Ընտանիքամետ գործատու (Էսսե)

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Ընտանիքամետ գործատու» էսսեների և բլոգային նյութերի մրցույթ։ Մրցույթն իրականացվում է «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք մրցույթի հայտը՝  առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․ Հեղինակի կողմից նշված փաստերի, իրադարձությունների իրավասիությունը կազմակերպության կողմից չի ստուգվում։

***

Մայրանալու մի քանի տարվա վայելքից հետո անհրաժեշտ էր մտնել աշխատանքային

տարերքի մեջ՝ կյանքի կոչելով մասնագիտական կարողություններն ու ներքին այն մեծ ջիղը, որ չէր գործարկվել տարիների ընթացքում։ Հատկապես առաջին երեխայի դեպքում մայրական սրտի վախը, կասկածները, մտահոգությունները թույլ չեն տալիս մայրիկին հեշտությամբ բաժանվել երեխայից։ Անհրաժեշտ էր կայացնել այնպիսի որոշում, որը կլիներ փոխշահավետ թե՛ երկուամյա երեխայի, թե՛ աշխատանքի աժոտաժի մեջ մտնելու մեծ ցանկությւն ունեցող մայրիկի, եւ թե՛ ապագա գործատուի համար։ Եվ ահա «փայլատակեց» ուղեղս մի մտքով, որ երեխաս կհաճախի այն մանկապարտեզ, որտեղ կաշխատեմ ես։ Սկսվեցին աշխատանքային փնտրտուքները. նամակներ տարբեր մանկական կենտրոնների, մանկապարտեզների, հարցազրույցներ, փորձաշրջաններ…. սակայն ապարդյուն։ Բոլոր գործատուները նշում էին մի փաստ, որ մայրն ու երեխան մեկ վայրում միայն բացասական հետեւանքներով աշխատանքային արդյունքներ կբերեն իրենց։ Հայտնում էին իրենց շնորհակալությունը եւ ասում, որ առանց երեխայի գնամ։ Սակայն ընդամենը քսանհիգամյա համառությունս մի բան էր ինձ հուշում. Երեւանում չի կարող չլինել գոնե մի կետրոն, որ չհամաձայնի ինձ ու երեխայիս միաժամանակ ընդունել։ Եվ իմ համառությունն իսկապես հաղթեց. ես աշխատեցի մի կենտրոնում, որը դարձավ ոչ միայն երեխայիս մանկապարտեզն ու իմ աշխատանքային վայրը, այլեւ իմ ու փոքրիկիս ամենասիրելի տեղը։ Առավոտներն այլեւս լարված չէին. մենք գնում էինք մանկապարտեզ որպես աշխատակից եւ սան։ Իհարկե ընթացքում ես բախվեցի բազմահազար, տարաբնույթ, երբեմն անհաղթահարելի թվացող խնդիրների, սակայն չմոռանանք իմ համառության տեսակի մասին, որն օր օրի ավելի էր կարծրանում։ Գործատուիս համբերությունը կարծես իմ համառությանը զուգահեռ մեծանում էր….

Անցավ վեց տարի։ Կենտրոնը, ես, գործատուս, մեր աշխատանքը դարձել ենք կուռ ու երբեմն անմրցունակ։

Այսօրվանից հետհայացքը դեպի այդ վեց տարիները փաստում են միայն մի բան. աշխատանքի մեջ կարեւոր են ոչ թե ժամերը, այլ վերաբերմունքը միմյանց, երեխաներին ու կյանքին։ Ընտանիքամետ գերծատուն այն ղեկավարն է, ով ոչ միայն հասկանում է, որ մայր լինելը աշխատանքի խոչընդոտ չէ, այլեւ ուժ է, փորձ ու հոգատարություն։ Այստեղ չեն դատում մորը երեխայի կողքին լինելու ցանկության համար, այլեւ օգտագործում են մոր ներուժը, որն ավելի է մեծանում, երբ տեսնում է երեխային ապահով միջավայրում, լսում է նրա անհոգ ծիծաղը։ Սա լավագույն խթանն էր ինձնից աշխատանքի հրաշալի արգասիքներ ստանալու համար։ Չէ՞ որ միայն երջանիկ մարդը կարող է անթերի աշխատել։ Ամեն անգամ երեխայիս դաս անելիս, ուրախ վազելիս, անհոգ խաղալիս տեսնելիս ես մտածում էի՝ որքան լավ է՝ իմ աշխատանքը նրա մանկության մի հրաշալի մասն է։ Իմ աշխատանքն ու մայրությունը միաձուլվել էին մի ջերմ առօրյայի մեջ։ Իսկ այս ամենի ետեւում կանգնած էր ընտանիքամետ ղեկավարը։

Ես վստահ եմ՝ ընտանիքամետ գործատուն նա չէ, ով կազմակերպում է տարատեսակ ընտանեկան խնջույքներ, պատրաստում հրաշալի նվերներ իր աշխատակիցների համար։ Ընտանիքամետ է այն գործատուն, ում աշխատանքի հիմքում մարդն է՝ իր ընտանիքով, սիրով ու հոգատարությամբ։ Ապագայի մեծ պլաններով այժմ ես նայում եմ կյանքին։ Եվ այդ պլաններում արդեն ակներեւ են սեփական բիզնեսի ակունքները։ Որպես ղեկավար ես պլանավորում եմ առաջնորդվել ոչ միայն անաչառության ու օրինապահության, կանոնակարգված ու համակարգված աշխատանքի սկզբունքներով, այլեւ ընտանիքամետ լինելու բացառիկ ձիրքով։Ես հավատում եմ, որ ես կկարողանամ ոչ միայն ղեկավարել, այլեւ հոգ տանել։ Մարդիկ ինձ մոտ կգան ոչ թե պարտավորությունից, այլ վստահությունից ելնելով։ Սրտով ղեկավարելը ամենաուժեղ կառավարման ձեւն է։ Ընտանիքամետ գործատուի մոտ մարդը ոչ միայն դրսեւորում է իրեն իր պաշտոնին համապատասխան ու հարիր, այլեւ չի կորցնում իր դերը որպես ծնող, երեխա, քույր կամ եղբայր։ Սա գերազանց տարբերակ է աշխատողի համար դիտվելու ոչ թե որպես ռեսուրս, այլ ՄԱՐԴ։

Հեղինակ՝ Ելենա Մարգարյան