Posts

Կին ձեռներեցները, որոնց մասին պատմել ենք 2024-ին

2024 թվականի ընթացքում մենք պատմել ենք կին ձեռներցների մասին, ովքեր կարողանում են աշխատանքը, ընտանիքն ու երեխաների խնամքը համատեղել, ունենում են դժվարություններ և պատմում դրանց մասին։ Եկեք վերհիշենք նրանց պատմությունները.

«Աղջիկս  ծնվեց կորոնավիրուսային շրջանում։ Խանութից խաղալիք չէինք կարող գնել, քանի որ վարակվելու վտանգ կար։ Ամուսնուս հետ որոշեցինք գործի դնել իմ՝ կարելու, ամուսնուս  փայտամշակման կարողությունները»․ Վարդ Գրիգորյան

 

«Մենք կարողացանք ծնողներին համոզել, որ KY Academy-ին երեխաներին ոչ թե փող սիրել է սովորեցնում, այլ փոքր տարիքից ձևավորում է սեր դեպի աշխատանքն ու ցանկանություն՝ սեփականը ստեղծելու». Լիլիթ Վաթոյան

 

«Սկսեցի տանը փորձարկումներ անել և մշակեցի մի տեխնոլոգիա, որի շնորհիվ ստեղծված անձեռոցիկի մեջ փաթեթավորված մթերքը սառնարանում հնարավոր էր պահել մինչև մեկ շաբաթ». Արմինե Բաբայան

 

Չնայած դժվարություններին՝ որոշել ենք ուժեղ լինել. կանայք, որ բիզնեսը շարունակում են Արցախից բռնի տեղահանվելուց հետո

 

«Մի օր պապիկիս բուսաբուժության մասին գրառումներն իմ ձեռքում հայտնվեցին, որոշեցի շարունակել նրա սկսած գործը». Հասմիկ Մեհրաբյան

 

 «Աղջկաս՝ 2,5-ամյա Սոֆիին, արտասահմանյան մոդելային գործակալությունում գրանցելու անհաջող փորձերից հետո որոշեցի մեզ մոտ նման բան ստեղծել ու այդ փորձը տարածել». «Arev Models» մոդելային գործակալության համահիմնադիր

 

«Թթուն հիմնականում պատրաստում եմ գիշերային ժամերին։ Երբեմն մինչև լուսադեմ աշխատում եմ, բայց չեմ տրտնջում, որովհետև աշխատում եմ ընտանիքիս բարեկեցիկ կյանքի և Արցախի անունը վառ պահելու համար». Վիկտորյա Պետրոսյան

 

«Խանութների ցանցում միշտ հաշվի ենք առնում աշխատող մայրերի պահանջները և նրանց հարմար գրաֆիկ առաջարկում: Օրինակ՝ դպրոցական երեխա ունեցողները հիմնականում աշխատում են առաջին հերթափոխով». Լուսինե Դավթյան

 

«Երբ ամուսինս զոհվեց, երեխաներս շատ փոքր էին։ Ցավը սրտումս պահած՝ ուժ գտա և սկսեցի խմորեղեն պատրաստել վաճառքի համար։ Պարտավոր էի մտածել երեխաներիս ապագայի մասին». Վերգինե Ղարիբյան

 

«Բիզնեսն ինձ ազատություն է տալիս, իսկ ազատ լինել նշանակում է ոչ թե անել այն ամենը, ինչ ուզում ես, այլ չանել այն, ինչ չես ուզում։ Ազատության իրական իմաստն ընկալելու համար պետք է լավ կրթություն ունենալ». Կարինե Ղուկասյան

 

«Զբոսաշրջիկներն այստեղ պարզապես գիշերելու համար չեն գալիս։ Մենք ստեղծել ենք բոլոր պայմանները, որպեսզի նրանք ծանոթանան գյուղական կյանքին և դառնան դրա մասնիկը». Մելինե Դավիթավյան

 

«Ամեն ինչ սիրով եմ անում։ Հաճախորդներիս միշտ ասում եմ՝ պայուսակներումս լիքը սեր կա, զգույշ բացե’ք, որ չթափվի»․ Հասմիկ Հակոբյան

«Մեր թիմում աշխատում է 15 կին, որոնց համար ստեղծել ենք այնպիսի միջավայր, որ կարողանան հեշտությամբ համատեղել աշխատանքն ու ընտանեկան կյանքը»․  «Մասուր» արվեստի տան համահիմնադիր

 

«Բրենդի առաջին զարդն արքայական մի ականջօղ էր, որը պատրաստել էի ինձ համար։ Այնուհետև նկարը տեղադրեցի համացանցում, և այն սկիզբ դարձավ մյուս զարդերի վերստեղծման համար»․ Մանան Առաքելյան

 

Բիզնես զարգացնելն էներգիա ու ժամանակ է պահանջում, իսկ երեխայի խնամքի հետ մեկտեղ այդ ողջ բեռը կրելը շատ դժվար է. Սոնա Մելիքյան

