Վճարվող արձակուրդ՝ աշխատող մայրերին
Մայրության վաղ շրջանում կանանց կարևոր աշխատանքային իրավունքներից է նրանց վճարվող արձակուրդի իրավունքը, որի իրացման ընթացքում պահպանվում է աշխատատեղը: Օրենսգիրքը որպես նպատակային արձակուրդ սահմանում է հղիության և ծննդաբերության (մայրության) արձակուրդը, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը:
Հղիության և ծննդաբերության արձակուրդ
Աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածով սահմանվում է, որ աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ`
1) 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության),
2) 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում,
3) 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
Հղիության և ծննդաբերության արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:
Նպաստ
Երեխայի խնամքի նպաստը տրվում է մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, այնուհետև, թեև կինը իրավունք ունի արձակուրդում լինել մինչև երեխայի 3 տարեկանը լրանալը, սակայն այս ժամանակահատվածի համար պետությունը նպաստ չի վճարում։
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն՝
1. ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը՝ մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը,
2.գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը (և՛ աշխատող, և՛ չաշխատող), մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով:
*Իրազեկումը պատրաստվել է «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» արշավի ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում: