Մի՛ փորձեք օգնել ծննդկանին, պաշտպանե՛ք նրան․ աշխարհահռչակ նորարար մանկաբարձ Միշել Օդենի բացառիկ հարցազրույցը «Կետ 33»-ին

Այս փոդքասթը և ֆոտոպատմությունը պատրաստվել են «Հավասար հնարավորություններ աշխատող մայրերի համար» ծրագրի շրջանակներում «Կետ 33» ՀԿ-ի կողմից Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ։

Փոդքասթի առանցքային մտքերը համառոտ ներկայացված են ֆոտոպատմության մեջ։

Լրագրող – Ողջույն, դոկտո՛ր։ Բարի գալուստ Հայաստան։ Ես ներկայացնում եմ «Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան ՀԿ-ն, որն ընդհանուր առմամբ աշխատում է կանանց իրավունքների ոլորտում։ Մեր թիրախային խումբը հղի կանայք են, մանկահասակ երեխա ունեցող կանայք, և մենք խրախուսում ենք ընտանիքամետ միջավայրի ստեղծումը Հայաստանում, հղիության և վաղ մայրության շրջանում գտնվող կանանց տրամադրում ենք անվճար իրավական օգնություն, իրազեկում ենք նրանց իրենց իրավունքների ու ազատությունների մասին, բարձրաձայնում ենք նրանց հուզող խնդիրների մասին։ Առաջին հարցը, որի պատասխանը կուզեի լսել Ձեզնից, հետևյալն է․ ընտանիքի և մոր համար որքանո՞վ է կարևոր ընտանիքամետ միջավայր ու աջակցող հասարակություն ունենալը։ Սա առաջին հարցն է։

Օդեն – Այո՛, իհարկե։ Սա անհրաժեշտ հարց է։ Մտածում ես փոքր ընտանիքի մասին, մտածում ես կարճաժամկետ տեսանկյունից, թե ինչ տեղի կունենա ծննդաբերությունից հետո, մոր և երեխայի միջև եղած կապի մասին, ինչպես այն կարող է խախտվել և այլն։ Ես կուզեի անմիջապես, և գուցե հետ կգամ դրան, ընդգծել, որ այսօր մենք պետք է ընդլայնենք թեման։

Լրագրող – Լավ։

Օդեն – Այսօր մենք պետք է մտածենք ոչ միայն կոնկրետ այս երեխաների մասին։ Մարդ արարածն աներևակայելի հարմարվող է։ Մենք պետք է մտածենք մարդկության ապագայի մասին, ու ես կբացատրեմ, թե ինչու մենք պետք է հանկարծ ընդլայնենք թեման։ Մենք պետք է գիտակցենք, թե ծննդաբերության պատմության որ փուլում ենք գտնվում։ Սա վճռորոշ, նոր փուլ է։ Հաշվի՛ առեք այն, որ ներկայումս մենք օգտվում ենք ժամանակակից դեղագիտությունից, դեղերից, սինթետիկ օքսիտոցինի կաթիլայիններից և այլն։ Եվ անվտանգ ու հեշտ կեսարյան հատման դարաշրջանում ենք։ Այսօր գլոբալ մակարդակով, գիտեք, մարդկության մակարդակով այն կանանց թիվը, ովքեր ծննդաբերում են ինքնուրույն, չնչին է դառնում։

Լրագրող – Դուք խոսում եք ֆիզիոլոգիական ծննդաբերության մասին։

Օդեն – Ես ֆիզիոլոգիական ծննդաբերության մասին չեմ խոսում, չգիտեմ, թե ինչ է դա նշանակում։ Ես խոսում եմ ծննդաբերության ֆիզիոլոգիայի մասին։ /Ծիծաղում է/ Ես ուզում եմ բացատրել, որ մենք հիմա բացարձակապես նոր իրավիճակում ենք։ Ծննդաբերելու համար կինը պետք է հորմոնների կոկտեյլ արտադրի։ Եվ մենք այսօր գիտենք, որ դա սիրո հորմոնների կոկտեյլն է։ Բայց արի ու տես, որ ամբողջ աշխարհում կանանց մեծ մասը երեխա է ունենում՝ առանց սիրո հորմոնների կոկտեյլ արտադրելու։