 

Վարագույրից այն կողմ ամուսնուս մեծ ներդրումն է. օգնում է երեխայի խնամքի հարցում և զբաղվում անհրաժեշտ մթերքների գնմամբ. Լենա Մաթևոսյան

 

«4 երեխաներիս խնամքն ու աշխատանքը համատեղելու համար աշխատավայրս ստեղծել եմ մեր բնակարանում, ինչը թույլ է տալիս արագ աշխատավայրից տուն «անցնել» և խիստ անհրաժեշտության դեպքում անմիջապես լինել երեխաներիս կողքին». Արմինե Սահակյան

 

Ի՞նչ անել 37 կիլոգրամանոց դդումը․ այս հարցից ծնվեց բիզնես սկսելու միտքը բանասեր Հասմիկ Ավետիսյանի մոտ

 

«Եղել է, որ հեքիաթի վրա աշխատել եմ աղջկաս գրկած՝ կերակրելու ընթացքում։ Սակայն հիմնականում ստեղծագործում էի երեկոյան, երբ երեխաներս արդեն քնած էին։ Օրվա ընթացքում պարզապես անհնար էր կենտրոնանալ․ մեկը համակարգչի կոճակներն էր սեղմում, մյուսը՝ լարերն էր քաշքշում». Շուշան Գրիգորյան

 

«Սեպտեմբերի 26-ին, երբ դուրս եկանք Ստեփանակերտից, եղբայրս 3 հավ վերցրեց։ Ճանապարհին գրեթե սնունդ չէր մնացել, աղջիկս էլ շատ քաղցած էր, լսեցինք հավերից մեկի կչկչոցը. ձու էր ածել։ Եփեցի ձուն և կերակրեցի երեխային». Էլինա Բալասանյան

 

Ընտանիքամետ աշխատավայր. աշխատանքն ու ընտանեկան հոգսերն համատեղելու ճանապարհ

Հաճախ աշխատողները դժվարանում են համատեղել ընտանեկան ու աշխատանքային հոգսերն ու պարտականությունները, շատ դեպքերում նույնիսկ կանգնում բարդ երկընտրանքի առաջ՝ դուրս գալ աշխատանքից, կորցնել եկամուտը, թե զոհել երեխայի կամ ընտանիքի այլ անդամի պատշաճ խնամքը։ «Ընտանիքամետ աշխատավայր․ հայաստանյան հնարավորությունները» հետազոտութունը փաստում է, որ երկընտրանքների առաջ չկանգնելու այլընտրանքն ընտանիքամետ աշխատավայրն է, որը հնարավորություն է տալիս աշխատողին մոտ լինել խնամքի կարիք ունեցող իր ընտանիքի անդամին և հոգ տանել նրա մասին, միևնույն ժամանակ աշխատել ու եկամուտ ունենալ։ Այսինքն, ընտանիքամետ աշխատավայրում ղեկավարության կողմից ընդունված են որոշումներ և կիրառվում են քաղաքականություններ, որոնք միտված են մեղմելու աշխատողի ամենը հասցնել կարողանալու լարվածությունը՝ հոգալ ընտանեկան հոգսերը և կատարել աշխատանքային պարտականությունները։

Ընտանիքամետ համարվող աշխատավայրում պետք է հավասարապես հաշվի առնվեն այն աշխատողների կարիքները, ովքեր իրենց խնամքին ունեն ոչ միայն անաչափահաս երեխա, այլև ծեր ծնող, ամուսին կամ այլ հարազատներ։

Ընտանիքամետ աշխատավայրի բաղադրիչները կարող են շատ տարբեր ու բազմազան լինել՝ կախված նրանից, թե պետությունն ինչ օրենսդրական կարգավորումներ ունի, կազմակերպությունն ինչ գործեունեությամբ է զբաղվում և ղեկավարությունն ինչ մոտեցումներ ունի տվյալ հարցի վերաբերյալ։ Սակայն, ընդհանուր առմամբ, կարող ենք այդ բաղադրիչները խմբավորել այսպես․

Ճկուն աշխատանքային ժամեր/պայմաններ. դրանք թույլ են տալիս աշխատողներին առանց սթրեսի ու լարվածության պլանավորել օրվա գրաֆիկն այնպես, որ կատարեն աշխատանքային պարտականությունները և հոգան իրենց ընտանեկան, անձնական կարիքները։

Ճկուն աշխատանքային ժամեր/պայմաններ են համարվում ոչ ամբողջական օրով կամ շաբաթով աշխատանքը, հեռավար աշխատանքը, կոնկրետ անձանց համար աշխատանքային ժամերի սկիզբն ու ավարտը սահմանելը, աշխատանքային ժամերի խտացումը շաբաթվա կամ ամսվա կտրվածքով, աշխատաժամերի փոխարեն վերջնաժամկետների սահմանումը և այլն։ Իհարկե, կարևոր է ընդգծել, որ այս պայմանները սահմանվում են հաշվի առնելով թե՛ կազմակերպության գործունեության, թե՛ կոնկրետ աշխատակցի աշխատանքի բնույթը։

Վճարվող արձակուրդներ․ նման դեպքերում կարևորվում է երկու հանգամանք՝ արձակուրդային շրջանի համար աշխատողը պետք է վճարվի և արձակուրդի իրավունք պետք է ունենան բոլորը՝ անկախ սեռից, ովքեր ունեն իրենց խնամակալության տակ գտնվող անձ։ Սովորաբար, այս դեպքերում նկատի են առնվում մայրության ու երեխայի խնամքի արձակուրդները։ Մինչդեռ երբ կառավարությունը սահմանում է անհավասար արձակուրդային պայմաններ կանանց ու տղամարդկանց համար, ուղղակիորեն խթանում է խնամքի ու ընտանեկան հոգսերը կնոջ ուսերին դնելը։ Մինչդեռ հայրության արձակուրդ ունենալը և բավարար ժամանակով այդ արձակուրդի տրամադրումը խրախուսում է հայրերի ակտիվ ներգրավվածությունը երեխայի խնամքի ու դաստիարակության մեջ։

Աջակցություն երեխայի խնամքի և ընտանեկան հարցերում․ այս աջակցությունը հնարավորություն է տալիս կանանց նվազագույնը դուրս չմնալ աշխատաշուկայից և շարունակել երեխայի խնամքն ու ընտանեկան հոգսերով զբաղվելը, իսկ առավելագույնը՝ հնարավորինս անսթրես ու սահուն անցնել աշխատանքն ու ընտանիքը համատեղելու ճանապարհը։

Աջակցության միջոցները շատ տարբեր են․ օրինակ, սահմանել հավելյալ ընդմիջումներ մանկահասակ և կրծքով կերակրվող երեխա ունեցողների համար, ունենալ կրծքով կերակրելու սենյակ աշխատավայրում, ֆինանսական աջակցություն տրամադրել երեխայի դայակի կամ մանկապարտեզում խնամքը կազմակերպելու համար, ստեղծել մանկական անկյուն, որտեղ երեխաները ժամանակ կանցկացնեն դպրոցից հետո, ապահովել տրանսպորտով՝ արագ կազմակերպելով ընդմիջումների ժամանակ ծնողի երեխայի մոտ գնալն ու վերադառնալը և այլն։

Ի դեպ, կարևոր է նշել, որ ընտանիքամետ աշխատավայրը կարող է ունենալ մեկ կամ մի քանի բաղադրիչ միաժամանակ՝ հաշվի առնելով թե՛ աշխատողի գործունեության բնույթն ու կարիքները, թե՛ կազմակերպության ֆինանսական և նյութատեխնիկական ռեսուրսները։

Ընտանիքամետ աշխատավայրը նպաստավոր է աշխատող ծնողների ու հատկապես մայրերի համար և օգնում է առանց լարվածության համատեղել աշխատանքն ու ընտանիքը, հաջողություններ ունենալ կարիերայում, իրականություն դարձնել երեխա ունենալու ու պատշաճ խնամելու նպատակները։

Գործատուների դեպքում ընտանիքամետ աշխատավայր լինելը մի շարք օգուտներ կարող է ունենալ՝ սկսած բարի համբավից մինչև շոշափելի ֆինանսական հոսքեր։

Կազմակերպությունը, որպես ընտանիքամետ աշխատավայր, հնարավորություն է ունենում գրավել լավագույն կադրերին և պահել իր մոտ՝ նվազեցնելով կադրային արտահոսքն ու փոփոխությունները։ Այսինքն, նախևառաջ մեծացնում է իր մրցունակությունը շուկայում և, իհարկե, ստեղծում է բարի համբավ՝ նոր համագործակցություններ սկսելու համար։

Ընտանիքամետ աշխատավայրի դեպքում ընկերությունը, բացի այն, որ հնարավորություն է ստանում մրցունակ լինել և ներգրավել ու պահել լավագույն կադրերին, նաև իր ընտանիքամետ մոտեցումների շնորհիվ կարողանում է բարձրացնել աշխատողների նվիրավածությունն ու արդյունավետությունը։

Աշխատավայրն ընտանիքամետ դարձնելու համար կարևոր պայմանը ղեկավարի կամ ղեկավարներից մեկի կամքն է և հանձնառությունը համապատասխան քաղաքականություն կամ մոտեցումներ որդեգրելու և դրանք պրակտիկայում կիրառելի դարձնելու։ Իհարկե, կարևոր է, երբ կազմակերպությունում այս հարցերում օրինակ են ծառայում հենց ղեկավարները՝ խրախուսելով աշխատողներին բալանսավորել աշխատանք-ընտանիք պարտականությունների հարաբերակցությունը։

Աղբյուրը՝ «Ընտանիքամետ աշխատավայր․ հայաստանյան հնարավորությունները» հետազոտութուն: