Posts

Ընտանիքամետ գործատու, որն աջակցեց աճել ու առաջնորդել (էսսե)

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Ընտանիքամետ գործատու» էսսեների և բլոգային նյութերի մրցույթ։ Մրցույթն իրականացվում է «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք մրցույթի հայտը՝  առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․ Հեղինակի կողմից նշված փաստերի, իրադարձությունների իրավասիությունը կազմակերպության կողմից չի ստուգվում։

***

Շրջակա միջավայր և առողջություն ՀԿ–ում իմ մեկ տարվա աշխատանքային ճանապարհը դարձավ մի շրջադարձային փորձ, որը փոխեց ոչ միայն իմ մասնագիտական ինքնաըկալումը, այլև՝ իմ կյանքի որակը։ Ես միացա թիմին որպես «Բնության և Կնոջ Ուժը» նախաձեռնության թիմի համակարգող։Մենք իրականացրել ենք բնապահպանական ծրագիր։ հենց առաջին օրերից զգացի, որ սա ընդամենը աշխատանքային վայր չէ․ սա մի միջավայր է, որտեղ մարդուն տեսնում են ամբողջականությամբ՝ ոչ միայն որպես մասնագետ, այլ նաև որպես անձնավորություն, մայր, կին, համայնքի անդամ։

Որպես չորս երեխաների մայր, հաճախ պատկերացնում էի, որ գուցե դժվար լինի լիարժեք ներգրավվել աշխատանքային ինտենսիվ պրոցեսների մեջ, բայց կազմակերպությունը կոտրեց այդ վախերը։ Նրանք ոչ միայն ընդունեցին ինձ իրենց թիմ, այլև ստեղծեցին այնպիսի պայմաններ, որտեղ ես կարողացա առանց սթրեսի, առանց ճնշման և առանց ընտրության առաջ կանգնելու համատեղել մասնագիտական պատասխանատվությունն ու մայրական պարտականությունները։ Այստեղ ինձ երբեք չհարցրեցին՝ «աշխատանք, թե երեխաներ»։ Այստեղ ինձ ասացին՝ «երկուսն էլ կարող ես, և մենք կողքիդ ենք»։

Այս մոտեցումը չի եղել միայն խոսքերով։ Այն արտահայտվել է ամենօրյա աշխատանքային իրականության մեջ՝ գրաֆիկի ճկունությամբ, մարդկային վերաբերմունքով, ըմբռնումով՝ թե ինչ է նշանակում բազմազավակ մայր լինել, և այն հոգատարությամբ, որով իմ կարիքներն ընդունվել են առանց դատողության։

Այս թիմում ես ոչ միայն սովորեցի նախագծային կառավարում, հաղորդակցություն, համայնքային աշխատանք, ծրագրային կազմակերպում, այլ նաև՝ թե ինչ է նշանակում աշխատավայր, որը իր մեջ կրում է ընտանիքամետ մշակույթի իրական արժեքները։ Իմ նկատմամբ վերաբերմունքը դարձավ ապացույց, որ աշխատողին մարդուն չվնասելու սկզբունքը կարող է լինել ոչ թե գրագիտական դրույթ, այլ գործնական իրականություն։

Այս մեկ տարին ինձ տվել է անգին փորձ՝ կազմակերպել, համակարգել, ներկայացնել, ստեղծել ու ղեկավարել։ Եվ այսօր ես վստահ եմ, որ այս ամրացած հիմքը ինձ տալիս է հնարավորություն ձգտելու ավելի բարձր, ավելի պատասխանատու պաշտոնների։ Այն վստահությունը, որը ստացել եմ այստեղ, դարձել է իմ մասնագիտական շարժիչ ուժը։

Այս կազմակերպությունը իմ կյանքում թողեց մի հետք, որը չի ջնջվում․մարդկային վերաբերմունքով հագեցած մի միջավայր, որտեղ աշխատակիցը դիտվում է որպես արժեք, իսկ ընտանիքը՝ որպես կարևորագույն ենթակառուցվածք, ոչ թե խոչընդոտ։

Այստեղ ինձ տեսան, լսեցին, աջակցեցին, կրթեցին և ուժեղացրին։ Եվ եթե ինձ խնդրեն մեկ բառով նկարագրել այս կազմակերպության աշխատանքային մշակույթը, կասեմ՝ ընտանիք։ Որովհետև այստեղ մարդուն վերաբերվում  են մարդու պես։

Հեղինակ՝ Մարիյա Թումասյան

Ընտանիքամետ գործատուն իմ ղեկավարն է (էսսե)

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Ընտանիքամետ գործատու» էսսեների և բլոգային նյութերի մրցույթ։ Մրցույթն իրականացվում է «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք մրցույթի հայտը՝  առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․ Հեղինակի կողմից նշված փաստերի, իրադարձությունների իրավասիությունը կազմակերպության կողմից չի ստուգվում։

***

Կարիերան և ընտանիքը համատեղող կնոջ համար ամենամեծ արժեքներից մեկը ընտանիքամետ գործատու ունենալն է։ Հայկական իրականությունում դա, ցավոք, հաճախ հանդիպող երեւույթ չէ։ Տարածված կարծրատիպ կա՝ ամուսնացած, «երեխայատեր» աշխատակիցը կարող է անընդհատ բացակայել, չէ՞ որ երեխաների հետ կապված հոգսեր կան, որոնք պետք է հոգա հենց մայրը, իսկ դրանից կտուժի աշխատանքը։ Բայց հաճախ ամենաարդյունավետ աշխատակիցները հենց մայրիկներն են՝ ավելի կազմակերպված, հասուն և շնորհակալ իրենց հնարավորությունների համար։

Աշխատող մայրերը շատ հաճախ մեղքի ներքին զգացողություն ունեն՝ «քիչ ժամանակ հատկացրի երեխայիս, մյուս երեխաները շուտ են գնում տուն, իմը միշտ մնում է մանկապարտեզում մինչև 17․30, հանդեսից հետո տուն չեմ կարողանում տանել, միջոցառումներին, ժողովներին ուշանում եմ․․․»։

Եվ հենց այստեղ է կարևորվում գործատուի վերաբերմունքը՝ այն կարող է թեթևացնել քո մտահոգությունները, թե ավելացնել լարվածությունը։

Իմ հիշողության մեջ կան երկու դրվագներ, որոնք ընտանիքամետ և չընտանիքամետ վերաբերմունքի իսկական ապացույց են։
Տարիներ առաջ, երբ երեխաս վիրահատվում էր, գտնվելով արձակուրդում՝ ստացա հեռախոսազանգ, որտեղ ինձ տեղեկացրին, որ «քանի որ վիրահատարանում գտնվող երեխայիս ոչնչով օգնել չեմ կարող, կարող եմ աշխատել, օգնել գործին»։ Գուցե պրակտիկորեն դա ճշմարիտ էր, բայց մարդկային տեսանկյունից՝ ցավոտ։ Այդ գործատուն հաճախ էր ակնարկում՝ «երեխաներդ շատ են հիվանդանում, հա՞», կարծես դա աշխատակցի մեղքն էր․․․և այսպես շարունակ։