Լրագրող – Եվ ինչու՞ է դա տեղի ունենում։

Օդեն – Որովհետև մենք չենք հասկանում ծննդաբերության ֆիզիոլոգիան, քանի որ, ինչպես ես նշեցի, մենք օգտագործում ենք, լայնորեն օգտագործում ենք հորմոնների փոխարինիչներ, դեղեր, որոնք փոխարինում են հորմոնները, կամ կեսարյան հատումը։ Այսպիսով, ներկայումս սա լրիվ նոր բան է կաթնասունների պատմության մեջ, մասնավորապես մարդ-կաթնասունների․․․ որ երեխա ունենալու համար քեզ պետք չէ սիրո հորմոններ արտադրել։ Սիրո հորմոնները մոլորակի մասշտաբով դառնում են ավելորդ, անօգուտ երեխա ունենալու համար։ Եվ ինչպիսի՜ հարց է սա, ինչպիսի՜ հարց․ սիրո հորմոններն օգտակա՞ր են, սերն օգտակա՞ր է։ Սա աներևակայելի կարևորություն ունեցող հարց է։ Ես մեկ ուրիշ օրինակ էլ կբերեմ, որպեսզի բացատրեմ, թե ինչու մենք պետք է անմիջապես ընդլայնենք թեման։ Եկե՛ք չմտածենք տվյալ երեխայի մասին, մարդ արարածը հարմարվող է, այլ մարդկության մասին մտածենք։ Մեկ այլ օրինակն այն է, որ այսօր կանանց մեծ մասը չի կարող ծննդաբերել այնտեղ, որտեղ ապրում է։ Նրանք ուրիշ տեղ են գնում ծննդաբերելու համար։ Նրանք տանը չեն ծննդաբերում, նրանք ծննդաբերում են այլ վայրում։ Մանրէաբանական տեսանկյունից սա լրիվ նոր բան է, քանի որ սովորաբար երեխաները ծնվում են այն նույն հակամարմիններով, որոնք ունի մայրը։ Այսպիսով, ծնվելուց անմիջապես հետո, մինչև վերջերս, նորածնի մարմինը բնակեցվում էր մանրէների մեծ բազմազանությամբ: Դրանք մոր կողմից էին, ծանոթ ու բարենպաստ, և դրանք արդեն ծանոթ ու բարենպաստ էին նորածնի համար։ Եվ այս առաջին մանրէները, որոնք բնակեցնում էին երեխայի մարմինը, պետք է սկսեին մարդու օրգանիզմի զարգացումը։ Ու մեկ էլ հանկարծ մեզ էլ հատուկ գիտելիքներ պետք չեն։ Երեխաներն այլ վայրում են ծնվում, նրանք չեն ծնվում ծանոթ ու բարենպաստ մանրէների միջավայրում, նրանք այլ վայրում են ծնվում՝ հաճախ քվազիստերիլ միջավայրում, անծանոթ մանրէների մեջ․․․ Մարդկային օրգանիզմը վարժեցված ու ծրագրավորված չէ նույն կերպ։ Դա նշանակում է, որ մեր առողջությունը նույն ձևով չի կազմակերպված։ Դժվար չէ հասկանալը, որ մանրէաբանական տեսանկյունից, ինչը շատ կարևոր է, մարդու օրգանիզմի՝ այսպես ասած վարժեցվածությունը շատ կարևոր է։ Լինում է երկու տեսակի ծննդաբերություն՝ ծննդաբերություն տանը և ծննդաբերություն այլ վայրում։

Լրագրող – Ու կապ չունի՝ որտեղ։

Օդեն – Այո՛, այլ վայրում է։ Միայն տանը կա ծանոթ ու բարենպաստ մանրէների մեծ բազմազանություն։ Սա նոր գիտելիք չէ, բայց մենք պետք է գիտակցենք այս գիտելիքի կարևորությունը։ Երբ մենք խոսում ենք մարդ արարածների մասին, թեման ընդլայնելու մեկ այլ ձև է այն, որ այսօր ժամանակակից մանկաբարձության համատեքստում մենք հանկարծ չեզոքացնում ենք բնական ընտրության օրենքները։ Բոլորը լսել են բնական ընտրության մասին Դարվինի ժամանակներից։ 

Լրագրող – Ինչպե՞ս, ինչպե՞ս ենք դրանք չեզոքացնում։

Օդեն – Չեզոքացնելը նշանակում է, որ, օրինակ, մինչև վերջերս կինը, որը կարող էր հեշտությամբ ծննդաբերել, ընդհանուր առմամբ շատ երեխաներ էր ունենում։ Իսկ կինը, որը չէր կարող ծննդաբերել, չէր կարողանում փոխանցել իր գեները։

Լրագրող – Լավ։

Օդեն – Հիմա մենք դա չեզոքացրել ենք։ Բնական ընտրության օրենքի հետևանքները։ Այսպիսով, դա նշանակում է, որ ներկայումս կինը, ով չի կարող ինքնուրույն ծննդաբերել, օգտվում է կեսարյան հատումից կամ դեղագիտությունից և փաստացի կարող է նույն քանակի երեխաներ ունենալ, ինչ այն կինը, որը կարողանում է հեշտությամբ ծննդաբերել։ Այն կինը, որը կարողանում է հեշտությամբ ծննդաբերել, եթե նա ցանկանում է երկու երեխա ունենալ, օգտվում է հակաբեղմնավորիչներից։ Այն կինը, որը չի կարող ծննդաբերել, կեսարյան հատում է ունենում և փոխանցում է իր գեները։ Սա բազմաթիվ օրինակներից մեկն է։ Սա նշանակում է, որ մենք չեզոքացրել ենք բնական ընտրության օրենքը, և սա ունի բազմաթիվ հետևանքներ։ Մենք պետք է մտածենք մարդկության ապագայի մասին։ Մենք հանկարծ գիտակցում ենք որոշ շատ կարևոր բաներ։ Այն երկրներում, որտեղ մանկաբարձական միջամտության մակարդակը շատ բարձր է, մասնավորապես կեսարյան հատումների մասով, օրինակ՝ Պուերտո Ռիկոյում, Թայվանում, այս երկրներում ծնելիության մակարդակը, այսինքն՝ մեկ կնոջը բաժին ընկնող երեխաների քանակը, 2-ից շատ ավելի ցածր է։ 

Լրագրող – Այո՛։

Օդեն – Սա նշանակում է, որ այն բավարար չէ բնակչությունը պահպանելու համար։

Լրագրող – Այո՛, այո՛։

Օդեն – Մարդ տեսակը բնաջնջման, ոչնչացման ճանապարհին է։ 

Լրագրող – Այո՛, այո՛, թիվը Հայաստանում էլ է իջնում։

Օդեն – Որովհետև բնակչության կայուն մակարդակը պահպանելու համար մեկ կնոջը բաժին ընկնող երեխաների քանակը պետք է լինի 2,1։ 

Լրագրող – Այո՛, առնվազն։

Օդեն – Պուերտո Ռիկոյում այն 1,04 է։  

Լրագրող – Եվ որտե՞ղ է այն բարձր։ 

Օդեն – Թայվանում այն 1,7 է, ամբողջ Չինաստանում 1,5 է, արևմտյան Եվրոպայում նույնպես 2-ից ցածր է։ Այն դեռևս բարձր է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Աֆղանստանը, Ենթասահարայական Աֆրիկան, բայց այն իջնում է։

Լրագրող – Իջնու՞մ է։

Օդեն – Այն իջնում է, հետևաբար շուտով ամենուր այդպես կլինի։ Այսպիսով, ներկայումս մարդ տեսակը բնաջնջման, ոչնչացման ճանապարհին է։ Սա մաթեմատիկա է։ Եվ սա մեծամասամբ կապված է չծնվող երեխաների հետ․․․ Ներկայումս վերջապես մեծ հարց չէ տվյալ երեխան, որը ծնվել է կեսարյան հատման ճանապարհով և այլն, հարցը հետևյալն է․ ի՞նչ է լինելու մարդ տեսակի հետ, եթե կանայք այլևս չծննդաբերեն։ Սա պիտի տեղ հասնի։ Այսպիսով, ես միանգամից ուզում եմ, որովհետև մենք քիչ ժամանակ ունենք, անցնել նրան, ինչն իրոք էական է և ինչը մարդիկ չեն գիտակցում։ Մեզ պետք է նոր տեղեկացվածություն, մեզ գիտելիք, նոր գիտելիք չէ պետք, մենք պետք է գիտակցենք, թե ինչքան լուրջ է սա մարդ տեսակի մասշտաբով, երբ սիրո հորմոնները բացակայում են։ Այն, թե ինչին է մարդու օրգանիզմը վարժված, լուրջ բան է։ Այն, որ մեկ կնոջը բաժին ընկնող երեխաների քանակը ներկայումս շարունակ կրճատվում է։ Եվ հիմա ժողովրդագրագետները՝ այն մարդիկ, ովքեր ուսումնասիրում են բնակչության էվոլյուցիան, մինչև հիմա նրանք մտածում էին, որ մարդիկ չափից շատ են, նրանք մտածում էին, որ 10 միլիարդ մարդ է լինելու, ու վախենում դրանից, բայց ոչ, այսօր հակառակն է։

Լրագրող – Հակառակն է, այո՛։

Օդեն – Հակառակն է, ու, հավանաբար, սա մեծապես կապված է նրա հետ, թե ինչպես են ծնվում երեխաները։ Ուրեմն ես կօգտագործեմ Ձեր հարցը, քանի որ ես գիտեի, սպասում էի, որ հարցեր կբարձրացնեք հղի կանանց մասին։ Ամենամեծ հարցը վերաբերում է բոլորին։ Երբ մենք խոսում ենք ծննդաբերության մասին, սա ուղղակի թեմա չէ հղի կանանց, ծննդաբերությանը մասնակցող բժիշկների, մանկաբարձուհիների համար։ Մենք պետք է գիտակցենք, որ այն բոլորի համար է, բոլոր նրանց, ում հետաքրքիր է մարդկության ապագան, ովքեր գիտակցում են, որ մեր տեսակն իր բոլոր առանձնահատկություններով անհետացման վտանգի մեջ է գտնվում։ Մենք պետք է  գիտակցենք սա։ Ուրեմն կարևոր է հնարավորություն տալը, որ ռադիոյով խոսենք, որպեսզի գիտակցենք, որ այս թեման բոլորի համար է։ 

Լրագրող – Իհարկե։ 

Օդեն – Շատերը կխոսեն ծննդաբերության մասին, մի՛ էլ անհանգստացեք դրա մասին, եկե՛ք գիտակցենք խնդրի կարևորությունը։ Լավատեսության համար կա միայն մեկ պատճառ, որ այսօր անհնար չէ սոցիալականացված ծննդաբերության 10 000 տարիներից հետո՝ համոզմունքներով, ծիսակարգերով, սովորույթներով և այլն, մենք մոռացել ենք, թե ծննդաբերության ֆիզիոլոգիայի մեջ որն է էականը, և հնարավոր է, սա ուտոպիա չէ, որ այսօր մենք հնարավորություն ունենք՝ վերաբացահայտելու ծննդաբերող կանանց հիմնական կարիքը. ստեղծել այնպիսի պայմաններ, որ ապագայում միգուցե ավելի շատ կանայք կարողանան ծննդաբերել ինքնուրույն, սիրո հորմոնների կոկտեյլի շնորհիվ։ Բայց դրա համար կա երկու պայման։ Որ այն մարդիկ, ովքեր ուսումնասիրում են ծննդաբերության ֆիզիոլոգիան, սկսեն մի օգտակար հարցից։ Օգտակար հարցն այն է, թե ինչու է մարդու ծննդաբերությունը երբեմն արագ ու հեշտ ընթանում։ Մինչև հիմա մարդկանց հետաքրքիր էր, թե ինչու է մարդու ծննդաբերությունը դժվար։ Սա օգտակար հարց չէ։

Լրագրող – Բայց այն հե՞շտ է։ Այն հե՞շտ է դարձել։     

Օդեն – Օգտակար հարցն այն է, թե ինչու է այն երբեմն հեշտ։ Ու եթե սկսում ես այս հարցից և ընդունում ես այն, ինչ սովորում ես ժամանակակից ֆիզիոլոգիայի մասին, պետք է գիտակցես, որ մենք մինչև հիմա գերագնահատել ենք մեխանիկական հարցերի կարևորությունը մորֆոլոգիական հարցերի համեմատ, երբ մենք նայում ենք զուտ մեխանիկային։ Մենք պետք է հիշենք, որ մարդ արարածներ ենք։ Մարդ արարածը յուրահատուկ է իր հսկայական հզոր ուղեղով։ Եվ գիտակցենք, որ վերջապես ծննդաբերության ֆիզիոլոգիան ուղեղի ֆիզիոլոգիայի առաջին գլուխն է։ Մենք պետք է գիտակցենք ուղեղում տեղի ունեցողի կարևորությունը, և մենք պետք է գիտակցենք, որ մեր նոր ուղեղը, որն այնքան շատ է զարգացած մարդկանց մոտ, այն ուղեղը, որին մենք անվանում ենք նեոկորտեքս, այդ նոր ուղեղը մինչև օրս ներկայացվում էր որպես գործիք, որը ծառայում է որոշակի կենսական ֆիզիոլոգիական գործառույթների՝ ռիթմին օգնող, տարածքի և ժամանակի մասին տեղեկատվություն ապահովող, հաղորդակցությունը հեշտացնող։ Այսպես ենք մենք պատկերացնում, ներկայացնում մարդկային ուղեղը․․․ Բայց այսօր հանկարծ հայտնվել ենք շրջադարձային կետում, սա 180° շրջադարձ է, հանկարծ մենք գիտակցում ենք, որ այս հզոր ուղեղը, որի շնորհիվ մենք կարող ենք մաթեմատիկա անել, հաղորդակցվել էլեկտրոնային սարքերով և այլն, միայն մարդիկ են կարող դա անել․․․ Բայց հանկարծ մենք հասկանում ենք, որ այս նոր ուղեղը կարող է, հակառակը, ոչ թե գործիք լինել, այլ կարող է թաքցնել, կարող է որոշակի ֆիզիոլոգիական գործառույթներ ավելի բարդ դարձնել։ Օրինակ՝ հոտի զգայարանը․ եթե մի բաժակ գինի ես խմում, քո հոտի զգայարանն ավելի ուժեղ է, քանի որ ամենօրյա կյանքում, երբ ակտիվ ես, քո նեոկորտեքսը փոքրացնում է քո հոտի զգայարանի հզորությունը։ Նույն կերպ ծննդաբերությունն է։ Բնությունը լուծում է գտել մարդու ծնունդը հնարավոր դարձնելու համար։ Եվ մենք պետք է վերաբացահայտենք այս լուծումը։ Հնարավոր և նույնիսկ  հեշտ։ Պարզ բան է․ մտածող ուղեղը, տրամաբանող ուղեղը, այն ուղեղը, որի շնորհիվ կարող ենք մաթեմատիկա անել ու անվանում ենք այն նեոկորտեքս, պետք է դադարի աշխատել։ Գործունեություն չծավալի։ Ծննդաբերելը տրամաբանող ուղեղի գործ չէ, այն արխայիկ ուղեղի կառուցվածքի գործ է։ Եվ նոր ուղեղը պետք է դադարի աշխատել և լինի հանդարտ։ Այսպես մեկ էլ հանկարծ՝ սոցիալականացված ծննդի հազարավոր տարիներից հետո, գիտակցում ենք, թե որոնք են ծննդաբերող կնոջ հիմնական պահանջմունքները։ Օգտվելով ավանդույթից՝ այն լուծումը, որը գտել է բնությունը՝ մարդու ծնունդը հնարավոր դարձնելու համար, հեշտ է բացատրելը։ Դադարել մտածել, դադարել մտածել, փոքրացնել նեոկորտեքսի ակտիվությունը, դա է կարևորը։ Այսպիսով, եթե մենք հասկանանք սա, մենք նոր ճանապարհ ունենք՝ հասկանալու համար ծննդաբերող կնոջ հիմնական պահանջմունքը։ Ծննդաբերող կինն առաջին հերթին կարիք ունի՝ պաշտպանված լինելու, հանկարծ բանալի բառ է դառնում «պաշտպանություն»-ը։ Մի՛ փորձեք օգնել ծննդաբերող կնոջը, մի՛ ուղղորդեք նրան, սա հակաարդյունավետ է, քանի որ նրան պետք է իրեն պաշտպանված զգալ նեոկորտեքսի ցանկացած խթանից։ Նա պետք է դադարի մտածել։ Այսպիսով, օրինակ, մի՛ խոսեք ծննդաբերող կնոջ հետ, երբեք մի՛ խոսեք նրա հետ։ Սա պարզ բան է, բայց դժվար է այն հասկանալ ավանդույթի հազարավոր տարիներից հետո։ Պաշտպանել ծննդաբերող կնոջը լույսից, նեոկորտեքսը խթանող բաներից, սա պարզ, պարզ բան է, բայց այն չեն հասկանում։ Կամ խուսափե՛ք այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են ակտիվացնել ծննդկանի ուշադրությունը։ Եթե նա ուշադրություն է դարձնում, նա, օրինակ, զգում է, որ իրեն հետևում են․․․   

Լրագրող – Այսինքն՝ նա չպետք է շեղվի ընթացքում։

Օդեն – Չշեղվի։ Այո՛, ճիշտ այդպես, չշեղվի, և ծննդկանին շեղելը սոցիալականացման հետևանք է: Ուրեմն, սա այն բանալի բառն է, որը պետք է վերաբացահայտենք, դա շատ դժվար է, դա «պաշտպանություն» բառն է։ Կնոջը պաշտպանելը։ Եվ մենք պետք է մոռանանք հետևյալ բառերը՝ «օգնել», «ուղղորդել», «կառավարել»։ Այս բառերն օգտագործվում են մշակութային մակարդակի վրա, օրինակ՝ երբ բժիշկները խոսում են ծննդաբերության ընթացքը կառավարելու մասին, դա նույնն է, ինչ երբ «քոուչինգ» բառն օգտագործվում է այն մարդկանց շրջանում, ովքեր առաջ են տանում իրենց՝ այսպես կոչված բնական ծննդաբերությունը։ Սա մշակութային երևույթ է։ Բժիշկները, այն մարդիկ, ովքեր առաջ են տանում բնական ծննդաբերությունը, սա նույն տեսակի մտածողություն է։ Այն մշակութային է, սա է հարցը։ Եվ հետաքրքիր է, որ ներկայումս՝ այս կարևոր ժամանակաշրջանում, սա ավելի հեշտ է հասկացվում այն մարդկանց շրջանում, ովքեր գիտական դաշտից են, մասնավորապես՝ բժիշկների շրջանում։ Երբեմն սա ավելի հեշտ են հասկանում ոչ թե նրանք, ովքեր առաջ են տանում իրենց՝ այսպես կոչված բնական ծննդաբերությունը, ֆիզիոլոգիական ծննդաբերությունը, սա շրջադարձային կետ է, նոր տեսակի մտածողություն է։ Մի՛ փորձեք օգնել ծննդկանին, պաշտպանե՛ք նրան։ Իսկ ո՞վ կարող է պաշտպանել։ Ո՞վ է պաշտպանի նախատիպը։ Նա մայրն է։

Լրագրող – Դո՞ւլան։

Օդեն – Մայրը, մայրը, մայրը պաշտպանի նախատիպն է։            

Լրագրող – Այսինքն՝ նկատի ունեք նմանատիպ փորձով տարիքով ավելի մեծ մա՞րդ։

Օդեն – Մոր կերպարը։

Լրագրող – Մոր կերպարը։

Օդեն – Ի սկզբանե մանկաբարձուհին մայր էր, մոր կերպար, ով պաշտպանում էր։ Այսպիսով՝ սա մտածողության նոր տեսակ է։

Լրագրող – Որքա՞ն կարևոր է դուլայի դերն այս գործընթացում։

Օդեն – Ես դուլայի մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ հիմնական կարիքների և այն մարդու նախատիպի մասին, ով միայն պաշտպանում է։ Դա մայրն է, մոր կերպարը։ Նա կարող է լինել մանկաբարձուհի, դուլա, որոշ բժիշկներ կարողանում են պաշտպանների պես իրենց պահել։ Բանալի բառը «պաշտպանություն»-ն է։ Մի՛ մտածեք այն տերմինների մասին, որոնք օգտագործվում են մեր հասարակության մեջ։ Մենք փոխում ենք մեր մտածողությունը։ Մտածե՛ք միայն «պաշտպանություն» բառի մասին։ Միակ բանը, որ կարող ենք անել, երբ կինը ծննդաբերում է, այն է, որ նա իրեն պաշտպանված զգա։ Օրինակ՝ եթե նա զուգարան է գնում և այլն, դուռը փակե՛ք։ Դա շատ լավ է: 

Լրագրող – Դա հոգեբանական կոմֆորտ է ստեղծում։

Օդեն – Եթե նա գիտի, որ իր մոտ պաշտպան կա, ապա չի անհանգստանա։ Սա նոր մտածողություն է։ Եվ մենք պետք է մտածենք մեր կենսաբանական տեսակի մեծ ապագայի տեսանկյունից, մեր մարդկության, որը վտանգի մեջ է։ Դա է հարցը, որովհետև մենք այսօր չեզոքացրել ենք բնական ընտրության օրենքները։ Ոչ ոք մանկաբարձության հետևանքները չի կապում բնական ընտրության օրենքների հետ։ Սա առաջին թեման է, որ պետք է ներկայացնել այսօր, որովհետև այն նոր է։ Մինչև վերջերս հակառակն էր։ Մինչև վերջերս բոլոր մշակութային տիրույթներում բնական ընտրության օրենքներն ամրապնդվում էին, հակառակն էր մինչև վերջերս՝ մինչև 5 տարի առաջ։ Բոլոր մշակույթներն ամրապնդում էին բնական ընտրության օրենքները։ Օրինակ՝ ծիսակարգերը․ եթե նորածինը թույլ էր, վաղաժամ ծնված, ավելի լավ էր, որ չապրեր։ Այսպիսով՝ կային ծիսակարգեր, օրինակ՝ երեխային դնում էին սառցակալած ջրի մեջ, եթե նա չափազանց թույլ էր, ապա կմահանար։ 

Լրագրող – Աստված իմ։

Օդեն – Նրանք ամրապնդում էին բնական ընտրության օրենքները։ Հազարավոր տարիներ շարունակ մշակութային տիրույթներում ուշացրել են կրծքով կերակրման սկիզբը։ Հազարավոր տարիներ շարունակ մարդ արարածը զրկված էր վաղ խեժից։ Խեժն արժեքավոր նյութ է, որը նորածինը կարող է գտնել կրծքի մեջ անմիջապես ծնվելուց հետո։ Բայց եթե մենք զրկում ենք նորածիններին՝ ուշացնելով կրծքով կերակրումը, նրանք զրկվում են խեժից։ Ամենախոցելիները ու թույլերը չեն ապրի։ Այսպիսով, մինչև հիմա հասարակությունների մեծ մասն ամրապնդում էր բնական ընտրության օրենքները։ Մինչև օրս․․․ ու մեկ էլ հանկարծ այս օրենքը չեզոքանում է։ Եթե երեխան ծնվում է 400 կամ 500 գրամ քաշով, մենք ամեն ինչ կանենք, որ այս երեխան ապրի։ Ուստի սա աներևակայելի շրջադարձային կետ է կաթնասունների պատմության մեջ, մարդ-կաթնասունների։ Այդ պատճառով կարևոր է գիտակցելը, որ մարդու ծննդաբերության այս խնդիրը մասնագիտացված մարդկանց խնդիրը չէ․ սա խնդիր է ցանկացածի համար՝ ցանկացած մարդու, ում հետաքրքրում է մարդկության ապագան։  

Լրագրող – Սա ինձ բերում է իմ մյուս հարցին։ Դուք հեղափոխական մոտեցումներ եք ներդրել, ինչպիսիք են լողավազանում ծննդաբերելը կամ սենյակն այնպես կահավորելը, որ այն նմանվի կնոջ իրական տանը։ Ի՞նչը Ձեզ ստիպեց այսպիսի փոփոխություններ մտցնել ծննդաբերության գործընթացի մեջ։

Օդեն – Օհ, ծննդաբերության ֆիզիոլոգիան հասկանալը, գիտեք։ Հասկանալը, թե ինչ կարող է արվել նրա համար, որ կինն ավելի հեշտորեն արտադրի հորմոնալ կոկտեյլը։

Լրագրող – Կոկտեյլը, այո՛։

Օդեն – Սա ընդհանուր կանոն է, մանրուքները մոռացե՛ք, մոռացե՛ք մանրուքները։ Սա ավելի շատ նոր մտածողություն է։ Ներկայումս մեզանում գերակշռում է մի տեսակի մտածողություն։ Կարճաժամկետ տեսանկյունից միակ նպատակն այսպես կոչված նեոնատալ մահացության գործակիցը կրճատելն է, այսինքն՝ այն նորածինների, որոնք չեն ապրում ծննդաբերությունից հետո։ Սա է գլխավոր նպատակը։ Այսօր մենք հանկարծ պետք է մտածենք տարատեսակ բաների մասին․ առաջինը՝ մոռանալ անհատի մասշտաբը։ Մենք պետք է մտածենք երկարաժամկետ։ Մենք պիտի մտածենք մեր կենսաբանական տեսակի ապագայի մասին։ Եվ սա պարզ բան է։ Այսօր բոլոր խնդիրների մասին մենք պետք է մտածենք երկարաժամկետ։ Կարող եք մտածել միջուկային պատերազմի, պլաստիկով աղտոտված օվկիանոսների մասին։ Կարող եք մտածել ցանկացած թեմայի շուրջ։ Մենք պետք է սովորենք երկարաժամկետ մտածել։ Սա հատկապես հրատապ է։ Երբ մենք խոսում ենք մարդկության, մարդ արարածների մասին, սա հատկապես լուրջ է։ Այն բանի գիտակցումը, որ հիմա սիրո հորմոններն անպետք են։ Սա գիտելիք չէ, ես գիտելիք չեմ տալիս, սա լուրջ բան է։ Ուրեմն կհասկանանք մենք դա, թե ոչ, մնացածը մանրուքներ են, մանրուքներ, որոնք ես մտցրել եմ մանկաբուժության մեջ, դրանք մանրուքներ են։ Ես 1970-ականներին բժշկական գրականության մեջ առաջին հոդվածներն եմ գրել ծննդաբերությանը հաջորդող մեկ ժամվա ընթացքում կրծքով կերակրման մեկնարկի մասին։ Սա մի բան է, որի մասին լրիվ մոռացել էինք հազարավոր տարիներ շարունակ, որ երեխան պետք է գտնի կուրծքը ծնվելուն հաջորդող մեկ ժամվա ընթացքում։ Բոլոր մշակույթներում մենք ուշացնում էինք կրծքով կերակրումը։ Այսպիսով՝ միտքս այն է, որ սա մտածողության տեսակ է, առաջնահերթությունները հասկանալը։

Լրագրող – Ուրեմն ինչքա՞ն արագ պետք է երեխան գտնի կուրծքը ծնվելուց հետո։

Օդեն – Մարդ արարածը կարող է գտնել կուրծքը ծնվելուն հաջորդող մեկ ժամվա ընթացքում։ Երբ մարդու նորածնին չեն շեղում, նրա տեղը տաք է, նա չի շեղվում, նա ազատ է, նա դա է անում։ /ծիծաղ, ցույց է տալիս/ Մարդիկ սա չեն տեսնի։   

ԼրագրողԴա նրա գլխավոր նպատակն է։

Օդեն – Նա աջուձախ է նայում, բացում է բերանը։ Դա կոչվում է արմատավորման ռեֆլեքս․․․ ասես փորձելով բերանով մի բան գտնել։ Դա ռեֆլեքս է։ Եվ մայրը, եթե ինքնուրույն է ծննդաբերել, ինչը ներկայումս գրեթե չլսված բան է, այսինքն՝ նա դեռևս ուրիշ մոլորակի վրա է, մոռանում է ամբողջ աշխարհի մասին և իրեն պահում է իսկական կաթնասունի նման, հասկանու՞մ եք․․․

ԼրագրողԱյո՛։

Օդեն – Նա գիտի՝ ինչ անել։ Այսպիսով, մարդկանց շրջանում լակտացիան կարող է սկսվել ծնվելուն հաջորդող մեկ ժամվա ընթացքում։ Եվ նորածինները կարող են սնվել նախակաթով՝ խեժով, վաղ խեժով, որն արժեքավոր է, բայց ոչ կենսականորեն կարևոր։ Մենք կարող ենք գոյատևել․․․ Սա խոշոր հարցերի ամփոփումն է։

ԼրագրողԿարո՞ղ եք ասել, թե ինչպիսի առավելություններ ունի ֆիզիոլոգիական ծննդաբերությունը երեխայի ու մոր համար։ 

Օդեն – Ես չեմ խոսում ֆիզիոլոգիական ծննդաբերության մասին, քանի որ ծննդաբերության սոցիալականացման հազարավոր տարիներից հետո մենք չգիտենք, թե դա ինչ է նշանակում։ Մենք ամեն ինչ պետք է վերաբացահայտենք։ Նախընտրում եմ ասել, որ ֆիզիոլոգիական ծննդաբերության մասին խոսելուց առաջ մենք պետք է ուսումնասիրենք ծննդաբերության ֆիզիոլոգիան։

Լրագրող – Նկատի ունեմ ծնունդն առանց կեսարյան հատման, բնական ճանապարհով, երբ կանայք բնական ճանապարհով են ծննդաբերում, առանց կեսարյան հատման։ Խոսքս սրա մասին է։ Արդյոք դա ավելի լա՞վ է և ի՞նչ առումով է ավելի լավ։

ՕդենԱրդյո՞ք ավելի լավ է սիրո հորմոններով ծննդաբերելը։ Ավելի լա՞վ է ծանոթ ու բարենպաստ մանրէների մեջ ծնվելը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ես չեմ տալիս։ Երբեք։ Ես հարցեր եմ ձևակերպում, հարցերի նոր գաղափարներ։ Երբ մենք աննախադեպ իրավիճակում ենք գտնվում, առաջին բանը, որ պետք է անենք, համապատասխան հարցեր ձևակերպելն է։ Ես օրինակ կբերեմ։ Օրինակ՝ ծննդաբերության ֆիզիոլոգիան հասկանալու համար, այստեղ հարցն այն չէ, թե ինչու է մարդու ծնունդը դժվար։ Մենք պետք է այլ հարց ձևակերպենք․ ինչո՞ւ է ծննդաբերությունը երբեմն հեշտ։ Մենք աննախադեպ իրավիճակում ենք գտնվում։ Առաջնահերթ է ճիշտ հարցեր ձևակերպելը, ոչ թե շտապելը տալ պատասխաններ՝ խուսափելու համար տեսություններից, գաղափարներից, սպասելիքներից, կանխատեսումներից։ Մենք հարցերի դարում ենք, այն փուլում, որտեղ պետք է զգույշ լինենք։ Պարզ հարցեր են, գիտեք․ սիրո հորմոնն օգտակա՞ր է, սերն օգտակա՞ր է․․․ Այնքան պարզ է, որ գրեթե անհեթեթ է, բայց մենք չենք բարձրացնում այս հարցերը։   

Լրագրող – Կարո՞ղ եք խոսել օքսիտոցինի մասին։ Այսօր շատ հիվանդանոցներում ծննդկաններին օքսիտոցին են տալիս՝ առանց նրանց թույլտվությունը նախապես ստանալու։ Ի՞նչ կարծիքի եք սրա մասին։ 

Օդեն – Այսօր շատ կանայք օքսիտոցինի կարիք ունեն։ Նրանք բժշկական աջակցության կարիքն ունեն։ Հարցը միշտ նույնն է․ մոռանալ անհատի մասշտաբը, մակարդակը, մտածել նրա մասին, թե ինչ ենք անում մարդկության մակարդակով։ Մեզ պետք է տեղեկացվածություն։ Չկա որևէ հետազոտություն, օրինակ, երեխայի մոտ ծննդաբերության ընթացքում ստացած օքսիտոցինի մեծ դոզաների հնարավոր երկարաժամկետ հետևանքների մասին, մենք սրա մասին հետազոտություն չունենք, որովհետև մենք ճիշտ հարցեր չենք ձևակերպում։ Կարծում եմ՝ այսպես կարող ենք ամփոփել մեր զրույցը․ մենք հարցերի դարաշրջանում ենք։

Լրագրող – Շատ շնորհակալ եմ այս հնարավորության և Հայաստան այցելելու համար։ Մեզ համար պատիվ է Ձեզ այստեղ հյուրընկալելը։ Շնորհակալություն։