Հավելյալ ընդմիջում մայրերին. փոփոխություն Աշխատանքային օրենսգրքում

Աշխատանքային օրենսգրքի 258-րդ հոդվածով սահմանվում է հավելյալ ընդմիջումները՝ կրծքով կերակրող կանանց համար։ Մասնավորապես՝ հոդվածի 5-րդ կետը սահմանում է, որ մինչև 1.5 տարեկան և կրծքով կերակրվող երեխա ունեցող կնոջը բացի հանգստի և սնվելու համար նախատեսված ընդմիջումը, յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում` կես ժամից ոչ պակաս տևողությամբ։

Սակայն հոդվածի այս դրույթը փոփոխվել է և այս տարվա հուլիսի 31-ին ուժի մեջ կմտնի դրա փոփոխված տարբերակը, որի համաձայն, հավելյալ ընդմիջումների իրավունք կունենան մինչև 2 տարեկան երեխա ունեցող կանանք։ Այսինքն, ընդմիոջումները կվերաբերեն ոչ միայն կրծքով կերակրող, այլ բոլոր մայրերին։ Նաև երեխայի տարիքը բարձրացվել է՝ 1,5 տարեկանից դարձվելով 2 տարեկան։

Նաև հնարավորություն է տրվում, որ կնոջ ցանկությամբ այդ ընդմիջումները գումարվեն՝ հանգստի և սնվելու ընդմիջմանը կամ տրամադրվեն աշխատանքային օրվա սկզբին կամ վերջին՝ աշխատանքային օրվա տևողության համապատասխան կրճատումով: Օրինակ, ութժամյա աշխատանքային օրվա դեպքում մայրն իրավունք կունենա մեկ ժամ ավել բացակայել օրվա ընթացքում, կամ մեկ ժամ ուշ սկսել աշխատանքը կամ մեկ ժամ շուտ ավարտել աշխատանքը։

Հավելյալ ընդմիջման ժամերը նույնպես վարձատրվող են։

Հիշեցնենք, որ օրենսդրական այս փոփոխության անհրաժեշտության մասին «Կետ 33» կազմակերպությունը ՀՀ կառավարությանը և Ազգային ժողովին ներկայացրել է դեռևս 2021 թվականին՝ դրան անդրադառնալով նաև «Վաղ մայրության շրջանում կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանության իրավական երաշխիքներն ու աջակցման ծրագրերը» զեկույցում, որն իրականացվել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։