Իսկ իմ ներկայիս աշխատանքում ամեն ինչ այլ է։ Աշխատանքի առաջին իսկ ամսում կրկին երեխայի վիրահատություն ունեցանք։ Ամաչելով խնդրեցի բացակայել, ստացա ոչ թե զարմանք, զայրույթ, այլ հոգատար զանգեր՝ հետաքրքրվելու երեխայի առողջությամբ, իսկ հետո «կշտամբանք»՝ «գուցե դեռ մի քանի օր մնայիր տանը, ինչի՞ ես շտապել աշխատանքի»։

Մեկ ուրիշ դրվագ՝ երեխան հիվանդանում է, տեղեկացնում եմ ղեկավարին, իսկ պատասխանն անփոփոխ է՝ «իհարկե, մնա երեխայիդ կողքին։ Ջերմությունը ինչքա՞ն է, պետք է բժշկի հետ կապե՞մ, օգնե՞մ»։ Այսպես անցնում է մեր աշխատանքային առօրյան՝ ծնողի հիվանդություն, ծնողական ժողով, հանդես, տարեդարձ։ Ոչ մի բացակայություն երբևէ չի վերածվում «մեծ պատմության»։ Իհարկե, ընտանիքամետ գործատուն միայն «day off» նվիրելով չի բնորոշվում։ Դա վերաբերմունք է, լռելայն մշակույթ, միջավայր, որտեղ աշխատողը վստահ է, որ իր առաջնային արժեքները տեսադաշտից դուրս չեն մնում, որտեղ մարդը չի վճարում աշխատանքի գնով ընտանիքի համար, այլ աշխատանքն է հարմարեցվում մարդու կյանքին։

Գործատուն կարող է հունիսի 1-ին տասնյակ նվերներ ուղարկել, բայց եթե ամեն անգամ ծնողի կամ երեխայի հետ կապված հարցը խնդրելիս աշխատակիցը վախենում է կամ սթրես է ապրում, այդ նվերների արժեքը զրոյանում է։ Ի վերջո, մայրը երբեք չի ընտրի աշխատանքը երեխայի փոխարեն։ Բայց ամեն աշխատող՝ անկախ նրանից՝ կին է, տղամարդ, ծնող, թե դեռ ոչ, արժանի է աշխատանքի, որտեղ այդ ընտրությունը իրեն չի պարտադրվում, որտեղ մարդկայնությունը աշխատանքային պարտականություններից չի զատվում։

Ընտանիքամետ լինելը մշակույթ է։ Այն ձևավորվում է ղեկավարի վերաբերմունքով՝ լայն սրտով, վստահություն ներշնչող միջավայրով, առանց աշխատակցի մեջ մեղքի զգացում արթնացնելու։ Եվ դա փոխում է ոչ միայն աշխատողի աշխատանքը, այլ նրա ողջ հոգեբանական վիճակը՝ ստեղծելով անվտանգ, հոգատար, մարդկային հարաբերությունների վրա հիմնված միջավայր։ Ընտանիքամետ վերաբերմունքը ոչ միայն հեշտացնում է աշխատանքը, այլ նաև ձևավորում է վստահելի, առողջ և հարգանքով լեցուն միջավայր։ Երբ աշխատողն իրեն գնահատված ու հասկացված է զգում, նա դառնում է ավելի մոտիվացված, ավելի նվիրված և պատրաստ է առավելագույնն անել աշխատանքում։ Ընտանիքամետ գործատուն ոչ միայն աշխատանքում թևեր է տալիս, այլև ընտանիքում նպաստում ներդաշնակության։

Սիրելի կանայք, սիրելի մայրեր, մենք բոլորս իսկապես արժանի ենք ունենալու գործատու, որը տեսնում է ոչ միայն մեր մասնագիտական կարողությունները, այլև մեր մարդկային ու ծնողական կարիքները, չէ՞ որ աշխատանքի նկատմամբ հոգատարությունը, պատասխանատու և նվիրված վերաբերմունքը սկսվում է ընտանիքից։Ես իսկապես հպարտանում եմ և շնորհակալ եմ, որ ունեմ սուպեր ընտանիքամետ գործատու, ավելին՝ հաճախ ինքս ինձ նախանձում եմ հենց դրա համար և համարում, որ սա լավագույն փոխհատուցումն է իմ կյանքում հանդիպած բոլոր չընտանիքամետ գործատուների։

Հ․Գ․ Թերևս պատահական չէ, որ իմ ընտանիքամետ գործատուն աշխարհի ամենահումանիտար մասնագիտությունն ունի՝ բժիշկ է նաև էությամբ և ապրելակերպով։

Հեղինակ՝ Ինգա Մարտինյան

Ընտանիքամետ գործատու (էսսե)

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Ընտանիքամետ գործատու» էսսեների և բլոգային նյութերի մրցույթ։ Մրցույթն իրականացվում է «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք մրցույթի հայտը՝  առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․ Հեղինակի կողմից նշված փաստերի, իրադարձությունների իրավասիությունը կազմակերպության կողմից չի ստուգվում։

***

Ես ներկայացնում եմ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը: Թիմին միացել եմ համեմատաբար վերջերս, սակայն միևնույն գործատուի հետ նախկինում էլի շատ տարիներ աշխատել ենք մեկ այլ թիմում: Կարծում եմ, որ մեր գործատուն ընտանիքամետ է հետևայալ պատճառաբանությամբ. Աշխատանքում դրական արդյունքներ ու որևէ առաջընթաց դժվար է ունենալ, եթե չլինի աշխատանք-կյանք հավասարակշռությունը: Եթե գործատուն պարբերաբար ներգրավվի աշխատակցին աշխատանքային գործընթացում՝ հարկադրելով նրան աշխատել լրացուցիչ ժամեր, չարաշահի նրա հանգստի իրավունքը հանգստյան օրերին և հնարավորություն չտա թիմակցին վերականգնվել ու իր կյանքը լցնել աշխատանքից բացի ուրիշ այլ գործունեությամբ՝ հոբբի, սպորտ, շփում մտերիմների հետ, պասիվ հանգիստ: Նման իրավիճակում աշխատակիցը հնարավորություն չի ունենա իրացնել իր անձնական ու ընտանեկան կյանքի իրավունքը, հանգստի իրավունքն ու մշակութային մի շարք իրավունքներ: Իմ գործատուն քաջ գիտակցում է աշխատանք-կյանք հավասարակշռության կարևորությունը ու խրախուսում է այն: Խրախուսում է, որ իր թիմակիցները ժամանակ տրամադրեն անձնական կյանքին ու մտերիմաների հետ շփումներին, առողջությանը ու հանգստին, սպորտին ու սիրած զբաղմունքին և առհասարակ բազմաբևեռ կյանք ունենալուն:

Մեր թիմում կան մարդիկ ովքեր համատեղում են ուսումն ու աշխատանքը: Եվ մեր գործատուն այս առումով ճկուն է ու ընձեռում է հնարավորություն աշխատել ճկուն ժամեր ու համատեղել աշխատանքը կրթության հետ: Նաև, եթե թիմակիցներից մեկը անձնական ու մասնագիտական զարգացման որևէ դասընթացի, ծրագրի է ուզում մասնակցել՝ մեր գործատուն կրկին անգամ բաց է և ողջունում է նման նախաձեռնությունները, թիմակիցների մասնագիտական զարգացումն ու կայացումը: Երբ աշխատանքը ավելին է, քան աշխատանքային պարտականությունների կատարման գործընթացը, երբ հնարավորություն է ընձեռնվում շարունակական կրթության ու զարգացման համար, դա, ինչ խոսք, նաև շատ մոտիվացնող է և դրդում է էլ ավելի լավ դրսևորվել աշխատանքի մեջ:

Իմ գործատուն, աշխատավայրում իր վարած քաղաքականությամբ, խրախուսում է ընտանիքի կազմումն ու երեխաներ ունենալը: Օրինակ, նախկինում երբ համագործակցել ենք իրար հետ մեկ այլ թիմում, մեր մի թիմակից աղջիկ ամուսնացավ ու ընտանիք կազմեց: Մեր թիմակիցը իր ցանկությամբ հեռացավ աշխատանքից, սակայն հետագայում, երբ երեխայի էր սպասում՝ կրկին ցանկություն հայտնեց վերադառնալ աշխատանքին: Մեր գործատուն բաց էր ու շատ ողջունում էր մեր թիմակցի կյանքի փոփոխված հանգամանքները, աշխատակցին տրվեց նման հնարավորություն և նա աշխատեց մինչև դեկրետ գնալը: Սա միայն մեկ օրինակ է, բայց մեր գործատուն առհասարակ միտված է երկարաժամկետ հարաբերությունների հաստատմանը իր աշխատակիցների հետ և բնականաբար գիտակցում է, որ այդ համատեղ ճանապարհին թիմակիցների կյանքի հանգամանքները կարող են և փոփոխվել, ուստի և նկատի է ունենում այդ հանգամանքները:

Նաև, մեր գործատուն քաջ գիտակցում է, որ յուրաքանչյուրիս ընտանիքում կամ անձնական կյանքում կարող են որոշակի չկանխատեսված հանգամանքներ առաջ գան: Եվ եթե թիմակիցներից որևէ մեկը՝ ընտանեկան հանգամանքներով պետք է բացակայի աշխատանքից կամ աշխատանքից շուտ հեռանա, մեր գործատուն արտոնում է դա և խրախուսում, որ մեր թիմակիցը արդյունավետորեն լուծի առաջ եկած խնդիրները կամ պատշաճ ժամանակ տրամադրի ընտանիքին, անձնական հարցին կամ առաջ եկած հանգամանքին:

Իմ գործատուի նման քաղաքականությունն ու վերաբերմունքը իր թիմին հնարավորություն է տալիս թիմակիցներին աշխատել առանց ավելորդ լարվածության ու սթրեսի՝ արդյունավետորեն կատարելով մեր առջև դրված նպատակները ու մաքսիմալ արդյունք ունենալ մասնագիտական գործունեության մեջ և կյանքում առհասարակ:

Հեղինակ՝ Մարիաննա Շիրոյան

Ընտանիքամետ գործատու (էսսե)

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Ընտանիքամետ գործատու» էսսեների և բլոգային նյութերի մրցույթ։ Մրցույթն իրականացվում է «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք մրցույթի հայտը՝  առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․ Հեղինակի կողմից նշված փաստերի, իրադարձությունների իրավասիությունը կազմակերպության կողմից չի ստուգվում։

***

Էսսես ուզում եմ սկսել «Կոկա-Կոլա» ընկերության նախկին տնօրեն Բրայան Դայսոնի խոսքի մեջբերմամբ.

«Պատկերացրեք, որ կյանքը մի խաղ է, որտեղ դուք օդում անընդհատ պահում եք հինգ գնդակ՝ զուգահեռ նետելով։ Այդ գնդակներն են՝ աշխատանքը, ընտանիքը, առողջությունը, ընկերները և հոգին։ Կարճ ժամանակ անց դուք կհասկանաք, որ աշխատանքը ռետինե գնդակ է։ Եթե այն վայր գցեք,  կվերադառնա։ Բայց մյուս չորս գնդակները՝ ընտանիքը, առողջությունը, ընկերները և հոգին, ապակուց են։ Եթե դրանցից մեկը վայր գցեք, այն կարող է քերծվել, կոտրվել, վնասվել կամ անգամ փշրվել։ Եվ այն երբեք այլևս նույնը չի լինի։ Դուք պետք է գիտակցեք դա և ձգտեք հավասարակշռության ձեր կյանքում։
Ինչպե՞ս դա անել.
Հասկացեք, որ չպետք է աշխատեք մինչև ինքնաոչնչացում։
Գտեք ժամանակ’ ընտանիքի ու սիրելիների հետ լինելու համար։
Պահպանեք ձեր առողջությունը, քանի որ այն հիմնաքարն է մնացած ամեն ինչի։
Զարգացրեք ու պահեք ընկերությունը, քանի որ այն մշտական աղբյուր է ձեր ուրախության համար։
Հոգացեք ձեր հոգևոր կյանքի մասին»։

Մի մոռացեք, որ աշխատանքի կորուստը վերականգնելի է, բայց եթե վնասեք ընտանիքը, առողջությունը, ընկերներությունը կամ հոգին՝ դրանք վերականգնելն անհնար է: Աշխարհը, որում այսօր ապրում ենք,         լեփ-լեցուն է արագությամբ, փոփոխություններով ու մշտական մրցավազքով։ Ժամանակակից մարդը այնքան է ընկղմվել աշխատանքի, սոցիալական ցանցերի, թվային շփումների, ֆինանսական պարտավորությունների և մասնագիտական պատասխանատվությունների հորձանուտի մեջ, որ երբեմն անմիջապես իր աչքի առաջ կորցնում է ամենաթանկը’ ընտանիքը, ինչը հնարավոր չէ փոխարինել ոչ մի ամխատավարձով, ոչ մի պաշտոնով, ոչ մի ձեռքբերումով։

Այն, ինչը պետք է լինի կյանքի հանգրվանը, վերականգնման աղբյուրը ու հոգևոր հանգիստը, հաճախ դառնում է երկրորդական, երբեմն էլ՝ անտեսված։

Այսօր շատ ընտանիքներ, մեր երկրում ու աշխարհում, ապրում են լուռ ճգնաժամի մեջ։
Ծնողները դժվարանում են որակյալ ժամանակ տրամադրել երեխաներին՝ գերծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկների պատճառով։

Զույգերը հեռանում են միմյանցից՝ հոգնածության, սթրեսի ու անընդհատ «ժամանակ չունենալու» հետեւանքով։
Երեխաները մեծանում են սմարթֆոնների ուղեկցությամբ, քանի որ ընտանիքի ներսում մարդկային շփումն իր տեղը զիջում է առօրյա հոգնածությանը։

Տեխնոլոգիական կախվածությունը վերացնում է ընտանիքների բնական ջերմությունը․ ընտանիքի անդամները միմյանց հետ են, բայց իրականում՝ իրենց էկրանների ներսում։

Աշխատողները կորցնում են պրոֆեսիոնալ մոտիվացիան ու կենսական էներգիան՝ մասնագիտական այրման պատճառով։
Անարդար վարձատրությունը, հանգստի բացակայությունը, արձակուրդների չտրման մշակույթը խաթարում են ոչ միայն մարդկանց հոգեկան առողջությունը, այլև ընտանիքների կայունությունը։

