Posts

Ընտանիքամետ աշխատավայր. աշխատանքն ու ընտանեկան հոգսերն համատեղելու ճանապարհ

Հաճախ աշխատողները դժվարանում են համատեղել ընտանեկան ու աշխատանքային հոգսերն ու պարտականությունները, շատ դեպքերում նույնիսկ կանգնում բարդ երկընտրանքի առաջ՝ դուրս գալ աշխատանքից, կորցնել եկամուտը, թե զոհել երեխայի կամ ընտանիքի այլ անդամի պատշաճ խնամքը։ «Ընտանիքամետ աշխատավայր․ հայաստանյան հնարավորությունները» հետազոտութունը փաստում է, որ երկընտրանքների առաջ չկանգնելու այլընտրանքն ընտանիքամետ աշխատավայրն է, որը հնարավորություն է տալիս աշխատողին մոտ լինել խնամքի կարիք ունեցող իր ընտանիքի անդամին և հոգ տանել նրա մասին, միևնույն ժամանակ աշխատել ու եկամուտ ունենալ։ Այսինքն, ընտանիքամետ աշխատավայրում ղեկավարության կողմից ընդունված են որոշումներ և կիրառվում են քաղաքականություններ, որոնք միտված են մեղմելու աշխատողի ամենը հասցնել կարողանալու լարվածությունը՝ հոգալ ընտանեկան հոգսերը և կատարել աշխատանքային պարտականությունները։

Ընտանիքամետ համարվող աշխատավայրում պետք է հավասարապես հաշվի առնվեն այն աշխատողների կարիքները, ովքեր իրենց խնամքին ունեն ոչ միայն անաչափահաս երեխա, այլև ծեր ծնող, ամուսին կամ այլ հարազատներ։

Ընտանիքամետ աշխատավայրի բաղադրիչները կարող են շատ տարբեր ու բազմազան լինել՝ կախված նրանից, թե պետությունն ինչ օրենսդրական կարգավորումներ ունի, կազմակերպությունն ինչ գործեունեությամբ է զբաղվում և ղեկավարությունն ինչ մոտեցումներ ունի տվյալ հարցի վերաբերյալ։ Սակայն, ընդհանուր առմամբ, կարող ենք այդ բաղադրիչները խմբավորել այսպես․

Ճկուն աշխատանքային ժամեր/պայմաններ. դրանք թույլ են տալիս աշխատողներին առանց սթրեսի ու լարվածության պլանավորել օրվա գրաֆիկն այնպես, որ կատարեն աշխատանքային պարտականությունները և հոգան իրենց ընտանեկան, անձնական կարիքները։

Ճկուն աշխատանքային ժամեր/պայմաններ են համարվում ոչ ամբողջական օրով կամ շաբաթով աշխատանքը, հեռավար աշխատանքը, կոնկրետ անձանց համար աշխատանքային ժամերի սկիզբն ու ավարտը սահմանելը, աշխատանքային ժամերի խտացումը շաբաթվա կամ ամսվա կտրվածքով, աշխատաժամերի փոխարեն վերջնաժամկետների սահմանումը և այլն։ Իհարկե, կարևոր է ընդգծել, որ այս պայմանները սահմանվում են հաշվի առնելով թե՛ կազմակերպության գործունեության, թե՛ կոնկրետ աշխատակցի աշխատանքի բնույթը։

Վճարվող արձակուրդներ․ նման դեպքերում կարևորվում է երկու հանգամանք՝ արձակուրդային շրջանի համար աշխատողը պետք է վճարվի և արձակուրդի իրավունք պետք է ունենան բոլորը՝ անկախ սեռից, ովքեր ունեն իրենց խնամակալության տակ գտնվող անձ։ Սովորաբար, այս դեպքերում նկատի են առնվում մայրության ու երեխայի խնամքի արձակուրդները։ Մինչդեռ երբ կառավարությունը սահմանում է անհավասար արձակուրդային պայմաններ կանանց ու տղամարդկանց համար, ուղղակիորեն խթանում է խնամքի ու ընտանեկան հոգսերը կնոջ ուսերին դնելը։ Մինչդեռ հայրության արձակուրդ ունենալը և բավարար ժամանակով այդ արձակուրդի տրամադրումը խրախուսում է հայրերի ակտիվ ներգրավվածությունը երեխայի խնամքի ու դաստիարակության մեջ։

Աջակցություն երեխայի խնամքի և ընտանեկան հարցերում․ այս աջակցությունը հնարավորություն է տալիս կանանց նվազագույնը դուրս չմնալ աշխատաշուկայից և շարունակել երեխայի խնամքն ու ընտանեկան հոգսերով զբաղվելը, իսկ առավելագույնը՝ հնարավորինս անսթրես ու սահուն անցնել աշխատանքն ու ընտանիքը համատեղելու ճանապարհը։

Աջակցության միջոցները շատ տարբեր են․ օրինակ, սահմանել հավելյալ ընդմիջումներ մանկահասակ և կրծքով կերակրվող երեխա ունեցողների համար, ունենալ կրծքով կերակրելու սենյակ աշխատավայրում, ֆինանսական աջակցություն տրամադրել երեխայի դայակի կամ մանկապարտեզում խնամքը կազմակերպելու համար, ստեղծել մանկական անկյուն, որտեղ երեխաները ժամանակ կանցկացնեն դպրոցից հետո, ապահովել տրանսպորտով՝ արագ կազմակերպելով ընդմիջումների ժամանակ ծնողի երեխայի մոտ գնալն ու վերադառնալը և այլն։

Ի դեպ, կարևոր է նշել, որ ընտանիքամետ աշխատավայրը կարող է ունենալ մեկ կամ մի քանի բաղադրիչ միաժամանակ՝ հաշվի առնելով թե՛ աշխատողի գործունեության բնույթն ու կարիքները, թե՛ կազմակերպության ֆինանսական և նյութատեխնիկական ռեսուրսները։

Ընտանիքամետ աշխատավայրը նպաստավոր է աշխատող ծնողների ու հատկապես մայրերի համար և օգնում է առանց լարվածության համատեղել աշխատանքն ու ընտանիքը, հաջողություններ ունենալ կարիերայում, իրականություն դարձնել երեխա ունենալու ու պատշաճ խնամելու նպատակները։

Գործատուների դեպքում ընտանիքամետ աշխատավայր լինելը մի շարք օգուտներ կարող է ունենալ՝ սկսած բարի համբավից մինչև շոշափելի ֆինանսական հոսքեր։

Կազմակերպությունը, որպես ընտանիքամետ աշխատավայր, հնարավորություն է ունենում գրավել լավագույն կադրերին և պահել իր մոտ՝ նվազեցնելով կադրային արտահոսքն ու փոփոխությունները։ Այսինքն, նախևառաջ մեծացնում է իր մրցունակությունը շուկայում և, իհարկե, ստեղծում է բարի համբավ՝ նոր համագործակցություններ սկսելու համար։

Ընտանիքամետ աշխատավայրի դեպքում ընկերությունը, բացի այն, որ հնարավորություն է ստանում մրցունակ լինել և ներգրավել ու պահել լավագույն կադրերին, նաև իր ընտանիքամետ մոտեցումների շնորհիվ կարողանում է բարձրացնել աշխատողների նվիրավածությունն ու արդյունավետությունը։

Աշխատավայրն ընտանիքամետ դարձնելու համար կարևոր պայմանը ղեկավարի կամ ղեկավարներից մեկի կամքն է և հանձնառությունը համապատասխան քաղաքականություն կամ մոտեցումներ որդեգրելու և դրանք պրակտիկայում կիրառելի դարձնելու։ Իհարկե, կարևոր է, երբ կազմակերպությունում այս հարցերում օրինակ են ծառայում հենց ղեկավարները՝ խրախուսելով աշխատողներին բալանսավորել աշխատանք-ընտանիք պարտականությունների հարաբերակցությունը։

Աղբյուրը՝ «Ընտանիքամետ աշխատավայր․ հայաստանյան հնարավորությունները» հետազոտութուն: