Posts

Հանդիպում «Միայնակ ծնողների կենտրոն» հիմնադրամում

Սեպտեմբերի 10-ին Բուդապեշտում «Կետ 33» կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանը հյուրընկալվել է «Միայնակ ծնողների կենտրոն» հիմնադրում և հանդիպում ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Նագիի հետ։ 

Բուդապեշտ այցն ու հանդիպումը կազմակերպվել է «Դարձնենք ընտանիքամետ աշխատավայրը իրական» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է հունգարական և հայաստանյան փորձը՝ ընտանիքամետ քաղաքականությունների,  աշխատավայրում ճկուն պայմաններ ունենալու, վճարվող արձակուրդի, երեխայի խնամքի կազմակերպմանն աջակցող իրավական կարգավորումների և այլ հարցերի մասին։ Քննարկման արդյունքում ստացված տեղեկությունները ներառվելու են  ընտանիքամետ քաղաքականություններին վերաբերող և «Դարձնենք ընտանիքամետ աշխատավայրը իրական» ծրագրի շրջանակում իրականացվող հետազոտության մեջ, որը կավարատունացվի և կհրապարակվի առաջիկայում։

Ստորև ներկայացնում ենք հատվածներ Աննա Նագիի հետ զրուցից․ 

Կարող է հարց առաջանալ՝ ինչու՞ չկենտրոնանալ առհասարակ բոլոր ընտանիքների վրա: Ինչո՞ւ հենց միայնակ ծնողների ընտանիքներ: Իրականում կա մի քանի պատճառ. այս պահին մենք 340 000 միայնակ ծնող ունենք Հունգարիայում, որը 9,6 միլիոն բնակչություն ունի: Եվ խոսքը կես միլիոն երեխայի մասին է: Ընդհանուր առմամբ, դա մեր բնակչության գրեթե 10%-ն է, ինչը զգալի թիվ է։ Փաստորեն, երեխաներ ունեցող բոլոր ընտանիքների 27%-ը միայնակ ծնողներով ընտանիքներ են: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր չորրորդ երեխա կամ յուրաքանչյուր չորրորդ ընտանիք ապրում է միայն մեկ ծնողի հետ: Սա հսկայական թիվ է: Բայց դա միայն Հունգարիայի հարցը չէ. Եվրամիությունում կա մոտ 8 միլիոն միայնակ ծնողով ընտանիք: Սա ահռելի թիվ է, և սա չի կարելի անտեսել: Սրան պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն որոշում ընդունողները, հասարակությունը, քանի որ այս ընտանիքները շատ յուրահատուկ կարիքներ ունեն:

Այսպիսով, այս ընտանիքների մեծ թիվը մի խնդիր է: Մյուս խնդիրն աղքատության ռիսկն է։ Հունգարիայում միայնակ ծնողների մոտ 40%-ն ապրում է աղքատության մեջ։ Ամբողջ աշխարհում այդ թիվը կազմում է մոտ 50%: Այսպիսով, այս ընտանիքները շատ ավելի աղքատ են, քան մյուսները։ Իրականում նրանց դեպքում աղքատության մակարդակը կրկնապատիկից ավելի է։ Դրա համար էլ, կրկնեմ, նրանք հատուկ ուշադրության կարիք ունեն։

Կա մի քանի պատճառ, թե ինչու են մարդիկ միայնակ ծնող դառնում: Մենք հաճախ ենթադրում ենք, որ դա ամուսնալուծության հետևանք է, բայց դա միակ պատճառը չէ: Շատերը երիտասարդ տարիքում դառնում են այրի կամ ամուրի՝ մենակ մնալով երեխաների հետ։ Մեզ հանդիպած ամենաերիտասարդ դեպքը 27-ամյա մի այրի էր։ 

