Posts

Կանայք ավելի շատ են զբաղվում չվճարվող աշխատանքով, քան տղամարդիկ

Կանայք, ընդհանուր առմամբ, անհամեմատելիորեն ավելի շատ են զբաղվում չվճարվող աշխատանքով, քան տղամարդիկ, ինչը, բնականաբար, մեծ ազդեցություն է ունենում նրանց, նրանց ընտանիքի որոշումների վրա, որոնք վերաբերում են կարիերային, ընտանիքին ու երեխա/ներ ունենալուն։ Այս մասին տեղեկանում ենք «Կետ 33» հասարակական կազմակերպության կողմից «Դարձնենք ընտանիքամետ աշխատավայրն իրական» ծրագրի շրջանակում պատրաստված «Ընտանիքամետ աշխատավայր․ հայաստանյան հնարավորությունները» հետազոտությունից:

Նշվում է, որ ընտանիքում ու տնային տնտեսությունում չվճարվող աշխատանքները երկար ժամանակով ուսերին վերցնելն անհետևանք չի կարող մնալ և կարող է պատճառ դառնալ աշխատաշուկայից դուրս մնալու, հետագայում դժվարությամբ աշխատաշուկա մտնելու (ցածր վարձատրությամբ, առանց արտոնությունների կամ քիչ արտոնություններով հաստիքներ) համար։

Հայաստանում կանանց կրթական մակարդակը բավականին բարձր է, միևնույն ժամանակ նրանք շարունակում ենք ավելի քիչ ներգրավված լինել աշխատաշուկայում, քան տղամարդիկ։

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2012-ին բակալավրիատն ավարտածների 49.2 տոկոսը կանայք էին, 44.6 տոկոսը՝ տղամարդիկ, իսկ 2022-ին՝ 64.1 տոկոսն են կանայք, 43.9 տոկոսը՝ տղամարդիկ։

Միևնույն ժամանակ, աշխատաշուկայում կանանց ներգրավվածությունն անհամեմատելիորեն ցածր է։ Այսպես, աշխատուժում ներգրավված կանայք 48 տոկոս են, 52 տոկոսը աշխատուժից դուրս մնացած բնակչություն է համարվում։ Այս 48 տոկոսից 41 տոկոսն ունի զբաղվածություն, իսկ մյուսները գործազուրկ են։ Այսինքն, կանանց 59 տոկոսը վարձատրվող զբաղվածություն չունի։

Հետաքրքրական է մեկ այլ տվյալ․ աշխատուժից դուրս համարվող և տնտային տնտեսություն վարողների 21 տոկոսը կանայք են, միայն 0.2 տոկոսը՝ տղամարդիկ. «2022 թվականին 15-74 տարեկան կանանց 52%-ը կամ 620 հազար կին չի ունեցել աշխատանք և չի փնտրել՝ հիմնականում զբաղված լինելով տնային տնտեսությամբ (43%)»,- նշվում է «Հայաստանի կանայք և տղամարդիկ 2023» հետազոտության մեջ:

Ի դեպ, ընտանեկան հանգամանքների պատճառով չի աշխատում և աշխատուժից դուրս է համարվում կանանց 22 տոկոսը, իսկ տղամարդկանց՝ 0 տոկոսը։ Վիճակագրական տվյալներով՝ սեռային մեծ խզվածք կա թե՛ աշխատուժից դուրս մնացած (25-49 տարիքային խմբում՝ 75.5-77.6%), թե՛ աշխատուժում ներգրավվածների (25-34 տարիքային խմբում՝ 41%) շրջանում՝ հիմնականում պայմանավորված ընտանեկան պարտականություններով (հղիություն, ծննդաբերություն, երեխայի խնամք և այլն) կանանց զբաղվածությամբ:

Ինֆոգրաֆիկան՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի

Այսպիսով, կարող ենք նշել, որ կանանց մեծամասնությունը չունի վարձատրվող զբաղվածություն և դուրս է աշխատաշուկայից, հետևաբար, թե՛ պետության, թե մասնավոր սեկտորի համար նրանց ռեսուրսներն ու պոտենցիալը չեն օգտագործվում։

Աղբյուրը՝ «Ընտանիքամետ աշխատավայր․ հայաստանյան հնարավորությունները» հետազոտություն:

ՀՀ-ում աշխատունակ կանանց կեսից ավելին դուրս է մնում աշխատաշուկայից. հետազոտություն

ՀՀ-ում կանանց կրթական մակարդակը բավականին բարձր է, միևնույն ժամանակ նրանց ներգրավվածությունը աշխատաշուկայում բավականին ցածր է։

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում վերջին տարիներին բարձրագույն կրթություն ստացածների ավելի քան 50 տոկոսը կազմում են կանայք՝ 2012-ին՝ 50,4 տոկոսը, իսկ 2020-ին՝ 54,6 տոկոսը։
Նույն աղբյուրի տվյալների համաձայն՝ աշխատաշուկայում զբաղվածների 41 տոկոսը կանայք են։ Իսկ, ընդհանուր առմամբ, աշխատունակ կանանց շուրջ 51 տոկոսը համարվում է աշխատուժից դուրս մնացած։

Միևնույն ժամանակ, խոսուն են աշխատուժից դուրս մնացած և աշխատաշուկայում մասնակիցների վերաբերյալ տվյալները։ Բավականին բարձր սեռային խզվածք կա, սակայն ավելի ցայտուն է այդ խզվածքը հատկապես վերարտադրողական տարիքային խմբում։ Մասնավորապես, աշխատուժից դուրս բնակչության 25-49 տարիքային խմբում սեռային խզվածքը 67 տոկոս է, իսկ աշխատուժի մասնակցության նույն տարիքային խմբում սեռային խզվածքը կազմում է շուրջ 41 տոկոս։

 

Խոսուն են նաև սեռային խզվածքի ցուցանիշների պատճառները։ «Հայաստանի կանայք և տղամարդիկ 2021» հետազոտության մեջ նշվում է․ «․․․հիմնականում պայմանավորված ընտանեկան պարտականություններով (հղիություն, ծննդաբերություն, երեխայի խնամք և այլն) կանանց զբաղվածությամբ»։

Փաստորեն, Հայաստանում կա իրավիճակ, երբ աշխատունակ կանանց կեսից ավելին դուրս է մնում աշխատաշուկայից և ունի պասիվ մասնակցություն տնտեսության մեջ։ Մինչդեռ, ըստ ՄըքՔինզիի 2015 թվականի (McKinsey 2015) զեկույցի՝ կանանց հավասար մասնակցությունը աշխատաշուկայում լրացուցիչ 12 տրիլիոնի հասույթ կապահովի համաշխարհային տնտեսության համար մինչև 2025 թվականը:

Աղբյուրը՝ «Կրծքով կերակրելու իրավունքը և ընտանիքամետ մոտեցումները աշխատավայրում» հետազոտություն:

*Իրազեկումը պատրաստվել է «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» արշավի ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում: