Երեխայի խնամքի նպաստ․ պարզաբանում նախարարությունից
Արդյո՞ք կինը շարունակում է ստանալ երեխայի խնամքի նպաստ, եթե երեխայի խնամքի արձակուրդից վերադարձել է աշխատանքի․ այս հարցը ստացել ենք մեր հետևորդներից։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների բաժնի պետ Տաթևիկ Միքայելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի դեպքում կարգավորումները տարբեր են մինչև 2023թ-ի հունվարի 1-ը ծնված ու 2023թ. հունվարի մեկին կամ դրանից հետո ծնված երեխաների դեպքում:
Այսպես, մինչև 2023թ. ծնված երեխայի դեպքում խնամքի նպաստ տրվում է, եթե ծնողը գտնվում է խնամքի արձակուրդում, կամ եթե ծնողն ունի առնվազն մեկ տարվա գյուղական բնակավայրի հասցեով հաշվառում՝ երեխայի ծննդյան օրվա դրությամբ, և երեխան նույնպես հաշվառված է գյուղական բնակավայրում: Այս դեպքում խնամքի նպաստը խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար 31 600 դրամ է, իսկ գյուղաբնակ ծնողի համար, որը միաժամանակ գտնվում է խնամքի արձակուրդում, կրկնակի՝ 63 200 դրամ:
2023թ. հունվարի մեկից հետո ծնված երեխաների դեպքում խնամքի նպաստի չափը 31 600 դրամ է, եթե ծնողը չի գտնվում խնամքի արձակուրդում։
Տաթևիկ Միքայելյանը նշեց, որ կարևոր չէ, թե ինչու չի գտնվում արձակուրդում․ որովհետև աշխատում է, թե որովհետև չի աշխատում։ Այսինքն, եթե ծնողը վարձու աշխատող է, գնում է աշխատանքի, չի գտնվում խնամքի արձկուրդում, և եթե ծնողը վարձու աշխատող չէ, ընդհանրապես չի աշխատում, նպաստի չափը նույնն է՝ 31 600 դրամ:
Նրա խոսքով, այդ նպաստը նշանակվում է երեխայի 70 օրականը լրանալուց հետո դիմելու դեպքում:
Իսկ եթե ծնողը գտնվում է խնամքի արձակուրդում, խնամքի նպաստի չափը 37 500 դրամ է:
«Ընդ որում, այստեղ ևս արտոնություն է տրված գյուղական բնակավայրում բնակվող ծնողներին այն առումով, որ գյուղական բնակավայրում առնվազն մեկ տարի հաշվառվում ունեցող և խնամքի աձակուրդում գտնվող ծնողին իմ նշած նպաստի չափերը տրվում են հանրագումարի տեսքով, այսինքն՝ եթե ծնողն առնվազն մեկ տարի ունի գյուղական բնակավայրի հասցեում հաշվառում, և եթե ծնողը գտնվում է խնամքի արձակուրդում, կստանա 31 600 գումարած 37 500, այսինքն՝ 69 հազար 100 դրամ խնամքի նպաստ՝ խնամքի արձակուրում գտնվելու ժամանակահատվածում:
Եթե խնամքի արձակուրդում գտնվող, այդ թվում՝ գյուղական բնակավայրում հաշվառված ծնողը վերադառնա աշխատանքի խնամքի արձակուրդից, ինքնաշխատ եղանակով խնամքի չափը կփոխվի և կնշանակվի արդեն խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար սահմանված չափով՝ 31 600 դրամ»,- բացատրեց Տ․ Միքայելյանը:
Տաթևիկ Միքայելյանը պարզաբանեց, որ համակարգն ինքնաշխատ եղանակով յուրաքանչյուր ամսվա մեկի դրությամբ ստուգում է ծնողի կարգավիճակը՝ նա գտնվու՞մ է խնամքի արձկուրդում, թե՞ ոչ, ըստ այդմ՝ տվյալ ամսվա խնամքի նպաստի չափը որոշվում է այդ կարգավիճակից ելնելով:
Այսպիսով՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխային խնամելու կապակցությամբ տրվում է՝
-
խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ,
-
գյուղաբնակ չաշխատող ծնողի համար՝ 31,600 դրամ,
-
խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 63,200 դրամ (նախկին 57,200 դրամի փոխարեն):
2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխային խնամելու կապակցությամբ տրվում է՝
-
խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ,
-
խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 37,500 դրամ,
-
խնամքի արձակուրդում գտնվող գուղաբնակ ծնողի համար՝ 69,100 դրամ։