Երևանում կայացավ «Mom Symposium»-ը, որը Հայաստան էր բերել աշխարհահռչակ մասնագետների

Սեպտեմբերի 17-ին և 18-ին Երևանում կայացավ «Միշել Օդեն» Մայր կենտրոնի առաջին ամենամյա հոլիստիկ Mom Symposium-ը։
Սիմպոզիումը հարթակ էր, որտեղ տեղացի և օտարերկրացի հայտնի մասնագետները խոսել են մոր և մանկան առողջության, առողջ ծննդաբերության թեմաներով։
Բժշկական մարդաբանները, դուլաները, մանկաբարձ գինեկոլոգները, նորածնաբանները, ԿԿ մասնագետները, նախածննդյան յոգայի ուսուցիչներն ու շուրջծննդյան հոգեբանները անդրադարձել են այնպիսի կարևոր թեմաների, ինչպիսիք են՝ ծննդաբերության բարելավման ծրագրերի մշակումն ու ծննդօգնության միջազգային նախաձեռնության իրագործումը Հայաստանում, ծննդաբերության դրական ելքերը դուլայի աշխատանքի արդյուքնում, տնային ծննդաբերության փորձի քննարկում, արևելքի և արևմուտքի ծննդաբերության մոդելների տարբերությունը, կեսարյան հատման որոշման մեջ բժիշկի դերը, երեխայի առողջության վրա կյանքի առաջին օրերին կաթնախառնուրդի օգտագործումը, ԿԿ կարևորությունը, Հայաստանում աշխատող հղիների առողջական խնդիրներն ու հետծննդաբերական դեպրեսիան։ Մասնագետները նաև անձնական պատմություններն են ներկայացրել, խոսել սեփական փորձի ու փորձառության մասին։
Սիմպոզիումի պատվավոր հյուրն էր նաև աշխարհահռչակ ֆրանսիացի դոկտոր Միշել Օդենը, ով մանկաբարձական համակարգեր է փոխել, ունի միլիոնավոր հետևորդներ և մեր ժամանակների ամենահեղինակավոր մասնագետներից է բնական ծննդաբերության ոլորտում։ Օդենը 17 գրքերի հեղինակ է։ Նրան լսելու համար սիմպոզիումին մասնակցելու էին եկել աշխարհի տարբեր երկրներից։