Փոքր և միջին բիզնեսը երկընտրանքի առաջ․ փակվե՞լ, թե՝ թանկացնել գները

Փակե՞լ բիզնեսը, թե՞ ապրանքների ու ծառայությունների գինը թանկացնել. 2025 թվականի հունվարի 1-ից գործող հարկային նոր խստացումները տնտեսվարողներին ծանր կացության մեջ են դրել: 

Եթե շտապում ես, ապա նայիր նյութի վիզուալ տարբերակն այստեղ։

Արդեն 5 տարի է՝ Հռիփսիմե Քոչարյանը էկոպայուսակների արտադրությամբ է զբաղվում։ 2020-ին  հիմնադրված  Ecobag with me բրենդը համագործակցում է մանկահասակ ու առողջական խնդիրներով երեխաներ ունեցող կանանց հետ․  նախ նրանց անվճար կար ու ձև են սովորեցնում, հետո աշխատանքի վերցնում: Այս պահին 12 աշխատող ունեն․ նրանք բոլորն էլ աշխատում են տանից, որպեսզի կարողանան հեշտությամբ համատեղել աշխատանքն ու երեխաների խնամքը։  

«Ինձ հասած տեղեկություններով՝ մի շարք ընկերություններ հարկային նոր բեռի պատճառով փակվելու են, նույնիսկ մի ամիս չձգեցին:  Մենք չենք փակվելու, որովհետև որդեգրած մի գաղափարախոսություն ունենք՝ միևնույնն է, եթե շահույթ էլ չգեներացնենք, մեր մայրիկներին պետք է փորձենք աշխատանքով ապահովել, իրենց համար է այս ձեռնարկատիրությունը ստեղծվել, բնականաբար, ձգտում ենք շահույթ գեներացնել, ավելի շատ պատվերներ ունենալ»,- ասում է  Հռիփսիմե Քոչարյանը:

Հիմնադրվելուց հետո արտադրությունը  գործել է որպես միկրոձեռնարկատիրություն,  իսկ 2023 թվականից անցել է շրջանառության հարկի դաշտ։ Այս տարվանից շրջանառության հարկի տոկոսը կրկնապատկվել է, ինչը ենթադրում է նաև ապրանքների գնի թանկացում․

«Այս պահին տարբերություն չենք դրել, բայց երևի փետրվար-մարտից, ուզենք-չուզենք,  5-10 տոկոս յուրաքանչյուր արտադրանքի արժեք  պետք է բարձրացնենք: 100 հատի դեպքում հիմա մեկ պայուսակի գինը 1970 դրամ է, կդառնա 2270 դրամ․ դա  կոնկրետ մի տեսակի համար»: 

Գործարարի խոսքով՝ սպասվող գնաճին զուգընթաց մեկ այլ խնդրի էլ են բախվելու. «Եթե գինը բարձրանում է, ապա գնորդները այլընտրանքային տարբերակ են փնտրելու, մենք վաճառքի խնդիր էլ ենք ունենալու՝ քանակի կրճատում: Հարկային թանկացումների արդյունքում ունենալու ենք նաև աշխատակիցների թվի ու աշխատաժամանակի կրճատում»: 

Հռիփսիմե Քոչարյանի դիտարկմամբ՝ հարկային թանկացումները հատկապես կին ձեռներեցներին ավելի խոցելի են դարձրել, քանի որ ավելի սեղմ ֆինանսական միջոցներ են կարողանում ներդնել բիզնեսում և ավելի համեստ աշխատավարձ ստանում այդ բիզնեսից։  

Նա նշում է նաև, որ հարկերի բարձրացման այս փոփոխությունն ընդունվել է առանց փոքր և միջին ձեռնարկատիրությունների (ՓՄՁ) ներկայացուցիչների հետ քննարկման. «Իրենք որոշել են, հետո նոր հաշվի են առնում ՓՄՁ-ների կարծիքը: Այնպես չէ, որ ՓՄՁ-ները չեն ուզում հարկ տալ, բայց պետք է իրատեսական լինեն դրանք»: 

