Posts

Ինչ էր նախատեսված բարձրագույն ուսումնական և պետական հաստատություններում կերակրող մայրերի համար, և ինչ է արվել

ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարության միջոցառումների ծրագրում նախատեսված են եղել մի շարք դրույթներ, որոնք ուղղված են ընտանիքամետ աշխատանքային պայմաններ ունենալուն։ Այս մասին ասված է «Ընտանիքամետ աշխատավայր․ հայաստանյան հնարավորությունները» հետազոտության մեջ:

Միջոցառումներից մեկը բարձրագույն ուսումնական և պետական հաստատություններում կերակրող մայրերի համար կերակրասենյակների նախատեսումն էր:

Այս միջոցառումը նախատեսվում էր փորձնական ծրագրով Երևանում իրականացնել 2021-2023 թվականներին:

Այս միջոցառման դեպքում չեն նշվել ակնկալվող արդյունքի վերաբերյալ չափելի ցուցանիշներ։ Մասնավորապես, չկա որևէ նշում, թե 2023 թվականին որ պետական հիմնարկներում և քանի կերակրասենյակներ պետք է ստեղծվեն։ Հետևաբար, կատարողականներում նույնիսկ երկու պետհիմնարկում երկու կերակրասենյակի ստեղծումը կարող է համարվել միջոցառման կատարում։

Նշենք, որ «Կետ 33» հասարակական կազմակերպության հարցմանն ի պատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից 2024 թվականի մարտի 27-ին պատասխանել են հետևյալը․ «ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից 2023 թվականի հունվարի 23-ին տրամադրված տեղեկատվության համաձայն Երևան քաղաքում գործող պետական բուհերում նախատեսված են առանձնացված սենյակներ՝ համապատասխան կահավորանքով և հարմարություններով, կամ էլ առկա են համապատասխան տարածքներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործվել որպես կերակրող մայրերի համար կերակրասենյակներ»:

Իսկ ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարության միջոցառումների ծրագրի 2022 թվականի կատարողականում նշվում է․ «Կրծքով կերակրող մայրերի համար աշխատանքի և ուսման վայրերում կերակրասենյակների ստեղծումը մեկնարկել է ՀՀ ԱՆ ենթակայության բժշկական կազմակերպություններում և ՊՈԱԿ-ներում՝ կրծքով կերակրման սենյակների բացմամբ»:

2024 թ-ի փետրվարին հանրային քննարկման է ներկայացվել «ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2024-2028 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Այս փաստաթղթում ներառված են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են ընտանիք-աշխատանք հավասարակշռությունն ապահովելուն, մանկապարտեզների հասանելիությանը և այլն։

«Կետ 33» հասարակական կազմակերպությունը, որն իրականացրել է վերոնշյալ հետազոտությունը, առաջարկում է մինչ փաստաթուղթն ընդունելը դիտարկել «Ընտանիքամետ աշխատավայր․ հայաստանյան հնարավորությունները» հետազոտության մեջ վերհանված օրենսդրական բարեփոխումների առաջարկությունները՝ ուղղված ընտանիքամետ աշխատավայր ունենալուն և աշխատող մայրերի/ծնողների ընտանիքն ու աշխատանքը համատեղելու հնարավորությունների ընդլայնմանը։

Աղբյուրը՝ «Ընտանիքամետ աշխատավայր․ հայաստանյան հնարավորությունները» հետազոտություն

 

Հայաստանում մինչև 3 տարեկանների շուրջ 95 տոկոսը մանկապարտեզ չի գնում

Մայրության կամ երեխայի խնամքի արձակուրդի ավարտից հետո աշխատանքի վերադառնալու և առանց մեծ ընդհատումների կարիերան շարունակելու առաջին պայմանը դայակ վարձելու կամ մանկապարտեզ ուղարկելու ծնողի հնարավորությունն է։

