Սևակ Վարդումյան․ «Պատուհանագոգ»

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել  է «Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթ՝ մանկաբարձական բռնության թեմայով։ Մրցույթն իրականացվում է «Արժանապատիվ մայրություն. ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

Ստորև ներկայացնում ենք ստեղծագործական նյութ անվանակարգի համար ստացված աշխատանքները՝ առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․Այս պատմությունները որևէ բժշկի կամ բուժանձնակազմի անդամի մեղադրելու համար չեն, այլ այն մասին են, որ Հայաստանում ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել և մտածել դրանց լուծումների ուղղությամբ։

Զգուշացում․Նյութը կարող է պարունակել դաժանության և ցավի նկարագրություններ։

Հեղինակ՝ Սևակ Վարդումյան

 

ՊԱՏՈՒՀԱՆԱԳՈԳ

«Հըն, տղա՞ ես, գլո՞ւխ բերիր»,- հարցրեց մարագից դուրս եկած և ուսերը թոթվելով ընդառաջ քայլող զարմիկին, որին տարել էր աչքերը բացելու։ Տարիքային տարբերությունը մեծ չէր՝ տասը տարի։ Քույրն իրեն էր մեծացրել, ինքն էլ, երախտագիտության ու պարտքի զգացումով, ձեռքը դրել նրա որդու գլխին, որ դպրոցական արձակուրդներին ու ազատ օրերին քեռու հետ սարուձոր էր անում։

Մի քանի ամսից լրանալու էր Նարեկի 18 տարեկանը։ Բանակի անուն լսելուն պես՝ թուլանում էին բժշկուհի մոր և պաշտոնավոր հոր սրտերը։ Տղան լսել անգամ չէր ուզում երկիրը լքելու մասին, այն էլ՝ զարտուղի ճանապարհով։

Գնալո՛ւ եմ, ինձ փախցնել չե՛ք կարողանալու։ Ես պետք ա տղամարդ դառնա՞մ, թե՞ չէ,- արյուն լցված աչքերը կլորացնելով՝ համարյա թե բղավեց մոր վրա։

– Բալես, ես քո լավի համար եմ ասում։

– Իմ լավի համար դու գնա ծնունդներդ ընդունի, որ առողջ էրեխեք ծնվեն, ազգը բազմանա։

– Բա ուզում եմ՝ դու էլ իմ օջախը բազմացնես, տղե՜ս։

– Տղամարդ չդարձած՝ ի՞նչ բազմացնեմ։

– Կդառնաս տղամարդ ու հենց էսօր,- կողքից միջամտեց Արթուրն ու քրոջ որդուն առաջն արած՝ տնից դուրս եկան։

Սահակի Մարոն ամուսնուց բաժանվել էր 22 տարեկանում։ Ավելի շուտ՝ չէր բաժանվել, դուրս էին գցել. չբեր էր։ Մայրը մահացել էր նրան լույս աշխարհ բերելիս։ Հայրը դստերն ամուսնացրել էր անչափահաս տարիքում՝ 17-ում, որ խեղճուկրակն ազատվի-գնա խորթ մոր՝ օրուարև չտվող բնավորությունից, կեղտոտ բերանից…

Ամուսնալուծվելուց մի տարի անց էլ հայրն էր մահացել, ինքը բռնել գյուղի անկնիկ մնացած տղամարդկանց «խաթրը չկոտրելու» ճամփեն։ Անմարդ աղջիկ էր՝ ջահել, գեղեցիկ, նաև՝ ապրել էր պետք։

«Ես ամեն ինչ ասել եմ, ջահե՛լ, մտի, ու էդ խոտերը դես-դեն արեք»,- քրոջ որդուն մարտի մղելով՝ Արթուրը վառեց ծխախոտն ու նստեց մոտակա կիսաքանդ շինության՝ արևից ջերմացած քարին:

Մերկ կնոջ բարեմասնություններին անծանոթ Նարեկը կարմրել էր, չգիտեր ինչ անել, ինչից սկսել, ուր հասնել… Բարևից հետո թուքը կուլ տվեց, հայացքը փախցրեց դեղնադարչնագույն խոտերի մեջ ու մոռացավ՝ ո՞ւր է եկել:

– Մի՛ ամաչի, մոտ արի, կապո՛ւյտ աչքերով հերոս,- ասաց Մարոն։

– Չեմ ամաչում,- հաստատակամ վրա բերեց Նարեկն ու փամփուշտի պես նետվեց 25-ամյա կնոջ գիրկը:

Գիշերը քունը չէր տանում: Նարեկի մտքին միայն «կապույտ աչքերով հերոս» խոսքերն էին: Իր լսածով՝ հերոս դառնում էին միայն պատերազմի ժամանակ:

Լույսը հազիվ էր բացվել, երբ հապշտապ հագավ շորերն ու ուղղություն բռնեց դեպի անառականոց՝ մարագ: Մտածում էր՝ Մարոյին կտեսնի բակում ու կասի՝ հերոսդ եկել է: Արթուրը նկատել էր զարմիկի շտապ դուրս գալը, հետևել նրան, հասկացել եղելությունը: Մարոյին զանգել էր ու ասել՝ քրոջ որդու սիրտը չկոտրի հանկարծ: Այդ օրը խոտերն ավելի շատ էին իրար եկել, մարագի դուռն էլ բացվել առանձնանալուց ավելի ուշ:

***
«Բժշկուհու հետ խոսել չի լինում, աչքունքը չի բացվում»,- քչփչում էին մարզկենտրոնի բժշկական կենտրոնի բուժքույրերը: Առավոտը նրա սեղանին դառը սուրճ էին դնում, բարևում և լուռ հեռանում: Ճերմակ խալաթի տակ էլ ավելի էր ընդգծվում սև հագուստը: Որդուց լուր չուներ, ասում էին՝ անհետ կորած է: Պատերազմից անցել էր 2 ամիս, ում դուռն ասես չէին գնացել, անձնական կապերով հարցուփորձ արել նաև հակառակորդ երկրի բանտերում, Նարեկը չկար նաև ռազմագերիների ցուցակում:

Զգուշավոր թակոցից հետո բուժքույրերից մեկը ներս մտավ. «Ծննդկան ունենք, բժշկուհի՛, ցավերը բռնած՝ եկել է: Ասում է՝ ձեր համագյուղացին է»:

Չշտապելով վեր կացավ տեղից, ուսերին գցեց խալաթն ու «ա՜խ, Աստված» անելով առաջ գնաց:

Ծնարանում Մարոն էր՝ անօգնական ու խեղճ: Հիվանդանոց հասցրել էր համագյուղացի «հերոսներից» մեկը: Հղիության ամբողջ ընթացքում հիվանդանոց չէր գնացել. նախ ուշ էր հասկացել, որ կրծքի տակ բաբախող մեկ այլ սիրտ կա, հետո՝ խուսափում էր ավելորդ հարցերից ու հայացքներից:

Հղիության մասին էլ հարևան Սոնան էր գլխի գցել: Գյուղական ամբուլատորիայի բուժքույրը նաև ասել էր, որ հանկարծ մտքով չանցկացնի պտղին հեռացնել. «Մեծ ա երևում, աղջի՜, հա՛մ քեզ կսպանես, հա՛մ՝ իրան»,- սաստել էր հարևանուհին:

– Բժշկուհի, օգնեք, չեմ դիմանում,- հեկեկաց Մարոն։

– Քեզ զուսպ պահելուն ու քարշ գալուն էլ չէի՞ր դիմանում,- վրա բերեց բժշկուհին:

– Հա բայց էս էրեխեն ձեզ համար…

– Ինձ համար մի էրեխա կա, իմ բալեն ա… Իմ հերոս բալեն գնաց-կորավ, որ քո պեսները բջերով լցնեն երկիրը,- Մարոյի փորն ուժգին սեղմելով՝ նրա դեմքին շպրտեց մանկաբարձը:

– Վա՜խ, ցավում ա, կամա՜ց, բժշկուհի՛, վա՜խ էդպես մի՛ սեղմի, վա՜խ…

– Ձե՛նդ, կամա՛ց, բջբե՛ր։

Աշխարհից չարացած կինն անդրդրվելի էր: Սրտում որդու մրմուռն էր, որի ճակատագրի համար անիծում էր ում պատահեր: Հատկապես տղա ունեցող ծննդկաններին տանել չէր կարողանում: Կարծում էր՝ բոլորն իր որդու փոխարեն են ապրում:

«Նշտարը էս կողմ տուր, սա ինքն իրենով էրեխա բերող չի»: Թեև բժշկուհու սաստող հայացքին ու խոսքին ընդդիմանալն անկարելի էր, բայց ավագ բուժքույրը համարձակվեց. «Ջահել էրեխա ա, ինչի՞ եք ուզում ճղճղատել: Թող երկար ցավ քաշի, ոչինչ, բայց ինքն իրենով ունենա»:
Սաստող հայացքն ավելի սաստկացրեց բուժքրոջ վրա ու ինքն անձամբ ձեռքը տարավ նշտարին:

«Ի՜նչ էլ համով բալիկ ա»,- երեխային ձեռքն առնելով՝ նրա հետ հեռացավ ծնարանից։ Պորտալարը կտրեց, մաքրեց, ինչ-որ բան ցանկացավ խոսել անբառ արարածի հետ, բայց հիշելով իր մինուճարի դարդը՝ շտապով դուրս եկավ վիրակապարանից ու գնաց աշխատասենյակ։

Մինչև դուրս գալը խիղճը նորից արթնացավ, որոշեց տեսակցել կապուտաչյա նորածնին, որ անհասկանալիորեն կանչում էր իրեն։ «Հըն, կաթ տվե՞լ ես, թե՞ որոշել ես էս էրեխու կյանքն էլ քոնինի պես խորտակել»,- նետեց Մարոյի ուղղությամբ։ Աղջիկը մատով ցույց տվեց հիվանդասենյակի մեկ այլ մահճակալին պառկած կնոջը։ Վերջինս արձագանքեց աչքերի տակով հայացքն իրեն ուղղած ճերմակխալաթավորին.

«Կաթ չունի, վիճակն էլ վատանում է ամեն րոպե, արնահոսում է»։

Ասես լսածը չընկալելով կամ չընկալելու տալով՝ մոտեցավ կողովի մեջ հանգիստ քնած մանչուկին, ցանկացավ գրկել, բայց հետ-հետ քայլելով՝ դուրս եկավ հիվանդասենյակից։

Մտքին անդադար փոքրիկն էր, որին գրկելիս անսովոր խտուտ էր զգացել։ Սիրտն ասես մի պահ տեղից դուրս էր թռել, հետո մի ուրիշ՝ մայրական գորովանքով վերադարձել, ընկել տեղը։ Գիշերվա մի ժամի, երբ աչքը հազիվհազ կպել էր, սարսափահար ճիչով՝ «Նարե՜կս, Նարե՛կս» գոռալով՝ արթնացավ։

– Արթնացի՛ր, շո՛ւտ արա։ Քեզ հետ եմ, վե՛ր կաց ։

– Աղջի, հո գիշերվա երա՞զ չես, ի՞նչ ա պատահել։

– Վե՛ր կաց, հագնվիր՝ կիմանաս։ Նարեկս…

– Նարեկը ի՞նչ. նորություն կա՞ մեր էրեխուց, աղջի՞…

– Երազ եկավ, ասաց. «Մա՛մ, եկել եմ, գիրկդ առ ու էլ երբեք չփնտրես ինձ»։

Հիվանդանոցի բակ հասան, երբ շտապօգնության մեքենաներից մեկը, ազդանշանը միացրած, արագ սլանում էր։ Չհասցրեց հասկանալ՝ ի՞նչ է կատարվում, ո՞ւմ և ո՞ւր են տեղափոխում։ Վազելով ու հևիհև հիվանդասենյակ մտավ։

– Մարոն ո՞ւր ա,- ձենը գցեց սենյակով մեկ։

– Հենց նոր մայրաքաղաք տեղափոխեցին, բայց ասացին՝ հույս չկա, թե կապրի։ Շատ էր արնահոսել,- մեղադրական հայացքով ու շրթունքներն ատամներով կծմծելով՝ դեմքին նայեց ծննդկաններից մեկը։

– Բա երեխան որտե՞ղ ա, ո՞ւմ մոտ,- հեծկլտալով սկսեց ման գալ։

– Էնտեղ՝ պատուհանագոգին, զամբյուղի մեջ։ Մինչև շտապօգնության գալը Մարոն ուժ գտավ, վեր կացավ, ամուր գրկեց էրեխուն ու հազիվ լսվող ձայնով ասաց. «Կապույտ աչքերով իմ հերո՛ս, Նարե՜կ»։

– Նարե՞կ,- մի աչքին ժպիտ, մյուսին լաց՝ մոտեցավ պատուհանին, նորածնին առավ գիրկն ու շշուկով և հազիվհազ գծագրվող ժպիտով շարունակեց մրմնջալ,- Նարե՜կ, իմ Նա՜ր… Իմ կապուտաչյա՛ հերոս։