Այս իրավիճակում ընտանիքը դառնում է ամենախոցելին։
Եվ հենց այստեղ է, որ ծնվում է մի նոր, մարդակենտրոն գաղափար՝ ընտանիքամետ գործատուի մոդելը, որը այլևս պարզապես կառավարման ռազմավարություն չէ, այլ ժամանակակից մարդու հոգևոր ու սոցիալական առողջությունը պահպանելու միջոց։

Ի՞նչ է նշանակում լինել ընտանիքամետ գործատու։
Ընտանիքամետ գործատուն նախ և առաջ ընդունում է պարզ ճշմարտությունը՝
աշխատողը մեքենա չէ։
Նա ապրող, սիրող, հոգնող, աճող, զգայուն անձնավորություն է, որն ունի ընտանիք, ընկերներ, հույզեր ու երազանքներ։
Աշխատակիցն իր մասնագիտական գործունեության մեջ դառնում է առավել արդյունավետ միայն այն ժամանակ, երբ իր ընտանիքում կա կայունություն, աջակցություն, խաղաղություն ու փոխադարձ սեր։

Այդ պատճառով էլ ընտանիքամետ գործատուն.

  1. ստեղծում է ճկուն աշխատանքային պայմաններ,
  2. ապահովում է արժանապատիվ վարձատրություն,
  3.  պաշտպանում է հոգեկան առողջության իրավունքը, խրախուսում է ընտանիքի հետ անցկացվող ժամանակը,
  4.  մեծարում է ծնողական պատասխանատվությունը,
  5. ձևավորում է ջերմ, մարդասիրական մթնոլորտ,
  6.  կառուցում է թիմ, որտեղ մարդուն չեն չափում միայն արդյունքներով, այլ նաև՝ արժեքներով։

Այս մոդելը ոչ միայն բարձրացնում է արտադրողականությունը, այլև վերացնում է աշխատողի ներքին վախերը, նվազեցնում է հուզական ճնշումը և ստեղծում է վստահելի, հավատարիմ, առողջ թիմ։

Իմ տեսլականը՝ որպես հոգեբան ու լրագրող.

Տարիներ շարունակ՝ աշխատելով հոգեբանության ու լրագրության ոլորտներում, ես ականատես եմ եղել այն խորքային ճեղքվածքներին, որոնք ստեղծվում են ընտանիքների ներսում։
Ես տեսել եմ.
1) սիրող զույգեր, որոնք հեռանում են միմյանցից պարզապես այն պատճառով, որ չունեն ժամանակ խոսելու, հասկանալու, կառուցելու,

2) ծնողներ, որոնք դժվարանում են կապ հաստատել երեխաների հետ, քանի որ մշտապես հոգնած են և մտահոգված,

3) աշխատողներ, որոնք կորցրել են իրենց ինքնագնահատականն ու կենսական ուժը,

4) ընտանիքներ, որոնք դառնում են մասնագիտական այրման անմիջական զոհեր։

Դեռ մեկ տարի առաջ եւ մեկ տարի շարունակ այս ամենը իմ մեջ ձևավորեց մի պարզ, բայց խորքային համոզմունք․ աշխատավայրը կարող է կա’մ նպաստել ընտանիքի հզորացմանը, կա’մ նրա կործանմանը։
Եվ եթե մեզ տրված է ընտրության հնարավորություն, ինչու՞ չընտրել հզորացումը։ Չե որ յուրաքանչյուր ընտանիք մեր երկրի մի միավորն է։

Մեկ տարի առաջ վերջնականապես համոզվեցի, որ ցանկանում եմ ստեղծել մի այնպիսի աշխատավայր, որտեղ ոչ ոքի մասնագիտական հաջողությունը չի վտանգի նրա ընտանեկան երջանկությունը։ Այնպիսի աշխատավայր, որն օրինակելի կդառնա բոլոր գործատուների ու աշխատանք փնտրողների համար։ Այնպիսի աշխատավայր, որի գործունեությունը առավելագույնս նպաստավոր կլինի ինչպես իր աշխատակիցների, այնպես էլ շահառուների եւ ողջ հանրության համար։

Աշխատավայր, որտեղ լրագրողները իրենց հրապարակած նյութերի միջոցով կնպաստեն ոչ թե ընտանիքների ու հասարակության քայքայմանը, այլ ընտանեկան ու հասրակական արժեքների վերականգնմանը, ամրապնդմանը։

Որտեղ հոգեբանները կաջակցեն ոչ թե բաժանման հեշտ ու հաշտ ճանապարհներին, այլ հարաբերությունների առողջ ու կառուցողական վերականգնմանը։

Մեկ տարի շարունակ զարգացրել ու ծրագրել եմ ընտանիքամետ գործատուի ու թիմի գաղափարը։ Մեր թիմը ծառայելու է երկու ուղղությամբ.

1. Լրագրություն՝ արժեհամակարգային ու ընտանիքամետ բովանդակությամբ:
Այստեղ մենք չենք սերմանելու սենսացիա, վախ, քննադատություն կամ թշնամանք։ Մենք կստեղծենք մի լրատվություն, որը կուժեղացնի ընտանիքը, կներշնչի մարդկանց, կվերականգնի մոռացված արժեքները, կխոսի բարության, հաղորդակցության, փոխաջակցության,հարգանքի ու սիրո մասին։
2. Հոգեբանական ծառայություններ՝ հարաբերությունների ամրացման նպատակով։
Կտրամադրենք զույգերի, ընտանիքների, ծնողների աջակցություն՝ ճգնաժամերը հաղթահարելու, ցավը փոխակերպելու,հարաբերությունները վերակերտելու, չմտածված որոշումները կանխելու համար։ Մեզ համար առաջնային կլինի ոչ թե բաժանումը, այլ հարաբերությունների վերականգնումը, ոչ թե մեղադրանքը, այլ համագործակցությունը։

Որովհետև ի վերջո…
Ցանկացած մարդ, անկախ ազգությունից, մասնագիտությունից, հաջողություններից կամ սոցիալական կարգավիճակից, ունի մեկ խորքային ցանկություն՝ ունենալ սիրով լի, կայուն, ջերմ ու երջանիկ ընտանիք։

Ընտանիքամետ գործատուի մոդելը միտված է պաշտպանելու հենց այդ մարդկային պարզ երազանքը։
Այս մոդելը ապացուցում է, որ հնարավոր է կառուցել աշխատանքային միջավայր, որտեղ մարդիկ չեն կորցնում իրենց հոգու մեղմությունը, չեն խաթարում ընտանիքները և չեն զոհաբերում իրենց ուրախությունը։ Աշխատավայր, որտեղ մարդը ստիպված չի լինում կատարել ընտրություն աշխատանքի ու ընտանիքի միջեւ, այլ ապրում է ունենալով երկուսն էլ՝ կառուցված ներդաշնակության, հավասարակշռության, սիրո ու հարգանքի հիմքի վրա։

Հեղինակ՝ Դիանա Բախշյան

Ընտանիքամետ գործատու (էսսե)

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Ընտանիքամետ գործատու» էսսեների և բլոգային նյութերի մրցույթ։ Մրցույթն իրականացվում է «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք մրցույթի հայտը՝  առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․ Հեղինակի կողմից նշված փաստերի, իրադարձությունների իրավասիությունը կազմակերպության կողմից չի ստուգվում։

***

Ես աշխատում եմ ընտանիքամետ աշխատավայրում՝ ընտանիքամետ գործատուի հետ։ Այո՛, հետ և ոչ թե մոտ։ Եկեք՝ պատմեմ։ Թվում է՝ բախտավոր և աշխատանք բառերն այնքան էլ համադրելի և համատեղելի չեն։ Աշխատանքի մասին խոսելիս առավել հաճախ խոսում ենք ջանքի, ձգտման, նպատակների, ժամկետների մասին, բայց ոչ բախտի։ Այսուամենայնիվ, հենց այդ բառն է մտքիս գալիս, երբ մտածում եմ իմ աշխատանքի մասին։ Ես բախտավոր եմ, որովհետև իմ աշխատավայրում տեսնում են մարդկանց, ոչ թե պաշտոններ, լսում են պատմությունները գրաֆիկներից ու վերջնաժամկետներից դուրս և գնահատում են աշխատակցին՝ անկախ կատարողականի ցուցանիշներից։ Ընտանիքամետ լինելը միայն ներքին ընթացակարգերի կամ քաղաքականությունների հարց չէ․ դա վերաբերմունք է, համոզմունք, որ աշխատանքը պետք է համընթաց լինի կյանքին, ոչ թե փոխարինի այն։ Ընտանիքամետ ղեկավարը ոչ թե հանդուրժում է քո անձնական կարիքները, այլև իրական հարգանքով է վերաբերվում դրանց։ Այսպիսի աշխատավայրում ճկունությունը բացառություն չէ, այլ վստահության նշան։ Երբ կարող ես անկեղծ ասել, որ երեխան հիվանդ է կամ պարզապես պետք է մի օր հանգստանաս, և քեզ նայում են ոչ թե կասկածանքով, այլ ըմբռնումով։ Այդպիսի միջավայրում սկսում ես նկատել, որ մարդիկ չեն աշխատում ավելի քիչ կամ պակաս նվիրումով, երբ նրանց ազատություն են տալիս․ նրանք աշխատում են ավելի լավ, ավելի մեծ ձգտմամբ։

Ընտանիքամետ աշխատանքային մշակույթն ստեղծում է աշխատանքային միջավայր, որտեղ համբերատարությունն ու էմպատիան «փափուկ հմտություն» չեն, այլ ամուր հիմք, աշխատելաոճ և գաղափարախոսություն։ Գործատուի՝ աջակցող ու մարդասիրական մոտեցումը պրոֆեսիոնալիզմի այլ մակարդակ է։ Երբ աշխատակիցն իրեն ապահով և գնահատված է զգում, ստեղծագործականությունը ծաղկում է, երբ վստահությունը փոխարինում է վախին, արդյունավետությունն կրկնապատկվում է, երբ հավասարակշռությունը երկուստեք հարգվում է, մարդիկ աճում են և մոտիվացվում։ Այսպիսի միջավայրում չեն հաշվում քո աշխատած ամեն րոպեն, այլ քեզ հետ կիսում են աշխատանքային ժամը՝ ստեղծելու նոր բարիք։ Այսպիսի միջավայրի շնորհիվ աշխատկիցն առավել քան կարգապահ է, հետևողական և արդունավետ։

Ես իսկապես բախտավոր եմ այս հարցում և մասնիկն եմ մի թիմի, որն աշխատում է վերոգրյալ մոտեցմամբ։ Իմ աշխատանքը զոհաբերություններ չի պահանջում, այլ ակնկալում է, որ ես կապրեմ լիարժեք՝ միաժամանակ իմ նպաստն ունենալով կարևորագույն հարցերում։ Ես կարողանում եմ լինել մասնագետ՝ չդադարելով լինել ծնող, ընկեր, պարզապես մարդ, որը բացի աշխատանքից ունի այլ կյանք, որը լիարժեք է նաև աշխատանքով։ Այո՛, ես իսկապես հաջողակ եմ, որ աշխատում եմ ընտանիքամետ գործատուի մոտ։ Իմ աշխատավայրում մարդկայնությունը կարգախոս չէ, այլ ամենօրյա գործելակերպ, բարյացակամությունը թուլություն չէ, այլ ուժ, որտեղ ինձ ամեն օրը հիշեցնում են, որ հարգանքը, կարեկցանքը, էմպատիան և հավասարակշռությունը շքեղություն չեն, այլ կենսական անհրաժեշտություն։ Հպարտ եմ՝ լինելու այս թիմի լիարժեք անդամը։

Հեղինակ՝ Արփինե Գրիգորյան

 

Իմ ընտանիքամետ աշխատավայրը (էսսե)

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Ընտանիքամետ գործատու» էսսեների և բլոգային նյութերի մրցույթ։ Մրցույթն իրականացվում է «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք մրցույթի հայտը՝  առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․ Հեղինակի կողմից նշված փաստերի, իրադարձությունների իրավասիությունը կազմակերպության կողմից չի ստուգվում։

***

Ես աշխատում եմ գյուղի դպրոցում` որպես էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ և հիմա գտնվում եմ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ Կփորձեմ ներկայացնել դպրոցը որպես ընտանիքամետ աշխատավայր՝ արձանագրելով ինչպես օրենքով ամրագրված հնարավորությունները, այնպես էլ գործնականում դրսևորվող աջակցությունը։

Օրենսդրական կարգավորումներն ու առկա հնարավորությունները

Լինելով պետական կառույց՝ դպրոցը չունի սեփական, հստակ մշակված ընտանիքամետ քաղաքականություն։ Ընտանիքամետ լինելու շրջանակը սահմանափակվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով։ Օրենքով նախատեսված այն հնարավորությունները, որոնք կարելի է համարել ընտանիքամետ, հետևյալն են.

  • ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատանքի հնարավորություն,
  • հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի արձակուրդներ,
  • կերակրող մայրերի համար նախատեսված ընդմիջումներ,
  • հիվանդության, ընտանիքի հիվանդ անդամին խնամելու համար նախատեսված արձակուրդներ։

Սակայն, ընտանիքամետ աշխատանելաոճի սեփական մեխանիզմների բացակայությունը դեռ չի նշանակում, որ դպրոցը չի կարող դրսևորել ընտանիքամետ գործելաոճ։ Մեզ մոտ դա հաճախ արտահայտվում է մարդկային մոտեցմամբ, փոխարինումների ճկուն կազմակերպմամբ և այնպիսի լուծումներով, որոնք նվազեցնում են աշխատողի անհարմարությունները։

Այժմ ընտանիքամետ աշխատավայրի կարևոր առանձնահատկություններից մեկի՝ հեռավար աշխատանքի մասին

Եթե դպրոցի մնացյալ աշխատողների աշխատանքը կարելի էր հեռավար պատկերացնել(սա արդեն ամրագրվել է նաև Աշխատանքային օրենսգրքով՝ կողմերի համաձայնությամբ աշխատողը կարող է աշխատել հեռավար), ապա մինչև 2020 թ. Հայաստանի դպրոցներում հեռավար ուսուցում կազմակերպելու մասին գաղափար անգամ չկար։ Բայց սկսվեց COVID-ը, ու դպրոցները անցան ամբողջական հեռավար ուսուցման։ Դրանից հետո կարիք զգացվեց, ու ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվեց «Հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար(դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը, որի 8.8-րդ կետով նախատեսվում է՝ ուսուցչի կողմից իր դպրոցի սովորողների համար հեռավար դասավանդում առավելագույնը 10 աշխատանքային օր, եթե ուսուցիչն ունի առկա կրթությունն անհնարին դարձնող բուժման կարիք՝ համապատասխան առողջության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի։

Իմ անձնական փորձառությունը

Նախ նշեմ, որ ես վաղուց արդեն աշխատանքի վերադարձած կլինեի, եթե գյուղում գործող միակ պետական մանկապարտեզում երեխաների ընդունելությունը չլիներ երեք տարեկանից։ Սա մի խնդիր է, որին բախվում են շատ մարզաբնակ աշխատող կանայք։

Մինչ դպրոցում աշխատանքս, ես աշխատում էի մանկապարտեզում որպես դաստիարակ՝ չնայած իմ բանասիրական կրթությանը, քանի որ համայնքում համապատասխան մասնագետ չկար։ Աշխատանքը կարծես ստացվում էր։ Ես սիրում էի երեխաներին, երեխաները սիրում էին ինձ։ Ես ազատորեն ստեղծագործում էի իմ աշխատանքում, միջոցառումներ, բաց պարապմունքներ էի կազմակերպում։ Ամեն ինչ լավ էր, մինչև իմ հղիության լուրը։ Մանկապարտեզում աշխատանքը ինձ համար դարձավ իրական փորձություն՝ տոնուս, շարունակական սուր վարակիչ հիվանդություններ՝ գրիպի տարբեր տեսակներ, կոնյուկտիվիտ։

Եկավ մի օր, որ հղիությունս հսկող բժիշկը ինձ վերջնագիր ներկայացրեց՝ կամ աշխատանք, կամ առողջ հղիություն։ Դա ինձ համար իսկապես ծանր էր և՛ ֆինանսապես, և՛ հոգեպես։ Ես չէի ուզում զրկվել աշխատանքից երեխայի խնամքի արձակուրդ գնալուց առաջ։ Դա նշանակում էր կորցնել աշխատավայր, մայրության նպաստ, մինչև երկու տարեկան երեխայի նպաստ, աշխատանքային փորձի տարիներ և անորոշ ապագա՝ արձակուրդը ավարտելու պարագայում։ Մանկապարտեզի տնօրենը արձակուրդ գնալու տարբերակը չէր դիտարկում. պարբերաբար դաստիարակ փոխելը, հասկանալի է, սթրեսային է երեխաների համար։

Այդ ընթացքում պարզեցի, որ գյուղի դպրոցում կա հաստիք, որի պահանջներին համապատասխանում եմ։ Դիմեցի՝ առանց մեծ ակնկալիքի, որովհետև Հայաստանում շատ հղիներ և նույնիսկ նոր ամուսնացած կանայք հանդիպում են թաքնված խտրականության․ շատ գործատուներ չեն ցանկանում ընդունել աշխատող, որը շուտով արձակուրդ է գնալու։

***

Երբ արձակուրդս ավարտվի ու վերադառնամ աշխատանքի, իմ աշխատանքի վերադառնալը համընկնելու է երեխայիս մանկապարտեզի ադապտացիային ու դպրոցում աշխատանքային ծանր շրջանին։ Բայց ճանաչելով իմ աշխատավայրը՝ գիտեմ, որ դպրոցը կաջակցի, եթե անհրաժեշտ լինի հեռավար աշխատանքի կամ ճկուն գրաֆիկի, որն ինձ ներքին հանգստություն է տալիս։

Վերջում ուզում եմ ասել, որ նույն դպրոցում աշխատում է նաև մայրս։ Նա իր հերթափոխի օրերին ամեն օր գնում է տուն՝ ծեր տատիս սնվել օգնելու նպատակով ու վերադառնում աշխատանքի։ Եթե նրան նման հնարավորություն չտրվեր, նա գուցե ստիպված լիներ հրաժարվել աշխատանքից… Ի՞նչ է դա, եթե ոչ ընտանիքամետ աշխատելաոճ։

Հեղինակ՝ Նարինե Գալոյան

 

 

Ընտանիքամետ գործատու (էսսե)

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Ընտանիքամետ գործատու» էսսեների և բլոգային նյութերի մրցույթ։ Մրցույթն իրականացվում է «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք մրցույթի հայտը՝  առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․ Հեղինակի կողմից նշված փաստերի, իրադարձությունների իրավասիությունը կազմակերպության կողմից չի ստուգվում։

***

Մայրանալու մի քանի տարվա վայելքից հետո անհրաժեշտ էր մտնել աշխատանքային տարերքի մեջ՝ կյանքի կոչելով մասնագիտական կարողություններն ու ներքին այն մեծ ջիղը, որ չէր գործարկվել տարիների ընթացքում։

Հատկապես առաջին երեխայի դեպքում մայրական սրտի վախը, կասկածները, մտահոգությունները թույլ չեն տալիս մայրիկին հեշտությամբ բաժանվել երեխայից։ Անհրաժեշտ էր կայացնել այնպիսի որոշում, որը կլիներ փոխշահավետ թե՛ երկուամյա երեխայի, թե՛ աշխատանքի աժոտաժի մեջ մտնելու մեծ ցանկություն ունեցող մայրիկի, եւ թե՛ ապագա գործատուի համար։ Եվ ահա «փայլատակեց» ուղեղս մի մտքով, որ երեխաս կհաճախի այն մանկապարտեզ, որտեղ կաշխատեմ ես։ Սկսվեցին աշխատանքային փնտրտուքները. նամակներ տարբեր մանկական կենտրոնների, մանկապարտեզների, հարցազրույցներ, փորձաշրջաններ…. սակայն ապարդյուն։ Բոլոր գործատուները նշում էին մի փաստ, որ մայրն ու երեխան մեկ վայրում միայն բացասական հետեւանքներով աշխատանքային արդյունքներ կբերեն իրենց։ Հայտնում էին իրենց շնորհակալությունը եւ ասում, որ առանց երեխայի գնամ։ Սակայն ընդամենը քսանհիգամյա համառությունս մի բան էր ինձ հուշում. Երեւանում չի կարող չլինել գոնե մի կետրոն, որ չհամաձայնի ինձ ու երեխայիս միաժամանակ ընդունել։ Եվ իմ համառությունն իսկապես հաղթեց. ես աշխատեցի մի կենտրոնում, որը դարձավ ոչ միայն երեխայիս մանկապարտեզն ու իմ աշխատանքային վայրը, այլեւ իմ ու փոքրիկիս ամենասիրելի տեղը։ Առավոտներն այլեւս լարված չէին. մենք գնում էինք մանկապարտեզ որպես աշխատակից եւ սան։ Իհարկե ընթացքում ես բախվեցի բազմահազար, տարաբնույթ, երբեմն անհաղթահարելի թվացող խնդիրների, սակայն չմոռանանք իմ համառության տեսակի մասին, որն օր օրի ավելի էր կարծրանում։ Գործատուիս համբերությունը կարծես իմ համառությանը զուգահեռ մեծանում էր….

