ԱԳՆ արձագանքը՝ ընտանիքամետ գործատու լինելու հարցերին

Ընտանիքամետ միջավայր ունենալու համար հանձառություն է ստացել կառավարությունը։  Մասնավորապես,  ՀՀ ժողովրդագրության վիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությամբ կարևորվում է ընտանիքամենտրոն քաղաքականության իրականացումը և 137-րդ կետով սահմանվում է հետևյալ նպատակը․ «Ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը»։ 

Ընտանիք-աշխատանք հավասարկշռության, ընտանիքամետ աշխատավայրերի առկայությունը կարևորվում է նաև Գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությամբ և միջոցառումների ծրագրով։ Մասնավորապես, 2-րդ գերակայության 12-րդ գործողությունը նախատեսում է․ «Պետական և/կամ տեղական, ինչպես նաև մասնավոր հաստատություններում ընտանիքահեն միջավայրերի ներդրմանն ուղղված աշխատանքների իրականացում»։

«Կետ 33»-ը ընտանիքամետ աշխատավայր ունենալու վերաբերյալ հարցեր է ուղղել 12 նախարարություններին, Ազգային ժողովի և վարչապետի աշխատակազմերին՝ հասկանալու համար, թե ներկայումս այս գերատեսչությունները որքանով են ընտանիքամետ աշխատավայրեր։

Հիշեցնենք, որ ընտանիքամետ է այն աշխատավայրը, որտեղ աշխատողն ունի հնարավորություն սահուն, առանց սթերսի համատեղել ընտանեկան կյանքն ու աշխատանքը, օրինակ, մոտ լինել ընտանիքի խնամքի կարիք ունեցող անդամին և միևնույն ժամանակ չկորցնել աշխատանքն ու եկամուտը։  Ընտանիքամետ աշխատավայրի հիմնական բաղադրիչներ են ա) ճկուն աշխատանքային ժամերով/պայմաններով աշխատելու հնարավորությունը, բ) վճարվող արձակուրդներ և ազատ օրեր ունենալը, գ) երեխայի/ընտանիքի անդամի խնամքի հարցում աջակցությունը, դ) Բարեկեցության և կարիերայի զարգացման կարևորումը։


Ստորև ներկայացնում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետի պաշտոնակատար Հակոբ Սարգսյանի կողմից ստացված պատասխանները։

Նշվում է, որ նախարարության աշխատակազմի թվաքանակի վերաբերյալ տեղեկությունները գաղտնագրված են, սակայն աշխատակիցների  46.9%-ը կանայք են։ Ինչ վերաբերում է մինչև երեք տարեկան երեխա ունեցող և երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակիցներին, հայտնում են, որ նման վիճակագրություն չի վարվում։

Նշվում է, որ ընտանիքի անդամի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողներ չկան։ Չկան նաև հեռավար աշխատողներ։

Չեն պատասխանվել այն հարցերը, որոնք վերաբերում են որպես գործատու ընտանիքամետ քաղաքականություններ ունենալուն։

Հայտնում են, որ նախարարությունում կրծքով կերակրելու սենյակ չկա։

Տե՛ս նաև հարցումը և արձագանքը ամբողջությամբ։

Հարցումներն արվել են «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Կետ 33» հասարակական կազմակերպության կողմից՝ Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։