Posts

Մտածելակերպը աշխատում է կամ մեր օգտին, կամ մեր դեմ

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Ընտանիքամետ գործատու» էսսեների և բլոգային նյութերի մրցույթ։ Մրցույթն իրականացվում է «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք մրցույթի հայտը՝  առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․ Հեղինակի կողմից նշված փաստերի, իրադարձությունների իրավասիությունը կազմակերպության կողմից չի ստուգվում։

***

(էսսե)

Փոխելով մտածելակերպը` կփոխեք նաև արձագանքը։

Համոզմունքները ձևավորում են աշխարհի մասին պատկերացումները, ինչպե՞ս ենք շփվում գործընկերների հետ և ինչպես ենք ընդունում մարտահրավերները:
Մեզ ստիպել են տարանջատել աշխատանքն ու անձնական կյանքը:
Բայց մարդն այլ մոտեցում ունի։

Փոփոխված մոտեցում ընտանեկան արժեքների ինտեգրումն աշխատանքում

Ի՞նչ կլինի, եթե աշխատավայրում որդեգրենք նույն արժեքները, որով առաջնորդվում են առողջ ընտանիքներում`

  • վստահություն,
  • բաց հաղորդակցություն,
  • ճկունություն և աջակցություն։

Իսկ եթե այդ նույն սկզբունքները կիրառենք աշխատավայրո՞ւմ։

Հետազոտությունները փաստում են, որ դեռ մանկուց մեր մտածելակերպը ձևավորվում են գովասանքն ու պիտակները։
Նպատակը, սակայն, կատարելությունը չէ, այլ աճը։
Աճն սկսվում է այն պահից, երբ հասկանում ես՝ որտեղ ես գտնվում ու ուր ես ուզում հասնել։

Ընտանեկան մտածողություն ունեցող ընկերությունը՝

  • ստեղծում է մշակույթ, որտեղ մարդկանց գնահատում են և աջակցում, ոչ թե պարզապես ղեկավարում,
  • խթանում է բաց հաղորդակցությունը՝ նվազեցնելով կոնֆլիկտները,
  • արժևորում է բարեկեցությունը ավելի, քան արդյունավետությունը։

Ժամանակակից աշխատավայրը չի ստիպում ընտրել ընտանիքի և հաջողության միջև, այլ ինտեգրում է երկուսն էլ։
Ընտանեկան արժեքներ դավանող ընկերությունը ոչ թե կառավարում է աշխատակիցներին, այլ գնահատում է նրանց։
Արդյունքում` իրեն գնահատված զգացող մարդու աշխատանքային արդյունավետությունն աճում է, նվազում է սթրեսը, մարդը հակվում է համագործակցության։

«Երազանքների մտածելակերպի» ներդրումը աշխատավայրում

Սա միջավայր է, որ խթանում է լավատեսությունը, ստեղծագործականությունը և հաջողելու պատրաստակամությունը:
Այն թույլ է տալիս աշխատակիցներին զարգանալ, ոգեշնչվել և ներդաշնակություն գտնել անձնական և մասնագիտական նպատակների ծիրում։ Պատասխանատվությունը արդյունավետ կերպով բաշխելը ոչ թե վերահսկումն է, այլ առաջնահերթությունների սահմանումը, կայուն համակարգերի ներդրումը այդ գործում:

Կանանց մասին

Կանայք շատ ավելի հաճախ են միաժամանակ մի քանի դեր կատարում՝ մասնագետ, մայր, առաջնորդ, տնային տնտեսուհի, կին։

Նրանց աջակցելու և աշխատանքային միջավայրն ավելի ճկուն դարձնելու համար կարելի է․

  • սահմանել ճկուն աշխատանքային գրաֆիկ, որը կստեղծի հավասարակշռություն աշխատանքի և ընտանիքի միջև,
  • մշակել ընտանիքի շահերից բխող քաղաքականություն՝ բոլոր աշխատողների համար։
  • դիտարկել անձնական պարտականությունները որպես ուժ, ոչ թե որպես խոչընդոտ։

Հոգեբանական գործիքներ (CBT)

  • Վերափոխման մեթոդ. Դրական տեսանկյունից նայել իրավիճակին
  • Վարժություններ ինքնավստահության, ինքնագնահատականի բարձրացման և զգացմունքների կառավարման համար, օրինակ՝ «3 լավ բան, որ այսօր արել ես»։

Ընտանիքն աջակցում է քեզ, դու՝ ընտանիքին:
Պարզ բանաձև կիրառենք` միավորել, հաղորդակցվել, աջակցել

  • Միավորել այն արժեքները, որոնք խրախուսում են աշխատանք-անձնական կյանք հավասարակշռությանը։
  • Ազատ շփվել. երբ մարդիկ զգում են, որ իրենց լսում են, ավելի ստեղծագործ են դառնում։
  • Աջակցել թիմերին. Մարդիկ լքում են ոչ թե աշխատանքը, այլ թունավոր միջավայրը։ Երբ միջավայրն անվտանգ է, կա փոխվստահություն, աշխատակիցն իրեն լավագույնս է դրսևորում:

Ի՞նչ անել, երբ միջավայրը թունավոր է

Հստակ է մի բան. Մենք ունենք ընտրելու և մեր վերաբերմունքը փոխելու ուժ:
Եթե աշխատավայրն անտանելի շատ էներգիա է խլում, պետք է․

  • անձնական սահմաններ դնել
  • սթրեսը կառավարելու առողջ սովորույթներ ձևավորել,
  • փնտրել աճի հնարավորություններ՝ առանց անտեսելու ինքներս մեզ:

Օրվա մարտահրավերը

  • Եթե ղեկավար ես, հարցրու քեզ՝ աջակցո՞ղ միջավայր ես ստեղծում, թե՞ պարզապես կառավարում ես։
  • Եթե աշխատող ես, սկսիր նվազագույնից. սահմաններ դիր, խոսիր, պահանջիր` ըստ կարիքի։
  • Եթե ծնող ես, հիշի´ր՝ այն որակները, դրսևորում ես տանը՝ համբերատարություն, հարմարվողականություն, զիջելու պատրաստակամություն, վերլուծելու ունակություն, նույն այն հմտություններն են, որ քեզ լավ մասնագետ են դարձնում։

Երբ մեր ընտանիքի լավագույն արժեքները բերում ենք աշխատանքային միջավայր, մենք ոչ միայն ավելի լավ բիզնես ենք կառուցում, այլև ավելի լավ աշխարհ։

Այն, ինչ առավելագույնս արժևորում ենք տանը, մեր հաջողության հիմքն է նաև աշխատավայրում:

Հեղինակ՝ Հայկուհի Մազմանյան

Հոդվածը հրապարակվել է Armenian HR Association կայքում

Ընտանիքամետ գործատու, որն աջակցեց աճել ու առաջնորդել

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Ընտանիքամետ գործատու» էսսեների և բլոգային նյութերի մրցույթ։ Մրցույթն իրականացվում է «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք մրցույթի հայտը՝  առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․ Հեղինակի կողմից նշված փաստերի, իրադարձությունների իրավասիությունը կազմակերպության կողմից չի ստուգվում։

***

(էսսե)

Շրջակա միջավայր և առողջություն ՀԿ–ում իմ մեկ տարվա աշխատանքային ճանապարհը դարձավ մի շրջադարձային փորձ, որը փոխեց ոչ միայն իմ մասնագիտական ինքնաըկալումը, այլև՝ իմ կյանքի որակը։ Ես միացա թիմին որպես «Բնության և Կնոջ Ուժը» նախաձեռնության թիմի համակարգող։Մենք իրականացրել ենք բնապահպանական ծրագիր։ հենց առաջին օրերից զգացի, որ սա ընդամենը աշխատանքային վայր չէ․ սա մի միջավայր է, որտեղ մարդուն տեսնում են ամբողջականությամբ՝ ոչ միայն որպես մասնագետ, այլ նաև որպես անձնավորություն, մայր, կին, համայնքի անդամ։

Որպես չորս երեխաների մայր, հաճախ պատկերացնում էի, որ գուցե դժվար լինի լիարժեք ներգրավվել աշխատանքային ինտենսիվ պրոցեսների մեջ, բայց կազմակերպությունը կոտրեց այդ վախերը։ Նրանք ոչ միայն ընդունեցին ինձ իրենց թիմ, այլև ստեղծեցին այնպիսի պայմաններ, որտեղ ես կարողացա առանց սթրեսի, առանց ճնշման և առանց ընտրության առաջ կանգնելու համատեղել մասնագիտական պատասխանատվությունն ու մայրական պարտականությունները։ Այստեղ ինձ երբեք չհարցրեցին՝ «աշխատանք, թե երեխաներ»։ Այստեղ ինձ ասացին՝ «երկուսն էլ կարող ես, և մենք կողքիդ ենք»։

Այս մոտեցումը չի եղել միայն խոսքերով։ Այն արտահայտվել է ամենօրյա աշխատանքային իրականության մեջ՝ գրաֆիկի ճկունությամբ, մարդկային վերաբերմունքով, ըմբռնումով՝ թե ինչ է նշանակում բազմազավակ մայր լինել, և այն հոգատարությամբ, որով իմ կարիքներն ընդունվել են առանց դատողության։

Այս թիմում ես ոչ միայն սովորեցի նախագծային կառավարում, հաղորդակցություն, համայնքային աշխատանք, ծրագրային կազմակերպում, այլ նաև՝ թե ինչ է նշանակում աշխատավայր, որը իր մեջ կրում է ընտանիքամետ մշակույթի իրական արժեքները։ Իմ նկատմամբ վերաբերմունքը դարձավ ապացույց, որ աշխատողին մարդուն չվնասելու սկզբունքը կարող է լինել ոչ թե գրագիտական դրույթ, այլ գործնական իրականություն։

Այս մեկ տարին ինձ տվել է անգին փորձ՝ կազմակերպել, համակարգել, ներկայացնել, ստեղծել ու ղեկավարել։ Եվ այսօր ես վստահ եմ, որ այս ամրացած հիմքը ինձ տալիս է հնարավորություն ձգտելու ավելի բարձր, ավելի պատասխանատու պաշտոնների։ Այն վստահությունը, որը ստացել եմ այստեղ, դարձել է իմ մասնագիտական շարժիչ ուժը։

Այս կազմակերպությունը իմ կյանքում թողեց մի հետք, որը չի ջնջվում․մարդկային վերաբերմունքով հագեցած մի միջավայր, որտեղ աշխատակիցը դիտվում է որպես արժեք, իսկ ընտանիքը՝ որպես կարևորագույն ենթակառուցվածք, ոչ թե խոչընդոտ։

Այստեղ ինձ տեսան, լսեցին, աջակցեցին, կրթեցին և ուժեղացրին։ Եվ եթե ինձ խնդրեն մեկ բառով նկարագրել այս կազմակերպության աշխատանքային մշակույթը, կասեմ՝ ընտանիք։ Որովհետև այստեղ մարդուն վերաբերվում  են մարդու պես։

Հեղինակ՝ Մարիյա Թումասյան

Ընտանիքամետ գործատուն իմ ղեկավարն է

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Ընտանիքամետ գործատու» էսսեների և բլոգային նյութերի մրցույթ։ Մրցույթն իրականացվում է «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք մրցույթի հայտը՝  առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․ Հեղինակի կողմից նշված փաստերի, իրադարձությունների իրավասիությունը կազմակերպության կողմից չի ստուգվում։

***

Կարիերան և ընտանիքը համատեղող կնոջ համար ամենամեծ արժեքներից մեկը ընտանիքամետ գործատու ունենալն է։ Հայկական իրականությունում դա, ցավոք, հաճախ հանդիպող երեւույթ չէ։ Տարածված կարծրատիպ կա՝ ամուսնացած, «երեխայատեր» աշխատակիցը կարող է անընդհատ բացակայել, չէ՞ որ երեխաների հետ կապված հոգսեր կան, որոնք պետք է հոգա
հենց մայրը, իսկ դրանից կտուժի աշխատանքը։ Բայց հաճախ ամենաարդյունավետ աշխատակիցները հենց մայրիկներն են՝ ավելի
կազմակերպված, հասուն և շնորհակալ իրենց հնարավորությունների համար։ Աշխատող մայրերը շատ հաճախ մեղքի ներքին զգացողություն ունեն՝ «քիչ ժամանակ հատկացրի երեխայիս, մյուս երեխաները շուտ են գնում տուն, իմը միշտ մնում է մանկապարտեզում մինչև 17․30, հանդեսից հետո տուն չեմ կարողանում տանել, միջոցառումներին, ժողովներին ուշանում եմ․․․»։
Եվ հենց այստեղ է կարևորվում գործատուի վերաբերմունքը՝ այն կարող է թեթևացնել քո մտահոգությունները, թե ավելացնել լարվածությունը։
Իմ հիշողության մեջ կան երկու դրվագներ, որոնք ընտանիքամետ և չընտանիքամետ վերաբերմունքի իսկական ապացույց են։
Տարիներ առաջ, երբ երեխաս վիրահատվում էր, գտնվելով արձակուրդում՝ ստացա հեռախոսազանգ, որտեղ ինձ տեղեկացրին, որ «քանի որ վիրահատարանում գտնվող երեխայիս ոչնչով օգնել չեմ կարող, կարող եմ աշխատել, օգնել գործին»։ Գուցե պրակտիկորեն դա ճշմարիտ էր, բայց մարդկային տեսանկյունից՝ ցավոտ։ Այդ գործատուն հաճախ էր ակնարկում՝ «երեխաներդ շատ են հիվանդանում, հա՞», կարծես դա աշխատակցի մեղքն էր․․․և այսպես շարունակ։
Իսկ իմ ներկայիս աշխատանքում ամեն ինչ այլ է։ Աշխատանքի առաջին իսկ ամսում կրկին երեխայի վիրահատություն ունեցանք։ Ամաչելով խնդրեցի բացակայել, ստացա ոչ թե զարմանք, զայրույթ, այլ հոգատար զանգեր՝ հետաքրքրվելու երեխայի առողջությամբ, իսկ հետո «կշտամբանք»՝ «գուցե դեռ մի քանի օր մնայիր տանը, ինչի՞ ես շտապել աշխատանքի»։

Մեկ ուրիշ դրվագ՝ երեխան հիվանդանում է, տեղեկացնում եմ ղեկավարին, իսկ պատասխանն անփոփոխ է՝ «իհարկե, մնա երեխայիդ կողքին։ Ջերմությունը ինչքա՞ն է, պետք է բժշկի հետ կապե՞մ, օգնե՞մ»։ Այսպես անցնում է մեր աշխատանքային առօրյան՝ ծնողի հիվանդություն, ծնողական ժողով, հանդես, տարեդարձ։ Ոչ մի բացակայություն երբևէ չի վերածվում «մեծ պատմության»։ Իհարկե, ընտանիքամետ գործատուն միայն «day off» նվիրելով չի բնորոշվում։ Դա վերաբերմունք է, լռելայն մշակույթ, միջավայր, որտեղ աշխատողը վստահ է, որ իր առաջնային արժեքները տեսադաշտից դուրս չեն մնում, որտեղ մարդը չի վճարում աշխատանքի գնով ընտանիքի համար, այլ աշխատանքն է հարմարեցվում մարդու կյանքին։
Գործատուն կարող է հունիսի 1-ին տասնյակ նվերներ ուղարկել, բայց եթե ամեն անգամ ծնողի կամ երեխայի հետ կապված հարցը խնդրելիս աշխատակիցը վախենում է կամ սթրես է ապրում, այդ նվերների արժեքը զրոյանում է։ Ի վերջո, մայրը երբեք չի ընտրի աշխատանքը երեխայի փոխարեն։ Բայց ամեն աշխատող՝ անկախ նրանից՝ կին է, տղամարդ, ծնող, թե դեռ ոչ, արժանի է աշխատանքի, որտեղ այդ
ընտրությունը իրեն չի պարտադրվում, որտեղ մարդկայնությունը աշխատանքային պարտականություններից չի զատվում։
Ընտանիքամետ լինելը մշակույթ է։ Այն ձևավորվում է ղեկավարի վերաբերմունքով՝ լայն սրտով, վստահություն ներշնչող միջավայրով, առանց աշխատակցի մեջ մեղքի զգացում արթնացնելու։ Եվ դա փոխում է ոչ միայն աշխատողի աշխատանքը, այլ նրա ողջ հոգեբանական վիճակը՝ ստեղծելով անվտանգ, հոգատար, մարդկային հարաբերությունների վրա հիմնված միջավայր։ Ընտանիքամետ վերաբերմունքը ոչ միայն հեշտացնում է աշխատանքը, այլ նաև ձևավորում է վստահելի, առողջ և հարգանքով լեցուն միջավայր։ Երբ աշխատողն իրեն գնահատված ու
հասկացված է զգում, նա դառնում է ավելի մոտիվացված, ավելի նվիրված և պատրաստ է առավելագույնն անել աշխատանքում։ Ընտանիքամետ գործատուն ոչ միայն աշխատանքում թևեր է տալիս, այլև ընտանիքում նպաստում ներդաշնակության։

Սիրելի կանայք, սիրելի մայրեր, մենք բոլորս իսկապես արժանի ենք ունենալու գործատու, որը տեսնում է ոչ միայն մեր մասնագիտական կարողությունները, այլև մեր մարդկային ու ծնողական կարիքները, չէ՞ որ աշխատանքի նկատմամբ հոգատարությունը, պատասխանատու
և նվիրված վերաբերմունքը սկսվում է ընտանիքից։Ես իսկապես հպարտանում եմ և շնորհակալ եմ, որ ունեմ սուպեր ընտանիքամետ
գործատու, ավելին՝ հաճախ ինքս ինձ նախանձում եմ հենց դրա համար և համարում, որ սա լավագույն փոխհատուցումն է իմ կյանքում հանդիպած բոլոր չընտանիքամետ գործատուների։
Հ․Գ․ Թերևս պատահական չէ, որ իմ ընտանիքամետ գործատուն աշխարհի ամենահումանիտար մասնագիտությունն ունի՝ բժիշկ է նաև էությամբ և ապրելակերպով։

Հեղինակ՝ Ինգա Մարտինյան

Ընտանիքամետ գործատու

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Ընտանիքամետ գործատու» էսսեների և բլոգային նյութերի մրցույթ։ Մրցույթն իրականացվում է «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք մրցույթի հայտը՝  առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․ Հեղինակի կողմից նշված փաստերի, իրադարձությունների իրավասիությունը կազմակերպության կողմից չի ստուգվում։

***

(էսսե)

Ես ներկայացնում եմ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը: Թիմին միացել եմ համեմատաբար վերջերս, սակայն միևնույն գործատուի հետ նախկինում էլի շատ տարիներ աշխատել ենք մեկ այլ թիմում: Կարծում եմ, որ մեր գործատուն ընտանիքամետ է հետևայալ պատճառաբանությամբ. Աշխատանքում դրական արդյունքներ ու որևէ առաջընթաց դժվար է ունենալ, եթե չլինի աշխատանք-կյանք հավասարակշռությունը: Եթե գործատուն պարբերաբար ներգրավվի աշխատակցին աշխատանքային գործընթացում՝ հարկադրելով նրան աշխատել լրացուցիչ ժամեր, չարաշահի նրա հանգստի իրավունքը հանգստյան օրերին և հնարավորություն չտա թիմակցին վերականգնվել ու իր կյանքը լցնել աշխատանքից բացի ուրիշ այլ գործունեությամբ՝ հոբբի, սպորտ, շփում մտերիմների հետ, պասիվ հանգիստ: Նման իրավիճակում աշխատակիցը հնարավորություն չի ունենա իրացնել իր անձնական ու ընտանեկան կյանքի իրավունքը, հանգստի իրավունքն ու մշակութային մի շարք իրավունքներ: Իմ գործատուն քաջ գիտակցում է աշխատանք-կյանք հավասարակշռության կարևորությունը ու խրախուսում է այն: Խրախուսում է, որ իր թիմակիցները ժամանակ տրամադրեն անձնական կյանքին ու մտերիմաների հետ շփումներին, առողջությանը ու հանգստին, սպորտին ու սիրած զբաղմունքին և առհասարակ բազմաբևեռ կյանք ունենալուն:

Մեր թիմում կան մարդիկ ովքեր համատեղում են ուսումն ու աշխատանքը: Եվ մեր գործատուն այս առումով ճկուն է ու ընձեռում է հնարավորություն աշխատել ճկուն ժամեր ու համատեղել աշխատանքը կրթության հետ: Նաև, եթե թիմակիցներից մեկը անձնական ու մասնագիտական զարգացման որևէ դասընթացի, ծրագրի է ուզում մասնակցել՝ մեր գործատուն կրկին անգամ բաց է և ողջունում է նման նախաձեռնությունները, թիմակիցների մասնագիտական զարգացումն ու կայացումը: Երբ աշխատանքը ավելին է, քան աշխատանքային պարտականությունների կատարման գործընթացը, երբ հնարավորություն է ընձեռնվում շարունակական կրթության ու զարգացման համար, դա, ինչ խոսք, նաև շատ մոտիվացնող է և դրդում է էլ ավելի լավ դրսևորվել աշխատանքի մեջ:

Իմ գործատուն, աշխատավայրում իր վարած քաղաքականությամբ, խրախուսում է ընտանիքի կազմումն ու երեխաներ ունենալը: Օրինակ, նախկինում երբ համագործակցել ենք իրար հետ մեկ այլ թիմում, մեր մի թիմակից աղջիկ ամուսնացավ ու ընտանիք կազմեց: Մեր թիմակիցը իր ցանկությամբ հեռացավ աշխատանքից, սակայն հետագայում, երբ երեխայի էր սպասում՝ կրկին ցանկություն հայտնեց վերադառնալ աշխատանքին: Մեր գործատուն բաց էր ու շատ ողջունում էր մեր թիմակցի կյանքի փոփոխված հանգամանքները, աշխատակցին տրվեց նման հնարավորություն և նա աշխատեց մինչև դեկրետ գնալը: Սա միայն մեկ օրինակ է, բայց մեր գործատուն առհասարակ միտված է երկարաժամկետ հարաբերությունների հաստատմանը իր աշխատակիցների հետ և բնականաբար գիտակցում է, որ այդ համատեղ ճանապարհին թիմակիցների կյանքի հանգամանքները կարող են և փոփոխվել, ուստի և նկատի է ունենում այդ հանգամանքները:

Նաև, մեր գործատուն քաջ գիտակցում է, որ յուրաքանչյուրիս ընտանիքում կամ անձնական կյանքում կարող են որոշակի չկանխատեսված հանգամանքներ առաջ գան: Եվ եթե թիմակիցներից որևէ մեկը՝ ընտանեկան հանգամանքներով պետք է բացակայի աշխատանքից կամ աշխատանքից շուտ հեռանա, մեր գործատուն արտոնում է դա և խրախուսում, որ մեր թիմակիցը արդյունավետորեն լուծի առաջ եկած խնդիրները կամ պատշաճ ժամանակ տրամադրի ընտանիքին, անձնական հարցին կամ առաջ եկած հանգամանքին:

Իմ գործատուի նման քաղաքականությունն ու վերաբերմունքը իր թիմին հնարավորություն է տալիս թիմակիցներին աշխատել առանց ավելորդ լարվածության ու սթրեսի՝ արդյունավետորեն կատարելով մեր առջև դրված նպատակները ու մաքսիմալ արդյունք ունենալ մասնագիտական գործունեության մեջ և կյանքում առհասարակ:

Հեղինակ՝ Մարիաննա Շիրոյան

Ընտանիքամետ գործատու

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Ընտանիքամետ գործատու» էսսեների և բլոգային նյութերի մրցույթ։ Մրցույթն իրականացվում է «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք մրցույթի հայտը՝  առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․ Հեղինակի կողմից նշված փաստերի, իրադարձությունների իրավասիությունը կազմակերպության կողմից չի ստուգվում։

***

Ես աշխատում եմ ընտանիքամետ աշխատավայրում՝ ընտանիքամետ գործատուի հետ։ Այո՛, հետ և ոչ թե մոտ։ Եկեք՝ պատմեմ։ Թվում է՝ բախտավոր և աշխատանք բառերն այնքան էլ համադրելի և համատեղելի չեն։ Աշխատանքի մասին խոսելիս առավել հաճախ խոսում ենք ջանքի, ձգտման, նպատակների, ժամկետների մասին, բայց ոչ բախտի։ Այսուամենայնիվ, հենց այդ բառն է մտքիս գալիս, երբ մտածում եմ իմ աշխատանքի մասին։ Ես բախտավոր եմ, որովհետև իմ աշխատավայրում տեսնում են մարդկանց, ոչ թե պաշտոններ, լսում են պատմությունները գրաֆիկներից ու վերջնաժամկետներից դուրս և գնահատում են աշխատակցին՝ անկախ կատարողականի ցուցանիշներից։ Ընտանիքամետ լինելը միայն ներքին ընթացակարգերի կամ քաղաքականությունների հարց չէ․ դա վերաբերմունք է, համոզմունք, որ աշխատանքը պետք է համընթաց լինի կյանքին, ոչ թե փոխարինի այն։ Ընտանիքամետ ղեկավարը ոչ թե հանդուրժում է քո անձնական կարիքները, այլև իրական հարգանքով է վերաբերվում դրանց։ Այսպիսի աշխատավայրում ճկունությունը բացառություն չէ, այլ վստահության նշան։ Երբ կարող ես անկեղծ ասել, որ երեխան հիվանդ է կամ պարզապես պետք է մի օր հանգստանաս, և քեզ նայում են ոչ թե կասկածանքով, այլ ըմբռնումով։ Այդպիսի միջավայրում սկսում ես նկատել, որ մարդիկ չեն աշխատում ավելի քիչ կամ պակաս նվիրումով, երբ նրանց ազատություն են տալիս․ նրանք աշխատում են ավելի լավ, ավելի մեծ ձգտմամբ։

Ընտանիքամետ աշխատանքային մշակույթն ստեղծում է աշխատանքային միջավայր, որտեղ համբերատարությունն ու էմպատիան «փափուկ հմտություն» չեն, այլ ամուր հիմք, աշխատելաոճ և գաղափարախոսություն։ Գործատուի՝ աջակցող ու մարդասիրական մոտեցումը պրոֆեսիոնալիզմի այլ մակարդակ է։ Երբ աշխատակիցն իրեն ապահով և գնահատված է զգում, ստեղծագործականությունը ծաղկում է, երբ վստահությունը փոխարինում է վախին, արդյունավետությունն կրկնապատկվում է, երբ հավասարակշռությունը երկուստեք հարգվում է, մարդիկ աճում են և մոտիվացվում։ Այսպիսի միջավայրում չեն հաշվում քո աշխատած ամեն րոպեն, այլ քեզ հետ կիսում են աշխատանքային ժամը՝ ստեղծելու նոր բարիք։ Այսպիսի միջավայրի շնորհիվ աշխատկիցն առավել քան կարգապահ է, հետևողական և արդունավետ։

Ես իսկապես բախտավոր եմ այս հարցում և մասնիկն եմ մի թիմի, որն աշխատում է վերոգրյալ մոտեցմամբ։ Իմ աշխատանքը զոհաբերություններ չի պահանջում, այլ ակնկալում է, որ ես կապրեմ լիարժեք՝ միաժամանակ իմ նպաստն ունենալով կարևորագույն հարցերում։ Ես կարողանում եմ լինել մասնագետ՝ չդադարելով լինել ծնող, ընկեր, պարզապես մարդ, որը բացի աշխատանքից ունի այլ կյանք, որը լիարժեք է նաև աշխատանքով։ Այո՛, ես իսկապես հաջողակ եմ, որ աշխատում եմ ընտանիքամետ գործատուի մոտ։ Իմ աշխատավայրում մարդկայնությունը կարգախոս չէ, այլ ամենօրյա գործելակերպ, բարյացակամությունը թուլություն չէ, այլ ուժ, որտեղ ինձ ամեն օրը հիշեցնում են, որ հարգանքը, կարեկցանքը, էմպատիան և հավասարակշռությունը շքեղություն չեն, այլ կենսական անհրաժեշտություն։ Հպարտ եմ՝ լինելու այս թիմի լիարժեք անդամը։

Հեղինակ՝ Արփինե Գրիգորյան

 

Իմ ընտանիքամետ աշխատավայրը

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Ընտանիքամետ գործատու» էսսեների և բլոգային նյութերի մրցույթ։ Մրցույթն իրականացվում է «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք մրցույթի հայտը՝  առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․ Հեղինակի կողմից նշված փաստերի, իրադարձությունների իրավասիությունը կազմակերպության կողմից չի ստուգվում։

***

Ես աշխատում եմ գյուղի դպրոցում` որպես էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ և հիմա գտնվում եմ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ Կփորձեմ ներկայացնել դպրոցը որպես ընտանիքամետ աշխատավայր՝ արձանագրելով ինչպես օրենքով ամրագրված հնարավորությունները, այնպես էլ գործնականում դրսևորվող աջակցությունը։

Օրենսդրական կարգավորումներն ու առկա հնարավորությունները

Լինելով պետական կառույց՝ դպրոցը չունի սեփական, հստակ մշակված ընտանիքամետ քաղաքականություն։ Ընտանիքամետ լինելու շրջանակը սահմանափակվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով։ Օրենքով նախատեսված այն հնարավորությունները, որոնք կարելի է համարել ընտանիքամետ, հետևյալն են.

  • ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատանքի հնարավորություն,
  • հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի արձակուրդներ,
  • կերակրող մայրերի համար նախատեսված ընդմիջումներ,
  • հիվանդության, ընտանիքի հիվանդ անդամին խնամելու համար նախատեսված արձակուրդներ։

Սակայն, ընտանիքամետ աշխատանելաոճի սեփական մեխանիզմների բացակայությունը դեռ չի նշանակում, որ դպրոցը չի կարող դրսևորել ընտանիքամետ գործելաոճ։ Մեզ մոտ դա հաճախ արտահայտվում է մարդկային մոտեցմամբ, փոխարինումների ճկուն կազմակերպմամբ և այնպիսի լուծումներով, որոնք նվազեցնում են աշխատողի անհարմարությունները։

Այժմ ընտանիքամետ աշխատավայրի կարևոր առանձնահատկություններից մեկի՝ հեռավար աշխատանքի մասին

Եթե դպրոցի մնացյալ աշխատողների աշխատանքը կարելի էր հեռավար պատկերացնել(սա արդեն ամրագրվել է նաև Աշխատանքային օրենսգրքով՝ կողմերի համաձայնությամբ աշխատողը կարող է աշխատել հեռավար), ապա մինչև 2020 թ. Հայաստանի դպրոցներում հեռավար ուսուցում կազմակերպելու մասին գաղափար անգամ չկար։ Բայց սկսվեց COVID-ը, ու դպրոցները անցան ամբողջական հեռավար ուսուցման։ Դրանից հետո կարիք զգացվեց, ու ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվեց «Հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար(դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը, որի 8.8-րդ կետով նախատեսվում է՝ ուսուցչի կողմից իր դպրոցի սովորողների համար հեռավար դասավանդում առավելագույնը 10 աշխատանքային օր, եթե ուսուցիչն ունի առկա կրթությունն անհնարին դարձնող բուժման կարիք՝ համապատասխան առողջության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի։

Իմ անձնական փորձառությունը

Նախ նշեմ, որ ես վաղուց արդեն աշխատանքի վերադարձած կլինեի, եթե գյուղում գործող միակ պետական մանկապարտեզում երեխաների ընդունելությունը չլիներ երեք տարեկանից։ Սա մի խնդիր է, որին բախվում են շատ մարզաբնակ աշխատող կանայք։

Մինչ դպրոցում աշխատանքս, ես աշխատում էի մանկապարտեզում որպես դաստիարակ՝ չնայած իմ բանասիրական կրթությանը, քանի որ համայնքում համապատասխան մասնագետ չկար։ Աշխատանքը կարծես ստացվում էր։ Ես սիրում էի երեխաներին, երեխաները սիրում էին ինձ։ Ես ազատորեն ստեղծագործում էի իմ աշխատանքում, միջոցառումներ, բաց պարապմունքներ էի կազմակերպում։ Ամեն ինչ լավ էր, մինչև իմ հղիության լուրը։ Մանկապարտեզում աշխատանքը ինձ համար դարձավ իրական փորձություն՝ տոնուս, շարունակական սուր վարակիչ հիվանդություններ՝ գրիպի տարբեր տեսակներ, կոնյուկտիվիտ։

Եկավ մի օր, որ հղիությունս հսկող բժիշկը ինձ վերջնագիր ներկայացրեց՝ կամ աշխատանք, կամ առողջ հղիություն։ Դա ինձ համար իսկապես ծանր էր և՛ ֆինանսապես, և՛ հոգեպես։ Ես չէի ուզում զրկվել աշխատանքից երեխայի խնամքի արձակուրդ գնալուց առաջ։ Դա նշանակում էր կորցնել աշխատավայր, մայրության նպաստ, մինչև երկու տարեկան երեխայի նպաստ, աշխատանքային փորձի տարիներ և անորոշ ապագա՝ արձակուրդը ավարտելու պարագայում։ Մանկապարտեզի տնօրենը արձակուրդ գնալու տարբերակը չէր դիտարկում. պարբերաբար դաստիարակ փոխելը, հասկանալի է, սթրեսային է երեխաների համար։

Այդ ընթացքում պարզեցի, որ գյուղի դպրոցում կա հաստիք, որի պահանջներին համապատասխանում եմ։ Դիմեցի՝ առանց մեծ ակնկալիքի, որովհետև Հայաստանում շատ հղիներ և նույնիսկ նոր ամուսնացած կանայք հանդիպում են թաքնված խտրականության․ շատ գործատուներ չեն ցանկանում ընդունել աշխատող, որը շուտով արձակուրդ է գնալու։

***

Երբ արձակուրդս ավարտվի ու վերադառնամ աշխատանքի, իմ աշխատանքի վերադառնալը համընկնելու է երեխայիս մանկապարտեզի ադապտացիային ու դպրոցում աշխատանքային ծանր շրջանին։ Բայց ճանաչելով իմ աշխատավայրը՝ գիտեմ, որ դպրոցը կաջակցի, եթե անհրաժեշտ լինի հեռավար աշխատանքի կամ ճկուն գրաֆիկի, որն ինձ ներքին հանգստություն է տալիս։

