Միայնակ ծնողներ․ անտեսվածները աշխատանքային օրենսգրքում

«․․․Ոչ ոք չի ցանկանում լինել միայնակ մայր կամ հայր: Մարդիկ ցանկանում են ծնողներ լինել, բայց շատ հաճախ ինչ-որ բան է պատահում, և նրանք միայնակ ծնող են դառնում։ Կարևոր է հստակեցնել, որ միայնակ ծնող լինելը արժեքների հետ չէ կապված: Շատ հաճախ դա ընտրություն չէ, և դա մի բան է, որը կարող է պատահել ցանկացած մարդու հետ»․

Աննա Նագի
«Միայնակ ծնողների կենտրոն» հիմնադրամի
հոգաբարձուների խորհրդի նախագահ 

48-ամյա Շողեր Գրիգորյանն արդեն 9 տարի է` միայնակ է մեծացնում որդուն։ Արցախից են բռնի տեղահանվել 2023թ-ին։ Շողերը մասնագիտությամբ քիմիակենսաբան է։ Աշխատում էր հայրենի գյուղի՝ Աշանի դպրոցում և համայնքի գյուղապետարանում՝ որպես հաշվապահ։ Բռնի տեղահանվելուց հետո ստիպված եղավ նոր կյանք սկսել Հայաստանում․ 

 «Հենց նոյեմբերից աշխատանքի մտա Էջմիածնի թիվ 4 դպրոցում որպես ուսուցիչ՝ ֆիզարձակուրդի գնացած ուսուցչի փոխարեն, հետո համար 9 դպրոցում որպես լաբորանտ»։ Դպրոցում Շողերը ընդամենը 8 ժամ էր դասավանդում, ստացած աշխատավարձով չէր կարող ապահովել որդու, մոր և իր մինիմալ կարիքները։ Որոշ ժամանակ անց ստիպված էր դուրս գալ աշխատանքից։ «Հիմա աշխատում եմ մեկ այլ կազմակերպությունում՝ հերթափոխով։ Մի շաբաթ գիշերային հերթափոխ եմ անում, մի շաբաթ՝ ցերեկային»,- պատմում է, որ առավոտյան 9-ից 6-ն ու գիշերը 12-ից 8-ն է աշխատանքի լինում։ 

Ընտանիքի ֆինանսական խնդիրը լուծելու համար ստիպված է ոչ մասնագիտական աշխատանք անել։ Աշխատում է ծխախոտի արտադրությունում՝ որպես հոսքագծի մեքենավարուհի։ Շողերը շատ տարբերակներ էլ չունի, աշխատանք փնտրելիս առաջինը վարձատրության չափին է նայում՝ կկարողանա՞ արդյոք բավարարել ընտանիքի կարիքները հոգալուն։ Նախասիրություններն ու մասնագիտական կարողություններն արդեն վաղուց երկրորդ պլանում են։  

Պատմում է, որ միայնակ դժվար է երեխայի հոգսերն ու ծախսերը հոգալը ու նաև չպետք է թերանալ դաստիարակության հարցում։ «Ինձ համար երեխայի դաստիարակությունը, կրթությունը, կենցաղը միշտ ամենաառաջնայինն են։ Ես իր համար և՛ մայր եմ, և՛ հայր․ որպես հայր՝ խիստ եմ, որպես մայր՝ սիրող ու գուրգուրող», – ասում է նա։ 

Երեխան հաճախ տատիկի՝ Շողերի մայրիկի հետ է լինում։ Ինքնուրույն է դարձել։ 

Ամուսնալուծության մասին խոսել Շողերը չի սիրում․ դա համարում է իր կյանքի դժվար, բայց ճիշտ որոշումը, որն ընդունել է, երբ որդին 10 ամսական էր։ Ծնողների օգնությամբ է մեծացրել փոքրիկին։ Թեև երեխայի հայրը ողջ է, բայց ամբողջ հոգսը Շողերի ուսերին է։ 

