Սահմանված է ամսական 4 օր հեռավար աշխատելու իրավունք
Ընտանիքամետ միջավայր ունենալու համար հանձանռություն է ստացել կառավարությունը։ Մասնավորապես, ՀՀ ժողովրդագրության վիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությամբ կարևորվում է ընտանիքամենտրոն քաղաքականության իրականացումը և 137-րդ կետով սահմանվում է հետևյալ նպատակը․ «Ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը»։
Ընտանիք-աշխատանք հավասարկշռության, ընտանիքամետ աշխատավայրերի առկայությունը կարևորվում է նաև Գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությամբ և միջոցառումների ծրագրով։ Մասնավորապես, 2-րդ գերակայության 12-րդ գործողությունը նախատեսում է․ «Պետական և/կամ տեղական, ինչպես նաև մասնավոր հաստատություններում ընտանիքահեն միջավայրերի ներդրմանն ուղղված աշխատանքների իրականացում»։
«Կետ 33»-ը ընտանիքամետ աշխատավայր ունենալու վերաբերյալ հարցեր է ուղղել 12 նախարարություններին, Ազգային ժողովի և վարչապետի աշխատակազմերին՝ հասկանալու համար, թե ներկայումս այս գերատեսչությունները որքանով են ընտանիքամետ աշխատավայրեր։
Հիշեցնենք, որ ընտանիքամետ է այն աշխատավայրը, որտեղ աշխատողն ունի հնարավորություն սահուն, առանց սթերսի համատեղել ընտանեկան կյանքն ու աշխատանքը, օրինակ, մոտ լինել ընտանիքի խնամքի կարիք ունեցող անդամին և միևնույն ժամանակ չկորցնել աշխատանքն ու եկամուտը։ Ընտանիքամետ աշխատավայրի հիմնական բաղադրիչներ են ա) ճկուն աշխատանքային ժամերով/պայմաններով աշխատելու հնարավորությունը, բ) վճարվող արձակուրդներ և ազատ օրեր ունենալը, գ) երեխայի/ընտանիքի անդամի խնամքի հարցում աջակցությունը, դ) Բարեկեցության և կարիերայի զարգացման կարևորումը։
Ստորև ներկայացնում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանի կողմից ստացված պատասխանները։
Նշվում է, որ նախարարության աշխատողների թիվը 137 է, որից 96-ը կանայք են։ Այս պահին մինչև երեք տարեկան երեխա ունեցող և խնամքի արձակուրդում չգտնվող աշխատող չկա։ Չկա նաև ընտանիքի անդամի խնամքի արձակուրդում գտնվող աշխատող։
Ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք նախարարությունը, որպես գործատու, ունի ընտանիքամետ քաղաքականություն կամ պարկտիկաներ, պատասխանել է, որ ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ․ ռազմավարությունը սահմանում է հատուկ միջոցառումներ ընտանիքահեն քաղաքականությունների առաջմղման ուղղությամբ։ Եվ, հաշվի առնելով վերոնշյալը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեկնարկել է համապատասխան աշխատանքներ՝ խթանելու նախարարությունում ընտանիքահեն միջավայրի ձևավորմանը, անձնակազմի կառավարման գործընթացում գենդերազգայուն մոտեցումների ներառմանն ու գենդեր-արձագանքող մոտեցումների ներդրմանը։
«Այս պահին ընթանում են կարիքի գնահատման աշխատանքներ և իրականացվում են ֆոկուս խմբային քննարկումներ նախարարության աշխատողների հետ՝ հասկանալու հատկապես երեխայի խնամքի հետ կապված առաջնահերթությունները, առկա խնդիրներն ու կարիքները։ Այս աշխատանքների ավարտից հետո, կմշակվի ճանապարհային քարտեզ՝ գործողությունների ծրագիր և կմեկնարկեն ֆունկցիոնալ լուծումների ներդրման աշխատանքները։ Հարկ է նշել, որ այս շրջանակում նախարարությունը համագործակցում է միջազգային գործընկերոջ հետ՝ գործընթացում ներառելով տարբեր փորձագետների»,- գրված է պատասխանում։
Նշվում է նաև, որ նախարարությունում 2025 թ․ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում հեռավար է աշխատել միջինում 36 աշխատող։ Հեռավար աշխատանքի կարգավորումներն իրականացել են են Աշխատանքային օրենսգրքի 106․1 հոդվածի համաձայն։
Միաժամանակ հայտնում են, որ կա հեռավար աշխատանքի կազմակերպման վերաբերյալ ԱՍՀ նախարարի 2025 թ․ սեպտեմբերի 18-ի N 99-L հրամանը։
Ի դեպ, այս հրամանով սահմանվում է, որ նախարարության աշխատակիցները կարող են հեռավար աշխատել ամսական 4 օրից ոչ ավել, սակայն եթե կա հիմնավոր պատճառ (օրինակ, առողջական խնդիր, ընտանիքի անդամին խնամելու կարիք, հեռու բնակվելու անհրաժեշտություն), ապա կարող է ավելի երկար աշխատել հեռավար։
Արձակուրդների վերաբերյալ, պատասխաններում նշվում է, որ օրենսդրությամբ սահմանված կարգավորումներից զատ՝ ծնողական կամ այլ տիպի արձակուրդ տրամադրելու պրակտիկա կամ քաղաքականություն նախարարությունում ներկայում չի իրականացվում։
Նաև նշվում է, որ ԱՍՀ նախարարությունում այս պահին չի իրականացվում նախարարության աշխատողների երեխայի կամ ընտանիքի անդամի խնամքի հարցում աջակցության քաղաքականություն, իսկ կրծքով կերակրելու սենյակ կամ խաղասենյակ ստեղծելու հարցը ներկայում գտնվում է քննարկումների փուլում։
Հայտնում են նաև, որ ԱՍՀ նախարարության ոլորտային հիմնական գործառույթների կիրարկումն ապահովվում են համապատասխան օրենքներով և ենթաօրենսդրական իրավական ակտերով։ Աշխատողները օգտվում են սոցիալական փաթեթի շրջանակներում տրվող ծառայություններից, միջազգային գործընկերների աջակցությամբ պարբերաբար կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ և այլն։
Տե՛ս նաև հարցումը և արձագանքը ամբողջությամբ։
Հարցումներն արվել են «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Կետ 33» հասարակական կազմակերպության կողմից՝ Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։