Շատ երեխաներ նաև ամուսնությունից դուրս են ծնվում. ամեն տասներորդ երեխան ծնվում է արդեն իսկ առանց հոր, և նրանց թիվը տարեկան հազարների է հասնում: Միայնակ ծնող կարող ես դառնալ որդեգրման ճանապարհով, իսկ որոշ դեպքերում՝  սեփական ընտրությամբ, ինչը համեմատաբար հազվագյուտ է լինում․ իմ տեսած դեպքերի մեծ մասում պատճառը այն էր, որ ժամանակը սպառվում էր․ նրանք պետք է որոշեին՝ երեխա ունենալ ինքնուրույն, թե ընդհանրապես չունենալ։ Պատճառը տարիքն է։ Նրանք չունեն զուգընկեր, ամուսնացած չեն և որոշում են երեխա ունենալ, քանի որ 40, 42  տարեկան են կամ նույնիսկ ավելի մեծ: Մենք ունենք մայր, ով ծննդաբերել է 47 տարեկանում: Նա հավելյալ ժամանակ չուներ․ եթե ​​երեխա էր ուզում, պետք է գործեր։ 

Այսպիսով, ոչ ոք չի ցանկանում լինել միայնակ մայր կամ հայր: Մարդիկ ցանկանում են ծնողներ լինել, բայց շատ հաճախ ճանապարհին ինչ-որ բան է պատահում, և նրանք միայնակ ծնող են դառնում։ Սա շատ կարևոր է, քանի որ, երբ մենք խոսում ենք որոշումներ ընդունողների հետ, կարևոր է հստակեցնել, որ միայնակ ծնող լինելը արժեքների հետ չէ կապված: Շատ հաճախ դա ընտրություն չէ, և դա մի բան է, որը կարող է պատահել ցանկացած մարդու հետ:

Ինչ վերաբերում է երեխաներին, նրանք հավասար հնարավորություններ չունեն։ Նրանց ընտանիքում միշտ կա բացակա ծնող և նրանք մանկության տարիներին շատ բան են բաց թողնում: Նրանք չունեն նույն հնարավորությունները, ինչ մյուս երեխաները, որոնք երկու ծնող ունեն: 

Ինչ վերաբերում է ծնողներին, ապա աշխատանքն ու առողջությունը մեծ խնդիրներ են: Միայնակ ծնողները հաճախ չեն ընտրում այն ​​աշխատանքները, որոնց համար որակավորում ունեն: Փոխարենը նրանք ընտրում են այնպիսի աշխատանքներ, որոնք ապահովում են ճկունություն, որն անհրաժեշտ է դպրոցից իրենց երեխային վերցնելու կամ հանգստյան օրերին չաշխատելու համար: Տաղանդի և կարողությունների հսկայական կորուստ կա այստեղ, քանի որ միայնակ ծնողները ստիպված են ընտրել հարմար աշխատանք, ոչ թե այնպիսի գործեր, որ համապատասխանում են նրանց կրթությանն ու փորձին:

Միայնակ ծնողների առողջական վիճակը հիմնականում նույնքան լավ չէ, որքան երկու ծնող ունեցող ընտանիքներում: Հատկապես նրանց հոգեկան առողջությունը հաճախ շատ ավելի վատ է, ինչը հասկանալի է, քանի որ յուրաքանչյուր միայնակ ծնողի ընտանիքի պատմությունը սկսվում է լուրջ տրավմայից: Նրանք ստիպված են վերականգնվել՝ միաժամանակ դիմակայելով բազմաթիվ դժվարությունների: Եվ այստեղ հարցը միայն ծնողները չեն. երեխաները նույնպես անցնում են նույն տրավմայի միջով։

Եվ հետո նրանց առօրյան է, այն, թե ինչպես են կազմակերպում ամենօրյա լոգիստիկ հարցերը՝ տարիների ընթացքում աշխատելով և գործելով երկու հոգու փոխարեն: Երեխային տեղավորելը հաճախ նման է ձեռնածության. մի երեկո այս տատիկի կամ պապիկի հետ է, հետո՝ մյուսի, հետո՝ այն մյուսի։ Սա սովորական բան է գրեթե բոլոր միայնակ ծնողների ընտանիքներում: 

Այս նախապատմությունն ու իրավիճակը հանգեցրեցին մեր կենտրոնի ստեղծմանը 20 տարի առաջ, իսկ հետո նաև մյուսի ստեղծմանը։ 

Սկզբում մենք նրանց ուղղակիորեն հարցնում էինք իրենց ամենահրատապ կարիքների մասին: Առաջնահերթությունների մի ցանկ ձևավորվեց, և հատկանշական է, որ մեկուսացումը առանձնացավ՝ որպես ամենաառաջնային խնդիր, իսկ ֆինանսական դժվարությունները երկրորդ տեղում էին:

Երբ միայնակ ծնողներով ընտանիքներ են ձևավորվում, նրանցից շատերն ապրում են այն ճնշող զգացողության մեջ, որ իրենք միակն են, որ այսպիսի իրավիճակի են բախվել: Չնայած գիտեն, որ կան բազմաթիվ միայնակ ծնողներով ընտանիքներ, կա մեկուսացման զգացում․ նրանք զգում են, որ առաջինն ու միակն են աշխարհում: Այս շոկն ապրելը կարող է անասելի դժվար լինել:

Շատ հաճախ նրանք նկատում են, որ ընկերները սկսում են անհետանալ այս իրավիճակում։ Երբ զույգը միասին է, նրանց շրջապատում ընկերներ կան, բայց երբ նրանք բաժանվում են, շատ ընկերներ հակված են անհետանալ կամ ընտրել կողմերից մեկին՝ լքված թողնելով մյուսին: Արդյունքում նրանք հաճախ կորցնում են աջակցության այն ցանցը, որը նախկինում ունեին: Ավելի պահպանողական ընտանիքներում հաճախ նրանք առաջինն են, որ ամուսնալուծվել են, և ընտանիքի համար հաճախ բարդ է հասկանալ, թե ինչպես արձագանքել կամ օգնել: Նրանք ամոթի զգացում են ունենում՝ համարելով, որ ամուսնալուծությունն ամոթալի է ընտանիքի համար։

Շատ դժվար է ստեղծել աջակցության նոր ցանց, երբ մենակ ես մնում: Երեք երեխաների մայր կար, ով ամռանը տարիներ շարունակ հանգստացել էր նույն ընկերների խմբի հետ։ Ամուսնու մահվանից հետո նա հաջորդ տարվա արձակուրդին միացել էր այդ ընտանիքներին: Ընդամենը երկու-երեք օր անց երեխաները նրան խնդրել էին տուն վերադառնալ, քանի որ իրենց լավ չէին զգում: Մնացած բոլորը դեռևս ունեին այն նույն ընտանիքները, ինչ և նախկինում, իսկ նրանք իրենց լրիվ տարբեր էին զգում:

Կենտրոնի գրասենյակը

Այսպիսով, տարբեր լինելու այս զգացումը միանգամայն սովորական է, և նրանք մենակ են մնում իրենց խնդիրների և ողբերգության հետ: Նրանց հաճախ բարդ է կապ հաստատել նմանատիպ իրավիճակներում հայտնված այլ մարդկանց հետ, քանի որ դա այնպիսի բան չէ, որ բացահայտ հայտարարես: Դու չես մոտենում ինչ-որ մեկին՝ ասելով․ «Ես ամուսնալուծված եմ, իսկ Դո՞ւք»։ Իսկ այս կենտրոնը տրամադրում է այնպիսի մի տարածք, որտեղ նման կապեր կարող են հաստատվել: Նրանց համար կարևոր է հանդիպել ուրիշ մարդկանց, ովքեր նույն բաների միջով են անցնում:

Ես կկիսվեմ մեր հետազոտության արդյունքներով, որտեղ ավելի քան 1000 պատասխան ունեցանք: Այս տվյալները շատ կարևոր էին և ամուր հիմք դարձան մեր աշխատանքի համար:

Մենք պաշտոնապես բացել ենք կենտրոնը 2018 թվականին, և վերջին վեց տարիների ընթացքում մենք աջակցել ենք ավելի քան 30 000 ընտանիքի։ Ներկայումս նրանց թիվը հասնում է 33 000-ի: Ամեն շաբաթ մենք ունենում ենք 100-ից 150 հեռախոսազանգ, անձնական այցելություն և էլ. նամակ, այսինքն՝ շատերն են մեր օգնությանը դիմում։ Այս պահանջարկը տարեցտարի շարունակում է աճել և զարգանալ։ Մենք մի քանի ֆորումներում ճանաչվել ենք միջազգային լավագույն փորձն ունեցող: Օրինակ՝ չորս տարի առաջ մեզ հրավիրեցին՝ ներկայացնելու մեր կենտրոնը որպես օրինակելի մոդել ՄԱԿ-ում՝ Նյու Յորքում:

Մեր գործունեության առաջին ուղղությունը ճգնաժամային աջակցությունն է: Ճգնաժամային իրավիճակում օգնությունը կարող է տարբեր ձևերով լինել: Որոշ մարդիկ կարող են իրավաբանական օգնության կարիք ունենալ, իսկ մյուսները՝ հոգեբանական աջակցության կամ սննդի: Կան մարդիկ, ովքեր դպրոցական պարագաների կարիք ունեն իրենց երեխաների համար մինչև ուսումնական տարվա սկսելը։ Մենք այս բոլոր ծառայությունները տրամադրում ենք ընտանիքներին: Աշխատանքով ապահովմանն ուղղված աջակցությունը նույնպես կարևոր է, քանի որ աշխատանքը աղքատության կանխարգելման կամ աղքատանալու վտանգը մեղմելու բանալին է:

Մենք ծառայություններ ենք մատուցում աշխատաշուկայում նրանց արժեքը բարձրացնելու համար: Մենք ունենք նաև բազմաթիվ համայնքային ծրագրեր, որոնք ուղղված են մեկուսացման հաղթահարմանը: Մենք գրեթե ամեն օր միջոցառումներ ենք կազմակերպում՝ լինի դա յոգա, նկարչության դասընթացներ, թե էքսկուրսիաներ յուրաքանչյուր երեք-չորս շաբաթը մեկ: Մենք նաև անցկացնում ենք սպորտային միջոցառումներ՝ այնպես անելով, որ գրեթե ամեն օր ընտանիքներին համախմբող ինչ-որ բան տեղի ունենա: Մենք նկատել ենք, որ պարզապես միասին լինելը հաճախ ավելի շատ աջակցություն է, քան մասնագիտական ​​օգնությունը, քանի որ դա խթանում է համայնքի մի մաս և ուժեղ լինելու զգացումը՝ մեղմելով մեկուսացվածության զգացողությունը: Մենք նաև ուղղորդում ենք այն ծնողներին, ովքեր ցանկանում են լավ ծնող լինել, բայց իրենց մոլորված և միայնակ են զգում։

Ունենք ծրագրեր թվային ծնողավարության շուրջ, որն այսօր հրատապ խնդիր է: Ներկայումս մենք ունենք մի ծրագիր, որն օգնում է ծնողներին սովորել, թե ինչպես վերահսկել և հասկանալ իրենց երեխաների շփումը թվային աշխարհում:

Մենք ունենք չընդհատվող մանկական ծրագրեր ունենք, որպեսզի միշտ ինչ-որ բան կատարվի՝ խաղերից մինչև մենթորական հանդիպումներ: Մենք օգնություն ենք ցուցաբերում ութ կամ ինը առարկաներում, ինչպիսիք են մաթեմատիկան, անգլերենը և գրականությունը: Այստեղ, ինչպես նաև մեր մյուս կենտրոնում երեխաների հետ շաբաթը մեկ անգամ մենթորներ են աշխատում: 

Այս գործողությունները վճռորոշ են այն ընտանիքների համար, որոնց մենք աջակցում ենք, բայց նույնքան կարևոր են նաև մեր ինտենսիվ լոբբիստական ​​ջանքերը: Մենք երկու նոր օրենք ենք նախաձեռնել՝ ուղղված միայնակ ծնողներով ընտանիքների աջակցությանը։ Այս օրենքներից մեկը վերաբերում էր մանկատների աջակցությանը, որը կիրառվում է, երբ ծնողներից մեկը կամ երկուսն էլ մահացել են: Մենք հաջողությամբ ջատագովել ենք այս աջակցության նվազագույն չափի կրկնապատկումը։ Այս փոփոխությունն իրականացվել է երկու տարի առաջ։

Մյուս առանցքային հարցը կապված է ալիմենտի հետ։ Երեխաների գրեթե 25%-ը երկրորդ ծնողից ալիմենտ չի ստանում։ Նախկինում իրավիճակն անհույս էր. եթե գումարը չէր վճարվում, այն ուղղակի չէին ստանում։ Ծնողները գնում էին դատարանից ոստիկանություն և հակառակը՝ սովորաբար առանց լուծման հասնելու: Սակայն վերջին երկու տարիներին պետությունը ներդրել է ընտանիքներին այդ վճարումները տրամադրելու մի համակարգ։ Այժմ, եթե ծնողը չի վճարում ալիմենտը, պետությունը միջամտում է և վճարում բացակայող գումարը՝ հետագայում փորձելով այդ միջոցները գանձել չվճարող ծնողից:

Սա շատ արդյունավետ լուծում է, սակայն դրան հասնելն անասելի դժվար էր, քանի որ պետություն վրա այն զգալի ֆինանսական բեռ է։ Այնուամենայնիվ, մենք հաջողությամբ առաջ մղեցինք այս նախաձեռնությունը։

Կենտրոնի խաղասրահը

Կենտրոնի խաղասրահը

Մենք ունենք խաղասրահ։ Երբ ծնողները գալիս են՝ փաստաբանի հետ հանդիպելու կամ որևէ ծրագրի մասնակցելու համար, մենք հոգ ենք տանում նրանց երեխաների մասին:

Ծնողները կարող են գալ այստեղ և թողնել իրենց երեխաներին խաղասրահում, նույնիսկ եթե իրենք չեն մնալու: Օրինակ՝ եթե ծնողը գա ու ասի, որ գործեր ունի, և խնդրի երեխային երկու-երեք ժամ պահել այստեղ, մենք հոգ կտանենք երեխայի մասին։ Բայց ես կարծում եմ, որ առավել կարևոր է այն, որ մենք երեխաներին խնամում ենք յուրաքանչյուր դպրոցական արձակուրդի ժամանակ: Ամեն սեզոնին մենք դպրոցական արձակուրդներ ունենք՝ երկուսուկես ամիս ամռանը, տասն օր աշնանը, երկու շաբաթ ձմռանը և ևս տասը օր գարնանը։ Այս բոլոր արձակուրդներին մենք երեխաների խնամք ենք տրամադրում, որպեսզի ծնողները կարողանան աշխատել։

Ամռանը մենք հարյուրավոր երեխաներ ենք ունենում։ Ավելի կարճ արձակուրդների ժամանակ, օրինակ՝ գարնանը, ունենում ենք մոտ 30 երեխա։ Ինչ վերաբերում է ընտանեկան տոներին, դրանք սովորաբար հինգ-վեց օր են տևում: Մենք առաջարկում ենք ամառային արձակուրդներն անցկացնել լճափին: Սա ներառում է սնունդը, կացությունը և ամեն ինչ, հատկապես կարիքավոր ընտանիքների համար:

Բայց ցերեկային ճամբարների և դպրոցական արձակուրդների ժամանակ պարտադիր չէ, որ ֆինանսական դժվարությունների մեջ լինես: Կարող ես պարզապես գալ այստեղ և թողնել երեխայիդ, քանի որ պետք է աշխատես:

Մենք նույնպես ընտանիքամետ աշխատավայր ենք, և ես կարծում եմ, որ կարևոր է լրացուցիչ բաներ գործընկերներին առաջարկելը: Դա շատ կարևոր է, քանի որ, օրինակ, եթե քեզ անհրաժեշտ է մի փոքր շուտ դուրս գալ կամ զբաղվել երեխայի հետ կապված ինչ-որ հարցով, նման ճկունություն առաջարկելը մեծ դեր է խաղում աշխատակիցների շրջանում հավատարմության ձևավորման հարցում: Մենք նաև տրամադրում ենք հավելյալ արտոնություն՝ յուրաքանչյուր տարի երեք հանգստյան օր, որոնք կապ չունեն սովորական արձակուրդային օրերի հետ: Եթե ​​ինչ-որ մեկին պետք է հոգ տանել երեխայի, ծնողի կամ որևէ այլ անձնական հարցի մասին, նա կարող է վերցնել այդ երեք օրերը՝ առանց մեր կողմից որևէ հարցի:

Օրինակ, ամառային արձակուրդներին մենք գրեթե միշտ այստեղ ունենում ենք նաև մեր գործընկերների երեխաներին, որովհետև նրանք նույնպես կանգնած են երեխայի համար խնամքի տարբերակ գտնելու խնդրի առաջ: Այսպիսով, այո՛, մենք առաջարկում ենք այս ծառայությունը նաև նրանց։ Մենք հոգում ենք դպրոցահասակ երեխաների մասին՝ սկսած 6 տարեկանից մինչև 12 կամ 13 տարեկան: Բայց այդ տարիքից հետո նրանք սովորաբար այլևս չեն հաճախում, քանի որ իրենց չափազանց մեծ են զգում մանկական ճամբարների համար: 

Կենտրոնի մուտքի դուռը, որի վրա փակցված է ընտանիքամետ լինելու մասին վկայող ոսկեգույն տարբերանշանը

Մենք սովորաբար նրանց հնարավորություն ենք տալիս դառնալ փոքրերի մենթորներ: Նրանք հիմնականում մոտ 15 տարեկան են, և թեև մենք դեռ հոգ ենք տանում նրանց մասին, այլևս չենք վերաբերվում նրանց որպես երեխա: Փոխարենը մենք ասում ենք նրանց. «Դուք փոքրերի մենթորներն եք»:

Նրանք դեռևս շատ երիտասարդ են՝ ամբողջովին մենակ մնալու համար: Հունգարիայում ավագ դպրոցի աշակերտներից պահանջվում է 50 ժամվա կամավոր աշխատանք կատարել՝ դպրոցն ավարտելու համար: Այսպիսով, մենք ներառում ենք այս մենթորական դերը նրանց կամավորական ժամերի մեջ, ինչից օգուտ են ստանում թե՛ երեխաները, թե՛ համայնքը:

Մենք հոգում ենք մեր կենտրոնների գործառնական ծախսերի մասին պետական ​ֆինանսավորման միջոցով: Հատուկ ծրագրերի համար մենք գնալով ավելի շատ աջակցություն ենք ստանում մասնավոր ընկերություններից: 20 տարի առաջ, երբ ես դիմեցի բիզնեսներին միայնակ ծնողների ընտանիքների նախաձեռնությունների ֆինանսավորման համար, դա դիմադրության հանդիպեց: Իսկ հիմա ընկերությունների համար ավելի սովորական է դառնում այս ընտանիքների կարիքները և նրանց առջև ծառացած լուրջ խնդիրները հասկանալը:

Ես իսկապես ուրախ եմ տեսնել այս բեկումը: Թեև դեռևս որոշակի ստիգմա կա՝ կապված միայնակ ծնող լինելու հետ, ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ նրանք մեր համայնքի մի մասն են: Նույնիսկ եթե մենք դա բացահայտ չքննարկենք, միայնակ ծնողներն ու նրանց երեխաները մեր շուրջն են: Երեխաները, մասնավորապես, պատասխանատու չեն այն հանգամանքների համար, որում հայտնվել են։ Նույնիսկ եթե մենք չենք ուզում տեսնել միայնակ ծնողներով ընտանիքներ, իրականում դրանք գոյություն ունեն: Մեր նպատակը միայնակ ծնող լինելը խթանելը չէ. իրականում լրիվ հակառակը: 

Ես միայնակ մայր եմ եղել և ուզում էի, որ տղաս հայր ունենա, բայց դա իմ ընտրությունը չէր։ Ես երբեք չէի քարոզի միայնակ ծնող լինելը: Ես հասկանում եմ, թե դա որքան անասելի դժվար է այս ընտանիքների համար, քանի որ նրանք շատ ավելի բարդ իրավիճակում են և զգալի լրացուցիչ աջակցության կարիք ունեն:

Աշխատանքային օրենսդրությամբ կան որոշակի կարգավորումներ՝ միայնակ ծնողների վերաբերյալ։ Օրինակ՝ միայնակ ծնողներից չի կարելի պահանջել աշխատել գիշերային ժամերին կամ տնից հեռու։ Աշխատավայրում գործում է այս պաշտպանությունը, բայց ես կարծում եմ, որ ավելի շատ աջակցության կարիք կա։ 

Ինչ վերաբերում է ճկուն պայմաններին, դա մեծապես կախված է տվյալ աշխատավայրից։ Որոշ աշխատատեղերում վերաբերմունքի մեջ տարբերություն չկա, մինչդեռ մյուսներում միայնակ ծնողները լրացուցիչ օգնություն են ստանում: Այնուամենայնիվ, չկա համընդհանուր կարգավորում. ի վերջո, ամեն ինչ կախված է աշխատավայրից: