Ընտանիքամետ քաղաքականության վերաբերյալ իրավական ակտ չունենք․ ՇՄՆ

Ընտանիքամետ միջավայր ունենալու համար հանձանռություն է ստացել կառավարությունը։  Մասնավորապես,  ՀՀ ժողովրդագրության վիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությամբ կարևորվում է ընտանիքամենտրոն քաղաքականության իրականացումը և 137-րդ կետով սահմանվում է հետևյալ նպատակը․ «Ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը»։ 

Ընտանիք-աշխատանք հավասարկշռության, ընտանիքամետ աշխատավայրերի առկայությունը կարևորվում է նաև Գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությամբ և միջոցառումների ծրագրով։ Մասնավորապես, 2-րդ գերակայության 12-րդ գործողությունը նախատեսում է․ «Պետական և/կամ տեղական, ինչպես նաև մասնավոր հաստատություններում ընտանիքահեն միջավայրերի ներդրմանն ուղղված աշխատանքների իրականացում»։

«Կետ 33»-ը ընտանիքամետ աշխատավայր ունենալու վերաբերյալ հարցեր է ուղղել 12 նախարարություններին, Ազգային ժողովի և վարչապետի աշխատակազմերին՝ հասկանալու համար, թե ներկայումս այս գերատեսչությունները որքանով են ընտանիքամետ աշխատավայրեր։

Հիշեցնենք, որ ընտանիքամետ է այն աշխատավայրը, որտեղ աշխատողն ունի հնարավորություն սահուն, առանց սթերսի համատեղել ընտանեկան կյանքն ու աշխատանքը, օրինակ, մոտ լինել ընտանիքի խնամքի կարիք ունեցող անդամին և միևնույն ժամանակ չկորցնել աշխատանքն ու եկամուտը։  Ընտանիքամետ աշխատավայրի հիմնական բաղադրիչներ են ա) ճկուն աշխատանքային ժամերով/պայմաններով աշխատելու հնարավորությունը, բ) վճարվող արձակուրդներ և ազատ օրեր ունենալը, գ) երեխայի/ընտանիքի անդամի խնամքի հարցում աջակցությունը, դ) Բարեկեցության և կարիերայի զարգացման կարևորումը։

Ստորև ներկայացնում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանի կողմից ստացված պատասխանները։

Նշվում է, որ նախարարությունն ունի 179 աշխատող, որից՝ 121-ը կին է (շուրջ 67.5 %,-  հեղ․)։  Նաև նախարարությունում՝  

  •  1 աշխատակից ունի երեք տարեկան երեխա և չի գտնվում երեխայի խնամքի  արձակուրդում
  •  ընտանիքի անդամի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակիցներ  չունենք,  
  •  ընտանիքամետ քաղաքականության, երեխայի կամ ընտանիքի հարցերում  աջակցության վերաբերյալ իրավական ակտ չունենք,  
  • հեռավար աշխատողներ չունենք, 
  • համաձայն Աշխատանքային օրենսգրքի՝ աշխատակիցներին տրամադրվում է  հայրության արձակուրդ
  •  այս պահին չկա հատուկ կահավորված սենյակ՝ կրծքով կերակրվող երեխա  ունեցող աշխատակիցների համար,  
  •  աշխատակիցները օգտվում են ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի  N 1691-Ն որոշմամբ տրամադրվող սոցիալական փաթեթից։  

«Շրջակա միջավայրի նախարարությունում Ձեր գրությամբ բարձրացված հարցերը  կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»,- նշված է պատասխանում։

Տե՛ս նաև հարցումը և արձագանքը ամբողջությամբ։

Հարցումներն արվել են «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Կետ 33» հասարակական կազմակերպության կողմից՝ Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։