Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը
Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
2024թ. դեկտեմբերի 1-ից այն կներառի`
գլյուկոզի տոլերանտության պերoրալ թեստ,
թիրեոտրոպ հորմոնի որոշում,
Բ խմբի ստրեպտոկոկի որոշում:
Այս հետազոտություններով հայտնաբերվող շեղումները հաճախ անախտանիշ են, և բժիշկն առերեսվում է դրանց հետևանքների հետ, ուստի թիրախային խմբերի վաղ հայտնաբերումը կնպաստի հղիության և ծննդաբերության անհատական վարման պլանի մշակմանը, հղիության բարեհաջող ելքերի, անվտանգ ծննդաբերության և առողջ երեխաների ծնունդին:
Նախկինում այս հետազոտությունները պետական պատվերի շրջանակներում չէին իրականացվում կամ իրականացվում էին միայն ցուցումների դեպքում:
Հաշվի առնելով արդի բժշկագիտության, միջազգային մասնագիտական ասոցիացիաների ուղեցույցները` այդ հետազոտությունները ներառվել են հղիների նախածննդյան հսկողության պետական պատվերի շրջանակներում իրականացվող պարտադիր հետազոտությունների ծավալում:
Պետական պատվերի շրջանակներում նախածննդյան հսկողության ընթացքում սահմանված ժամկետներում բոլոր հղիները կանցնեն նշված հետազոտություններն` անկախ ցուցումների առկայությունից:
Փոփոխությունը կնպաստի նաև վերարտադրողական կորուստների նվազեցմանը, այդ թվում՝ վիժումների, պտղի ներարգանդային մահվան դեպքերի (մեռելածնության) կանխարգելմանը և նորածնային մահացության նվազեցմանը: