Արդարադատության նախարարությունը ընտանիքամետ աշխատավայրի պրակտիկաներ չունի
Ընտանիքամետ միջավայր ունենալու համար հանձառություն է ստացել կառավարությունը։ Մասնավորապես, ՀՀ ժողովրդագրության վիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությամբ կարևորվում է ընտանիքամենտրոն քաղաքականության իրականացումը և 137-րդ կետով սահմանվում է հետևյալ նպատակը․ «Ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը»։
Ընտանիք-աշխատանք հավասարկշռության, ընտանիքամետ աշխատավայրերի առկայությունը կարևորվում է նաև Գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությամբ և միջոցառումների ծրագրով։ Մասնավորապես, 2-րդ գերակայության 12-րդ գործողությունը նախատեսում է․ «Պետական և/կամ տեղական, ինչպես նաև մասնավոր հաստատություններում ընտանիքահեն միջավայրերի ներդրմանն ուղղված աշխատանքների իրականացում»։
«Կետ 33»-ը ընտանիքամետ աշխատավայր ունենալու վերաբերյալ հարցեր է ուղղել 12 նախարարություններին, Ազգային ժողովի և վարչապետի աշխատակազմերին՝ հասկանալու համար, թե ներկայումս այս գերատեսչությունները որքանով են ընտանիքամետ աշխատավայրեր։
Հիշեցնենք, որ ընտանիքամետ է այն աշխատավայրը, որտեղ աշխատողն ունի հնարավորություն սահուն, առանց սթերսի համատեղել ընտանեկան կյանքն ու աշխատանքը, օրինակ, մոտ լինել ընտանիքի խնամքի կարիք ունեցող անդամին և միևնույն ժամանակ չկորցնել աշխատանքն ու եկամուտը։ Ընտանիքամետ աշխատավայրի հիմնական բաղադրիչներ են ա) ճկուն աշխատանքային ժամերով/պայմաններով աշխատելու հնարավորությունը, բ) վճարվող արձակուրդներ և ազատ օրեր ունենալը, գ) երեխայի/ընտանիքի անդամի խնամքի հարցում աջակցությունը, դ) Բարեկեցության և կարիերայի զարգացման կարևորումը։
Ստորև ներկայացնում ենք ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Մարիամ Սարգսյանի կողմից ստացված պատասխանները։
Նշվում է, որ նախարարությունում աշխատում է 302 հոգի, որից 235-ը կանայք են։ 12 աշխատակից ունի մինչև երեք տարեկան երեխա և չի գտնվում երեխայի խնամքի արձակուրդում։ Ընտանիքի անդամի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողներ չկան։ Չկան նաև հեռավար աշխատողներ։
Նշվում է, որ նախարարությունը չունի ընտանիքամետ պրակտիկա կամ ընդունած քաղաքականություն և դրանց հետ կապված այլ ընթացակարգեր:
Նախարարությունը չունի ծնողական և/կամ այլ տիպի արձակուրդ տրամադրելու պրակտիկա կամ քաղաքականություն, որն առաջարկում է օրենսդրությամբ սահմանվածից ավելին:
Նախարարությունը երեխայի կամ ընտանիքի անդամի խնամքի հարցերում աջակցության պրակտիկա կամ քաղաքականություն չի մշակել:
Նախարարությունը չունի կրծքով կերակրելու սենյակ և/կամ խաղասենյակ՝ պահանջարկի բացակայությամբ պայմանավորված:
Նախարարությունում աշխատողների կարիերայի զարգացումն իրականացվում է վերապատրաստումների միջոցով, որի կարգը սահմանված է ՀՀ առաջին փոխվարչապետի 2019 թվականի հունվարի 9-ի N 2-Ն որոշմամբ: Նաև նախարարության աշխատակիցների մեծ մասը հանդիսանում են սոցիալական փաթեթի շահառուներ և օգտվում են առողջության ապահովագրությունից, որի ընթացակարգը սահմանված է ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ:
Ինչ վերաբերում է հեռավար աշխատանքին, նշվում է, որ արդարադատության Նախարարի 2021 թվականի հուլիսի 16-ի N 327-Լ հրամանում կատարվել է լրացում և սահմանվել է հեռավար աշխատանքի իրականացման կարգն ու պայմանները (Արդարադատության Նախարարի 2024 թվականի մարտի 29-ի N 181-Լ հրաման):
Հրամանի համաձայն՝ աշխատանքը աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնությամբ, կարող է իրականացվել հեռավար եղանակով: Գործատուն կարող է Աշխատողից պահանջել ներկայացնել հեռավար աշխատանքի անցնելու անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթղթեր: Մեկ աշխատանքային տարվա ընթացքում թույալտրվում է հեռավար աշխատել առավելագույնը 60 աշխատանքային օրը և անընդմեջ չի կարող աշխատել 20 օրից ավելին, եթե այլ բան նախատեսված չէ գործատուի և աշխատողի միջև կնքված համաձայնագրում:
Տե՛ս նաև հարցումը և արձագանքը ամբողջությամբ։
Հարցումներն արվել են «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Կետ 33» հասարակական կազմակերպության կողմից՝ Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։