Անցավ վեց տարի։ Կենտրոնը, ես, գործատուս, մեր աշխատանքը դարձել ենք կուռ ու երբեմն անմրցունակ։

Այսօրվանից հետհայացքը դեպի այդ վեց տարիները փաստում են միայն մի բան. աշխատանքի մեջ կարեւոր են ոչ թե ժամերը, այլ վերաբերմունքը միմյանց, երեխաներին ու կյանքին։ Ընտանիքամետ գործատուն այն ղեկավարն է, ով ոչ միայն հասկանում է, որ մայր լինելը աշխատանքի խոչընդոտ չէ, այլեւ ուժ է, փորձ ու հոգատարություն։ Այստեղ չեն դատում մորը երեխայի կողքին լինելու ցանկության համար, այլեւ օգտագործում են մոր ներուժը, որն ավելի է մեծանում, երբ տեսնում է երեխային ապահով միջավայրում, լսում է նրա անհոգ ծիծաղը։ Սա լավագույն խթանն էր ինձնից աշխատանքի հրաշալի արգասիքներ ստանալու համար։ Չէ՞ որ միայն երջանիկ մարդը կարող է անթերի աշխատել։ Ամեն անգամ երեխայիս դաս անելիս, ուրախ վազելիս, անհոգ խաղալիս տեսնելիս ես մտածում էի՝ որքան լավ է՝ իմ աշխատանքը նրա մանկության մի հրաշալի մասն է։ Իմ աշխատանքն ու մայրությունը միաձուլվել էին մի ջերմ առօրյայի մեջ։ Իսկ այս ամենի ետեւում կանգնած էր ընտանիքամետ ղեկավարը։

Ես վստահ եմ՝ ընտանիքամետ գործատուն նա չէ, ով կազմակերպում է տարատեսակ ընտանեկան խնջույքներ, պատրաստում հրաշալի նվերներ իր աշխատակիցների համար։ Ընտանիքամետ է այն գործատուն, ում աշխատանքի հիմքում մարդն է՝ իր ընտանիքով, սիրով ու հոգատարությամբ։ Ապագայի մեծ պլաններով այժմ ես նայում եմ կյանքին։ Եվ այդ պլաններում արդեն ակներեւ են սեփական բիզնեսի ակունքները։ Որպես ղեկավար ես պլանավորում եմ առաջնորդվել ոչ միայն անաչառության ու օրինապահության, կանոնակարգված ու համակարգված աշխատանքի սկզբունքներով, այլեւ ընտանիքամետ լինելու բացառիկ ձիրքով։Ես հավատում եմ, որ ես կկարողանամ ոչ միայն ղեկավարել, այլեւ հոգ տանել։ Մարդիկ ինձ մոտ կգան ոչ թե պարտավորությունից, այլ վստահությունից ելնելով։ Սրտով ղեկավարելը ամենաուժեղ կառավարման ձեւն է։ Ընտանիքամետ գործատուի մոտ մարդը ոչ միայն դրսեւորում է իրեն իր պաշտոնին համապատասխան ու հարիր, այլեւ չի կորցնում իր դերը որպես ծնող, երեխա, քույր կամ եղբայր։ Սա գերազանց տարբերակ է աշխատողի համար դիտվելու ոչ թե որպես ռեսուրս, այլ ՄԱՐԴ։

Հեղինակ՝ Ելենա Մարգարյան

Անվերնագիր (բլոգային նյութ)

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Ընտանիքամետ գործատու» էսսեների և բլոգային նյութերի մրցույթ։ Մրցույթն իրականացվում է «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք մրցույթի հայտը՝  առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․ Հեղինակի կողմից նշված փաստերի, իրադարձությունների իրավասիությունը կազմակերպության կողմից չի ստուգվում։

***

էս մեկ շաբաթվա իրենց աշնանային արձակուրդը (երեխաների,- «Կետ 33» ՀԿ) իմ ու կնոջս համար իսկապես սթրեսս էր: Երբ երկուսս էլ աշխատանքի պիտի գնայինք, իսկ երեխային տանը մենակ թողնել հնարավոր չէր:

Պատասխանատու աշխատող ծնողին աջակցելը իրականում մոտիվացնում է։ Պարտավորեցնում է աշխատավայրում հետո ավելին անել։ Գործատու-աշխատող փոխվստահությունը շատ հաճախ այդպիսի իրավիճակներում է ամրանում։

Երբ կա տնօրենի ադեկվատ դիրքորոշում ու արդեն չկա աշխատակցի մեղավորության զգացում, առաջին պլան է գալիս երախտագիտությունը։ Բաց թողածը լրացնել աշխատանքային ժամերից դուրս, հանգստյան օրերին կամ էլ հեռավար։ Եվ ընդհանրապես շատ հաճախ կարևոր չի թե աշխատավայրում քանի ժամ ես անցկացնում, կարևորը արդյունքն է։ Իսկ որակյալ արդյունքը կախված գործի բնույթից շատ հաճախ աշխատավայրում անցկացրած ժամերի հետ կապ չունի։

Լավ է, երբ մեր երկրում էլ կան ընտանիքամետ գործատուներ: Հուսով եմ նրանք շատ ավելի կշատանան ու հնարավորինս շուտ:

Երբ չի դրվում ընտրություն աշխատանքի ու ընտանիքի միջև, երկուսն էլ շահում են։

https://www.instagram.com/reel/DQMWQt1CCeR/?igsh=ajdrcjgyeTA5YnBs

Հեղինակ՝  Գրիգոր Հարությունյան

Մեր երկիրը հարմարեցված չի մամաների համար (բլոգային նյութ)

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Ընտանիքամետ գործատու» էսսեների և բլոգային նյութերի մրցույթ։ Մրցույթն իրականացվում է «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք մրցույթի հայտը՝  առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․ Հեղինակի կողմից նշված փաստերի, իրադարձությունների իրավասիությունը կազմակերպության կողմից չի ստուգվում։

***

Տիկին Տոպոլյան ջան,

🌱 Մեր Plantastic ծաղկամանը Ձեզ եմ նվիրում՝ որպես հիշեցում, որ աշխատանքն ու մայրությունը կարող են կողք կողքի լինել, եթե կա մարդկային վերաբերմունք ու ցանկություն։

Շատ շնորհակալ եմ, որ 4 տարի առաջ ինձ ոգևորեցիք, աջակցեցիք, 4 ամսական Արենին կրծքով կերակրելու ընթացքում որոշում կայացնել շարունակել դասախոսել։ Քոլեջների ու ուսումնարանների ինչ-որ անհասկանալի միավորման պրոցեսներ են ընթանում, որի արդյունքում այլևս իմ տնօրենը չեք, ու վստահ հիմա ավելի ազնիվ կընկալվի շնորհակալությունս։ Շաբաթը մեկ օր աշխատելուց սկսած, հետո ժամերը քիչ-քիչ ավելացնելով , ես կարողացա համատեղել և՛ մամայությունը, և՛ 2 տարի կրծքով կերակրումը, և՛ աշխատանքը։ Դա հեշտ չէր, բայց ստացվեց նաև Ձեր մշտական խրախուսման շնորհիվ:

Արենի հետ շատ հաճախ եմ եկել աշխատանքի․ կերակրել, քնացրել, դասախոսության գնացել, երկար դասամիջոցին նորից կերակրել ու գնացքով Երևանից Արմավիր եկել։ Երբեք չեմ զգացել, որ դասապրոցեսը տուժում էր էս պրոցեսից, ընդհակառակը նույնիսկ էլ ավելի պատասխանատու ես մոտենում էս իրավիճակում ամեն 45 րոպեին։ Արենը քնում էր նաև ձեր սենյակում, գրադարանում, լսարանում ( ասեմ իմանաք աղմկոտ կուրսերում էս շատ լավ մեթոդ էր, լուռ ու անաղմուկ դաս անցկացնելու: Չեմ կարող նաև չասել, որ կոլեկտիվը  ևս շատ աջակցել է ինձ, որ ես համ կերակրող մամա լինեմ, բայց նաև շարունակեմ կարիերաս (թոռներին կարոտ դասախոսները կռիվ էին անում երբեմն, թե իրենց ազատ պատուհանի ժամանակ ով պիտի Արենի մոտ լիներ քնի ժամին:

Հայաստանում միայն «կրծքով կերակրման շաբաթ» ունենալը քիչ է՝ այն խրախուսելու համար։ Հատկապես երբ նույնիսկ Հանրապետական պոլիկլինիկայի մանկական բաժնում կկ սենյակի մասին երբեք չեն մտածել։

Շատ մասնագետներ հաճախ ասում են, որ մինչև 3 տարեկան երեխայի համար մայրիկի ֆիզիկական ներկայությունն անչափ կարևոր է։ Բայց հաճախ մոռացվում է ավելի կարևոր մի բան, որ հոգնած, սպառված, մասնագիտական ներուժը մտքում թաղած, կենցաղից այրված ու մոխրացած մաման չի կարող ջերմություն տալ երեխային, եթե նույնիսկ 24 ժամ ֆիզիկապես երեխայի կողքին է։

Որպեսզի մայրիկը կարողանա ոչ միայն ներկայություն ցուցադրել, այլ ջերմություն, նրան անհրաժեշտ է բազմակողմանի աջակցություն՝
👨‍👩‍👧‍👦 ընտանիքի բոլոր անդամների, բայց հատկապես պապայի մշտական աջակցություն,
💼 աշխատաշուկայում թեկուզ շատ քիչ, բայց ներգրավվածություն,
🤝 գործընկերների փոխըմբռնում

👩‍💼 ղեկավարության մարդասիրական մոտեցում,  և, ամենակարևորը, օրենսդրական պաշտպանվածություն։

Միայն այս պայմաններում մաման կկարողանա պահպանել իր էներգիան՝ իսկապես ներկա լինելու իր երեխայի կյանքում, ոչ միայն մարմնով, այլև սրտով։

Ի դեպ, շատ հաճախ մամաները քաշ են հավաքում ոչ միայն հորմոնալ փոփոխությունների, քնի ռեժիմի խախտման այլ նաև այն պատճառով, որ «ուտում» են իրենց խնդիրները, չլուծված էմոցիաները, անհանգստությունները և ֆինանսական ծանրությունը։ Եվ հաճախ սնունդը դառնում է «միակ պարգևատրությունը» որ մամաները կարողանում են իրենց նվիրել ու երջանիկ զգալ մի քանի րոպե: Մեկ-մեկ էս ոնց ես չաղացել նորաթուխ մամային ասելուց առաջ շատ չէ, մի 2 րոպե մտածելը խրախուսվում է:

Բնականաբար ամեն մամա ինքն է որոշում, թե քանի երեխա ունենա ու որքան մնալ դեկրետում, բայց օրինակ՝ եթե մաման ուզում է 4 երեխա ունենալ, երկար կերակրել ու 3 տարի էլ դեկրետում լինել, ապա ստացվում է, որ նա 12 տարի չի վերադառնում աշխատաշուկա ։ Սա և՛ դժվար է, և՛ անարդար բոլոր մամաների համար, որովհետև որպես մասնագետ սկսում են կաղել ու թուլանալ ։ Շատ կանայք էս պրոցեսների արդյունքում կամ թաղում են իրենց մասնագիտական պոտենցիալը, կամ որոշում են էնքան որ մի գործով զբաղվել, որովհետև էլ մրցունակ չեն ու աշխատանքային հարցազրույցում վերջին 10 տարին ոչ մի գրավող բան չկա գործատուի համար, շատերը` բոլոր էն մասնագիտությունները, որոնք երկար դադար չեն սիրում, իրենց մասնագիտությանը հրաժեշտ են տալիս ու սկսում են օրինակ մի քանի ամսում կոսմետոլոգ դառնալ կամ այլ բան, մի մասն էլ որոշում է շատ երեխաներ չունենալ, որ էս խնդիրներին չբախվի։ Որևէ մեկը էս շղթան պատկերացնելով, որոշում է պլանավորել երեխա ունենալն այն ժամանակ, երբ արդեն վերարտադրողական տարիքի սահմանին է գտնվում։

Ամբողջ աշխարհում  անգամ համալսարաններն ու գրադարաններն են հարմարեցված կերակրող մամաներին։ Կարծում եմ՝ ժամանակն է , որ Հայաստանում օրենսդրական լուրջ փոփոխություններ արվեն, որպեսզի մամաները թեկուզ շաբաթական մի քանի ժամով կարողանան շարունակել աշխատանքն ու կարիերան երեխայի խնամքի հետ զուգահեռ։ Որ այս հարցը այլևս գործատուի բնավորությունից կամ տրամադրությունից կախված չլինի։

Շատ մենեջերներ եմ ունեցել, մի օր հերթով բոլորին պիտի անդրադառնամ ))))

Իսկ եթե ձեր շրջապատում կանայք չարացած են, անպատեհ առիթ են ման գալիս ձեզ կամ այլոց վիրավորելու, նեղացնելու, միայն բացասականի վրա կենտրոնանալու, կամ տանել չեն կարողանում ուրիշ կանանց երջանկությունը, ապա իմացեք, որ հավանականություն կա, որ էս խեղճերը էս բոլոր թվարկվածներիս բախվել են: Սրանք ազդակներ են, որ էս կանայք էն իմ ասած մոխրանալու ու այրվելու փուլին են հասել, ու հավանաբար նաև մեր աջակցության կարիքն ունեն:

Հեղինակ՝ Աննա Մկրտչյան
Հրապարակվել է այստեղ։

Ընտանիքամետ աշխատավայր․ հայաստանյան հնարավորությունները

«Ընտանիքամետ աշխատավայր․ հայաստանյան հնարավորությունները» հետազոտությունն իրականացվել է «Կետ 33» հասարակական կազմակերպության կողմից՝ «Դարձնենք ընտանիքամետ աշխատավայրն իրական» ծրագրի շրջանակում:

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կետ 33» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Հետազոտության հեղինակային իրավունքը պատկանում է  «Կետ 33» հասարակական կազմակերպությանը, հղումը պարտադիր է աշխատանքից մեջբերումներ անելու դեպքում։

Հետազոտությանը կարող եք ծանոթանալ այստեղ։