Առողջապահության նախարարությանում տարեկան 40 ժամ բացակայելու իրավունք կա

Ընտանիքամետ միջավայր ունենալու համար հանձանռություն է ստացել կառավարությունը։  Մասնավորապես,  ՀՀ ժողովրդագրության վիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությամբ կարևորվում է ընտանիքամենտրոն քաղաքականության իրականացումը և 137-րդ կետով սահմանվում է հետևյալ նպատակը․ «Ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը»։ 

Ընտանիք-աշխատանք հավասարկշռության, ընտանիքամետ աշխատավայրերի առկայությունը կարևորվում է նաև Գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությամբ և միջոցառումների ծրագրով։ Մասնավորապես, 2-րդ գերակայության 12-րդ գործողությունը նախատեսում է․ «Պետական և/կամ տեղական, ինչպես նաև մասնավոր հաստատություններում ընտանիքահեն միջավայրերի ներդրմանն ուղղված աշխատանքների իրականացում»։

«Կետ 33»-ը ընտանիքամետ աշխատավայր ունենալու վերաբերյալ հարցեր է ուղղել 12 նախարարություններին, Ազգային ժողովի և վարչապետի աշխատակազմերին՝ հասկանալու համար, թե ներկայումս այս գերատեսչությունները որքանով են ընտանիքամետ աշխատավայրեր։

Հիշեցնենք, որ ընտանիքամետ է այն աշխատավայրը, որտեղ աշխատողն ունի հնարավորություն սահուն, առանց սթերսի համատեղել ընտանեկան կյանքն ու աշխատանքը, օրինակ, մոտ լինել ընտանիքի խնամքի կարիք ունեցող անդամին և միևնույն ժամանակ չկորցնել աշխատանքն ու եկամուտը։  Ընտանիքամետ աշխատավայրի հիմնական բաղադրիչներ են ա) ճկուն աշխատանքային ժամերով/պայմաններով աշխատելու հնարավորությունը, բ) վճարվող արձակուրդներ և ազատ օրեր ունենալը, գ) երեխայի/ընտանիքի անդամի խնամքի հարցում աջակցությունը, դ) Բարեկեցության և կարիերայի զարգացման կարևորումը։

Ստորև ներկայացնում ենք առողջապահության նախարարության աշխատակազմի կառավարման վարչության պետ Քրիստինա Գյուրջյանի պատասխանները։

Նախարարությունն ունի 212 աշխատակից, որից 162-ը կին են (շուրջ 76 %,-  հեղ․): Աշխատող կանանցից 4-ը ունի մինչև 3 տարեկան երեխա, սակայն երեխայի խնամքի արձակուրդում չեն գտնվում: Ընտանիքի անդամի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակիցներ չկան:

«Նախարարությունը չունի ընտանքիամետ մշտական քաղաքականություն և առաջնորդվում է  Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով: Առողջապահության նախարարի 2022 թվականի հուլիսի 25-ի  թիվ 3202-Լ հրամանի համաձայն` աշխատակիցները աշխատանքային ժամերին կարող են բացակայել աշխատավայրից ստորաբաժանման ղեկավարի համաձայնությամբ տարեկան մինչև 40 ժամ»,- գրված է պատասխանում: 

Նշենք, որ 40 ժամը համարժեք է 5 աշխատանքային օրվա և այս բացակայությունների համար պահումներ չեն արվում՝ համաձայն վերոնշյալ հրամանի։

Քրիստինա Գյուրջյանը նշում է նաև, որ նախարարությունում կա մեկ հեռավար աշխատող: Հեռավար աշխատանքի իրականացման կարգը ու պայմանները կարգավորվում են  ՀՀ աշխատանքային օրենսգրքի 106.1-ին հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ մասերի համաձայն, ինչպես նաև հեռավար աշխատանքի վերաբերյալ դրույթներ սահմանված են նաև վերոնշյալ հրամանում։ 

Նշենք, որ թե՛ ինչպես օրենսգրքի 106.1-ին հոդվածով, թե՛ նախարարի հրամանով հեռավար աշխատանքը կարող է կազմակերպվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս։ Այսինքն, եթե նույնիսկ աշխատանքի բնույթը թույլ է տալիս, սակայն ղեկավարը համաձայն չէ, ապա աշխատողը չի կարող հեռավար աշխատել։

Պատասխաններում նշվում է նաև․ «Նախարարությունում տրամադրվում եմ միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված արձակուրդի տեսակներ:

Նախարարությունում երեխայի կամ ընտանիքի անդամի խնամքի հարցերում աջակցության պրակտիկա նախատեսված չէ:

Նախարարությունը կրծքով կերակրման սենյակ կամ խաղասենյակ չունի»:

 Նախարարության աշխատակիցների մեծամասնությունը սոցիալական փաթեթի շահառուներ են, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացվում են թափուր պաշտոնների համալրում ներքին մրցույթներով, կատարողականի գնահատման արդյունքների հիմքով, աշխատակիցները մասնակցում եմ վերապատրաստումների, աշխատաժողովների, օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվում եմ ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս գործուղումներ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն աշխատակիցներին թույլատրվում է զուգահեռ իրականացնել գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանք:

Տե՛ս նաև հարցումը և արձագանքը ամբողջությամբ։

Հարցումներն արվել են «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Կետ 33» հասարակական կազմակերպության կողմից՝ Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։