ԱԺ-ը մինչև 3 տարեկան երեխա ունեցող և արձակուրդում չգտվող 57 աշխատակից ունի
Ընտանիքամետ միջավայր ունենալու համար հանձանռություն է ստացել կառավարությունը։ Մասնավորապես, ՀՀ ժողովրդագրության վիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությամբ կարևորվում է ընտանիքամենտրոն քաղաքականության իրականացումը և 137-րդ կետով սահմանվում է հետևյալ նպատակը․ «Ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը»։
Ընտանիք-աշխատանք հավասարկշռության, ընտանիքամետ աշխատավայրերի առկայությունը կարևորվում է նաև Գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությամբ և միջոցառումների ծրագրով։ Մասնավորապես, 2-րդ գերակայության 12-րդ գործողությունը նախատեսում է․ «Պետական և/կամ տեղական, ինչպես նաև մասնավոր հաստատություններում ընտանիքահեն միջավայրերի ներդրմանն ուղղված աշխատանքների իրականացում»։
«Կետ 33»-ը ընտանիքամետ աշխատավայր ունենալու վերաբերյալ հարցեր է ուղղել 12 նախարարություններին, Ազգային ժողովի և վարչապետի աշխատակազմերին՝ հասկանալու համար, թե ներկայումս այս գերատեսչությունները որքանով են ընտանիքամետ աշխատավայրեր։
Հիշեցնենք, որ ընտանիքամետ է այն աշխատավայրը, որտեղ աշխատողն ունի հնարավորություն սահուն, առանց սթերսի համատեղել ընտանեկան կյանքն ու աշխատանքը, օրինակ, մոտ լինել ընտանիքի խնամքի կարիք ունեցող անդամին և միևնույն ժամանակ չկորցնել աշխատանքն ու եկամուտը։ Ընտանիքամետ աշխատավայրի հիմնական բաղադրիչներ են ա) ճկուն աշխատանքային ժամերով/պայմաններով աշխատելու հնարավորությունը, բ) վճարվող արձակուրդներ և ազատ օրեր ունենալը, գ) երեխայի/ընտանիքի անդամի խնամքի հարցում աջակցությունը, դ) Բարեկեցության և կարիերայի զարգացման կարևորումը։
Ստորև ներկայացնում ենք Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի կողմից ստացված պատասխանները։
Նշվում է, որ հարցումը ստանալու պահի՝ դեկտեմբերի 2-ի դրությամբ, ՀՀ Ազգային ժողովում աշխատում է 673 անձ, որոնցից 386-ը կանայք են (շուրջ 57 %,- հեղ․):
«Ներկայումս 72 աշխատակից ունի մինչեւ 3 տարեկան երեխա։ Աշխատակիցներից 6-ը ներկայացրել է մայրության համար տրամադրված անաշխատունակության թերթիկ, իսկ 9-ը գտնվում է երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում Ելնելով վերոգրյալից՝ 57 աշխատակից ունի մինչև 3 տարեկան երեխա և չի գտնվում երեխայի խնամքի արձակուրդում»,- նշվում է պատասխանում:
Նշվում է, որ ընտանիքի անդամի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող աշխատակիցներ չկան։ Իսկ 9 հոգի աշխատում է հեռավար՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 106.1 հոդվածի։
Այն հարցին, թե արդյո՞ք գերատեսչությունն ունի երեխայի կամ ընտանիքի անդամի խնամքի հարցերում աջակցության պրակտիկա կամ քաղաքականություն (օրինակ, մանկապարտեզի հարցում աջակցություն, խնամակալի վարձատրության փոխհատուցում և այլն), պատասխանել է, որ նման պրակտիկա ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից չի իրականացվում:
Նշվել է նաև, որ կրծքով կերակրելու սենյակ և/կամ խաղասենյակ բացակայում է ՀՀ ԱԺ շինության տարածքում, սակայն աշխատակիցներն ունեն առանձին աշխատասենյակներ:
Հարցին, թե գերատեսչությունն ունի աշխատողների բարեկեցության և կարիերայի զարգացման ծրագրեր կամ քաղաքականություն (օրինակ, առողջության ապահովագրություն, հոգեբանի ծառայություններ, վերապատրաստումներ և այլն), պատասխանել է, որ ԱԺ աշխատակազմն իրականացնում է վերապատրաստումների և առողջության ապահովագրության ծրագրեր։
«ԱԺ աշխատակազմը ընտանիքամետ քաղաքականությունների արդյունավետության գնահատում չի իրականացնում, սակայն վերոգրյալ ծրագրերի իրականացումը միտված է աշխատակիցների հոգեկան և ֆիզիկական բարեկեցությանը, կարիերայի զարգացմանն օժանդակելուն»,- գրված է պատասխանում:
Նշենք նաև, որ աշխատազմից չեն պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք գերատեսչությունը, որպես գործատու, ունի ընտանիքամետ պրակտիկա կամ ընդունած քաղաքականություն։
Տե՛ս նաև հարցումը և արձագանքը ամբողջությամբ։
Հարցումներն արվել են «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Կետ 33» հասարակական կազմակերպության կողմից՝ Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։


