Հայտարարություն՝ կապված Արցախի շրջափակման հետ
Հայտարարություն
Մեր տրամադրությունը բոլորովին տոնական չէ, թեև ամանորին հաշված օրեր են մնացել։
Դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի «բնապահպանները» փակել են Արցախը (Լեռնային Ղարաբաղ) Հայաստանին կապող միակ ճանապարհը և շրջափակման մեջ են պահում շուրջ 120 հազար հայերի։ Նրանց մեջ 30 հազար երեխաներ են, 20 հազարը ծերեր, 9 000-ը հաշմանադամություն ունեցող մարդիկ։
Այսօր Արցախում խանութները դատարկ են, երեխաները ունեն սննդի կարիք, նորածինների համար կաթնախառնուրդներ փոխանցելու անհարժեշտությունը մեծանում է։
120 000 մարդու համար ՓԱԿ է ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ։ Եվ սրա հետևում կանգնած է Ադրբեջանի ահաբեկչական, բռնապետական իշխանությունը՝ Ալիևի գլխավորությամբ։
Հետաքննական լրագրության մի շարք լուրջ միջազգային ցանցեր վերջին տարիներին բացահայտել են, որ Ալիևի ու նրա ընտանիքի անդամների միլիարդները ոչ միայն Ադրբեջանում, այլև Մեծ Բրիտանիայում են, ԱՄՆ-ում են, Ռուսաստանում Պանամայում են և այլ երկրներում։
Մենք պահանջում ենք ՀՀ իշխանություններից և դիմում ենք միջազգային ու տեղական կառույցներին՝ քայլեր ձեռնարկել և հետամուտ լինել, որպեսզի ֆինանսական և քաղաքական սանկցիաներ կիրառվեն Ադրբեջանի նախագահի, նրա ընտանիքի և ադրբեջանական իշխանության մյուս բարձրաստիճան ղեկավարների հանդեպ։
Անկախ ազգությունից, կրոնից ու բնակության վայրից՝ մարդն ունի ապրելու և առողջ լինելու իրավունք։
«Կետ 33» հասարակական կազմակերպություն
Հ․Գ․ Հայտարարությանը կարող են միանալ ցանկացողները՝ տարածելով այն՝ իրենց անունը նշելով հայտարարության մեջ։
Լուսանկարը՝ Էդգար Հարությունյանի