Posts

Հանդիպում «Երեք արքայազն, երեք արքայադուստր» հասարակական շարժման փոխնախագահի հետ

Սեպտեմբերի 9-ին Բուդապեշտում «Կետ 33» կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանը այցելել է հունգարական «Երեք արքայազն, երեք արքայադուստր» հասարակական շարժում (կազմակերպություն), որտեղ կազմակերպության փոխնախագահ, կորպորատիվ կապերի պատասխանատու Աննամարիա Քսութին ներկայացրել է կազմակերպության ընտանիքամետ քաղաքականությունները։

Բուդապեշտ այցն ու հանդիպումը կազմակերպվել է «Դարձնենք ընտանիքամետ աշխատավայրը իրական» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Ստորև նեկայացնում ենք հատվածներ Աննամարիա Քսութիի հետ զրույցից.

«Մեր կազմակերպությունը հիմնադրվել է 2009 թվականին՝ հոգեբան և սոցիոլոգ ամուսինների կողմից։ Երկուսն էլ զբաղվում էին ընտանեկան հարցերով: Հունգարիայում մի զգալի խնդիր կա․ երբ երիտասարդների շրջանում հարցում են անցկացնում, նրանք հաճախ ցանկություն են հայտնում բազմազավակ ընտանիքներ ունենալ, բայց իրականում շատերն ունենում են միայն մեկ, երկու կամ առավելագույնը երեք երեխա: Մեր հիմնադիրներն ուսումնասիրել են այս երևույթը՝ հասկանալու համար, թե ինչու երիտասարդները, չնայած իրենց ցանկությանը, չեն ունենում բազմազավակ ընտանիքներ։

Նրանք մատնանշել են դրա տասը հիմնական պատճառ, որոնցից մեկը աշխատանք-ընտանիք հավասարակշռության խնդիրն է: Մեկ այլ կարևոր մտահոգություն է երեխաների խնամքի կազմակերպման տարբերակների բացակայությունը: Թեև մանկապարտեզները երեխաների համար հասանելի են երեք տարեկանից, ավելի փոքր երեխաների համար տեղերի զգալի բաց կար: Նախկինում, եթե երեխա ունենալուց վեց ամիս անց ցանկանում էիր վերադառնալ աշխատանքի, հաստատությունում տեղ գտնելը չափազանց դժվար էր: Կային թանկարժեք մասնավոր մսուրներ, որոնք մարդկանց մեծ մասին հասանելի չէին։ Բարեբախտաբար, այս առումով Հունգարիայում առաջընթաց է նկատվել․ մսուրներում հասանելի տեղերի թիվը վերջին շրջանում կրկնապատկվել է: Երեխաների խնամքի հարցը դեռևս մտահոգիչ է, սակայն այն այլևս այնքան հրատապ չէ, որքան նախկինում էր:

(Հունգարիայում մայրերը կարող են ծննդաբերությունից հետո երեք տարի տանը մնալ: Նպաստների շնորհիվ շատ մայրեր նախընտրում են շարունակել տանը մնալ և սովորաբար երկրորդ երեխա են ունենում այս արձակուրդի ժամանակ):

Կային նաև այլ մարտահրավերներ, օրինակ՝ ցածր աշխատավարձերը և ճկուն աշխատանքի տարբերակների բացակայությունը: Տասը տարի առաջվա համեմատ հիմա ավելի շատ հնարավորություններ կան։ Այն ժամանակ  6-ժամանոց աշխատանքային օրով աշխատանք գրեթե անհնար կլիներ գտնելը․ միգուցե հնարավոր լիներ նվերներ փաթեթավորելու մեկժամյա կարճատև աշխատանք գտնել և վերջ: Մենք ներկայումս աշխատում ենք ծնողների համար 6-ժամյա աշխատանքային օր ունենալու հնարավորության ուղղությամբ։ 6-ժամյա աշխատանքային օրվա ընթացքում ծնողները կարող են իրենց երեխաներին տանել դպրոց կամ մանկապարտեզ և մինչև ժամը 15:00-ը դուրս գալ աշխատավայրից՝ նրանց վերցնելու համար: Մյուս կողմից, օրական 4-ժամանոց աշխատանքները հաճախ ցածր են վարձատրվում: Անկեղծ ասած՝ չորս ժամ տևողությամբ աշխատանքային օրը լավ ընտրություն չէ. այդ ընթացքում շատ բան չես կարող հասցնել:

Այս հետազոտությունից հետո մեր հիմնադիրները սկսեցին կառուցել այս շարժումը՝ նպատակ ունենալով այնպես անել, որ ծնողների կողմից ցանկալի բոլոր երեխաները ծնվեն: Եթե ինչ-որ մեկը որոշում է երեխա չունենալ, դա նույնպես նորմալ է: Բայց եթե անհատները ցանկանում են երկու, չորս կամ ավելի երեխա ունենալ, պետք է ունենան այդ հնարավորությունը։ Մեր աշխատանքի հիմքում ընկած է այս փիլիսոփայությունը։

Հիշո՞ւմ եք՝ 2008-ին զգալի տնտեսական վատթարացում եղավ։ Այն ժամանակ ընկերությունները դժվարությամբ էին գոյատևում, բայց դրանից հետո իրավիճակը փոխվեց․ բազմաթիվ աշխատատեղեր բացվեցին և գործատուները դժվարությամբ էին աշխատողներ գտնում: Արդյունքում նրանք սկսեցին լրացուցիչ բոնուսներ առաջարկել՝ աշխատակիցներ ներգրավելու համար:

Երբ մեր կազմակերպությունը նոր էր սկսում իր գործունեությունը, «Ընտանիքամետ կազմակերպություն» հավաստագիրը հնարավոր էր շահել՝ աշխատակիցների երեխաների հետ Սուրբ Նիկոլասի օրը նշելով: (Սուրբ Նիկոլասը եպիսկոպոս էր, ով օգնել էր երեք դուստր ունեցող մի աղքատ տղամարդու ամուսնացնել նրանց՝ իրենց օժիտների համար գաղտնի գումար տալով: Սուրբ Նիկոլասի օրը ծնողներն ավանդաբար երեխաներին շոկոլադ և մրգեր են նվիրում): Սակայն հավաստագիրը շահելը գնալով ավելի դժվար է դառնում, քանի որ ավելի շատ ընկերություններ են ընտանիքամետ գործելակերպ որդեգրում՝ բարձր նշաձող սահմանելով մյուսների համար:

Հավաստագրման նախաձեռնության նպատակը աշխատավայրում մշակույթ փոխելու մեր ցանկությունն էր: Թեև դեռևս 2011-ից սկսել էինք հանձնել մեր հավաստագիրը, սակայն առաջին տոնահանդեսը կազմակերպվեց 2013-ին: Ամեն տարի մենք կազմակերպում ենք տոնական երեկույթ, հրավիրում ենք լրագրողներին, հաղթողներին, հանձնում հավաստագրերն ու տարբերանշանները, որոնք նրանք կարող ենք ցուցադրել իրենց կայքում կամ փակցնել գրասենյակի դռան վրա։ Այս տարբերանշանը նրանք օգտագործում են էլեկտրոնային նամակների ստորագրություններում, լրատվական նյութերում։

Ամեն տարի հայտարարում ենք մրցույթ և ստանում հայտեր հունգարական տարբեր ընկերություններից։ Մենք իրականում պետական մարմին չենք և խիստ չափանիշներ չունենք։ Մեր ժյուրին կենտրոնանում է աշխատանք-կյանք հավասարակշռությանը և հավասարությանը վերաբերող զարգացման միտումների վրա, փնտրում ենք այնպիսի ղեկավարների, ովքեր իսկապես հոգում են իրենց աշխատակիցների մասին։

Մի տարի մենք ունեցանք անսպասելի հաղթող, որը թռչնամսի արտադրող էր։ Նրանց աշխատանքային միջավայրը, թվում էր,  ընդհանուր առմամբ կապ չունի ընտանիքամետ քաղաքականությունների հետ, քանի որ աշխատակիցները պետք է ամեն օր տեղում լինեին ու հավ փետրահան անեին: Այնուամենայնիվ, նրանք մի քանի տպավորիչ գործիք ներդրեցին, օրինակ,  փոքր երեխաների մայրիկներին կանչում էին միայն առավոտյան հերթափոխով, ինչի շնորհիվ նրանք կարողանում էին աշխատանքից հետո երեխաներին մանկապարտեզից ու դպրոցից վերցնել։  Նաև աջակցություն էին տրամադրել անպտղության ունեցող կին աշխատողներին՝  բժշկական օգնություն ստանալու (ԱՄԲ 2-3 փորձերի) համար:

Կազմակերպություններին համեմատելը նման է տանձը, ելակը, խնձորը և ձմերուկը համեմատելուն։ Սա բարդ առաջադրանք է: Մենք հայտերը փոխանցում ենք ժյուրիին, որը գնահատում ու միավորներ է տալիս դրանց․ ամենաբարձր միավոր հավաքածները ստանում են և հավաստագիրը։

Կրծքով կերակրման սենյակներ և ընդմիջումներ ունենալը պահանջվում է այն ընկերություններից, որոնք ցանկանում են ստանալ մեր մրցանակը: Կերակրասենյակները բավականին լավ են կահավորված։ Դրանց մեջ հաճախ ոչ միայն բազկաթոռ կա, այլև այնպիսի հարմարություններ, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը՝ մանկական սնունդը տաքացնելու համար, տակդիրը փոխելու հարմարություններ:

Մեր այցելած ընկերություններից մեկում փոքրիկ սեղան և աթոռ էին դրել, որպեսզի աշխատակիցների դպրոցական երեխաները կարողանան նստել ու տնային աշխատանքները կատարել։ Սա հիանալի նախաձեռնություն է և մենք նպատակ ունենք այլ ընկերություններին ևս խրախուսել նմանատիպ բան ներդնել: Ի վերջո, միայն նորածինները չեն, որ աջակցության կարիք ունեն, կամ էլ 3 տարեկան երեխաները, ովքեր լեգոներով են խաղում: Ավելի մեծ երեխաներին նույնպես տարածք է անհրաժեշտ, օրինակ, տնային աշխատանք կատարելու համար:

Ինչպես նշեցի, կերակրասենյակ ունենալն այժմ համարվում է հիմնարար պահանջ, ոչ թե մրցակցային առավելություն: Այնուամենայնիվ, եթե ընկերությունը չունի այդ սենյակը, բայց ունի, ասենք, 20 այլ տպավորիչ առավելություն, ապա, անշուշտ, հավաստագիրը շահելու հնարավորություն ունի:  Մենք չենք ցանկանում այս ընկերություններին շղթաների մեջ դնել. փոխարենը, մենք նպատակ ունենք, որ նրանք աճեն, լինեն առաջադեմ և այլ կերպ մտածեն: Այս բաց մտածելու մոտեցումը խթանում է նորարարությունը: Օրինակ՝ կա մի ընկերություն, որ երեխայի ծնվելուց հետո հայրերին առաջարկում է լրացուցիչ վեց ամսվա վճարովի արձակուրդ: Մոռացա նշել, որ այս ընկերություններից շատերը լրացուցիչ հայրության արձակուրդ են տրամադրում, սովորաբար, լրացուցիչ հինգ օր երեխայի ծնվելուց հետո:

Հաղթողներին մենք որևէ ֆինանսական աջակցություն չենք տրամադրում: Միակ բանը, որ նրանք ստանում են, հավաստագիրն է։

Երբ ընկերությունը շահում է այս հավաստագիրը, ուրեմն դրա ղեկավարները ընտանիքամետ մոտեցումներ ունեն և մարդասեր են, գոռգռացող կամ բղավող տեսակը չեն. նրանք հասկանում են, որ աշխատակիցներն ունեն ընտանիք,  նրանց ճանաչում են որպես անձնական կյանք ունեցող մարդկանց, որոնք բախվում են խնդիրների՝ լինի դա ամուսնալուծություն, անպտղություն, թե երեխաների դպրոցական հարցերի կարգավորում։ Ահա թե ինչու են մարդիկ ակտիվորեն փնտրում մեր տրամադրած տարբերանշանը, երբ աշխատանքի ընդունվելիս են լինում։

Ընտանիքամետ լինելով ընկերություններն ունենում են նվիրված աշխատողներ։ Այս նվիրումը արտացոլվում է նրանց բարելավված կատարողականում. նվիրված աշխատողներն ավելի արդյունավետ ու արագ են աշխատում։ Այս կազմակերպություններում սովորական բան է տեսնել մարդկանց, ովքեր այնտեղ աշխատում են 5, 10 կամ նույնիսկ 20 տարի:

Երբ կազմակերպությունում աջակցում են քեզ, ավելի հավանական է, որ դրա դիմաց լավագույն ձևով աշխատես: Սա նման է լավ ընկերների և պարզապես ծանոթների միջև եղած տարբերությանը: Ընկերները հակված են մնալու, իսկ ծանոթները՝ գնալու: Երկարաժամկետ տեսլական ունեցող ընկերությունները կարճաժամկետ մտածելու փոխարեն առաջնահերթություն են տալիս այս տեսակի հարաբերություններին»:

