Posts

Երբ բիզնեսի «համն ու հոտը» բավարար չէ. սխալ կառավարում և փակվող բիզնեսներ

Աբաղյանների ընտանիքի քաղցր բիզնեսի հիմքը Ռուզաննայի համովություններ պատրաստելու ձիրքն էր։ «Բռնի տեղահանումից հետո շատ մտածեցինք, թե ինչ կարող ենք անել, որ ունենանք լրացուցիչ եկամուտ։ Մայրս աշխատանք չուներ, իսկ նա հրաշալի թխվածքաբլիթներ էր պատրաստում։ Առանց որևէ տեղ սովորելու՝ մենք կարող էինք պատրաստել և վաճառել նրա պատրաստածները»,- պատմում է Անին՝ Ռուզաննայի աղջիկը։ 

Եթե շտապում ես, ապա նայիր նյութի վիզուալ տարբերակն այստեղ։

Մի նոր վառարան, փաթեթավորման արկղեր ու ցանկություն․ բիզնեսը մեկնարկեց։ Առաջին քայլը բիզնեսի անունն ընտրելն էր՝ «Փախլավա սիրի՞ս ըս» («Փախլավա սիրո՞ւմ ես»)։ Հադրութի բարբառով է. այն արտացոլում էր ընտանիքի՝ ծննդավայրի հետ կապը։ Անունը որոշելուց հետո Անին անմիջապես սոցիալական հարթակներում էջ բացեց, որտեղ սկզբում տեղադրվում էին ինտերնետից վերցված նկարներ, հետագայում՝ իրենց պատրաստածի լուսանկարներն ու տեսանյութերը։

«Մեր բիզնեսի համը մայրիկիս ձեռքում էր, գովազդը՝ իմ։ Քանի որ ես չէի հասցնում, քույրս միացավ մեզ, սկսեց տեսանյութեր ու լուսանկարներ անել ու տեղադրել մեր էջում։ Հայրս էլ տեխնիկական մասն էր անում՝ արկղերը բերում էր, փաթեթավորում, պատվերները հասցնում հաճախորդներին»,- պատմում է Անին։ 

Այդպես հիմնվեց ընտանեկան բիզնեսը։ Հիմնականում թխում էին փախլավա, բացի դրանից՝ նաև սիգարետներ, բլինչիկի լիստեր և գաթաներ։ Մոտ երկու ամիս անց պատվերները սկսեցին շատանալ։ 

Արտադրանքի փաթեթավորման համար նախատեսված արկղերի վրա ընտանիքը Հադրութի բարբառով օրհնանքներ էր գրում։ Գրում էին 3 տարբեր գույներով․ նրանց ընտրած դիզայներական լուծում էր սա։ 

«Մի անգամ պատվերներ ուղարկեցինք Ռուսաստան։ Այդ մարդիկ 90-ականներին էին Արցախից դուրս եկել։ Նրանք զանգեցին մեզ, շնորհակալություն հայտնեցին, ասացին, որ շատ հուզվել են և մեր շնորհիվ մի պահ վերադարձել են Արցախ։ Մեր այդ մտահղացումը հաճախորդները գնահատեցին ու հավանեցին»,- նշում է զրուցակիցս։

Չնայած նրանք հավատարիմ հաճախորդներ ունեին, նորերը քիչ էին, քանի որ մարքեթինգային աշխատանքները թուլացրել էին։ «Մեր հիմնական խնդիրն այն էր, որ մենք մեր բիզնեսին նայում էինք մատների արանքով՝ որպես հավելյալ եկամտի աղբյուր, ոչ թե հիմնական բիզնես։ Մեզ համապատասխան հմտություններ ու կրթություն էր անհրաժեշտ՝ SMM-ից մինչև կառավարում, բայց մեզանից ոչ մեկը ցանկություն չհայտնեց սովորելու», – ասում է Անին։

«Փախլավա սիրի՞ս ըս» բիզնեսն այսօր ժամանակավորապես դադարեցված է։ «Մենք հենց ունենում ենք փողի կարիք, մտածում ենք մեր բիզնեսը շարունակելու և ակտիվացնելու մասին, բայց դրա մեջ հատուկ ջանք չենք դնում։ Սակայն եթե ուզենք նորից սկսել, չենք սկսելու նույն կիսատ-պռատ ձևով, այլ ավելի հաշվարկված, ավելի պատասխանատու կերպով ենք մոտենալու այդ գործին»։

Աբաղյանների ընտանիքի անդամների ոչ մեկը հատուկ բիզնես կառավարման դասընթացների չի մասնակցել։ Անին մասնակցել է տարբեր վարպետության դասերի՝ կապերը գումարի աղբյուր դարձնելու, բիզնեսը ներկայացնելու, SMM անելու և բիզնեսի աճի համար ժամանակ տրամադրելու վերաբերյալ, բայց ասում է, որ դրանք բավարար չեն ցանկալի արդյունքի հասնելու համար։ 

Ինչո՞ւ են փակվում բիզնեսները Հայաստանում 

Հայաստանում բիզնեսների փակման պատճառները բազմաթիվ են, դրանցից մեկը բիզնես կառավարման հմտությունների բացակայությունն է։ «Միջմշակութային Ուսումնասիրություններ և Զարգացում» ՀԿ-ի նախագահ Արեգ Թադևոսյանը, ով ձեռներեցության ոլորտում կրթական մեթոդների, հոդվածների և դասագրքերի հեղինակ է, նշում է, որ սա համատարած խնդիր է և արձանագրվել է տարբեր մակարդակի թիմերի հետ կոնսուլտացիաների ընթացքում։

Թադևոսյանը նշում է, որ գործող բիզնեսների մի զգալի մասը և, հատկապես, փոքր բիզնեսները ի վիճակի չեն նշել իրենց տարեկան շրջանառությունը կամ զուտ շահույթը․  «Սա ասուրդային իրավիճակ է, երբ մարդը տարիներ շարունակ զբաղվում է այս գործունեությամբ, բայց չգիտի՝ արդյոք գումար է աշխատում, թե՝ ոչ, որքան է մուտք արվել իր բիզնեսում, կամ ինչպիսին է իր շահութաբերությունը»։ 

Թադևոսյանի խոսքով՝ բիզնեսի կառավարման հմտությունները հնարավոր չէ սովորեցնել մի քանի ամսում կամ նույնիսկ տարում․ Հայաստանում ամեն տարի հարյուրավոր նման դասընթացներ են կազմակերպվում, բայց ոլորտում նկարագիր չի փոխվում։

Նրա կարծիքով, խնդրի լուծումը վաղ տարիքից երեխաներին սովորեցնելն է որոշակի հմտություններ, ինչպիսիք են՝ նախաձեռնողականությունը, Ֆինանսական գրագիտությունը, պլանավորումը, համակարգային մտածելակերպը, բիզնես գործընթացների տրամաբանությունը։ 

«Այսինքն, նրանք պետք է հասկանան ձեռներեցության էությունը՝ ոչ թե միայն բիզնես հիմնադրելու, այլև նախաձեռնող լինելու, խնդիր տեսնելու, այն լուծելու համար պլանավորելու և իրականացնելու իմաստով», – ընդգծում է Թադևոսյանը։

Հարցին, թե ինչ պետք է անել, երբ վաղ տարիքից չեն սովորեցրել այս հմտությունները, Թադևոսյանը նշում է, որ ավելի ճիշտ է ներդրումներ անել միայն այն մարդկանց վրա, ովքեր ունեն ձեռնարկատիրությամբ զբաղվելու ջիղ՝ պայման դնելով, որ նրանք աշխատատեղեր ստեղծեն մյուսների համար, քան տասնյակ հազարավոր մարդկանց համար դասընթացներ կազմակերպել՝ քիչ արդյունք ստանալով։

