Էկոնոմիկայի նախարարությունում ընտանիքամետ պրակտիկաներ չկան
Ընտանիքամետ միջավայր ունենալու համար հանձառություն է ստացել կառավարությունը։ Մասնավորապես, ՀՀ ժողովրդագրության վիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությամբ կարևորվում է ընտանիքամենտրոն քաղաքականության իրականացումը և 137-րդ կետով սահմանվում է հետևյալ նպատակը․ «Ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը»։
Ընտանիք-աշխատանք հավասարկշռության, ընտանիքամետ աշխատավայրերի առկայությունը կարևորվում է նաև Գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությամբ և միջոցառումների ծրագրով։ Մասնավորապես, 2-րդ գերակայության 12-րդ գործողությունը նախատեսում է․ «Պետական և/կամ տեղական, ինչպես նաև մասնավոր հաստատություններում ընտանիքահեն միջավայրերի ներդրմանն ուղղված աշխատանքների իրականացում»։
«Կետ 33»-ը ընտանիքամետ աշխատավայր ունենալու վերաբերյալ հարցեր է ուղղել 12 նախարարություններին, Ազգային ժողովի և վարչապետի աշխատակազմերին՝ հասկանալու համար, թե ներկայումս այս գերատեսչությունները որքանով են ընտանիքամետ աշխատավայրեր։
Հիշեցնենք, որ ընտանիքամետ է այն աշխատավայրը, որտեղ աշխատողն ունի հնարավորություն սահուն, առանց սթերսի համատեղել ընտանեկան կյանքն ու աշխատանքը, օրինակ, մոտ լինել ընտանիքի խնամքի կարիք ունեցող անդամին և միևնույն ժամանակ չկորցնել աշխատանքն ու եկամուտը։ Ընտանիքամետ աշխատավայրի հիմնական բաղադրիչներ են ա) ճկուն աշխատանքային ժամերով/պայմաններով աշխատելու հնարավորությունը, բ) վճարվող արձակուրդներ և ազատ օրեր ունենալը, գ) երեխայի/ընտանիքի անդամի խնամքի հարցում աջակցությունը, դ) Բարեկեցության և կարիերայի զարգացման կարևորումը։
Ստորև ներկայացնում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանի կողմից ստացված պատասխանները։
Նշվում է, որ նախարարությունում աշխատում է 394 հոգի, որից 213-ը կանայք են։ 3 աշխատակից ունի մինչև երեք տարեկան երեխա և չի գտնվում երեխայի խնամքի արձակուրդում։ Ընտանիքի անդամի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողներ չկան։ Չկան նաև հեռավար աշխատողներ։
Նշվում է, որ նախարարությունը չունի ընտանիքամետ պրակտիկա կամ քաղաքականություն։ Նախարարությունում չկա նաև կերակրասենյակ կամ խաղասենյակ։
Տե՛ս նաև հարցումը և արձագանքը ամբողջությամբ։
Հարցումներն արվել են «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Կետ 33» հասարակական կազմակերպության կողմից՝ Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։