Ըստ «Ընտանիքամետ աշխատավայր․ հայաստանյան հնարավորությունները» հետազոտութան՝ սա հատկապես մեծ խնդիր է, երբ երեխան մինչև երեք տարեկան է․ պետական մսուր-մանկապարտեզներն անհամեմատելիորեն քիչ են, իսկ մյուս տարբերակը վճարովի մանկապարտեզ կամ դայակ ընտրելն է, որը հավելյալ ֆինանսական բեռ է ընտանիքի համար։

Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների մեծամասնությունը՝ շուրջ 66 տոկոսը, դուրս է մնում նախադպրոցական կրթությունից կամ մանկապարտեզ հաճախելու հնարավորություն չունի։

2024 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ 0-3 տարեկանների 5․3 տոկոսը և 3-5 տարեկանների 71 տոկոսն է ընգրկված նախադպրոցական կրթության մեջ։ Այսինքն, մինչև 3 տարեկանների շուրջ 95 տոկոսը մանկապարտեզ չի գնում։ Այս ցուցանիշը կարող է վկայել աշխատող մայրերի՝ մինչև երեխայի 3 տարեկան դառնալը աշխատանքի վերադառնալու խիստ սահմանափակ հնարավորությունների մասին։

«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ նախադպրոցական ուսումնական հաստատությունների ոչ բավարար քանակի պատճառով ծնողները կա՛մ չեն կարողացել աշխատել՝ երեխայի խնամքը և դաստիարակությունն ինքնուրույն կազմակերպելու համար, կա՛մ աշխատելու պարագայում ստացված աշխատավարձի մեծ մասը կամ ամբողջը տրամադրել են որպես նախադպրոցական ուսումնական հաստատության վճար»,- նշվում է Մարդու իրավունքների պաշտպանի 2023 տարեկան զեկույցում։

Նույն զեկույցում նշվում է նաև, որ ստացվել են բազմաթիվ ահազանգներ, որ պետական մանկապարտեզ ընդունվելու համար նույնիսկ շատ վաղ հերթագրվելու դեպքում էլ երեխան չի ընդունվել, իսկ ընտանիքը վճարովի մանկապարտեզ չի ընտրել՝ ֆինանսական խնդիրների պատճառով։

Իհարկե, տվյալ իրավիճակում տրամաբանական լուծումը նախակրթական հաստատությունների ավելացումն է։ Պարզ հաշվարկով, առնվազն գործող նախադպրոցական հաստատությունների թիվը պետք է կրկնապատկվի, նոր հաստատություններ ստեղծվեն, որպեսզի մինչև 5 տարեկաններ երեխաների մեծամասնությունը կարողանա մանակապարտեզներում ընդգրկվել։

Ի դեպ, ՀՀ կառավարության 2021- 2026 թվականների ծրագրով նախատեսվել է մինչև 2026 թվականը «կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 500 մանկապարտեզ կամ նախակրթարան՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը անհրաժեշտ գույքով ու սարքավորումներով»։ Նախատեսվել է նաև մինչև 2026 թվականը նախադպրոցական հաստատություններում ներառվածությունը հասցնել 85 տոկոսի։

Կարևոր է ընդգծել, որ խոսքը ոչ թե միայն նոր մանկապարտեզներ կառուցելու, այլև առկա մանկապարտեզների հիմնանորոգման կամ վերանորոգման մասին է և չի ենթադրում, որ 2026 թվականին 500-ով ավելի մանկապարտեզ ու նախակրթարան պետք է լինի։ Ընդգծենք նաև, որ մինչև 2026 թվականը նախատեսվում է մեծացնել միայն 3-5 տարեկաների ընգրկվածությունը, որը ներկայումս 71 տոկոս է: Իսկ 0-3 տարեկան երեխաների ընգրկվածությունը մեծացնելու վերաբերյալ որևէ տող չկա ծրագրում։

Աղբյուրը՝ «Ընտանիքամետ աշխատավայր․ հայաստանյան հնարավորությունները» հետազոտութուն