Հղի կնոջն ազատել են աշխատանքից․ ի՞նչ իրավունքներ ունի հղի և երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կինը
Երևանի հայտնի պիցերիաներից մեկում աշխատող 37-ամյա Ֆլորա Աբրահամյանը հղիության 4-րդ ամսում 1 շաբաթով հոսպիտալացվելուց հետո, երբ բժիշկի տեղեկանք է ներկայացրել գործատուին, տեղեկացել է, որ աշխատանքից ազատված է։ Ֆլորան նախ գործատուի հետ է փորձել խնդիրը կարգավորել՝ փորձելով խուսափել կոնֆլիկտից․
«Գործատուն տեղյակ էր, որ հղի եմ, թղթերը ժամանակին ներկայացրել էի և դիմեցի իրենց՝ ասացի, որ իրավունք չունեն, առաջարկեցի այլ հրաման ընդունել և վերականգնել ինձ աշխատանքի։ Ինձ ասացին՝ ինչի՞ համար, ընդամենը 2-3 ամիս ես աշխատելու, դրա համար չարժե։ Փաստորեն, ինձ աշխատանքից ազատել էին առանց ինձ ասելու և ես չիմանալով այդ մասին, 1,5 ամիս շարունակել եմ աշխատանքի հաճախել», – Point33-ին պատմեց Ֆլորան։
Սակայն Ֆլորայի՝ ընկերության գործադիր տնօրենի հետ հանդիպելու փորձերը չեն հաջողվում, նույնիսկ հեռախոսով կապ հաստատել չի կարողացել։ Անմիջապես հետո, 2021թ սեպտեմբերի 7-ին, կինը դիմել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին (ԱԱՏՄ)։
«Տեսչությունը հաջորդ օրն աշխատանքի անցավ, արձանագրեցին խախտումները և դիմեցին գործատուին՝ ինձ հետ համաձայնության գալու համար։ Սկզբում դժվար էր, ագրեսիվ էին, մտածում էին հեշտ կհանձնվեմ, բայց հետո փոխվեց վերաբերմունքը։ Մենք գործատուի հետ համաձայնության եկանք և նորից ինձ հրամանագրեցին ու ընդունեցին աշխատանքի, վերականգնեցին աշխատանքային իրավունքներս», – նշեց Ֆլորա Աբրահամյանը։
ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը պարզաբանում է, որ օրենսդրությամբ հղի կնոջն արգելվում է աշխատանքից ազատել։ Առհասարակ, հղի և երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կանայք պաշտպանված են օրենքով, ունեն որոշ արտոնություններ և օրենքը խախտելու դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն` նախազգուշացումից մինչև տուգանք:
Ֆլորան նշում է, որ նման իրավիճակում կանայք հայտնվում են առաջին հերթին իրենց իրավունքները չիմանալու պատճառով։ Հաճախ գործատուները օգտվում են հենց այդ հանգամանքից, որ աշխատողը չգիտի՝ ինչ իրավունքներ ունի։
Մանրամասները՝ տեսանյութում:
Հեղինակ՝ Սաթենիկ Հայրապետյան
Ծանուցում․ Հրապարակումը պատրաստվել է «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» արշավի ծրագրի շրջանակում։ Այն իրականցվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ կողմից տրամադրված ենթադրամաշնորհային միջոցներով` «Կետ 33» հասարակական կազմակերպության կողմից։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կետ 33» ՀԿ-ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։