Հանդիպումներ Պրահայում՝ կանանց իրավունքներով զբաղվող կառույցների ներկայացուցիչների հետ
Սեպտեմբերի 5-ին Պրահայում «Կետ 33» կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանը հյուրընկալվել է «Չեխ կանանց լոբբի» ցանցի գրասենյակում։ Իսկ սեպտեմբերի 6-ին հանդիպում է ունեցել Konsent սոցիալ-քաղաքացիական ՀԿ ջատագովության պատասխանատու Կլարա Կադարի հետ։
Պրահա այցն ու հանդիպումները կազմակերպվել են «Դարձնենք ընտանիքամետ աշխատավայրը իրական» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է չեխական և հայաստանյան փորձը՝ ընտանիքամետ քաղաքականություններ, աշխատավայրում ճկուն պայմաններ ունենալու, վճարվող արձակուրդի, երեխայի խնամքի կազմակերպմանն աջակցող իրավական կարգավորումների և այլ հարցերի մասին։ Քննարկման արդյունքում ստացված տեղեկությունները ներառվելու են ընտանիքամետ քաղաքականություններին վերաբերող և «Դարձնենք ընտանիքամետ աշխատավայրը իրական» ծրագրի շրջանակում իրականացվող հետազոտության մեջ, որը կավարատունացվի և կհրապարակվի առաջիկայում։
Ստորև ներկայացնում ենք հատվածներ «Չեխ կանանց լոբբի» ցանցի հանրային կապերի պատասխանատու Կլարա Հլավաչկովայի հետ զրույցից․
ԵՄ Ընտանիք-աշխատանք հավասարակշռության մասին հանձնարարականի ներդրման ժամանակ օրենսդրության մեջ չի ներառվել դրույթ, որ առնվազն 2 ամսվա ծնողական արձակուրդը չի կարող փոխանցվել երկրորդ ծնողին։ Պարզվեց, որ հանձնարարականի հրապարակումից հետո մի խումբ մարդիկ վախեցան, որ երկրորդ ծնողի համար երկամսյա ծնողական արձակուրդը կարող է իրականում մեր օրենքի մաս դառնալ:
Հիշում եմ մի կին պատգամավորի հոդված կար։ Նա ֆեմինիստ է, բայց լրատվամիջոցին ասել էր՝ մի՛ անհանգստացեք, մենք չենք ընդունի այս ֆիքսված երկամսյա ժամկետը հայրերի համար։ Չեխիայում հայրերի միայն 2%-ն է գնում ծնողական արձակուրդ: Ընդհանրապես, դա մեծ թեմա է, քանի որ ծնողական արձակուրդը կարող է տևել մինչև երեք տարի, և, թեև շատ կանայք գուցե ցանկանում են ավելի վաղ վերադառնալ աշխատանքի, դա այնքան էլ հեշտ չէ՝ երեխաների խնամքի հաստատությունների սահմանափակ հասանելիության պատճառով:
Չեխիայում մայրության հետ կապված մշակութային և սոցիալական մեծ ակնկալիքներ կան: Գոյություն ունի մի տեսակ «մայրության պաշտամունք»․ ակնկալվում է, որ կանայք առավելագույնս ներկա պետք է լինեն իրենց երեխաների կյանքում: Գերակշռող համոզմունքն այն է, որ որքան երկար մայրը մնա տանը, այնքան լավ երեխայի և նրա զարգացման համար: Ցավոք, կանայք աշխատաշուկայում անբարենպաստ վիճակում են՝ մինչև չորս տարի ծնողական արձակուրդում գտնվելու պատճառով:
Ես կարծում եմ, որ ֆինանսական ազդեցությունը ամենակարևոր գործոնն է, երբ խոսքը վերաբերում է ծնողական արձակուրդի վերաբերյալ որոշումներին: Չեխիայում, թեև կա որոշակի մշակութային և սոցիալական առաջընթաց, փոփոխությունները դանդաղ են ընթանում: Կանայք դեռևս ավելի քիչ են վաստակում, քան տղամարդիկ, ուստի ֆինանսական նկատառումները հաճախ մեծ դեր են խաղում ծնողական արձակուրդի վերաբերյալ որոշումների ընդունման հարցում: Իհարկե, բոլորն էլ ցանկանում են ավելի շատ եկամուտ ունենալ։
Ստորև ներկայացնում ենք հատվածներ Konsent սոցիալ-քաղաքացիական ՀԿ ջատագովության պատասխանատու Կլարա Կադարի հետ զրույցից․
Մենք ունենք մինչև չորս տարվա ծնողական արձակուրդ, որի ընթացքում ֆինանսական աջակցություն է տրվում։ Շատ կանայք արձակուրդից հետո աշխատանքի չեն վերադառնում։ Պատճառը հիմնականում երեխաների խնամքի հասանելի տարբերակների, օրինակ՝ մանկապարտեզներում տեղերի, բացակայությունն է:
Բացի դրանից, մենք բախվում ենք մեկ այլ խնդրի՝ ծնելիության մակարդակի նվազմանը․ սա ժողովրդագրական խնդիր է: Կառավարությունը կարծում է, որ ավելի շատ գումար հատկացնելը կխրախուսի մարդկանց ավելի շատ երեխաներ ունենալ, սակայն այս մոտեցումն արդյունավետ չէ: Մարդիկ հիմնականում կարիք ունեն, որ մանկապարտեզներում և դպրոցներում տեղեր լինեն։ Նրանք ցանկանում են վերադառնալ աշխատանքի, սակայն գործող համակարգը լավ հարմարեցված չէ ոչ լրիվ ժամանակով կամ ճկուն պայմաններով աշխատանքին: Շատ բան նաև կախված է աշխատանքի ոլորտից:
Իմ կարծիքով՝ մեզ մոտ դեռ արմատացած է այն մտածելակերպը, որ նորման օրական ութ ժամ գրասենյակում աշխատելն է: Երեխաներ ունեցողների համար այս մոդելը պրակտիկ չէ: Շատ չեն այն ղեկավարները և գործատուները, ովքեր ցանկանում են փոխել այս մոտեցումը. նրանք կենտրոնանում են գրասենյակում անցկացրած ժամանակի, ոչ թե իրականում կատարված աշխատանքի վրա:
Կառավարությունը շարունակում է ավելի շատ ճկուն աշխատանքային պայմանների և ոչ ամբողջ ժամանակով աշխատատեղերի ջատագովություն անել՝ պնդելով, որ իրենք կաջակցեն դրանց: Սակայն, ըստ իս, իրական առաջընթացը քիչ է: Եթե ոչ ամբողջ ժամանակով ես աշխատում, ընկերությունը պարտավոր է քո համար պետական վճարումներ կատարել: Սա կարող է անհարմար լինել նրանց, քանի որ լրացուցիչ վարչական աշխատանք է ենթադրում:
Լուսանկարում Աստղիկ Կարապետյանը և Կլարա Կադարն են