Հանդիպում չեխական Aperio կազմակերպությունում

Սեպտեմբերի 3-ին Պրահայում «Կետ 33» կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանը հանդիպում է ունեցել չեխական Aperio առողջ ծնողավարության ասոցիացիայի փոխտնօրեն, իրավաբան և միայնակ ծնողների հարցերով զբաղվող փորձագետ Հալկա Յակլովայի հետ։

Պրահա այցն ու հանդիպումը կազմակերպվել է «Դարձնենք ընտանիքամետ աշխատավայրը իրական» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է չեխական և հայաստանյան փորձը՝ ընտանիքամետ քաղաքականություններ,  աշծատավայրում ճկուն պայմաններ ունենալու, վճարվող արձակուրդի, երեխայի խնամքի կազմակերպմանն աջակցող իրավական կարգավորումների և այլ հարցերի մասին։ Քննարկման արդյունքում ստացված տեղեկությունները ներառվելու են  ընտանիքամետ քաղաքականություններին վերաբերող և «Դարձնենք ընտանիքամետ աշխատավայրը իրական» ծրագրի շրջանակում իրականացվող հետազոտության մեջ, որը կավարատունացվի և կհրապարակվի առաջիկայում։

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև հետագա համագործակցության և համատեղ նախագծեր իրականացնելու հարցեր։

Ստորև ներկայացնում ենք հատվածներ Հալկա Յակլովայի հետ զրույցից․ 

Մեր հասարակությունը դեռ բավական պահպանողական է։ Խնդիրներից մեկը ընտանիքում և հասարակության մեջ դերերի գենդերային բաշխումն է: Օրինակ՝ կանանց մոտ երեք քառորդը կարծում է, որ երեխաների խնամքը և կենցաղային պարտականությունները հիմնականում իրենց վրա են, մինչդեռ ֆինանսական հարցերը դիտվում են որպես տղամարդու պարտականություն: Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա 4-ից 3,6-ը կիսում է այս տեսակետը՝ համաձայն 2023 թվականի ուսումնասիրության: Սա արտացոլում է նրանց բավականին պահպանողական մոտեցումը և ազդում կյանքի շատ այլ կողմերի վրա: 

(Արձակուրդներ)․ Մեզ մոտ ծնողական արձակուրդը աշխարհում ամենաերկարներից է․ երեք տարվա վճարվող և մեկ տարվա չվճարվող արձակուրդ, որը թույլ է տալիս ծնողներին մնալ տանը մինչև երեխայի չորս տարեկանը լրանալը: Արդյունքում շատ ծնողներ նախընտրում են ավելի երկար մնալ տանը և չվերադառնալ աշխատանքի: 

Դա լավ չէ աշխատանք-կյանք հավասարակշռության տեսանկյունից: Լավ չէ այն կանանց համար, ովքեր ցանկանում են աշխատել, բայց լավ է այն կանանց համար, ովքեր չեն ցանկանում աշխատել: Նրանք ցանկանում են տանը մնալ իրենց երեխաների հետ։ Բայց սա ստիպում է տանը մնալ նույնիսկ այն կանանց, ովքեր ցանկանում են աշխատել: Սոցիալական ապահովության մասին օրենքի կառուցվածքը նրանց համար ավելի շահավետ է դարձնում տանը մնալը, քան որևէ աշխատանքով զբաղվելը, նույնիսկ կես դրույքով: 

Այստեղ ծնողական նպաստն այնքան էլ վատը չէ։ Ծնողները ստանում են միանվագ գումար, որը նրանք կարող են ըստ ցանկության բաժանել իրենց արձակուրդի ողջ տևողության ընթացքում:

Ծնողական արձակուրդի դեպքում հայրերն ու մայրերը կարող են տեղերով փոխվել, երբ ցանկանան: Սակայն քանի որ հայրերը սովորաբար ավելի շատ են վաստակում, քան մայրերը, հաճախ ֆինանսապես ավելի ձեռնտու է, որ հայրը շարունակի աշխատել, իսկ մայրը մնա տանը: Արդյունքում շատ մայրեր հենց այդ պատճառով են մնում տանը։ Ֆինանսական նկատառումները մեծ դեր են խաղում ընտանիքների համար:  

(Ճկուն աշխատաժամեր և պայմաններ)․ Կորոնավիրուսից առաջ դա այնքան էլ տարածված չէր այստեղ, բայց համաճարակը մարդկանց մղեց դեպի ավելի մեծ ճկունության՝ ներառյալ հեռավար աշխատանքը և տուն-գրասենյակները: Շատ կազմակերպություններ պահպանեցին այս պրակտիկան նույնիսկ կովիդից հետո, ինչը բերեց առաջվա համեմատ ավելի շատ ճկունության։ Այնուամենայնիվ, ես կասեի, որ դա դեռ բավարար չէ: 

Ոչ ամբողջ ժամանակով աշխատանքի բավարար հնարավորություններ չկան: Եթե ​​ցանկանում ես աշխատանքի վերադառնալ մայրության արձակուրդի ընթացքում կամ դրանից հետո, կարող է բավականին դժվար լինել նման աշխատանք գտնելը: Սակայն Aperio-ն այս ոլորտում զգալի փորձ ունի. մենք կրճատ ժամանակով  աշխատանքներ էինք առաջարկում նույնիսկ կովիդից առաջ: Մենք մեր թիմում մայրիկներ ունենք։ 

Մենք առաջարկում ենք ճկուն աշխատանքային ժամեր՝ թույլ տալով աշխատակիցներին ընտրել աշխատանքը սկսելու և ավարտելու ժամերը։ Սա նրանց իրենց գրաֆիկը կազմելու որոշակի ազատություն է տալիս։ Բացի դրանից, մենք ունենք հիբրիդային մոդել․ որոշ աշխատակիցներ, ովքեր կարող են արդյունավետորեն կատարել իրենց առաջադրանքները տնից, կարող են շաբաթվա հինգ օրից երեքը հեռավար աշխատել:

Փոքր երեխաներ ունեցող աշխատակիցները երեխայի հիվանդանալու դեպքում կարող են հիվանդության արձակուրդ վերցնել կամ աշխատել տնից՝ միաժամանակ խնամելով իրենց երեխաներին: Բացի դրանից, մենք տրամադրում ենք տարեկան հիվանդության մի քանի արձակուրդային օր և յուրաքանչյուր ամիս մեկ անձնական հանգստյան օր ցանկացած կարիքի համար: Այս անձնական օրը, սակայն, պետք է օգտագործվի միայն տվյալ ամսվա ընթացքում. այն չի կարող տեղափոխվել: 

Մենք այս առավելությունները տրամադրում ենք, քանի որ աշխատում ենք երեխաների հետ, բայց նաև այն պատճառով, որ մեր ոլորտում աշխատավարձերը բավականին ցածր են՝ համեմատած այլ ոլորտների, օրինակ՝ բիզնեսի ոլորտի հետ: Որակյալ աշխատակիցներ ներգրավելու և պահպանելու համար մենք ձգտում ենք մրցակցային առավելություններ առաջարկել: 

Այո՛, կան կարգավորումներ, որոնք ծնողներին տալիս են ճկուն աշխատանքային ժամերի իրավունք, սակայն դա կախված է գործատուի` նման խնդրանքներին ընդառաջելու կարողությունից: Օրինակ՝ գործարանային պայմաններում ճկուն ժամերը կարող են իրատեսական չլինել: Քանի դեռ գործատուն հիմնավոր պատճառներ է ներկայացնում խնդրանքը մերժելու համար, մերժումը սովորաբար ընդունելի է լինում: Սա բավականին սահմանափակում է ճկուն աշխատանքային ժամերի կիրառումը։ 

(Աջակցություն երեխայի խնամքի հարցերում). Այո՛, մենք ունենք մի քանի կարգավորում, բայց, ըստ իս, դրանք բավարար չեն: Օրինակ՝ կրծքով կերակրելու համար պարտադիր ընդմիջումներ կան, եթե մայրը կերակրում է աշխատանքի ընթացքում: Բացի դրանից, խնամակալները չեն կարող գործուղվել առանց իրենց համաձայնության: Ինչ վերաբերում է ճկուն աշխատանքային ժամերին, կան սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս գործատուներին միակողմանիորեն փոխել փոքր երեխաներ ունեցող աշխատողների ժամանակացույցը։ Ընդհանուր առմամբ, այսքանով էլ սահմանափակվում սրանց շրջանակը: 

Կոմունիստական ​​ռեժիմի ժամանակ փոքր երեխաների համար մանկապարտեզներ կային, բայց 90-ականներին դրանք արգելվեցին։ Մեր օրերում նոր հաստատությունների կառուցումը դանդաղ է ընթանում, և դրանք հիմնականում մասնավոր են ու հաճախ չափազանց թանկ շատ ծնողների համար: Սա էական խոչընդոտ է ստեղծում այն կանանց համար, ովքեր փորձում են աշխատանքի վերադառնալ: 

Այստեղ կարևոր խնդիրն այն է, որ մինչև երեք տարեկան երեխաների խնամքի տարբերակներ գրեթե գոյություն չունեն: Երեք տարեկանից սկսած՝ մենք ունենք մանկապարտեզների լավ հանրային համակարգ, որի համար համայնքային ֆինանսավորումը հասանելի է գրեթե յուրաքանչյուր փոքր քաղաքում, բայց որոշ բնակավայրերում դեռևս բավարար չեն տեղերը: Պետական ​​մանկապարտեզների վճարները ողջամիտ են և մատչելի գրեթե բոլոր ընտանիքների համար, սակայն մասնավոր ծառայությունները կարող են բավականին թանկ լինել: 

Ծնողները խնդրի առաջ են կանգնում, երբ երեխաները չեն ընդունվում պետական մանկապարտեզ, ինչը կարող է տեղի ունենալ անբավարար տեղերի պատճառով նույնիսկ եթե երեխան երեք տարեկան է: Ի դեպ, պարտադիր է  նախակրթարան գնալը՝ մինչ տարրական դպրոց գնալը, և մանկապարտեզները պարտավոր են ընդունել նախադպրոցական տարիքի երեխաներին: 

(Միայնակ ծնողներ)․ Ցավոք, միայնակ ծնողները մեր երկրի ամենախոցելի խմբերից են, որ հաճախ են ընկնում աղքատության մեջ: Շատերը բախվում են այն խնդրին, որ մյուս ծնողն ալիմենտ չի վճարում, ինչը նրանց ստիպում է ապրել մեկ եկամտով՝ միաժամանակ համատեղելով աշխատանքը և երեխաների խնամքը, ինչը կարող է բավականին բարդ լինել, հատկապես երբ երեխաների խնամքի ծառայությունները սահմանափակ են: 

Վերջին օրենսդրական փոփոխություններից մեկն այն ​​է, որ միայնակ ծնողները կարող են ֆինանսական աջակցություն ստանալ պետությունից, եթե մյուս ծնողը չի վճարում ալիմենտը: Սակայն այստեղ կան բազմաթիվ պայմաններ, և այս աջակցությունը հասանելի է առավելագույնը երկու տարվա ընթացքում: Դրանից հետո, եթե մյուս ծնողը շարունակում է չվճարել, հստակ լուծում չկա: Ընդհանուր առմամբ, մեր օրենսդրության մեջ չկա ոչ մի կարգավորում՝ նախատեսված հատուկ միայնակ ծնողներին աջակցելու համար: 

Աշխատանքային օրենսգիրքը միայնակ ծնողների համար հատուկ դրույթներ է պարունակում: Մինչև 15 տարեկան երեխա ունեցող միայնակ ծնողը կարող է գործուղումների ուղարկվել միայն  իր համաձայնությամբ: Նաև հիվանդ երեխային խնամելիս միայնակ ծնողները ստանում են ավելի երկար վճարվող խնամքի նպաստ՝ 16 օր, մինչդեռ ոչ միայնակ ծնողներն 9 օրվա նպաստ են ստանում: Սրանք միակ բաներն են, որ առանձնահատուկ են: Միայնակ ծնողները նաև օգտվում են ընդհանուր ծնողական իրավունքներից, օրինակ,  ճկուն աշխատանքային ժամեր ունենալու իրավունքը: 

Ճկուն աշխատանքային ժամերը և տուն-գրասենյակների տարբերակները կարևոր են նրանց համար: Պետության կողմից ֆինանսական աջակցությունը նույնպես անհրաժեշտ է՝ աշխատանք-կյանք հավասարակշռությանը հասնելու համար: Բացի դրանից, կարևոր է, որ նրանց համար հասանելի լինեն մինչև երեք տարեկան երեխաների խնամքի ծառայությունները, քանի որ միայնակ ծնողներին առանց այդ ռեսուրսների գլուխ հանելը կարող է շատ դժվար լինել: Ավելին, կենսական նշանակություն ունեն հոգեբանական աջակցությունը և ուժեղ սոցիալական ցանցը, քանի որ միայնակ ծնողներից շատերը հաճախ իրենց մեն-մենակ են զգում բոլոր խնդիրներում։ 

(Գենդերային դերեր)․ Այս հարցերի մի կարևոր կողմ է հասարակության մտածելակերպը: Նույնիսկ օրենքների առկայության դեպքում, առանց վերաբերմունքի փոփոխության, առաջընթաց չի լինի: Սա հատկապես ճիշտ է գենդերային և սոցիալական խնդիրների համար, որոնք մենք ակտիվորեն թիրախավորում ենք ԶԼՄ-ների և կառավարության հետ համագործակցության միջոցով: 

Մենք նաև չքննարկեցինք տղամարդկանց դերն այս համատեքստում: Չեխիայի Հանրապետությունում կան տղամարդիկ, ովքեր զբաղվում են այս թեմաներով՝ ներառյալ մեր գործընկեր կազմակերպությունը՝ «Բաց տղամարդկանց լիգան»: Նրանք ջատագովում են հայրությունը, ընտանիքը և գենդերային դերերը՝ օգնելով այս ոլորտներում փոփոխություններ մտցնել: 

Կան նաև անհատներ մարդկային ռեսուրսների ոլորտում, մասնավորապես ŠKODA Auto-ի պես ընկերություններում, ովքեր ակտիվորեն առաջ են տանում հավասարության գաղափարը: Օրինակ՝ մարդկային ռեսուրսների բաժնի աշխատակիցներից մեկը ծնողական արձակուրդ է վերցնում և կնոջ հետ պարտականություններ է կիսում՝ օրինակ ծառայելով այլ տղամարդկանց համար: Այս ոլորտում առաջընթացը դանդաղ է, սակայն հուսադրող է տեսնել նման նախաձեռնություններ: Հուսով եմ, որ ապագայում մենք կտեսնենք ավելի մեծ հավասարություն։ 

Դա շատ կարևոր է, քանի որ մեր երկրում այս թեման հաճախ դիտվում է որպես կանանց խնդիր: Շատ կարևոր է տղամարդկանց այս քննարկումների մեջ ներգրավելը. նրանք պետք է պաշտպանեն այս գաղափարը: Կարծում եմ՝ երբեք էական առաջընթաց չենք արձանագրի՝ առանց նրանց ակտիվ մասնակցության։

Մեծ գործ #3. Ցավոք, մանկապարտեզում բռնությունը կա․Աննա Ջավախյան

Այս էպիզոդում խոսել ենք ֆեյսբուքյան «Մանկապարտեզը և երեխաները» խմբի համակարգող, Երևանի ավագանու նախակին անդամ Աննա Ջավախյանի հետ՝ մանկապարտեզներում բռնության դեպքերի, դրանք կանխելու միջոցների, մանկապարտեզների աշխատանքային ժամերի և այլ հարցերի մասին։

Այս էպիզոդը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը՝ Աստղիկ Կարապետյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Բաժանորդագրվեք մեր ալիքին և հետևեք մեզ այստեղ՝ https://www.youtube.com/@point33ngo

Մեծ գործ #2. Երեխային աշխատավայր տանելը ոչ թե ցանկություն է, այլ անհրաժեշտությունից է դրդված․ Լիլիթ Վարդանյան

Մեծ գործ․ մայրություն ու աշխատանք

Այս էպիզոդում Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Լիլիթ Վարդանյանի հետ խոսել ենք նրա՝ երեխա խնամելու փորձի մասին տարբեր երկրներում՝ Ճապոնիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում ու Հայաստանում։ 

Այս էպիզոդը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը՝ Աստղիկ Կարապետյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Բաժանորդագրվեք մեր ալիքին և հետևեք մեզ այստեղ՝ https://www.youtube.com/@point33ngo 

«Մեծ գործ». նոր փոթքաստ

«Մեծ գործ» փոդքաստը՝ մեծ գործերի ու մեծ գործ անող մարդկանց մասին է։ Փոդքաստի հեղինակը «Կետ 33» կազմակերպության նախագահ, լրագրող Աստղիկ Կարապետյանն է, ով տարբեր մասնագետների հետ քննարկում է մայրության ու աշխատանքի, ծնողների համար հարմարավետ միջավայրերի, ծննդօգնության և այլ հարցեր։

Փոթքաստին կարող եք հետևել՝ բաժանորդագրվելով մեր ալիքին այստեղ։

Մեծ գործ #1․ Ինչպե՞ս խուսափել անվերջ սպառված լինելու զգացումից, եթե աշխատող մայր ես

Մեծ գործ․ մայրություն ու աշխատանք

Այս էպիզոդում  հոգեբան Լիլիթ Չոբանյանի հետ աշխատող մայրերի հոգեկան առողջության, մայրական մեղքի զգացումի, այրումի, դեպրեսիայի և այս ամենը հաղթահարելու մասին։

Այս պոդքաստը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը՝ Աստղիկ Կարապետյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Բաժանորդագրվեք մեր ալիքին և հետևեք մեզ այստեղ՝ https://www.youtube.com/@point33ngo 

Հանդիպում-քննարկումներ Եվրոպական խորհրդարանում

 «Կետ 33» կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանը, որպես Եվրախորհրդարանի Սախարովի իրավապաշտպանության ծրագրի անդամ, Եվրոպական խորհրդարանում (Բրյուսել, Բելգիա) մարտի 3-8-ը մասնակցել է տարբեր հանդիպում-քննարկումների ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Կլոր սեղան-քննարկումներ են եղել Եվրախորհրդարանի փոխնախագահներ Հեյդի Հաութալայի և Մարտին Հոյսիկի հետ։ Քննարկվել են աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների, իրավապաշտպանների խնդիրներին վերաբերող հարցեր։

Հանդիպումներ են եղել Եվրախորհրդանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների, Եվրախորհրդարանի խմբակցությունների մարդու իրավունքների հարցերով խորհրդատուների և այլ պաշտոնյաների հետ։

 

Լուսանկարների հեղինակային իրավունքը՝
© Եվրոպական միություն 2024 – Աղբյուր՝ ԵԽ

Աստղիկ Կարապետյանը հանդիպել է ԵԽ պատգամավոր Մարինա Կալյուրանդի հետ

«Կետ 33» կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանը մարտի 7-ին Բրյուսել այցի ընթացքում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի էստոնացի պատգամավոր Մարինա Կալյուրանդի հետ։ 

Հանդիպման ընթացքում զրույց է եղել Հայաստանում կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, կանանց քաղաքական ներկայացվածության, ընտանիքամետ քաղաքականությունների ընդունման հարցերի վերաբերյալ։

Անդրադարձ է եղել նախորդ տարվա սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված հայերի, մասնավորապես, կանանց ու երեխաների խնդիրներին։ 

Քննարկվել են Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունների, իրավունքների պաշտպանությանն ուղղված ԵՄ գործիքների վերաբերյալ հարցեր։ 

«Կետ 33» ՀԿ նախագահը հանդիպել է ԵԽ պատգամավոր Մարկետա Գրեգորովայի հետ

«Կետ 33» կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանը մարտի 6-ին Բրյուսել այցի ընթացքում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի չեխ պատգամավոր Մարկետա Գրեգորովայի հետ։ 

Հանդիպման ընթացքում զրույց է եղել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մասին, հատուկ անդրադարձ է եղել նախորդ տարվա սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված հայերի, մասնավորապես, կանանց ու երեխաների խնդիրներին։ 

Քննարկվել են Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունների, իրավունքների պաշտպանությանն ուղղված ԵՄ գործիքների վերաբերյալ հարցեր։ 

«Կետ 33» կազմակերպության ղեկավարը գլխավոր մրցանակ է ստացել

«Կետ 33» հասարակական կազմակերպության ղեկավար և համահիմնադիր Աստղիկ Կարապետյանն այսօր՝ դեկտեմբերի 10-ին ստացել է գլխավոր մրցանակ՝ մանկաբարձական բռնության վերաբերյալ հոդվածի համար։

Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված «Հոդված 3. Լրագրողները՝ հանուն իրավունքների» ամենամյա մրցանակաբաշխությունը իրականացվում է «Հոդված 3» հասարակական կազմակերպության կողմից՝ Հայաստանում Նիդեռլանդների թագավորության դեսպանատան եւ «Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի» աջակցությամբ:

Գլխավոր մրցանակը հանձնեց Նիդեռլանդների Թագավորության դեսպան Ն․Գ․ Նիկո Սխերմերսը։ Մրցանակը ստանալիս Աստղիկ Կարապետյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ մարդու իրավունքների, և հատկապես մայրերի իրավունքների պաշտպանությունը կարևորելու համար։