Սրա հետևանքով, բացի այն, որ փոքր ու միջին բիզնեսն է կանգնել խնդրի առաջ, նաև թանկացումներ են լինելու․ հարկերի բարձրացումն ուղղակիորեն ազդելու է վերջնական սպառողի գրպանի վրա։ 

Հարկային նոր փոփոխությունները

Հարկային օրենսգրքում արված փոփոխությունների համաձայն՝ այս տարեսկզբից կրկնակի բարձրացել է շրջանառության հարկի դրույքաչափը։ 

Ըստ այդմ` առևտրի դեպքում հարկը սահմանվել է 10 %՝  նախկին 5 %-ի փոխարեն, արտադրության դեպքում` 7%՝ նախկին 3,5 %-ի փոխարեն, հանրային սննդի ոլորտի դեպքում` 12 %՝ նախկին 6%-ի փոխարեն (ՀՕ, hոդված 258)։

Նույն փոփոխություններով՝ շրջանառության հարկով աշխատող մի շարք ոլորտներ էլ սկսել են գործել ընդհանուր հարկման դաշտում: Հունվարի 1-ից ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) դաշտ են տեղափոխվել փաստաբանական ծառայություններ մատուցողները, իսկ 2025 թ․ հուլիսի 1–ից էլ շրջանառության հարկի դաշտում գործող հաշվապահական, իրավաբանական ծառայությունների և ֆինանսական խորհրդատվություն մատուցող ընկերությունների տեղափոխումն է նախատեսված ԱԱՀ դաշտ: 

Միևնույն ժամանակ,  մի շարք գործունեության տեսակներ այլևս չեն կարող շարունակել գործել որպես միկրոձեռնարկատիրություն և ազատված լինել հարկերից, նրանք էլ անցնել են շրջանառության հարկի դաշտ։  Խոսքը մասնավորապես վերաբերում է մարզերում առևտրային գործունեությանը, վարսավիրական, մարմնի խնամքի, սաունաների, շոգեբաղնիքների գործունեությունը, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և վերանորոգման ծառայություններին, միջնորդական գործունեությանը` անշարժ գույքի վարձակալություն-վաճառքին և այլն։

Բիզնեսի հարկման ռեժիմները Հայաստանում

Հայաստանում  ձեռնարկատիրությունները գործում են հարկման ընդհանուր և հատուկ համակարգերում կամ ռեժիմներում։ Հարկման ընդհանուր համակարգում գործողները հարկվում են ԱԱՀ-ով և/կամ շահութահարկով։ ԱԱՀ-ն հաշվարկվում է 20 տոկոս, իսկ շահութահարկը՝ 18 տոկոս դրույքաչափով ընդհանուր կանոնով (որոշ բացառությունների դեպքում դրույքաչափը կարող է այլ լինել): Այսինքն, այն դեպքերում, երբ բիզնեսը վճարում է և՛ ԱԱՀ, և՛ շահութահարկ, ապա ամսական հարկային վճարները կազմում են 38 տոկոս։ 

Հարկման երկու հատուկ համակարգ կա՝ միկրոձեռնարկատիրություն և շրջանառության հարկի ռեժիմ։ Շրջանառության հարկի դեպքում հարկերը  հաշվարկվում են մինչև 12 տոկոս դրույքաչափով` կախված գործունեության տեսակից։ Միկրոձեռնարկատիրության դեպքում անձը ազատված է բոլոր տիպի հարկային պարտավորություններից։ 

Բոլոր ձեռնարկատիրությունները, միևնույն ժամանակ, կախված գործունեության բնույթից և այլ գործոններից, կարող են վճարել  տարբեր հարկեր ու վճարներ, օրինակ, բնապահպանական հարկ, ճանապարհային հարկ, ակցիզային հարկ և այլն։ 

Վարձու աշխատող ունեցող բոլոր ձեռնարկատիրությունները վճարում են եկամտային հարկ և դրոշմանիշային վճար։

