Ճանաչելիության պայքար․ արցախցի կին ձեռներեցները շուկայում ճանաչելի դառնալու մարտահրավերների առաջ
«Աղ տիրածան փողը տինում ընք աղ տիրածին յիրան». Վիկտորյա
(«Թթվի փողը դնում ենք թթվի վրա»)
Արցախյան թթուներով լիքը մեծ ու փոքր բանկաները (անոթները) հավասարաչափ շարված են վարձով տան մութ նկուղում. Վիկտորիայի թթուներն են, սպասում են հաջորդ պատվիատուին։ Մայրիկից է սովորել թթու դնել։ Հիմա դրանք վաճառում է։ Սիրելի գործը փոքրիկ բիզնես են դարձրել բռնի տեղահանումից հետո, անունը՝ «Թարմ թթվի տեսականի»։ Աշխատում են տնից։ 3 սենյականոց վարձով բնակարանը ծառայում է և՛ որպես արտադրամաս, և՛ որպես պահեստ։ Վիկտորյան թթուն պատրաստում է, ամուսինը՝ Արմենը, դրանք առաքում։
Եթե շտապում ես, ապա նայիր նյութի վիզուալ տարբերակն այստեղ։
Սեփական բիզնես ունենալու մասին սկսեցին մտածել տեղահանվելուց կարճ ժամանակ անց, երբ բանակարանի, աշխատանքի, երեխաների կրթության խնդիրները որոշակիորեն կարգավորել էին։ Ընտանիքի ու երեխաների կարիքները հոգալու համար ինչ-որ բան պետք էր անել․ Վիկտորյան դա լավ էր հասկանում, նպաստեների ու աջակցությունների հույսին մնալ չէին կարող։ Որոշեցին և արեցին։
«Տեղահանումից մի քանի ամիս անց՝ 2024թ․ հունիսից «Թարմ թթվի տեսականի»-ն արդեն վաճառքում էր։ Մեկ ամիս հետո սոցիալական հարթակներում էջ ունեցանք, որը մեզ ճանաչելություն բերեց, հաճախորդները կամաց-կամաց շատացան։ Հիմա հավատարիմ հաճախորդներ ունենք, անգամ մի ռեստորան կա, որ մշտապես մեզանից է գնում թթուն։ 2 հոգով ենք, կողքից ոչ օգնող ունենք, ոչ ֆինանսավորող ունենք, հույսներս մեզ վրա դրած աշխատում ենք»։
Չի բողոքում՝ պայմանները կարող էին ավելի վատ լինել, տանտերերը կարող էին թույլ չտալ, բայց հակառակը՝ քաջալերում են։ Իսկ առաջ գնալու և ծավալները մեծացնելու հարցում նրանց քաջալերում և մոտիվացնում են նաև հաճախորդները։
Լուծումը՝ սովորել մարկետինգ կամ դիմել մարկետոլոգի
Թեև Վիկտորիան չի սիրում դժգոհել և իր փոքր լուծումն է գտել նոր շուկայում իր հաճախորդներին գտնելու, սակայն ճանաչելիությունը լուրջ խնդիր է նորաստեղծ և նոր միջավայրում հայտնված բիզնեսների համար։ Սա հատկապես լուրջ խնդիր է Արցախից բռնի տեղահանումից հետո Հայաստանում հաստատվածների համար։ Նրանց չեն ճանաչում, հաճախ առաջանում են դժվարություններ՝ կապեր ստեղծելու, վստահություն ձևավորելու և վաճառք իրականացնելու հարցում․
«Յուրաքանչյուր նորաստեղծ բիզնես անցնում է միևնույն փուլերով, որոնք անհրաժեշտ են կայուն զարգացման համար։ Սկզբնական շրջանում պետք է ճանաչելի դառնալ, հետո շարժել մարդկանց հետաքրքրությունը, որպեսզի նրանք ցանկություն ունենան գնելու քո ապրանքը։ Այս փուլերը պետք է հաղթահարի յուրաքանչյուր բիզնես՝ անկախ նրանից, թե որտեղից են դրա հիմնադիրները»,- ասում է մարկետինգի մասնագետ, BIB Marketing Agency ընկերության հիմնադիր Դավիթ Գաբրիելյանը։
Նրա խոսքով, այս փուլերը հաջողությամբ անցնելու համար կարևոր է համակարգված կերպով մարկեթինգային գործիքների կիրառումը։ Բիզնեսի նախաձեռնողները կարող են դիմել մարկետինգի մասնագետի կամ ինքնուրույն սովորել մարկետինգ։
