Հանդիպում Գերմանիայի մանկաբարձների ասոցիացիայի անդամների հետ Բեռլինում
Գերմանիայում հղիության մասին իմանալուց հետո կնոջը խորհուրդ են տալիս գտնել հեբամե։ Հեբամեները վերապատրաստված մանկաբարձներ են և ունեն լիցենզիա՝ մորը և երեխային հետազոտելու, բժշկական որոշակի միջամտություններ անելու՝ ներառյալ կարերը հեռացնելու:
Հղիության, ծննդաբերության և հետխծննդաբերական շրջանում հեբամեները կարող են հասանելի լինել օրը 24 ժամ և օգնել ցանկացած հարցով, ինչպիսիք են կրծքով կերակրելը, երեխային բարուրերլը, լողացնելը, և այլն։ Հունիսի 7-ին Բեռլինում Գերմանիայի մանկաբարձների (հեբամեների) ասոցիացիան հյուրընկալել էր «Կետ 33» հասարակական կազմակերպության և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցիչներին։ Հանդիպման ժամանակ Գերմանիայի մանկաբարձների ասոցիացիայի նախագահ Ուլրիկե Գեպերտ-Օրթոֆերը ողջունեց հյուրերին, ներկայացրեց ասոցիացիայի գործունեությունը։
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Լիանա Բադալյանը ներկայացրեց «Կետ 33» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Աջակցող միջավայր հղիության, ծննդաբերության և հետծննդաբերական շրջանում» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է նաև Գերմանիայի փորձի ուսումնասիրությունը՝ վերոնշյալ շրջաններում կնոջը տրամադրվող աջակցության վերաբերյալ։
«Կետ 33» ՀԿ նախագահ Աստղիկ Կարապետյանը ներկայացրեց կազմակերպությանը գործունեությունն ու խնդիրները։ Այնուհետև քննարկվեցին ընդհանուր հետաքրքրություն ունեցող հարցեր։
Նշենք, որ «Աջակցող միջավայր հղիության, ծննդաբերության և հետծննդաբերական շրջանում» ծրագրի շրջանակում իրականացվում է հետազոտություն կնոջ վերարտադրողական իրավունքի, նրան առաջարկվող բուժական և խնամքի ծառայությունների վերաբերյալ։ Պատրաստվում են նորարարական մեդիանյութեր։