Համագործակցության համաձայնություն՝ Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և «Կետ 33» կազմակերպության միջև

Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (UNFPA in Armenia) և «Կետ 33» կազմակերպության ներկայացուցիչների միջև, որի արդյունքում ձեռք բերվեց համագործակցության համաձայնություն։

Հանդիպման ընթացքում «Կետ 33» կազմակերպության ղեկավար Աստղիկ Կարապետյանը ներկայացրեց Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի  հետ համագործակցությամբ իրականացվող «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագիրը, մասնավորապես, ծրագրի շրջանակներում ստեղծված «Ընտանիքամետ գործատու» հարթակի գործառույթները, ինչպես նաև գործատուներին շնորհվող համանուն տարբերանշանի տրամադրման ընթացակարգը։

Ի պատասխան՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը հայտնեց իրենց համաձայնությունը՝ դառնալու նախագծի գաղափարական և ադվոկացիոն գործընկերը։

Լուսինե Սարգսյանը նշեց, որ Հիմնադրամը նույնպես ծրագրեր է իրականացնում այս ոլորտում և պատրաստակամ է տրամադրել իրենց գործիքակազմն ու տեղեկատվական նյութերը՝ նպատակ ունենալով կատարելագործել «Ընտանիքամետ գործատու» հարթակն ու տարբերանշանի տրամադրման ընթացակարգը։

Կողմերը քննարկեցին նաև հետագա համագործակցության հնարավորությունները և հեռանկարները, այդ թվում՝ համատեղ նախագծերի իրականացումը։