Վերջում ուզում եմ ասել, որ նույն դպրոցում աշխատում է նաև մայրս։ Նա իր հերթափոխի օրերին ամեն օր գնում է տուն՝ ծեր տատիս սնվել օգնելու նպատակով ու վերադառնում աշխատանքի։ Եթե նրան նման հնարավորություն չտրվեր, նա գուցե ստիպված լիներ հրաժարվել աշխատանքից… Ի՞նչ է դա, եթե ոչ ընտանիքամետ աշխատելաոճ։

Հեղինակ՝ Նարինե Գալոյան

 

 

Ընտանիքամետ գործատու

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Ընտանիքամետ գործատու» էսսեների և բլոգային նյութերի մրցույթ։ Մրցույթն իրականացվում է «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք մրցույթի հայտը՝  առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․ Հեղինակի կողմից նշված փաստերի, իրադարձությունների իրավասիությունը կազմակերպության կողմից չի ստուգվում։

***

(Էսսե)

Մայրանալու մի քանի տարվա վայելքից հետո անհրաժեշտ էր մտնել աշխատանքային

տարերքի մեջ՝ կյանքի կոչելով մասնագիտական կարողություններն ու ներքին այն մեծ ջիղը, որ չէր գործարկվել տարիների ընթացքում։ Հատկապես առաջին երեխայի դեպքում մայրական սրտի վախը, կասկածները, մտահոգությունները թույլ չեն տալիս մայրիկին հեշտությամբ բաժանվել երեխայից։ Անհրաժեշտ էր կայացնել այնպիսի որոշում, որը կլիներ փոխշահավետ թե՛ երկուամյա երեխայի, թե՛ աշխատանքի աժոտաժի մեջ մտնելու մեծ ցանկությւն ունեցող մայրիկի, եւ թե՛ ապագա գործատուի համար։ Եվ ահա «փայլատակեց» ուղեղս մի մտքով, որ երեխաս կհաճախի այն մանկապարտեզ, որտեղ կաշխատեմ ես։ Սկսվեցին աշխատանքային փնտրտուքները. նամակներ տարբեր մանկական կենտրոնների, մանկապարտեզների, հարցազրույցներ, փորձաշրջաններ…. սակայն ապարդյուն։ Բոլոր գործատուները նշում էին մի փաստ, որ մայրն ու երեխան մեկ վայրում միայն բացասական հետեւանքներով աշխատանքային արդյունքներ կբերեն իրենց։ Հայտնում էին իրենց շնորհակալությունը եւ ասում, որ առանց երեխայի գնամ։ Սակայն ընդամենը քսանհիգամյա համառությունս մի բան էր ինձ հուշում. Երեւանում չի կարող չլինել գոնե մի կետրոն, որ չհամաձայնի ինձ ու երեխայիս միաժամանակ ընդունել։ Եվ իմ համառությունն իսկապես հաղթեց. ես աշխատեցի մի կենտրոնում, որը դարձավ ոչ միայն երեխայիս մանկապարտեզն ու իմ աշխատանքային վայրը, այլեւ իմ ու փոքրիկիս ամենասիրելի տեղը։ Առավոտներն այլեւս լարված չէին. մենք գնում էինք մանկապարտեզ որպես աշխատակից եւ սան։ Իհարկե ընթացքում ես բախվեցի բազմահազար, տարաբնույթ, երբեմն անհաղթահարելի թվացող խնդիրների, սակայն չմոռանանք իմ համառության տեսակի մասին, որն օր օրի ավելի էր կարծրանում։ Գործատուիս համբերությունը կարծես իմ համառությանը զուգահեռ մեծանում էր….

Անցավ վեց տարի։ Կենտրոնը, ես, գործատուս, մեր աշխատանքը դարձել ենք կուռ ու երբեմն անմրցունակ։

Այսօրվանից հետհայացքը դեպի այդ վեց տարիները փաստում են միայն մի բան. աշխատանքի մեջ կարեւոր են ոչ թե ժամերը, այլ վերաբերմունքը միմյանց, երեխաներին ու կյանքին։ Ընտանիքամետ գերծատուն այն ղեկավարն է, ով ոչ միայն հասկանում է, որ մայր լինելը աշխատանքի խոչընդոտ չէ, այլեւ ուժ է, փորձ ու հոգատարություն։ Այստեղ չեն դատում մորը երեխայի կողքին լինելու ցանկության համար, այլեւ օգտագործում են մոր ներուժը, որն ավելի է մեծանում, երբ տեսնում է երեխային ապահով միջավայրում, լսում է նրա անհոգ ծիծաղը։ Սա լավագույն խթանն էր ինձնից աշխատանքի հրաշալի արգասիքներ ստանալու համար։ Չէ՞ որ միայն երջանիկ մարդը կարող է անթերի աշխատել։ Ամեն անգամ երեխայիս դաս անելիս, ուրախ վազելիս, անհոգ խաղալիս տեսնելիս ես մտածում էի՝ որքան լավ է՝ իմ աշխատանքը նրա մանկության մի հրաշալի մասն է։ Իմ աշխատանքն ու մայրությունը միաձուլվել էին մի ջերմ առօրյայի մեջ։ Իսկ այս ամենի ետեւում կանգնած էր ընտանիքամետ ղեկավարը։

Ես վստահ եմ՝ ընտանիքամետ գործատուն նա չէ, ով կազմակերպում է տարատեսակ ընտանեկան խնջույքներ, պատրաստում հրաշալի նվերներ իր աշխատակիցների համար։ Ընտանիքամետ է այն գործատուն, ում աշխատանքի հիմքում մարդն է՝ իր ընտանիքով, սիրով ու հոգատարությամբ։ Ապագայի մեծ պլաններով այժմ ես նայում եմ կյանքին։ Եվ այդ պլաններում արդեն ակներեւ են սեփական բիզնեսի ակունքները։ Որպես ղեկավար ես պլանավորում եմ առաջնորդվել ոչ միայն անաչառության ու օրինապահության, կանոնակարգված ու համակարգված աշխատանքի սկզբունքներով, այլեւ ընտանիքամետ լինելու բացառիկ ձիրքով։Ես հավատում եմ, որ ես կկարողանամ ոչ միայն ղեկավարել, այլեւ հոգ տանել։ Մարդիկ ինձ մոտ կգան ոչ թե պարտավորությունից, այլ վստահությունից ելնելով։ Սրտով ղեկավարելը ամենաուժեղ կառավարման ձեւն է։ Ընտանիքամետ գործատուի մոտ մարդը ոչ միայն դրսեւորում է իրեն իր պաշտոնին համապատասխան ու հարիր, այլեւ չի կորցնում իր դերը որպես ծնող, երեխա, քույր կամ եղբայր։ Սա գերազանց տարբերակ է աշխատողի համար դիտվելու ոչ թե որպես ռեսուրս, այլ ՄԱՐԴ։

Հեղինակ՝ Ելենա Մարգարյան

Անվերնագիր

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Ընտանիքամետ գործատու» էսսեների և բլոգային նյութերի մրցույթ։ Մրցույթն իրականացվում է «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք մրցույթի հայտը՝  առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․ Հեղինակի կողմից նշված փաստերի, իրադարձությունների իրավասիությունը կազմակերպության կողմից չի ստուգվում։

***

(բլոգային նյութ)

https://www.instagram.com/reel/DQMWQt1CCeR/?igsh=ajdrcjgyeTA5YnBs

Հեղինակ՝  Գրիգոր Հարությունյան

Աշխատավայր, որտեղ ընտանիքը առաջնային է (էսսե)

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Ընտանիքամետ գործատու» էսսեների և բլոգային նյութերի մրցույթ։ Մրցույթն իրականացվում է «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք մրցույթի հայտը՝  առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․ Հեղինակի կողմից նշված փաստերի, իրադարձությունների իրավասիությունը կազմակերպության կողմից չի ստուգվում։

***

Աշխատողի արդյունավետությունն ու նվիրվածությունը սկսվում են այնտեղից, որտեղ նա իրեն գնահատված ու պաշտպանված է զգում։ «ԱրտԼաբ Գյումրի»–ն այնպիսի կազմակերպություն է, որտեղ ընտանիքն էլ է առաջնահերթություն՝ ոչ միայն նախագծերը։

Կազմակերպությունը առաջարկում է ճկուն աշխատանքային գրաֆիկ, որը հարմար է մայրիկների և ուսանողների համար։ Յուրաքանչյուր աշխատող կարող է ընտրել իր ժամերը՝ առանց աշխատողական պարտականություններն ու ընտանիքը վնասելու։

Բացի այդ, ծնողական արձակուրդն այստեղ խրախուսվում է, ոչ թե պարզապես պարտադիր օրերի շարք։ Երիտասարդ ծնողները ստանում են լրացուցիչ ժամանակ՝ նորածնի հետ լինելու և ընտանիքի համար որակյալ ժամանակ հատկացնելու համար։

Կազմակերպությունը հոգ է տանում նաև աշխատողների երեխաների մասին․ ամեն Նոր տարի և Մանկան իրավունքների պաշտպանության օրը կազմակերպվում են մանկական տոնական միջոցառումներ, որտեղ երեխաները ոչ միայն զվարճանում են, այլև ծանոթանում են ծնողների աշխատանքային միջավայրին։

«ԱրտԼաբ Գյումրի»-ում հավատում են, որ աշխատողը կարող է ստեղծագործ և արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ իր ընտանիքը ապահով ու երջանիկ է։ Այստեղ ձևավորվել է ընտանիքասեր մթնոլորտ, որտեղ հաջողությունը չափվում է ոչ միայն նախագծերով, այլ նաև կյանքի որակով։

Այսօր, երբ աշխատանքային ճնշումները հաճախ վերածվում են սթրեսի, նման կազմակերպությունները ցույց են տալիս, որ հնարավոր է ստեղծել միջավայր, որտեղ աշխատանքն ու ընտանիքը ոչ թե պայքարում են միմյանց դեմ, այլ լրացնում։

Հեղինակ՝ Անի Մուրադյան

Համագործակցության հուշագիր «Սոցիալական արդարություն» կազմակերպության հետ

Հոկտեմբերի 21-ին  «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Հովակիմյանը  7 «Կետ 33»  հասարակական կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանը կնքեցին համագործակցության պայմանագիր։

Պայմանագրով կողմերն ընդգծել են ընտանիքամետ միջավայրի ընդլայնման անհրաժշետությունը աշխատավայրերում, այդ թվում՝ պետական և ոչ պետական հաստատություններում, հատկապես շուրջօրյա ծառայություն պահանջող հաստատություններում, բժշկական հիմնարկներում, ժամանցային և այլ վայրերում կարևորությունը։ 

Համագործակցության հիմնական ուղղություններն են լինելու ընտանիքամետ միջավայր ունենալուն ուղղված իրազեկումները, ջատագովությունը, ինչպեսև ընտանիքամետ աշխատավայր դառնալու կամ ընտանիքամետ քաղաքականություններ, մոտեցումներ ներդնելու ուղղությամբ աջակցություն ստանալու հնարավորությունների ընդլայնումը՝ խորհրդատվությունների և այլ գործիքակազմերի տրամադրման միջոցով:

Համաձայնագրի ստորագրումից հետո կողմերը քննարկեցին առաջիկա համատեղ գործողությունները, որոնց վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կլինեն։