Posts

Բազմաթիվ նպատակներ, միայն մեկ օրենսդրական փոփոխություն և զրո ցուցանիշ արդյունքների մասին

ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարության միջոցառումների ծրագրում նախատեսված են եղել մի շարք դրույթներ, որոնք ուղղված են ընտանիքամետ աշխատանքային պայմաններ ունենալուն։ Այս մասին ասված է «Ընտանիքամետ աշխատավայր․ հայաստանյան հնարավորությունները» հետազոտության մեջ:

Միջոցառումներից մեկն ընտանիքը և աշխատանքը համատեղելու կանանց հնարավորությունների ընդլայնմանն ուղղված պետական քաղաքականության վերլուծությունների իրականացումն էր:

Այն պետք է իրականացվեր 2019-2023 թվականների ընթացքում։ Ակնկալվող արդյունքն էր աշխատաշուկայում կանանց մրցունակության բարձրացումը, ընտանիքի եկամտի ապահովման գործում կնոջ դերի բարձրացումը ընտանիքում, աշխատանքն ու երեխայի/ընտանիքի խնամքը համադրելու հնարավորությունների ընդլայնումը, վերարտադրողական որոշումներում ընտրության հնարավորությունների ընդլայնումը, աշխատանքային և ընտանեկան պարտականությունները համատեղելու համար նպաստավոր պայմանների ստեղծումը։

Ակնկալվող արդյունքային ցուցանիշներն էին՝ վերոնշյալ հարցերին ուղղված առաջարկությունների փաթեթի և իրավական ակտերի առկայությունը, օրենսդրական փոփոխությունների իրականացումը։ Նաև կանանց զբաղվածության մակարդակի բարձրացումը և հանրապետության աղքատ բնակչության կազմում կանանց տեսակարար կշռի կրճատումը։

Հաշվետվության մեջ կարդում ենք, որ այս միջոցառման վերաբերյալ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «հաշվետու ժամանակաշրջանում իրականացրել է իր կողմից վարվող քաղաքականության շրջանակում ինչպես ոլորտային իրավական ակտերի, այնպես էլ իրականացվող ծրագրերի ընթացիկ վերլուծություն, որի արդյունքում, օրինակ, ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ ուղղված ընտանիքը և աշխատանքը համատեղելու կանանց հնարավորությունների ընդլայնմանը»։

Որպես իրականացված օրենսդրական փոփոխություն նշվում է միայն Աշխատանքային օրենսգրքի 258-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված մինչև 2 տարեկան երեխա խնամող կանանց հավելյալ ընդմիջումներ տրամադրելու մասին դրույթը:

Այս միջոցառումը նույնպես կատարվել է խիստ թերի։ Նախ, ներկայացված չեն կատարված վերլուծությունների արդյունքները, երկրորդ՝ միայն մեկ օրենսդրական փոփոխությամբ հնարավոր չէ հասնել սահմանված նպատակին, երրորդ՝ ներկայացված չէ որևէ ցուցանիշ, որը ցույց կտա, թե այս գործողությունների արդյունքում ինչքանով է աճել կանանց զբաղվածության թիվը, և որքանով է նվազել կանանց շրջանում աղքատությունը:

 

Աղբյուրը՝ «Ընտանիքամետ աշխատավայր․ հայաստանյան հնարավորությունները» հետազոտություն