Posts

Հավելյալ ընդմիջում կրծքով կերակրման համար. արդյո՞ք հնարավոր է կիրառել ՀՀ-ում

Աշխատանքային ժամերի ընթացքում կրծքով կերակրման ընդմիջումները կարող են հնարավորություն տալ կնոջը՝ շարունակել լիովին կամ մասնակի կրծքով կերակրումը աշխատանքի վերադառնալուց հետո։

Ինչպես նշել ենք մեր նախորդ հրապարակման մեջ, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 258-րդ հոդվածը սահմանում է, որ կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը, բացի հանգստի և սնվելու համար տրամադրվող ընդմիջման ժամերից, երեխային կերակրելու համար յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում` կես ժամից ոչ պակաս տևողությամբ:

Սակայն գործնականում այս դրույթի կիրառելիությունը գրեթե անհնար է՝ հաշվի առնելով

  • կերակրասենյակների կամ երեխաների խնամքին հատկացված տարածքների բացակայությունը աշխատավայրերում,
  • հանրային տրանսպորտի անկանոն աշխատանքը և այլ հանգամանքներ։

30 րոպեում կինը չի կարող գնալ տուն, կերակրել երեխային ու վերադառնալ աշխատավայր։ Իսկ եթե ենթադրենք, որ աշխատող կինը հասցնում է 30 րոպեում գնալ տուն, կերակրել ու վերադառնալ, և դա անում է աշխատանքային օրվա մեջ երկու կամ երեք անգամ, ապա, հաշվի առնելով ֆիզիկական հոգնածությունը, անհնար է  ակնկալել, որ նրա աշխատանքի արդյունավետությունը բարձր կլինի։

Փաստացի, ՀՀ օրենսդրությամբ ճկուն աշխատանքային ժամեր նախատեսված չեն հղի կամ մանկահասակ երեխա ունեցող կանանց համար։

Կինը ընտրության առջև է կանգնում. կա՛մ աշխատել ոչ լրիվ աշխատաժամանակով և ունենալ քիչ եկամուտ, կա՛մ աշխատել ամբողջ դրույքով և ռիսկի տակ դնել մանկահասակ երեխայի կրծքով կերակրվելու իրավունքն ու բավարար խնամքը։

* Իրազեկումը պատրաստվել է «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» արշավի ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ»  հասարակական կազմակերպության «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում: