ԿԳՄՍ նախարարության արձագանքը՝ ընտանիքամետ գործատու լինելու վերաբերյալ հարցմանը
Ընտանիքամետ միջավայր ունենալու համար հանձառություն է ստացել կառավարությունը։ Մասնավորապես, ՀՀ ժողովրդագրության վիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությամբ կարևորվում է ընտանիքամենտրոն քաղաքականության իրականացումը և 137-րդ կետով սահմանվում է հետևյալ նպատակը․ «Ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը»։
Ընտանիք-աշխատանք հավասարկշռության, ընտանիքամետ աշխատավայրերի առկայությունը կարևորվում է նաև Գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությամբ և միջոցառումների ծրագրով։ Մասնավորապես, 2-րդ գերակայության 12-րդ գործողությունը նախատեսում է․ «Պետական և/կամ տեղական, ինչպես նաև մասնավոր հաստատություններում ընտանիքահեն միջավայրերի ներդրմանն ուղղված աշխատանքների իրականացում»։
«Կետ 33»-ը ընտանիքամետ աշխատավայր ունենալու վերաբերյալ հարցեր է ուղղել 12 նախարարություններին, Ազգային ժողովի և վարչապետի աշխատակազմերին՝ հասկանալու համար, թե ներկայումս այս գերատեսչությունները որքանով են ընտանիքամետ աշխատավայրեր։
Հիշեցնենք, որ ընտանիքամետ է այն աշխատավայրը, որտեղ աշխատողն ունի հնարավորություն սահուն, առանց սթերսի համատեղել ընտանեկան կյանքն ու աշխատանքը, օրինակ, մոտ լինել ընտանիքի խնամքի կարիք ունեցող անդամին և միևնույն ժամանակ չկորցնել աշխատանքն ու եկամուտը։ Ընտանիքամետ աշխատավայրի հիմնական բաղադրիչներ են ա) ճկուն աշխատանքային ժամերով/պայմաններով աշխատելու հնարավորությունը, բ) վճարվող արձակուրդներ և ազատ օրեր ունենալը, գ) երեխայի/ընտանիքի անդամի խնամքի հարցում աջակցությունը, դ) Բարեկեցության և կարիերայի զարգացման կարևորումը։
Ստորև ներկայացնում ենք ՀՀ կրթության, գիտության և մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանի կողմից ստացված պատասխանները։
Նախարարությունն ունի 333 հաստիք: Նախարարության աշխատակիցներից 213-ը կանայք են:
Ներկայում նախարարությունում կան 2 աշխատակիցներ, որոնք ունեն մինչև 3 տարեկան երեխա և չեն գտնվում երեխայի խնամքի արձակուրդում: Ընտանիքի անդամի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակից նախարարությունում չկա:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատանքային օրվա կարճ ռեժիմով ներկայում նախարարությունում աշխատում են փոքրահասակ երեխաներ ունեցող աշխատակիցներից 2-ը:
Երեխայի կերակրման նպատակով կահավորված առանձին սենյակ առկա չէ։
Երեխայի խնամքի աջակցության, արձակուրդների և հեռավար աշխատանքի վերաբերյալ գործընթացները կազմակերպվում են համաձայն ՀՀ օրենսդրության պահանջների՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական և հանրային ծառայության մասին օրենքները, ՀՀ աշխատանքային օրենսգիրքը։
Նախարարությունում աշխատող քաղաքացիական և հանրային ծառայողներն օգտվում են սոցիալական փաթեթով նախատեսված առողջապահության ապահովագրության, ինչպես նաև սոցիալական կրեդիտի՝ մինչև 100 հազար ՀՀ դրամ վերադարձման ծրագրերից՝ համաձայն սահմանված կարգի։
Համաձայն ՀՀ քաղաքացիական և հանրային ծառայության մասին օրենքների՝ նախարարության աշխատակիցները պարբերաբար մասնակցում են վերապատրաստման ծրագրերի: Հիմք ընդունելով պաշտոնի անձնագրով սահմանված մասնագիտական կոմպետենցիաների զարգացման կարիքը և պահանջները՝ աշխատակիցները մասնակցում են նաև գործընկեր կառույցների, գերատեսչությունների և կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացվող վերապատրաստման տարբեր ծրագրերի:
Տե՛ս նաև հարցումը և արձագանքը ամբողջությամբ։
Հարցումներն արվել են «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Կետ 33» հասարակական կազմակերպության կողմից՝ Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։