Ի դեպ, Արցախում հիմնադրված 1-ին մարքեթինգային ընկերությունը՝ BIB Marketing Agency-ը, որի հիմնադիրը Դավիթն է, առաջարկում է մինչև 50% զեղչ՝ մարքեթինգային ծառայությունների և դասընթացների լայն փաթեթ։
ՍՄՄ-ը՝ ամենաէֆեկտիվ գործիքներից
Դավիթ Գաբրիելյանի խոսքով՝ բիզնեսի ճանաչելի դառնալու արագությունը կախված է տարբեր գործոններից՝ բիզնեսի տեսակից, շուկայի չափից, մրցակիցների քանակից, գովազդային ռազմավարությունից և այլն․ «Սակայն Հայաստանի պայմաններում 2-3 ամիսը բավարար է որոշակի ճանաչելիություն ձեռք բերելու և նախնական վաճառքներ գրանցելու համար»:
Ասում է, որ սոցիալական մեդիան այսօր դարձել է բիզնեսի առաջխաղացման ամենաէֆեկտիվ գործիքներից մեկը․ «Եթե Արցախում շուկան փոքր էր, այստեղ շուկան բավականին մեծ է, մրցակցությունը բավականին ուժեղ է։ Անհրաժեշտ է առաջնահերթություն տալ մարքեթինգային ծախսերին։ Եթե ամեն դեպքում չեն կարողանում հատակցնել, գոնե կարիք կա սովորել մարքեթինգ և անձամբ զբաղվել առաջխաղացմամբ»։
Մարկետինգի մասնագետ Շողիկ Վարդանյանն էլ նշում է, որ Հայաստանն այս պահին աշխարհում Facebook-ի և Instagram-ի գովազդի ամենաէժան գներն ունեցող երկրներից մեկն է։ «Ես համարում եմ, որ, օրինակ, ամսական 40,000-60,000 դրամ բիզնեսի բյուջեից տրամադրելով՝ հնարավոր է բավականին կարճ ժամանակահատվածում՝ մի քանի ամսում լուծել ճանաչելիության խնդիրը։ Սակայն այստեղ շատ կարևոր է ուշադրություն դարձնել նաև բովանդակության որակին», -ասում է նա։
Միայն հաճախորդների կարիք ունեմ․ Էլինա
«Մենք բոլորի հետ էլ աշխատում ենք, անհատներ էլ են գալիս, ասում են՝ տանս ապակին կոտրել է, կտրում-տալիս ենք, արտադրամասներն էլ են գալիս՝ կտրում-տալիս ենք»,- պատմում է արցախցի 33-ամյա Էլինան։
Նա և ամուսինը բռնի տեղահանումից հետո մեծ ընտանիքը պահելու համար Արարատի Մխչյան գյուղում եվրապատուհանների փոքր արտադրամաս են հիմնել․ 6 անչափահաս երեխա ունեն․ «Ծնողներս էլ են կողքիս ապրում, հաշմանդամության կարգ ունեն։ Հորս սիրտն է հիվանդ, ամեն ամիս 74 000 դրամի դեղ է առնում։ Մայրս էլ լուրջ առողջական խնդիրներ ունի, 6 ամիսը մեկ 170 000 դրամի դեղ էլ մորս համար եմ առնում»,- ասում է Էլինան։
Արցախում ինչո՞վ էիք զբաղվում հարցին Էլինան ժպիտով է պատասխանում. «Ես Արցախում բազմազավակ մայր եմ եղել, տնային տնտեսուհի, զուգահեռ տանը պատվերով տորթեր էի թխում, տեղաշոր էի կարում, տաքսի էի քշում»։ Այս բոլոր աշխատանքներից Էլինան Հայաստանում միայն տաքսի քշելով է զբաղվել։ Ասում է՝ տաքսի եմ քշել, որ «ծանոթանամ ծակուծուկին»։
Բռնի տեղահանումից հետո Էլինայի մոտ հիվանդություններ են ի հայտ եկել. «Սկսվող շաքարային դիաբետ ունեմ, նևրոզ, արյունս թանձր է, աջ ձեռքս թմրում է ու չի աշխատում։ Նաև վահանաձև գեղձի խնդիրներ ունեմ։ Հանգստացնող դեղեր են նշանակել, չեմ խմում՝ թմրեցնում են։ Խմելու դեպքում՝ խոխա, տոն, գործ, ամալ չի կյամ (երեխա, տուն, գործ, չի ստացվում)»։
Մինչ բռնի տեղահանվելը Էլինայի ամուսինը ծառայում էր Արցախի ՊԲ-ում, ուրիշ գործով երբևէ չէր զբաղվել, ընկերոջից սովորել էր ապակու գործը, ընկերոջ արտադրամասը տան կողքին էր, գնում-օգնում էր։ Տեղհանվելուց հետո ու արտադրամասը հիմնելուց հետո ապակու գործը ամուսնուց սովորեց նաև Էլինան։
