Մի ձգտեք դառնալ անփոխարինելի, դուք անկրկնելի եք

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Ընտանիքամետ գործատու» էսսեների և բլոգային նյութերի մրցույթ։ Մրցույթն իրականացվում է «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք մրցույթի հայտը՝  առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․ Հեղինակի կողմից նշված փաստերի, իրադարձությունների իրավասիությունը կազմակերպության կողմից չի ստուգվում։

***

Ասում են դպրոցը կրթական տաճար է, որտեղ ուսուցիչը հանդիսանում է միջնորդ աշակերտի և գիտելիքի միջև: Այս փաստը տարիներ շարունակ որպես կարգախոս մրմնջում էի, գոտեպնդում ինձ, թևավորվում ու շտապում դասարան: Դպրոցը տարիների ընթացքում ինձ համար վերածվեց հոգու դարբնոցի, ուր պետք էր կոփել փոքրիկ մարդուկների խրոխտ ոգին ու պատրաստել նրանց արծվային թռիչքի:

Օրացույցի էջերը հաջորդում էին իրար՝ դառնալով շաբաթներ, ամիսներ ու տարիներ: Փոխվում էին դասարանս, սաներս ու նրանց նստարանները, բայց իմ գաղափարախոսությունը մնում էր նույնը՝ դաստիարակել մեր երկրին,հայրենիքին ու ազգին պիտանի քաղաքացիներ:

Կյանքն ընթանում էր իր բնականոն հունով՝ ամփոփելով իր մեջ վերելքներիս ու վայրէջքներիս տրամաբանական հաջորդականությունը: Անգամ թագավարակն ու 44-օրյա պատերազմը չկարողացան կոտրել ինձ,չնայած, որ ընտանիքիս կարևոր անդամը հայտնվեց անհայտ կորածների հայտնի ցուցակում:

Ամեն ինչ փոխվեց, երբ 2021թ-ի հունվարի 10-ին ժամը 23:45-ին մայրս ստացավ իր կյանքի

գուժաբեր հեռախոսազանգը. -Տիկի'ն Անահիտ, վաղը կգաք Հերացի,որ ճանաչեք ձեր որդու՝ անմահացած Շիրակ Արմենակի Գասպարյանի մարմինը: Իմ պատկերացման մեջ աշխարհն այդ պահին դուրս եկավ իր ուղեծրից,գնաց այլ՝ սխաալ ուղղությամբ, կործանվեց, փլվեց, վերացավ, նորից վերակառուցվեց՝ ցավեցնելով յուրաքանչյուր բջիջս ու հուշելով, որ դու հետայսու սևազգեստ սգվոր ես ընկեր Գասպարյան: Ես, որ ամեն ակնթարթ հույսով էի վարակում իմ սիրասուն աշակերտներին, ովքեր իրենց անմեղ աչուկների հրեշտակային փայլով ջերմացնում էին սառած հոգիս, հիմա ինձանից ստանալու ոչինչ չունեին, որովհետև բզկտված հոգիս, ներաշխարհս ու ծվեն-ծվեն եղած տկար սիրտս ի զորու չէին նրանց էմոցիա փոխանցելու: Այդ չարաբաստիկ օրերը համընկան մեր դպրոցի տնօրենի վաստակած հանգստին գնալուն և ժամանակավոր պաշտոնակատարի՝ տնօրենի պարտականությունների լիազորությունները ստանձնելուն: Ես առճակատվեցի մի այնպիսի զգացումի հետ, որը խորթ էր, տարօրինակ ու անհույս՝ ինձ պատել էր կատարյալ դատարկության զգացումը: Որտե՞ղ փնտրել ապրելու իմաստը, ու՞ր գնալ,ինչպե՞ս և ինչու՞ շարունակել մեր ընտանիքի արժեզրկված գոյը:

Երիտասարդ տնօրենն առաջին օրից աչքի էր ընկնում իր նրբանկատ մոտեցմամբ, համբերատարությամբ: Հունվարի 11-ին նրա կատարած զանգը վկայում էր վերոնշյալի մասին: -Ալո', ընկեր Գասպարյան , բարև Ձեզ: Ընկեր Գասպարյան, չափազանց անհանգիստ եմ, առաջին դասի զանգը հնչել է, բայց Դուք և ընկեր Վարդապետյանը(մայրս) դպրոցում չեք, նման բան երբևէ չի եղել:

-Ընկեր Փիրումյան, Շիրակս էլ չկա, զոհվել է, հիա ես ի՞նչ եմ անելու:

Արցունքները խեղդեցին կոկորդս:Հեռախոսի մեջ լսելի դարձան զրուցակցիս հեցկլտոցի մարող ձայներն , ապա գոտեպնդող բառերը.

-Դուք նրան խոստացել եք ձեր երկուսի փոխարեն պայքարել,չհամարձակվեք հանձնվել ու Ձեր խոստումը քամուն տալ, դա Ձեր տեսակը չէ, դուք ավելին եք, քան պատկերացնում եք: Հին Նոր տարուն պատվոպահակներն իմ հայրական օջախից իրենց ուսերին ու վիթխարի եռագույնի տակ անվերադարձ տարան մեր երազանքին, Աստծո թանկագին պարգևին, իմ հենարանին, միակ եղբորս: Աշխարհը պակասեց մեկով՝ դատարկելով մեր տունն ու խեղճ հոգիները: Տանը լռեցին ոտնաձայները, ծիծաղը վերափոխվեց անզուսպ լացի,գունավորն՝ անվերադարձավ սևով, ծնողներս՝ հավերժ սևազգեստ ու սգվոր, իսկ ես, ես ինձ կորցրի ձայների ու քայլերի լռության ահագնացող սարսափի մեջ: Ես ինչպե՞ս գնամ դպրոց ու հրաշքին հավատացող մանչուկներին կրկին համոզեմ, որ հույսի ու հավատի ուժն ամենակարող է: Ես անհույս ու մոլորված ընկեր Գասպարյանս ինչպե՞ս մտնեի հարազատ դասարանի օտարացած պատերից ներս:

Եկավ ընկեր Փիրումյանն և երկու նախադասությամբ թափ տվեց ծանրացած մարմինս ու նվաղած հոգիս:

-Շիրակը միայն Ձերը չէր, ընկեր Վարդապետյանինը չէր, նա ամեն հայ մոր որդին էր, հայ քրոջ եղբայրը, կորցրել ենք բոլորս և , եթե բոլորս էլ հանձնվենք ու խղճանք ինքներս մեզ կարժեզրկենք մեր հերոսի անգնահատելի զոհողությունն ու նվիրումը: Նա իր մատաղ կյանքը զոհաբերեց հանուն մեր կյանքերի: Մենք չենք կարող անիմաստ կորցնել մեր կյանքի ակնթարթն անգամ, որի համար Շիրակը վճարել է իր սուրբ արյան ամեն մի կաթիլով:Դուք կգաք աշխատանքի, կմտնեք դասարան ու սեփական օրինակով ցույց կտաք ամեն աշակերտի, որ տղաների գործն ու անձնազոհությունն անիմաստ չէր, մեր ու իրենց ապրելու, արարելու համար էր:Հայրենիքը լոկ տարածք չէ, հայրենիքը Շիրակի սուրբ շիրիմն է, անմահ անունը, ձեր անկոտրում տեսակը: Մենք գնացինք դպրոց, մենք մտանք դասարան, մենք խեղդեցինք արցունքի ամեն մի կաթիլ ու քարացած շուրթերի միջից ծնվեց կորսված ժպիտը, որպեսզի մեր առջև նստած ամեն մի հայորդի մեր միջոցով վերագտնի իր ապրելու իմաստը, չանիծի իր բախտը, որ Աստծո կամոք ծնվել է Հայաստանում ու կոչվում է հայ: Աշակերտների մոտ փոխվեց ամեն ինչ: Հանձնվել բառն իր տեղը զիջեց պայքարին, հույսին ու հավատին: Մենք նորովի սկսեցինք իրար ճանաչել: Մենք դարձանք կենդանի օրինակ պայքար կոչվող ամենաիրական կյանքի, մեր աշակերտները՝ մեր գաղափարախոսության կրողները: Ընկեր Փիրումյանի ոգեշնչումն ինձ դրդեց դիմել մագիստրատուրա, գերազանցությամբ ավարտել այն, ձեռք բերել նոր մասնագիտություն:Մասնակցել բոլոր տեսակի մրցույթներին, որտեղ ես և իմ աշակերտները ներկայացնում էինք մեր ողջ ներուժը: Առաջին նախագծիս պաշտպանության ժամանակ մի նկատառում արեց, որ դարձավ ճակատագրական ու կյանքիս ներկապնակում հազարավոր վառ գույներ ավելացան.

-Ընկեր Գասպարյան, ինչքա՜ն սիրուն եք խոսում, ինչքա՜ն հստակ ու իմաստալից,իսկ դուք փորձել եք Ձեր մտքերը վեր ածել գեղարվեստական ստեղծագործությունների: Ես հանկարծակիի եկա ու մի աղքատիկ պատասխանով եզրափակվեցի.

-Կարելի է փորձել:

Փորձը դարձավ մի քանի հրաշալի նախագծերի սկիզբ , հաղթանակների շարք ու լուսավոր մտքերի հսկայական պահոց: Ես մենակության զգացում չապրեցի՝ ցավիս հետ ընկերանալիս, բեմում հաղթական մրցանակ ստանալիս, երբեմն տապալվելիս, որովհետև իմ նախաձեռնությունները կիսող, ինձ հավատացող, սեփական ժամանակն ինձ նվիրող տնօրեն ունեի, ում աշխատանքային գրաֆիկը հիշեցնում էր օրը քսանչորս ժամ, շաբաթը յոթ օր ռեժիմը: Մենք երկա՜ր ճանապարհ անցանք ու դեռ անցնում ենք իրար հետ՝ մեր սաներին վարակելով պայքարի ուժով ու հույսով, որ աշխատասիրությամբ և կրթությամբ նրանք կարող են մրցունակ մասնագետներ ու արժանավոր քաղաքացիներ դառնալ: Կցանկանայի, որ հայը հային այդ ձևով հույս տա, կարևորի ամեն մի աշխատակցի ներկայությունն իր կոլեկտիվում,նրանց վարակի պիտանելիության անգնահատելի զգացումով՝ վստահեցնելով, որ, չնայած,անոխարինլեի աշխատակիցներ չկան, բայց յուրաքանչյուր աշխատակից անկրկնելի է իր կատարած աշխատանքով, որ ընտանիքը երկրի հիմքն է, որ ուրիշի երեխաներ չեն լինում, որ հերոսները բոլորինս են,որ նրանք մարտիրոսացան յուրաքանչյուր ապրող հայիս համար: Շնորհակալ եմ ինձ չխղճալում ու մեծ թռիչքի համար ճիշտ տեղ ուղենշելու համար….։

Հեղինակ՝ Շահանե Գասպարյան