Եթե Արցախում նրանք ապրում էին Շողերի ծնողների տանը և տան վարձ տալու կարիք չկար, Հայաստանում այդ հոգսն էլ է ավելացել․ «Ամեն ինչի հոգսն ինձ վրա է․ թե՛ տան վարձը, թե՛ կոմունալները։ Մեկ-մեկ հուսահատվում եմ, բայց հետո նորից հավաքվում ու շարունակում»։ 

Շուրջ 69 հազար երեխայի ծնող անտեսված է

Հայաստանում մեկ ծնողի կողմից խնամվող մինչև 14 տարեկան երեխաների թիվը 68 816 է՝ Վիճակագրական կոմիտեի 2022 թ-ի մարդահամարի արդյունքներով․ այս մասին նշվում է «Ընտանիքամետ աշխատավայր․ հայաստանյան հնարավորությունները» հետազոտության մեջ։ Ի դեպ, 60 594-ը ապրում է միայն մոր հետ, 8 222-ը՝ միայն հոր հետ։ Նույն հետազոտության մեջ նշվում է նաև, որ չկան տվյալներ, թե Հայաստանում քանի միայնակ ծնող կամ խնամակալ կա։ 

Եթե բացենք Աշխատանքային օրենսգիրքը և փորձեք փնտրել «միայնակ ծնող» կամ «միայնակ երեխա խնամող անձ», որևէ բան չեք գտնի։ Միայն օրենսգրքի 142-րդ հոդվածի 5-րդ մասն է ամրագրում, որ առանց ամուսնու (կնոջ) մինչև 14 տարեկան անչափահաս խնամող աշխատողն ունի աշխատանքային հերթափոխի նախապատվության իրավունք` գործատուի մոտ նման հնարավորության առկայության դեպքում: 

Աշխեն Դաշյան (լուսանկարը՝ անձնական արխիվից)

Աշխեն Դաշյան (լուսանկարը՝ անձնական արխիվից)

Փաստաբան, երեխաների պաշտպանության միջազգային փորձագետ Աշխեն Դաշյանը նույնպես փաստում է, որ միայնակ ծնողների համար չկան որևէ արտոնություններ, մինչդեռ դա անհրաժեշտություն է՝ երեխայի խնամքն ու աշխատանքը համատեղել կարողանալու համար։ 

«Իհարկե,  օրենսգրքում կան որոշակի բացառություններ հղի կանանց, երեխային խնամող կանանց համար, օրինակ, աշխատանքից ազատելու արգելք գործատուի համար,  կամ հղի կանանց և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողի միայն իր համաձայնությամբ գիշերային աշխատանքի ներգրավվելը՝ նախնական բժշկական զննություն անցնելուց և բժշկական եզրակացություն ներկայացնելուց հետո, սակայն այս իրավունքներից օգտվում են բոլորը մայրերը և այն արտոնություն չէ միայնակ ծնողների համար»,- ասում է Աշխեն Դաշյանը:

Փաստաբանը խոսում է նաև տարբեր երկրներում ընտանիքամետ աշխատավայր ունենալու փորձի մասին, երբ գործատուներն ունեն պարտավորություններ ապահովելու այնպիսի պայմաններ, որպեսզի աշխատողը սահուն կերպով կարողանա համատեղել երեխայի խնամքն ու աշխատանքը։ 

Ինչ վերաբերում է սոցիալական աջակցություններին, Աշխեն Դաշյանն ասում է․ «Հայաստանում կառավարության մի շարք որոշումներով պետական նպաստներ են նախատեսված միայնակ ծնողների համար, սակայն դրանք ամբողջովին չեն թեթևացնում նրանց բեռը, մինչդեռ պետությունն ունի պոզիտիվ պարտավորություններ․ մայրությունը և մանկությունը պետք է լինեն պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո։ Դա ամրագրված է թե՛հայաստանյան օրենսդրությամբ, թե՛ Հայաստանի կողմից վավերցաված միջազգային պայմանագրերով»։

Միայնակ մայր լինել նշանակում է պարզապես լինել միայնակ 

34-ամյա Լիլիթը յոթամյա դստեր հետ է ապրում։ Նրանց կյանքը փոխվեց 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ ամուսինը՝ Հարութը, զոհվեց․ «Նա այնքան հոգատար էր՝ թե՛ որպես ամուսին, թե՛ ծնող։ Ամեն ինչ անում էր, որ մեր օրերը ուրախ ու անհոգ անցնեն։ Նրա զոհվելուց հետո ես ստիպված եմ ամբողջությամբ հենվել ինձ վրա», – պատմում է նա։

Պատմում է, որ Հարութն իրեն սովորեցրել էր վայելել կյանքը, ուրախանալ ամեն մի մանրուքից, գնահատել պահը։ Հիմա փորձում է իրենց աղջկան սովորեցնել այդ ամենը։ Լիլիթի և դստեր առավոտները իրար նման են. գրկախառնվում են, համբուրում իրար ու օրը լավ տրամադրությամբ սկսում։ Դպրոց տանող 10-րոպեանոց ճանապարհն էլ զրույցների համար է, խոսում են եղանակից, օրվա իրադարձություններից, դպրոցի ու գնահատականների մասին։ Երեկոներն էլ միասին խաղալու, երաժշտություն լսելու ու դասերն անելու համար են։ 

ԼիլիթըԼուսանկարը՝ անձնական արխիվից

Լիլիթը (լուսանկարը՝ անձնական արխիվից)

44-օրյա պատերազմից հետո Լիլիթը դստեր հետ Արցախից  Երևան տեղափոխվեց։ Որոշեց նոր մասնագիտություն սովորել՝ մարդկային ռեսուրսների կառավարում։ Երկրորդ անգամ մագիստրատուրա ընդունվեց։ Ցերեկը մինչև ժամը 6–ն աշխատում էր, իսկ հետո գնում դասի․ դասերը երեկոյան ժամերին էին։ Աղջկան մայրիկի մոտ էր թողնում, երբ տուն էր վերադառնում, աղջկա քնելու ժամերն էին։ Մագիստատուրան ավարտելուց հետո սկսեց մասնագիտությամբ աշխատել: Ծանրաբեռնված գրաֆիկի հետևանքը Լիլիթի գերհոգնածություն էր ու երեխայի հետ բավարար ժամանակ չանցկացնելը։ 

«Մի տարի աշխատելուց հետո զգացի, որ երեխան շատ-շատ կարիքս ունի։ Թեկուզ մանկապարտեզից վերցնելը, տանել-բերելը, ինչ-որ տեղեր գնալը ես արդեն չէի հասցնում։ Դրա համար արդեն մի տարի է՝ ես հեռավար եմ աշխատում։ Հեռավար աշխատելը օգնեց, որ լուծենք շատ հոգեբանական խնդիրներ։ Միայնակ մայր լինելն ու գրասենյակային աշխատանք ունենալը բավականին բարդ է, հազար կես ես լինում»,- ասում է Լիլիթը։ 

Բայց ծանրաբեռնված օրերը ոչ մի տեղ չեն կորել, Լիլիթը ժամանակ առ ժամանակ երեխայի մոտ զգում է տրամադրության փոփոխությունները՝ կապված մոր հետ շփվելու պակասի հետ․ «Ես արդեն սկսել եմ ճանաչել նրան, ճանաչել նրա տրամադրության անկումների պատճառները և դրանց լուծումը հնարավորինս իրար հետ շատ ժամանակ անցկացնելն է»։

Հայաստանում միայնակ մայր լինելը, ասում է, նշանակում է պարզապես միայնակ լինել որովհետև արտոնություններ շատ քիչ կան, ֆինանսական, սոցիալական աջակցություն՝ նույնպես։ Լիլիթը հույս ունի, որ միայնակ ծնողների բեռը թեթևացնելու համար Հայաստանում բարեփոպումներ կիրականացվեն և նրանք չեն շարունակի մենակ մնալ իրենց խնդիրների հետ։  

Հաճախ աղքատության մեջ ընկնող խոցելի խումբ

Աննա Նագի

Միայնակ ծնողները հասարակության ամենախոցելի խմբերից են, նրանք հաճախ ստիպված են լինում համաձայնել աշխատել ցածր վարձատրությամբ ու վատ պայմաններում, ինչն էլ պատճառ է դառնում աղքատացման․ այս մասին մեզ հետ զրույցում նշել են  չեխ և հունգարացի փորձագետները։ 

«Միայնակ ծնողները հաճախ չեն ընտրում այն ​​աշխատանքները, որոնց համար որակավորում ունեն: Փոխարենը նրանք ընտրում են այնպիսի աշխատանքներ, որոնք ապահովում են ճկունություն, որն անհրաժեշտ է դպրոցից իրենց երեխային վերցնելու կամ հանգստյան օրերին չաշխատելու համար: Տաղանդի և կարողությունների հսկայական կորուստ կա այստեղ, քանի որ միայնակ ծնողները ստիպված են ընտրել հարմար աշխատանք, ոչ թե այնպիսի գործեր, որ համապատասխանում են նրանց կրթությանն ու փորձին»,- ասում է հունգարական «Միայնակ ծնողների կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Նագին։ 

Նա նշում է, որ Հունգարիայում միայնակ ծնողներից չի կարելի պահանջել աշխատել գիշերային ժամերին կամ տնից հեռու։ Նաև կա մի կարգավորում, ըստ որի, եթե ծնողը չի վճարում ալիմենտը, պետությունը միջամտում է և վճարում բացակայող գումարը՝ հետագայում փորձելով այդ միջոցները գանձել չվճարող ծնողից:

«Ցավոք, միայնակ ծնողները մեր երկրի ամենախոցելի խմբերից են, որ հաճախ են ընկնում աղքատության մեջ: Շատերը բախվում են այն խնդրին, որ մյուս ծնողն ալիմենտ չի վճարում, ինչը նրանց ստիպում է ապրել մեկ եկամտով՝ միաժամանակ համատեղելով աշխատանքը և երեխաների խնամքը, ինչը կարող է բավականին բարդ լինել, հատկապես երբ երեխաների խնամքի ծառայությունները սահմանափակ են»,- ասում է չեխական Aperio առողջ ծնողավարության ասոցիացիայի փոխտնօրեն, իրավաբան և միայնակ ծնողների հարցերով զբաղվող փորձագետ Հալկա Յակլովան։ 

Halka Jaklova

Հալկա Յակլովա

Նրա խոսքով, Չեխիայում նույնպես միայնակ ծնողները կարող են ֆինանսական աջակցություն ստանալ պետությունից, եթե մյուս ծնողը չի վճարում ալիմենտը: Ինչ վերաբերում է աշխատանքային իրավունքներին, նշում է, որ, օրինակ, մինչև 15 տարեկան երեխա ունեցող միայնակ ծնողը կարող է գործուղումների ուղարկվել միայն  իր համաձայնությամբ, հիվանդ երեխային խնամելիս միայնակ ծնողները ստանում են ավելի երկար վճարվող խնամքի նպաստ՝ 16 օր, մինչդեռ ոչ միայնակ ծնողներն 9 օրվա նպաստ են ստանում: 

Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները, փաստաբան Աշխեն Դաշյանը նշում է, որ անհրաժեշտություն կա Աշխատանքային օրենսգրքով և մի շարք իրավական ակտերով միայնակ ծնողների աշխատանքային պայմանների, աշխատաժամանակի համար նախատեսել արտոնություններ և առանձնահատկություններ, հաշվի առնելով միայնակ ծնողի կարիքները,  որպեսզի միայնակ ծնողները կարողանան փոխհավասարակշռել երեխայի խնամքը և աշխատանքը, որոնք երկուսն էլ հանուն երեխայի լավագույն շահի են։ Այլապես, նրա խոսքով, միայնակ ծնողները հայտնվելու են կրկնակի խոցելի կարգավիճակում՝ զրկվելով նաև մի կողմից իրենց մասնագիտական ռեսուրսները նպաստավոր օգտագործելու, մյուս կողմից ապրուստի միջոց վաստակելու հնարավորությունից:

Ծանուցում․ գլխավոր նկարը գեներացվել է ԱԲ-ով։

Ասպրամ Ավանեսյան