Բիզնեսը սկսելու համար Էլինան իր ոսկիներն է գրավ դրել։ Հետո արդեն Կարմիր խաչի միջազգային կոմիկեի (ԿԽՄԿ) ծրագրերից մեկին ու դասընթացների է մասնակցել, 600 000 դրամի աջակցություն ստացել և ներդրել բիզնեսի մեջ։ Եկումուտը ծախսը չի փակում․ «Լավ գործ է, եթե հաճախորդներ լինեն։ Տան և աշխատանքի վայրի վարձավճար ենք տալիս, ապառիկ ենք փակում, մեծ ընտանիք եմ պահում։ Իմ ծախսերը շատ-շատ են, իսկ այս պահի դրությամբ գործը լրիվ կանգնած է»։
Էլինան գումարի կարիք ունի հիմա, բայց որևէ մեկից գումար խնդրել չի ցանկանում, ուզում է իր քրտինքով գումար աշխատել։ Ասում է՝ միայն հաճախորդների կարիք ունեմ։
Խնայող մարկետինգ․ ինչ ծախսերից կարելի է խուսափել
Մարկետինգի մասնագետ Շողիկ Վարդանյանը խորհուրդներ է տալիս, թե ինչպես օգտվել ճանաչելիության համար ամենաէֆեկտիվ գործիք ՍՄՄ-ից՝ նվազագույն ծախսերով։ Նրա խոսքով, նախ, եթե բիզնեսի բյուջեն սահմանափակ է, ապա իմաստ չունի վարձել ՍՄՄ մասնագետ՝ հաշվի առնելով այն, որ բովանդակության ստեղծման, գովազդի տեղադրման և նմանատիպ այլ ծախսերից բացի պետք է վճարել մասնագետի աշխատանքի դիմաց։
«Երկրորդ բանը, որի հաշվին կարելի է խնայել, բովանդակության քանակն է։ Եթե, օրինակ, կա ապրանք, որը պետք է նկարահանել, և, ենթադրենք, մեկ նկարահանումն արժե 30-40 000 դրամ, կարելի է դա չանել ամեն օր կամ նույնիսկ ամեն ամիս։ Այլ կարելի է մեկ անգամ նկարահանել և փորձել հնարավորինս երկար օգտագործել ստացված նյութերը»։
Մասնագետի խոսքով՝ կարելի է խնայել նաև գովազդային բյուջեի հաշվին։ Օրինակ՝ փոքր գումարով իրականացնել թեստավորում (փորձարկում) մի քանի տարբեր տեսակի բովանդակությամբ գովազդի վրա՝ տեսնելու համար, թե որն է ավելի արդյունավետ, և հետո նախատեսված ամբողջ գումարն ուղղել հաջողված տարբերակին։
«Բիզնեսում ամենակարևորը հույզերն են, որովհետև քանի դեռ մարդը որևէ էմոցիա չի զգում՝ կապված այդ բիզնեսի ներկայացրած բովանդակության կամ հաղորդակցության հետ, նա չի հիշելու բրենդը և չի անցնելու հաջորդ քայլին՝ գնում կատարելուն»,- մասնագետը, օրինակ, առաջարկում է արցախյան բիզնեսներին արցախյան ինչ-որ տարր ավելացնել իրենց առաջխաղացման արշավներում, օրինակ, օգտագործել բարբառը։ Եվ սա նաև մյուս բիզնեսներից տարբերակող տարրը կարող է լինել։
Շ․ Վարդանյանի խոսքով՝ այսօրվա մեծ մրցակցության և, միևնույն ժամանակ, համացանցի տված մեծ հավասարության պայմաններում բիզնեսի համար կարևոր է գտնել իր այն յուրահատկությունը, որով տարբերվում է մյուսներից․ գովազդի կամ առաջխաղացման գործիքներից օգտվելը բավարար չէ, եթե չկա կրեատիվ ու տարբերվող բովանդակություն․ «Հավատացած եղե՛ք, երբ հենց դա գտնեք, բրենդը կարող է սկսել տարածվել ու աճել ձնագնդի էֆեկտով, նույնիսկ՝ անկառավարելիորեն»։
Հեղինակ՝ Ասպրամ Ավանեսյան
Նյութը պատրաստվել է «Աջակցություն կին ձեռներեցներին» ծրագրի շրջանակներում՝ «Կետ 33» ՀԿ-ի կողմից՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն ստեղծողը, դրանում արտահայտված տեսակետները կարող են չհամընկել դեսպանատան տեսակետների հետ։