Ֆինանսների նախարարությունը չի պատասխանել ընտանիքամետ աշխատավայր լինելու վերաբերյալ հարցերին
Ընտանիքամետ միջավայր ունենալու համար հանձանռություն է ստացել կառավարությունը։ Մասնավորապես, ՀՀ ժողովրդագրության վիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությամբ կարևորվում է ընտանիքամենտրոն քաղաքականության իրականացումը և 137-րդ կետով սահմանվում է հետևյալ նպատակը․ «Ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը»։
Ընտանիք-աշխատանք հավասարկշռության, ընտանիքամետ աշխատավայրերի առկայությունը կարևորվում է նաև Գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությամբ և միջոցառումների ծրագրով։ Մասնավորապես, 2-րդ գերակայության 12-րդ գործողությունը նախատեսում է․ «Պետական և/կամ տեղական, ինչպես նաև մասնավոր հաստատություններում ընտանիքահեն միջավայրերի ներդրմանն ուղղված աշխատանքների իրականացում»։
«Կետ 33»-ը ընտանիքամետ աշխատավայր ունենալու վերաբերյալ հարցեր է ուղղել 12 նախարարություններին, Ազգային ժողովի և վարչապետի աշխատակազմերին՝ հասկանալու համար, թե ներկայումս այս գերատեսչությունները որքանով են ընտանիքամետ աշխատավայրեր։
Հիշեցնենք, որ ընտանիքամետ է այն աշխատավայրը, որտեղ աշխատողն ունի հնարավորություն սահուն, առանց սթերսի համատեղել ընտանեկան կյանքն ու աշխատանքը, օրինակ, մոտ լինել ընտանիքի խնամքի կարիք ունեցող անդամին և միևնույն ժամանակ չկորցնել աշխատանքն ու եկամուտը։ Ընտանիքամետ աշխատավայրի հիմնական բաղադրիչներ են ա) ճկուն աշխատանքային ժամերով/պայմաններով աշխատելու հնարավորությունը, բ) վճարվող արձակուրդներ և ազատ օրեր ունենալը, գ) երեխայի/ընտանիքի անդամի խնամքի հարցում աջակցությունը, դ) Բարեկեցության և կարիերայի զարգացման կարևորումը։
—
Ստորև ներկայացնում ենք ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Հայկ Հարությունյանի կողմից ստացված պատասխանները։
Նա նշել է, որ նախարարությունում 2025 թվականի դեկտեմբերի 3-ի դրությամբ կա 335 աշխատող, որից 248-ը կանայք են:
Կանանցից 12-ն ունեն մինչև 3 տարեկան երեխա և չեն գտնվում երեխայի խնամքի համար արձակուրդում:
Ըստ պատասխանի՝ ներկայումս աշխատողներից 6-ը աշխատում են հեռավար: Հեռավար աշխատանքը կազմակերպվում է համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 106.1 հոդվածի՝ ստորաբաժանման ղեկավարի կողմից՝ հիմնավոր պատճառաբանությամբ, գլխավոր քարտուղարին ուղղված գրավոր զեկուցագրի հիման վրա:
Գրված է նաև, որ 2021թ-ից մինչ օրս ՀՀ ֆինանսների նախարարության 7 աշխատողներին՝ իրենց դիմումի համաձայն տրամադրվել է հայրության արձակուրդ (վճարովի): Նշենք, որ վճարվող հայրության արձակուրդը աշխատանքային օրենսգրքով ամրագրված իրավունք է։
Պատասխանում գրված է նաև, որ նախարարության աշխատողները (բացի նախարար և նախարարի տեղակալ) հանդիսանում են սոցիալական փաթեթի շահառուներ: Իսկ վերապատրաստումները կազմակերպվում են բոլոր աշխատողների համար՝ ՄՌԿՎ-ի կողմից (թեմաներ, վերապատրաստող կազմակերպություն, ժամկետներ) գրության շրջանառմամբ: Համապատասխան աշխատողները գրանցվում են (վերապատրաստող կազմակերպության կայքում) առցանց և հրավերը ստանալուն պես տեղեկացնում ՄՌԿՎ հետագա ընթացքը (ԱԳՆ համաձայնեցում, իրավական ակտը ստորագրման ներկայացում) ապահովելու նպատակով:
Նշենք, որ նախարարությունից չեն պատասխանել այն հարցերին, որոնք վերաբերում են, թե արդյո՞ք նախարարությունն ունի աշպատողներ, ովքեր ընտանիքի անդամի խնամքի արձակուրդում են, արդյո՞ք նախարարությունը որպես գործատու ունի ընտանիքամետ քաղաքականություն, կամ արդյո՞ք նախարարությունում կա կերակրասենյակ/խաղաղասենյակ և այլն։
Տե՛ս նաև հարցումը և արձագանքը ամբողջությամբ։
Հարցումներն արվել են «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Կետ 33» հասարակական կազմակերպության կողմից՝ Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։



