Posts

Հղի կնոջն ազատել են աշխատանքից․ ի՞նչ իրավունքներ ունի հղի և երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կինը

Երևանի հայտնի պիցերիաներից մեկում աշխատող 37-ամյա Ֆլորա Աբրահամյանը հղիության 4-րդ ամսում 1 շաբաթով հոսպիտալացվելուց հետո, երբ բժիշկի տեղեկանք է ներկայացրել գործատուին, տեղեկացել է, որ աշխատանքից ազատված է։ Ֆլորան նախ գործատուի հետ է փորձել խնդիրը կարգավորել՝ փորձելով խուսափել կոնֆլիկտից․ 

«Գործատուն տեղյակ էր, որ հղի եմ, թղթերը ժամանակին ներկայացրել էի և դիմեցի իրենց՝ ասացի, որ իրավունք չունեն, առաջարկեցի այլ հրաման ընդունել և վերականգնել ինձ աշխատանքի։ Ինձ ասացին՝ ինչի՞ համար, ընդամենը 2-3 ամիս ես աշխատելու, դրա համար չարժե։ Փաստորեն, ինձ աշխատանքից ազատել էին առանց ինձ ասելու և ես չիմանալով այդ մասին, 1,5 ամիս շարունակել եմ աշխատանքի հաճախել», – Point33-ին պատմեց  Ֆլորան։

Սակայն Ֆլորայի՝ ընկերության գործադիր տնօրենի հետ հանդիպելու փորձերը չեն հաջողվում, նույնիսկ հեռախոսով կապ հաստատել չի կարողացել։ Անմիջապես հետո, 2021թ սեպտեմբերի 7-ին, կինը դիմել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին (ԱԱՏՄ)։ 

«Տեսչությունը հաջորդ օրն աշխատանքի անցավ, արձանագրեցին խախտումները և դիմեցին գործատուին՝ ինձ հետ համաձայնության գալու համար։ Սկզբում դժվար էր, ագրեսիվ էին, մտածում էին հեշտ կհանձնվեմ, բայց հետո փոխվեց վերաբերմունքը։ Մենք գործատուի հետ համաձայնության եկանք և նորից ինձ հրամանագրեցին ու ընդունեցին աշխատանքի, վերականգնեցին աշխատանքային իրավունքներս», – նշեց Ֆլորա Աբրահամյանը։

ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ  Իգիթ Հակոբյանը պարզաբանում է, որ օրենսդրությամբ հղի կնոջն արգելվում է աշխատանքից ազատել։ Առհասարակ, հղի և երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կանայք պաշտպանված են օրենքով, ունեն որոշ արտոնություններ և օրենքը խախտելու դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն` նախազգուշացումից մինչև տուգանք:

Ֆլորան նշում է, որ նման իրավիճակում կանայք հայտնվում են առաջին հերթին իրենց իրավունքները չիմանալու պատճառով։ Հաճախ գործատուները օգտվում են հենց այդ հանգամանքից, որ աշխատողը չգիտի՝ ինչ իրավունքներ ունի։ 

Մանրամասները՝ տեսանյութում:

Հեղինակ՝ Սաթենիկ Հայրապետյան

Ծանուցում․ Հրապարակումը պատրաստվել է «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» արշավի ծրագրի շրջանակում։ Այն իրականցվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ կողմից տրամադրված ենթադրամաշնորհային միջոցներով` «Կետ 33» հասարակական կազմակերպության կողմից։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կետ 33» ՀԿ-ը,  և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

«Երբեք ներողություն մի խնդրեք այն բանի համար, որ կին եք ու մայր»․ Ջեսիկա Փրեսլեր

«Բացահայտելով Աննային» նեթֆլիքսյան կարճ սերիալը պատմում է այն մասին, թե ինչպես է լրագրող Վիվիան Քենթը հետաքննում 26-ամյա ամբաստանյալ Աննա Սորոկինի անցած ճանապարհը։

Ֆիլմում նկարագրվում է իրական պատմություն այն մասին, թե ինչպես է 26-ամյա Աննան, կեղծելով ինքնությունը, հիմարացնում նյույորքյան էլիտայի բավականին հարուստ մարդկանց, մեծ գումարներ յուրացնում, շքեղ կյանքով ապրում։ Եվ, ի վերջո հայտնվում է բանտում։

Ֆիլմի գլխավոր հերոսը լրագրող Վիվիանն է․ հղի կին, ումից խմբագիրներն ուզում են ազատված լինել։ Խտրականություն, ագրեսիա, անվտահություն։ Մինչդեռ նա աշխատում է մեծ եռանդով ու ջանասիրությամբ։ Նույնիսկ ծննդաբերությունից րոպեներ առաջ նա գրասենյակում հոդվածի վրա է աշխատում՝ հիվանդանոց գնալու պայուսակը կողքին ու գրասենյակային աթոռին սրբիչ փռած (միգուցե պտղաջրերը գնային աշխատելու ժամանակ)։

Վիվիանի կերպարի նախատիպը ամերիկացի հայտնի լրագրող Ջեսիկա Փրեսլերն (Jessica Pressler) է, ում հոդվածի հիման վրա էլ ստեղծվել է ֆիլմը։ Ջեսիկան նաև ֆիլմի պրոդյուսերներից մեկն է։ Իր հոդվածը գրելու ժամանակ Ջեսիկան նույնպես հղի է եղել, սակայն Venture-ին տված հարցազրույցում պատմել է, որ խմբագրության մթնոլորտը և այլ դետալներ չափազանցված են։

Հետաքրքիր է նրա պատմությունը, թե ինչպես են Netflix և Shondaland ընկերությունները կապվել Ջեսիկայի հետ և համաձայնեցրել՝ հոդվածի հիման վրա ֆիլմի նկարահանումը․

«Հիշում եմ նրանք կապվեցին ինձ հետ, երբ ես նոր էի հիվանդանոցից տուն տեղափոխվել կամ նույնիսկ հենց հիվանդանոցում էի՝ 2018-ի հունիսին։ Եվ ես պատասխանեցի․ «Կներեք, ես չեմ հասցնում էլ․նամակներին հետևել, երեխայով եմ զբաղված»։ Ի պատասխան Շոնդան ուղարկեց ինձ այս խորհրդանշական պատասխանը․ «ԵՐԲԵ՛Ք ներողություն մի խնդրեք այն բանի համար, որ կին եք ու մայր։ Եթե դուք տղամարդ լինեիք, ձեր նկարը կդնեին Time ամսագրի շապիկին՝ միաժամանակ երեխաներին խնամելու ու որևէ գործ անելու համար»։ Ես ցնցված էի»։

Վերադառնալով ֆիլմին, պետք է նշել, որ դերասանուհի Աննա Կլամսկին (Anna Chlumsky) հիանալի է խաղում և դիտողին փոխանցում հղի կնոջ հույզերն ու վախերը՝ աշխատանքի, կարիերայի հետ կապված։

Ի դեպ, Աննա (Դելվեյ) Սորոկինի դերում Ջուլիա Գարներն է, ավելի հայտնի նետֆլիքսյան մեկ այլ՝ «Օզարկ» ֆիլմից։