Փոքր և միջին բիզնեսը՝ թիրախում

Փոքր և միջին ձեռնարկատիրության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը նույնպես խոսում է այն մասին, որ հարկերի բարձրացման, արտոնությունների կրճատման (՝ մասնավորապես, որոշ գործունեության տեսակները միկրոձեռնարկատիրության հարկման ռեժիմից դուրս բերելու)  հետևանքները կլինեն որոշ բիզնեսների փակումն ու ապրանքների գնաճը․

«Մարզային փոքր ու միջին ձեռնարկատերերին խոսեցնում ենք, ասում են՝ չէ, այնպիսի բեռ են դրել, որ կրելի չէ, մենք, հակառակը կգնանք ստվեր: Այսինքն՝ այդ նույն հարկային կանխատեսումը՝ մի նախագծով  13 միլիարդ, մեկ այլ նախագծով  18 միլիարդ մի նախագծով լրացուցիչ եկամուտ կապահովվի, դա էլ չի ապահովվի: Որովհետև մարդիկ ասում են՝ չենք կարող մենք վճարել, որովհետև անկրելի բեռ է»:

Նրա խոսքով՝ պատկան կառույցները պետք է կանխատեսումներ անեին նաև արվող փոփոխությունների ռիսկերի վերաբերյալ․ «Այսինքն՝ էկոնոմիկայի նախարարությունը պետք է այդ կանխատեսումն աներ, նոր այդ օրենքների համար կարծիք գրեր: Նախորդ երեք կառավարությունների հետ էլ աշխատելու փորձ ունեցել ենք, ես առաջին անգամ եմ տեսնում, որ փոքր ու միջին բիզնեսի վատթարացման նորմ պարունակող օրենքների նախագծերին գրում է՝ դեմ չեմ: Հետևաբար, ունենք այն, ինչ ունենք»։

Ինչ վերաբերում է իշխանության այն դիտարկմանը, թե միկրոձեռնարկատիրության արտոնությունները հանգեցնում են նրան, որ փոքր բիզնեսը չի աճում կամ ինչ-որ պահի արգելակվում է է շրջանառության ավելացումը, Հակոբ Ավագյանը նշում է, որ ամբողջ աշխարհում են փոքր բիզնեսները ստեղծվում ու փակվում․ ոմանք հաջողում են, ընդլայնվում են, մի մասը փակվում են, մի մասն էլ ուղղակի որոշում է, որ զարգացվածության, ընդլայնվածության այդ ծավալը բավարարում է իրենց, իրենց համարում են «բուտիկային բիզնես»․  

«Այսինքն, հանցագործություն չէ, երբ փոքր բիզնեսն ասում է՝ ես այս շեմի մեջ եմ ուզում մնալ, կամ երբ որոշում է մեծացնել բիզնեսի ծավալները»։ 

Ավագյանը խոսեց նաև մարզային խանութները միկրոձեռնարակտիրության դաշտից դուրս բերելու փոփոխության մասին։ Մասնավորապես, նրա խոսքով,   ՓՄՁ-ների 50 տոկոսից ավելին առևտրականներն են, իսկ  սահմանամերձ գյուղերում ու համայնքներում գործող փոքր խանութները իրականում շատ ավելի կարևոր դեր ունեն, քան միայն խանութ լինելը․

«Չմոռանանք, որ մինչև հիմա գոյություն ունի պարտքով ապրանք տալու երևույթը․  մեկին պարտքով հաց են տալիս, մյուսին՝ երեխայի խնամքի պարագա… Նույն կարևոր նշանակությունն ունի մարզում գործող միակ վարսավիանոցը,  ատամնաբուժարանը: Այսինքն՝  այսպես կացնային ձևով  և առանց խորը ուսումնասիրելու ասել՝ վերացնում ենք միկրոձեռնարկատիրությունը, սխալ է, որովհետև հարկային քաղաքականությունն իր հետևից բերում է տնտեսական համաչափ զարգացվածության, աղքատության կրճատման, աշխատատեղերի ապահովման և այլն»:

Կա՛մ սնանկություն, կա՛մ արտագաղթ, կա՛մ անցում ստվերային դաշտ․ տնտեսագետ

«Հարկահավաքությունն այս կառավարության համար դարձել է հիմնական արդյունավետության ցուցանիշ: Ինչքան հարկ հավաքեց, այնքան համապատասխան պարգևավճարները մեծանում են: 2018 թվականից սկսած ամեն տարի՝ մինչև 2023 թվականը  հարկային մուտքերը միջինը 15,6 տոկոսով ավելացել են՝ 2014-2018 թվականների համեմատ․ աճը յուրաքանչյուր տարի կազմել է մոտ 5 տոկոս: Սա բերում է նրան, որ ՊԵԿ-ի աշխատողները ոչ թե դառնում են օգնական տնտեսությանը, այլ հակառակը՝ նրանք շահագրգռված են ամեն տեղից հարկեր հավաքել ու հավելյալ բեռ դնել տնտեսվարողների վրա»,- ասում է է Tvyal.com կազմակերպության ղեկավար, տնտեսագետ Աղասի Թավադյանը:

Ըստ նրա՝ 2024-ի առաջին 9 ամիսների կտրվածքով պետբյուջե մոտ 8 տոկոսով ավելի քիչ հարկ է մտել, քան կառավարության կողմից նախատեսված է եղել. 

«Սա աննախադեպ է, վերջին 20 տարվա ընթացքում այսպիսի բան չի գրանցվել: Սա խոսում է սխալ հարկաբյուջետային քաղաքականության մասին և որ այս քաղաքականությունն արդեն չի աշխատում: Իրականում տնտեսությունը չի կարող հավելյալ հարկ վճարել: Տնտեսվարողները կա՛մ դուրս են գալու շուկայից՝ իրենց սնանկ ճանաչելով, կա՛մ արտասահման են գնալու, որտեղ հարկային քաղաքականությունն ավելի բարենպաստ է, կա՛մ անցնելու են ստվեր»:

Կառավարության պատասխանը

Կառավարությունից, մասնավորապես, էկոնոմիկայի նախարարությունից և պետեկամուտների կոմիտեից փորձեցինք ստանալ պատասխան, թե արդյո՞ք վերոնշյալ ռիսկերը գնահատվել են ու արդյոք նախատեսված են դրանք մեղմելու միջոցներ։ 

Էկոնոմիկայի նախարարությունից ստացել ենք հետևյալ պատասխանը․ 

«Որ հնարավոր ռիսկերը և գործարարների մտահոգությունները փարատվեն, կառավարությունը բազմաթիվ հասցեական աջակցություններ է մշակել և իրականցնում ի դեմս էկոնոմիկայի նախարարության պետական աջակցության գործիքակազմերի: Դրանցից մեկը հենց անցած շաբաթ ընդունվեց, որով աջակցություն ենք տրամադրելու արտահանում իրականացնող ընկերություններին, նրանք կկարողանան օգտվել մեր ծրագրերից, որոշակի սուբսիդավորում կստանան: Ունենք այլ «պետական աջակցություն» ծրագրեր բիզնեսի մասնավոր ընկերություններին, դա կարող է լինել մեր բարձրագույն որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագիրը, լիզինգի ծրագիրը, որով կարող են սարքավորումներ վերցնել 0 տոկոսադրույքով և այլն: Այս ծրագրերի ցանկը մեծ է, դրանք կարող են աջակցել բիզնեսներին, որ խուսափեն փակվելուց ու կարողանան մեծացնել իրենց շրջանառության ծավալները: Այսինքն՝ ըստ էության ոչ թե արտոնությունները կրճատվում են, այլ ընդլայնվում են, դրա վառ ապացույցն անցած շաբաթ տեղի ունեցած ևս մեկ աջակցության ծրագրի ընդունումն էր կառավարության կողմից»:

Մինչև հոդվածի հրապարակման պահը ՊԵԿ-ից պատասխան չենք ստացել։

Հեղինակ՝ Արփինե Սիմոնյան

Նյութը պատրաստվել է «Աջակցություն կին ձեռներեցներին» ծրագրի շրջանակներում՝ «Կետ 33» ՀԿ-ի կողմից՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն ստեղծողը, դրանում արտահայտված տեսակետները կարող են չհամընկել դեսպանատան տեսակետների հետ։