«Որոշեցի դադար վերցնել և այլևս չզբաղվել այդ գործով»․ բիզնեսի հիմնադիր 

Մարգարիտայի թեյերը Հադրութի բույրով հասցրեցին բուրել մի քանի ամիս։ 2020 թվականի գարնանը, երբ կորոնավիրուսի համավարակի պատճառով դասերը տեղափոխվեցին առցանց հարթակ, Մարգարիտան ավելի շատ ազատ ժամանակ ունեցավ ինքնակրթվելու և նոր բացահայտումներ անելու համար։ Որոշեց ուսումնասիրել Դիզակի բուսական աշխարհը։ Ընտանեկան էքսկուրսիաները վերածվեցին պարտադիր բուսահավաքների, և նրանք սկսեցին բույսեր հավաքել Դիզափայտի փեշերից ու այլ վայրերից։

Սկզբում հավաքած բույսերից տանը թեյեր էին պատրաստում և խմում, հետո  սկսեց հյուրասիրել ընկերներին ու բարեկամներին, և քանի որ արձագանքները դրական էին, որոշեց բիզնես հիմնել, անուն մտածեց և բացեց ֆեյսբուքյան էջ։ 2020 թվականի օգոստոսին արդեն ուներ երեք կարևոր թեյերի փունջ՝ «Սիրուն», «Անուշ» և «Հրաշք»։ Դրանք տարբեր խառնուրդներ էին, անցել էին սանիտարական հետազոտություն, սերտիֆիկացվել էին։

«Տող» թեյերը պատվիրում էին նաև Երևանում սովորող ուսանողները։ 2020 թվականի տեղահանումից հետո Մարգարիտայի պատվիրատուները նորից հայտնվեցին։ Նա բիզնեսը Հայաստանում չփակեց, չնայած Արցախից իր հետ շատ քիչ թեյեր էր բերել։ «Ես ինձ հետ բերել էի ընդամենը մի փոքր դաղձ, որը դրսում էր դրված և չորանում էր, ուղղակի գցեցի մեքենան և բերեցի ինձ հետ»։

Բիզնեսը Մարգարիտայի միակ հիշողությունն է Տողից։ Հայաստանում բիզնեսը վերսկսելիս նա պահպանեց անունը և գաղափարը, բայց արդեն թեյերի բույսերը ձեռք էր բերում Վայոց Ձորից, դրանք համային առումով ամենամոտն էին Արցախի բույսերին։

Բիզնեսը կայացնելու և զարգացնելու համար Մարգարիտան ընդունվեց Սոցիալական ձեռներեցների դպրոց, մասնակցեց բիզնես դասընթացների և ձեռք բերեց մարքեթինգային գիտելիքներ։ «Մինչ այդ, օրինակ, ֆեյսբուքյան էջի կառավարման առումով ինչ արել եմ կապված վաճառքի հետ, պրոդուկտի ներկայացման հետ, ես դա արել եմ սիրողական մակարդակում»։ 

Սակայն այս ամենը բավարար չէր բիզնեսը շարունակելու համար․ «Որոշեցի դադար վերցնել և այլևս չզբաղվել այդ գործով։ Հիմա եթե ես փորձեմ նորից վերսկսել իմ գործունեությունը, գովազդային ավելի հզոր գործիքներ կօգտագործեմ, դրա հետ մեկտեղ ավելի ճիշտ կառավարման բազա կկիրառեմ»։

Նրա խոսքով՝ բիզնես կառավարման հմտություններ չունենալը կարող է հանգեցնել բիզնեսի փակման, քանի որ սխալ կառավարման արդյունքում վաղ թե ուշ կորցնելու ես այն։ Եկամուտների, ծախսերի ու մուտքերի կանխատեսումը և դրանց կառավարումը բիզնեսի հիմնասյուներից են, հակառակ դեպքում բիզնեսի գործունեությունը մնում է բախտի քմահաճույքին։

Իրատեսական և հաջողված լուծումներ

Արեգ Թադևոսյանը նշում է, որ  կազմակերպվող որոշ դասընթացների ու ծրագրերի դեպքում կազմակերպողների մոտիվացիան հիմնականում գումար աշխատելն է, իսկ վերջնարդյունքը տեղում դոփելն է լինում։ 

Սակայն, իհարկե, լինում են և կան նաև հաջողված ծրագրեր։ Օրինակ, Ա․ Թադևոսյանը նշում է՝ հույս չի ունեցել, թե «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» եռամյա ծրագիրը կհաջողեր, սակայն իրականում այն բարելավվել է պետական սոցիալական աջակցության ծրագրերում ներգրավված առնվազն 11,000 շահառուի կյանքի որակը՝ ինքնազբաղվածության խթանման և սոցիալական աշխատողի ծառայությունների մատուցման միջոցով։

Ծրագրի շրջանակներում 306 խոցելի անհատ (40%՝ կանայք) ստացել են փոքր դրամաշնորհ (յուրաքանչյուրը՝ $4000)՝ սեփական բիզնես գաղափարները իրագործելու նպատակով։ Այն ուղղված է եղել ինքնաբավության և ինքնազբաղվածության խթանմանը։  Նրանցից գրեթե բոլորը հաջողել են և գործող բիզնեսներ ունեն։

Ծրագրի խորհրդատու, Սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը նշում է, որ ծրագրում ներգրավվել են բացառապես նպաստառու համարվող անձինք, ովքեր տարիներ շարունակ ստացել են պետական նպաստներ և դժվարությամբ են դուրս եկել այդ համակարգից՝ այն համարելով եկամտի միակ աղբյուրը։ Ծրագիրը այն ընտանիքների համար էր, որոնք ունեին երեք և ավելի երեխա, կամ առնվազն մեկ երեխա՝ մինչև 5 տարեկան։

Ծրագրի խորհրդատու Միրա Անտոնյանի խոսքով հաշվի են առնվել նաև այլ չափանիշներ․ «Կյանքը փոխելու մտադրության առկայությունը, ինչպես նաև մոտիվացիայի գնահատումը և դրա առաջացումը մոտիվացիոն հարցազրույցների միջոցով։ Շահառուներից պահանջվել է համաձայնություն համագործակցելու, տեղեկատվություն չթաքցնելու, ինչպես նաև մասնակցելու քոուչինգային վերապատրաստումների, մենթորության հանդիպումների, խորհրդատվությունների և բիզնես թրեյնինգների»։

Միրա Անտոնյանը հստակ գիտի, թե որն էր ծրագրի հաջողության գրավականը․  սոցիալական աշխատանքի կիրառում՝ շատ անհատականացված մոտեցմամբ և շահառուների հետ թափանցիկ աշխատանք, ինչը թույլ է տվել վերականգնել նրանց վստահությունը համակարգի նկատմամբ․

«Մեծ ուշադրություն է դարձվել մոտիվացիայի բարձրացմանը։ Մարդկանց օգնել ենք հասկանալու, որ նպաստը չպետք է լինի եկամտի միակ աղբյուրը, և որ պետական աջակցությամբ ապրելու կենսակերպը կարող է հանգեցնել անձնական նվաստացման։ Մարդկանց մոտ զարգացվել է սեփական ուժերին հավատալու և ինքնուրույն եկամուտ հայթայթելու ցանկություն», -ընդգծում է Անտոնյանը։ 

Այսպիսով, ամփոփելով, Ա․ Թադևոսյանի խոսքով, բիզնես ոլորտն առաողջացնելու երկու տարբերակ կա․ աջակցել ձեռնարկատիրական ջիղ ունեցողներին՝ պայմանաով, որ նրանք աշխատատեղեր կստեղծեն և ուսումնասիրել հաջողված նախագծերը, սովորել ու ընդօրինակել դրանցից։ 

Հեղինակ՝ Ասպրամ Ավանեսյան

Նյութը պատրաստվել է «Աջակցություն կին ձեռներեցներին» ծրագրի շրջանակներում՝ «Կետ 33» ՀԿ-ի կողմից՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն ստեղծողը, դրանում արտահայտված տեսակետները կարող են չհամընկել դեսպանատան տեսակետների հետ։ 

Ճանաչելիության պայքար․ արցախցի կին ձեռներեցները շուկայում ճանաչելի դառնալու մարտահրավերների առաջ

«Աղ տիրածան փողը տինում ընք աղ տիրածին յիրան». Վիկտորյա
(«Թթվի փողը դնում ենք թթվի վրա»)

Արցախյան թթուներով լիքը մեծ ու փոքր բանկաները (անոթները) հավասարաչափ շարված են վարձով տան մութ նկուղում. Վիկտորիայի թթուներն են, սպասում են հաջորդ պատվիատուին։ Մայրիկից է սովորել թթու դնել։ Հիմա դրանք վաճառում է։ Սիրելի գործը փոքրիկ բիզնես են դարձրել բռնի տեղահանումից հետո, անունը՝ «Թարմ թթվի տեսականի»։ Աշխատում են տնից։ 3 սենյականոց վարձով բնակարանը ծառայում է և՛ որպես արտադրամաս, և՛ որպես պահեստ։ Վիկտորյան թթուն պատրաստում է, ամուսինը՝ Արմենը, դրանք առաքում։ 

Եթե շտապում ես, ապա նայիր նյութի վիզուալ տարբերակն այստեղ։

Սեփական բիզնես ունենալու մասին սկսեցին մտածել տեղահանվելուց կարճ ժամանակ անց, երբ բանակարանի, աշխատանքի, երեխաների կրթության խնդիրները որոշակիորեն կարգավորել էին։ Ընտանիքի ու երեխաների կարիքները հոգալու համար ինչ-որ բան պետք էր անել․ Վիկտորյան դա լավ էր հասկանում, նպաստեների ու աջակցությունների հույսին մնալ չէին կարող։ Որոշեցին և արեցին։ 

«Տեղահանումից մի քանի ամիս անց՝ 2024թ․ հունիսից «Թարմ թթվի տեսականի»-ն արդեն վաճառքում էր։  Մեկ ամիս հետո սոցիալական հարթակներում էջ ունեցանք, որը մեզ ճանաչելություն բերեց, հաճախորդները կամաց-կամաց շատացան։ Հիմա հավատարիմ հաճախորդներ ունենք, անգամ մի ռեստորան կա, որ մշտապես մեզանից է գնում թթուն։ 2 հոգով ենք, կողքից ոչ օգնող ունենք, ոչ ֆինանսավորող ունենք, հույսներս մեզ վրա դրած աշխատում ենք»։ 

Չի բողոքում՝ պայմանները կարող էին ավելի վատ լինել, տանտերերը կարող էին թույլ չտալ, բայց հակառակը՝ քաջալերում են։ Իսկ առաջ գնալու և ծավալները մեծացնելու հարցում նրանց քաջալերում և մոտիվացնում են նաև հաճախորդները։

Լուծումը՝ սովորել մարկետինգ կամ դիմել մարկետոլոգի

Թեև Վիկտորիան չի սիրում դժգոհել և իր փոքր լուծումն է գտել նոր շուկայում իր հաճախորդներին գտնելու, սակայն ճանաչելիությունը լուրջ խնդիր է նորաստեղծ և նոր միջավայրում հայտնված բիզնեսների համար։ Սա հատկապես լուրջ խնդիր է Արցախից բռնի տեղահանումից հետո Հայաստանում հաստատվածների համար։  Նրանց չեն ճանաչում, հաճախ առաջանում են դժվարություններ՝ կապեր ստեղծելու, վստահություն ձևավորելու և վաճառք իրականացնելու հարցում․

«Յուրաքանչյուր նորաստեղծ բիզնես անցնում է միևնույն փուլերով, որոնք անհրաժեշտ են կայուն զարգացման համար։ Սկզբնական շրջանում պետք է ճանաչելի դառնալ, հետո շարժել մարդկանց հետաքրքրությունը, որպեսզի նրանք ցանկություն ունենան գնելու քո ապրանքը։  Այս փուլերը պետք է հաղթահարի յուրաքանչյուր բիզնես՝ անկախ նրանից, թե որտեղից են դրա հիմնադիրները»,- ասում է մարկետինգի մասնագետ, BIB Marketing Agency ընկերության հիմնադիր Դավիթ Գաբրիելյանը։

Նրա խոսքով, այս փուլերը հաջողությամբ անցնելու համար կարևոր է համակարգված կերպով մարկեթինգային գործիքների կիրառումը։ Բիզնեսի նախաձեռնողները կարող են դիմել մարկետինգի մասնագետի  կամ ինքնուրույն սովորել մարկետինգ։

Ի դեպ, Արցախում հիմնադրված 1-ին մարքեթինգային ընկերությունը՝ BIB Marketing Agency-ը, որի հիմնադիրը Դավիթն է, առաջարկում է մինչև 50% զեղչ՝ մարքեթինգային ծառայությունների և դասընթացների լայն փաթեթ։ 

ՍՄՄ-ը՝ ամենաէֆեկտիվ գործիքներից

Դավիթ Գաբրիելյանի խոսքով՝ բիզնեսի ճանաչելի դառնալու արագությունը կախված է տարբեր գործոններից՝ բիզնեսի տեսակից, շուկայի չափից, մրցակիցների քանակից, գովազդային ռազմավարությունից և այլն․ «Սակայն Հայաստանի պայմաններում 2-3 ամիսը բավարար է որոշակի ճանաչելիություն ձեռք բերելու և նախնական վաճառքներ գրանցելու համար»:

Ասում է, որ սոցիալական մեդիան այսօր դարձել է բիզնեսի առաջխաղացման ամենաէֆեկտիվ գործիքներից մեկը․ «Եթե Արցախում շուկան փոքր էր, այստեղ շուկան բավականին մեծ է, մրցակցությունը բավականին ուժեղ է։ Անհրաժեշտ է առաջնահերթություն տալ մարքեթինգային ծախսերին։ Եթե ամեն դեպքում չեն կարողանում հատակցնել, գոնե կարիք կա սովորել մարքեթինգ և անձամբ զբաղվել առաջխաղացմամբ»։

Մարկետինգի մասնագետ Շողիկ Վարդանյանն էլ նշում է, որ Հայաստանն այս պահին աշխարհում Facebook-ի և Instagram-ի գովազդի ամենաէժան գներն ունեցող երկրներից մեկն է։ «Ես համարում եմ, որ, օրինակ, ամսական 40,000-60,000 դրամ բիզնեսի բյուջեից տրամադրելով՝ հնարավոր է բավականին կարճ ժամանակահատվածում՝ մի քանի ամսում լուծել ճանաչելիության խնդիրը։ Սակայն այստեղ շատ կարևոր է ուշադրություն դարձնել նաև բովանդակության որակին», -ասում է նա։

Միայն հաճախորդների կարիք ունեմ․ Էլինա

«Մենք բոլորի հետ էլ աշխատում ենք, անհատներ էլ են գալիս, ասում են՝ տանս ապակին կոտրել է, կտրում-տալիս ենք, արտադրամասներն էլ են գալիս՝ կտրում-տալիս ենք»,- պատմում է արցախցի 33-ամյա Էլինան։ 

Նա և ամուսինը բռնի տեղահանումից հետո մեծ ընտանիքը պահելու համար Արարատի Մխչյան գյուղում եվրապատուհանների փոքր արտադրամաս են հիմնել․ 6 անչափահաս երեխա ունեն․ «Ծնողներս էլ են կողքիս ապրում, հաշմանդամության կարգ ունեն։ Հորս սիրտն է հիվանդ, ամեն ամիս 74 000 դրամի դեղ է առնում։ Մայրս էլ լուրջ առողջական խնդիրներ ունի, 6 ամիսը մեկ 170 000 դրամի դեղ էլ մորս համար եմ առնում»,- ասում է Էլինան։

Արցախում ինչո՞վ էիք զբաղվում հարցին Էլինան ժպիտով է պատասխանում. «Ես Արցախում բազմազավակ մայր եմ եղել, տնային տնտեսուհի, զուգահեռ տանը պատվերով տորթեր էի թխում, տեղաշոր էի կարում, տաքսի էի քշում»։ Այս բոլոր աշխատանքներից Էլինան Հայաստանում միայն տաքսի քշելով է զբաղվել։ Ասում է՝ տաքսի եմ քշել, որ «ծանոթանամ ծակուծուկին»։ 

Բռնի տեղահանումից հետո Էլինայի մոտ հիվանդություններ են ի հայտ եկել. «Սկսվող շաքարային դիաբետ ունեմ, նևրոզ, արյունս թանձր է, աջ ձեռքս թմրում է ու չի աշխատում։  Նաև վահանաձև գեղձի խնդիրներ ունեմ։ Հանգստացնող դեղեր են նշանակել, չեմ խմում՝ թմրեցնում են։ Խմելու դեպքում՝ խոխա, տոն, գործ, ամալ չի կյամ (երեխա, տուն, գործ, չի ստացվում)»։ 

Մինչ բռնի տեղահանվելը Էլինայի ամուսինը ծառայում էր Արցախի ՊԲ-ում, ուրիշ գործով երբևէ չէր  զբաղվել, ընկերոջից սովորել էր ապակու գործը, ընկերոջ արտադրամասը տան կողքին էր, գնում-օգնում էր։ Տեղհանվելուց հետո ու արտադրամասը հիմնելուց հետո ապակու գործը ամուսնուց սովորեց նաև Էլինան։ 

Բիզնեսը սկսելու համար Էլինան իր ոսկիներն է գրավ դրել։ Հետո արդեն Կարմիր խաչի միջազգային կոմիկեի (ԿԽՄԿ) ծրագրերից մեկին ու դասընթացների է մասնակցել, 600 000 դրամի աջակցություն ստացել և ներդրել բիզնեսի մեջ։ Եկումուտը ծախսը չի փակում․ «Լավ գործ է, եթե հաճախորդներ լինեն։ Տան և աշխատանքի վայրի վարձավճար ենք տալիս, ապառիկ ենք փակում, մեծ ընտանիք եմ պահում։ Իմ ծախսերը շատ-շատ են, իսկ այս պահի դրությամբ գործը լրիվ կանգնած է»։ 

Էլինան գումարի կարիք ունի հիմա, բայց որևէ մեկից գումար խնդրել չի ցանկանում, ուզում է իր քրտինքով գումար աշխատել։ Ասում է՝ միայն հաճախորդների կարիք ունեմ։

Խնայող մարկետինգ․ ինչ ծախսերից կարելի է խուսափել

Մարկետինգի մասնագետ Շողիկ Վարդանյանը խորհուրդներ է տալիս, թե ինչպես օգտվել ճանաչելիության համար ամենաէֆեկտիվ գործիք ՍՄՄ-ից՝ նվազագույն ծախսերով։ Նրա խոսքով, նախ, եթե բիզնեսի բյուջեն սահմանափակ է, ապա իմաստ չունի վարձել ՍՄՄ մասնագետ՝ հաշվի առնելով այն, որ  բովանդակության ստեղծման, գովազդի տեղադրման և նմանատիպ այլ ծախսերից բացի պետք է վճարել մասնագետի աշխատանքի դիմաց։ 

«Երկրորդ բանը, որի հաշվին կարելի է խնայել, բովանդակության քանակն է։ Եթե, օրինակ, կա ապրանք, որը պետք է նկարահանել, և, ենթադրենք, մեկ նկարահանումն արժե 30-40 000 դրամ, կարելի է դա չանել ամեն օր կամ նույնիսկ ամեն ամիս։ Այլ կարելի է մեկ անգամ նկարահանել և փորձել հնարավորինս երկար օգտագործել ստացված նյութերը»։

Մասնագետի խոսքով՝ կարելի է խնայել նաև գովազդային բյուջեի հաշվին։ Օրինակ՝ փոքր գումարով իրականացնել թեստավորում (փորձարկում) մի քանի տարբեր տեսակի բովանդակությամբ գովազդի վրա՝ տեսնելու համար, թե որն է ավելի արդյունավետ, և հետո նախատեսված ամբողջ գումարն ուղղել հաջողված տարբերակին։

«Բիզնեսում ամենակարևորը հույզերն են, որովհետև քանի դեռ մարդը որևէ էմոցիա չի զգում՝ կապված այդ բիզնեսի ներկայացրած բովանդակության կամ հաղորդակցության հետ, նա չի հիշելու բրենդը և չի անցնելու հաջորդ քայլին՝  գնում կատարելուն»,- մասնագետը, օրինակ, առաջարկում է արցախյան բիզնեսներին արցախյան ինչ-որ տարր ավելացնել իրենց առաջխաղացման արշավներում, օրինակ, օգտագործել բարբառը։ Եվ սա նաև մյուս բիզնեսներից տարբերակող տարրը կարող է լինել։ 

Շ․ Վարդանյանի խոսքով՝ այսօրվա մեծ մրցակցության և, միևնույն ժամանակ, համացանցի տված մեծ հավասարության պայմաններում բիզնեսի համար կարևոր է գտնել իր այն յուրահատկությունը, որով տարբերվում է մյուսներից․ գովազդի կամ առաջխաղացման գործիքներից օգտվելը բավարար չէ, եթե չկա կրեատիվ ու տարբերվող բովանդակություն․  «Հավատացած եղե՛ք, երբ հենց դա գտնեք, բրենդը կարող է սկսել տարածվել ու աճել ձնագնդի էֆեկտով, նույնիսկ՝ անկառավարելիորեն»։ 

Հեղինակ՝ Ասպրամ Ավանեսյան

Նյութը պատրաստվել է «Աջակցություն կին ձեռներեցներին» ծրագրի շրջանակներում՝ «Կետ 33» ՀԿ-ի կողմից՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն ստեղծողը, դրանում արտահայտված տեսակետները կարող են չհամընկել դեսպանատան տեսակետների հետ։ 

Մեծ գործ 13. Բախտը բերում է նրանց, ովքեր հստակ հաշվարկ են արել․ Նանե Մաթևոսյան

Այս էպիզոդում Աստղիկ Կարապետյանը Slice Consalting ընկերության տնօրեն, բիզնեսի խորհրդատու Նանե Մաթևոսյանի հետ զրուցել է հույզերով որոշումներ ընդունելու, շտապելու և բիզնեսում մյուս սխալների ու դրանց լուծումների մասին։

Էպիզոդը պատրաստվել է «Աջակցություն կին ձեռներեցներին» ծրագրի շրջանակներում՝ «Կետ 33» ՀԿ-ի կողմից Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին և հետևեք մեզ այստեղ՝ https://www.youtube.com/@point33ngo

«Տունը գրավ դնելը բացառվում է»․ բիզնեսի ֆինանսավորման խնդիրներ

Մեծ գործ 11. Ինչը թանկացել է, էլ երբեք չի վերդառնալու իր նախկին գնին․ Սաթենիկ Մկրտչյան

Այս էպիզոդում Աստղիկ Կարապետյանը Home Invest գործակալության ղեկավար, բիզնեսի կառավարման խորհրդատու Սաթենիկ Մկրտչյանի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես ընտրել ճիշտ մասնագետներ ու մոտիվացնել նրանց, ինչպես նաև անդրադարձել է հաջողակ առաջնությանը և բիզնեսը կառավարելուն:

Էպիզոդը պատրաստվել է «Աջակցություն կին ձեռներեցներին» ծրագրի շրջանակներում՝ «Կետ 33» ՀԿ-ի կողմից, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին և հետևեք մեզ այստեղ՝ https://www.youtube.com/@point33ngo

Ուժեղ մոր կողքին երջանիկ զավակներ են մեծանում

Հեղինակ՝ Պերճուհի Գևորգյան

Video

Մեծ գործ #19. Աշխատանքային 9-6 գրաֆիկը դարձել է ոչ միշտ կիրառելի [ՄՌԿ մասնագետ]