Posts

Մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար 2019-2023 թթ. նախատեսված ծրագիրը 2022-ին ու 2023-ին չի իրականացվել

ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարության միջոցառումների ծրագրում նախատեսված են եղել մի շարք դրույթներ, որոնք ուղղված են ընտանիքամետ աշխատանքային պայմաններ ունենալուն։ Այս մասին ասված է «Ընտանիքամետ աշխատավայր․ հայաստանյան հնարավորությունները» հետազոտության մեջ:

Միջոցառումներից մեկն աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպման ծրագրի իրականացումն էր:

Ակնկալվող արդյունքը այս կանանց կայուն զբաղվածության ապահովումն էր։ Իսկ արդյունքային ցուցանիշը՝ այս «ծրագրում ընդգրկված անձանց թվի գերազանցում՝ ամեն հաջորդ տարվա համար»:

Միջոցառումը պետք է իրականացվեր 2019-2023 թվականների ընթացքում՝ ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին։

Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի ռազմավարությունների առաջընթացի վերաբերյալ 2023 թվականի հաշվետվության մեջ նշվում է, որ 2019 թ-ին մայրերի ուսուցման ծրագրի արդյունքում գործատուի մոտ մասնագիտական ուսուցում է անցել 110 մայր, 2020-ին՝ 202, 2021 թվականին՝ 106։ 2022 և 2023 թվականներին ծրագիրը չի իրականացվել։

Փաստացի, այս միջոցառումը կատարվել է խիստ թերի։ Նախ, ինչպես ակնկալվում էր, յուրաքանչյուր տարի ծրագրում ընդգրկվող մայրերի թիվը չի ավելացել, երկրորդ՝ նախատեսված ժամանակաշրջանի երկու տարիների ընթացքում ընդհանրապես չի իրականացվել, երրորդ՝ չկա որևէ տվյալ, որ ծրագրի մասնակիցները, ի վերջո, ունեցել են/ունեն կայուն զբաղվածություն։

Աղբյուրը՝ «Ընտանիքամետ աշխատավայր․ հայաստանյան հնարավորությունները» հետազոտություն