Posts

Մայրության վաղ շրջանում գտնվող կանանց աշխատանքային իրավունքները

Մայրության պաշտպանության իրավունքը ճանաչված ու օրենսդրորեն ամրագրված է Հայաստանի Հանրապետության կողմից։ Պետությունը հանձնառություն ունի հղի և երեխա խնամող կանանց պաշտպանել աշխատավայրում խտրականությունից, ֆիզիկական առողջությանը հասցվող վտանգներից, երաշխավորել կրծքով կերակրելու հնարավորությունը և այլն։

ՀՀ օրենսդրությամբ ամրագրված է, որ հղի կամ մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով կարող է սահմանվել ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ: Ի դեպ, ոչ լրիվ աշխատաժամանակի (ոչ լրիվ աշխատանքային օր կամ շաբաթ) կիրառման դեպքերում աշխատանքը վարձատրվում է փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան:

Ամրագրված է նաև, որ հղի կանայք և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են արտաժամյա աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:

Ե՛վ հղի կանայք, և՛ մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ` նախնական բժշկական զննություն անցնելուց և գործատուին բժշկական եզրակացություն ներկայացնելուց հետո:

Մայրության վաղ շրջանում կանանց կարևոր աշխատանքային իրավունքներից է նրանց վճարվող արձակուրդի իրավունքը, որի իրացման ընթացքում պահպանվում է աշխատատեղը: Օրենսգիրքը որպես նպատակային արձակուրդ սահմանում է հղիության և ծննդաբերության (մայրության) արձակուրդը, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը, ինչպեսև հայրության արձակուրդը։

Նպատակային արձակուրդի ժամանակ պահպանվում է աշխատողի աշխատատեղը, բացառությամբ այն դեպքերի, երբ կազմակերպությունը լուծարվում է (անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը դադարում է, կամ օրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր է ճանաչվում):

*Իրազեկումը պատրաստվել է «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» արշավի ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում:

Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար

Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության  կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում «Կետ 33» հասարակական կազմակերպությունը մեկնարկում է «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» արշավի ծրագիրը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընտանիքամետ միջավայրին ուղղված փոփոխությունների ջատագովության արշավ, որի ընթացքում, որպես առաջնահերթ խնդիր, դիտարկելու ենք մինչև 2 տարեկան երեխա ունեցող և աշխատող մայրերի՝ կրծքով կերակրելու իրավունքի իրացման և աշխատանք-ընտանիք բալանսավորման հարցերը։