապրելով  գյուղական ավանում` հղիանալուն պես դիմել ենք քաղաքի հայտնի ծննդատներից մեկին, որտեղ և հաշվառվել ու ողջ 9 ամիսների ընթացքում ստուգվել եմ։ Հղիությունս վարել է շատ տարիների փորձ ունեցող բժիշկ, ում մասին միայն դրականն էինք լսում։ Իր մոտ հաշվառված գրեթե ամեն երկրորդ  հղիությունը ավարտվում էր կեսարյան հատմամբ, ինչը այդ ժամանակ ինձ մոտ ոչ մի կասկած չէր առաջացնում։ Վերջապես, 41-րդ շաբաթում ցավերս սկսեցին։ Անհապաղ գնացինք հիվանդանոց,  միանգամից տեղափոխեցին ծնարան, քանի որ պտղաջրերը թափվել էին, ու  բալիկիս գլուխը արդեն խանգարում էր քայլելուն։ Բժշկուհիս շատ մտահոգ էր ու ծնարան տանելու ողջ ընթացքում նախատում էր, թե ինչու 38-39 շաբաթում չգնացի ու նախապես չպլանավորեցի կեսարյան հատման օր։  Հղիության ողջ ընթացքում անընդմեջ ստիպել  է, բայց մենք հրաժարվել ենք` բնական ճանապարհով ծննդաբերելու ակնկալիքով։

Վերադառնանք ծնարան. շուրջս բոլորը խառնվել էին իրար, բժշկի օգնականը անգամ, հիշում եմ, ասաց` գլխիկը երևում է, մի հատ ուժ տաս, դուրս կգա, բայց բժշկուհու դժգոհ հայացքից մնացածը ևս վախեցան կարծիք արտահայտել։ Բժշկուհին սկսեց արագ֊արագ փորիկս չափել ու անհիմն բացատրել, որ անհապաղ կեսարյան հատում է անհրաժեշտ։ Ես զգում էի, որ ցուցում չկա, ու հաշված րոպեներից  բալիկս կծնվի։ Խնդրում էի մի անգամ թույլ տալ ուժ տամ, որ ինքնուրույն ծննդաբերեմ։ Ի պատասխան` լսում էի նրա վիրավորական բառերը, որ ես անգրագետ, մարզից եկած, դպրոցը հազիվ ավարտած աղջիկ եմ ու իրավունք չունեմ իրեն չլսելու։ Անգամ մի պահ դուրս եկավ ու ամուսնուս այնպես նկարագրեց իրավիճակը, որ իմ կյանքը վտանգված է ու մեծ գումար է անհրաժեշտ, քանի որ բարդ կեսարյան է սպասվում։ Ծնարանից չհասցնելով տեղափոխել  վիրահատարան` շատ արագ, լիովին առողջ ու առանց  հետևանքների լույս աշխարհ եկավ աղջնակս։  Մինչ մանկաբույժը տարավ նրան` վրդովված բժշկուհին  տեղափոխեց ինձ վիրահատարան, որտեղ, դեռևս ուշքի չեկած կատարվածից, ծննդկան կնոջը առանց որևէ պատճառի ենթարկեց վիրահատության` հեռացնելով արգանդս։  Այս ճանապարհով կոմպենսացրեց մեր կողմից չվճարված, չկայացած կեսարյան հատման այդքան սպասելի գումարը։ Արարքը բացատրեց նրանով, որ ես ունեցել եմ խնդիրներ, և հեռացնելը անհրաժեշտ էր։ Ողջ հղիությունս անցել է անթերի ու անգամ ՈՒՁՀ հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև բուն մասնագետը հաստատեցին, որ երբևէ չեմ ունեցել արգանդի հետ կապված խնդիրներ։ Գումարը վճարել ենք, դուրս եմ գրվել բավարար վիճակում ։ Փառք Տիրոջը, աղջիկս ու ես չունենք առողջական որևէ խնդիր։ Ես սիրված կին եմ ու հրաշք աղջնակի մայր, ում համար հասարակ ծննդօգնությունը դարձավ ճակատագրական դատավճիռ։

Դեպքից անցել է 4 տարի։ Բժշկուհին սովորականի պես շարունակում է աշխատել նույն ծննդատանը։ Իսկ ես  համացանցի հնարավոր բոլոր հարթակներում փորձում եմ հասանելի դարձնել գյուղաբնակ ու անտեղյակ կնոջ պատմությունը, ով հորդորում է մայրանալու շեմին գտնվող բոլոր կանանց` չենթարկվել մանկաբարձական բռնության ու կարողանալ պաշտպանել կնոջ իրավունքները` անկախ բնակավայրից։

ԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