Հայաստանում կանայք տղամարդկանցից մինչև 30 տոկոսով քիչ են վարձատրվում նույնատիպ աշխատանքի դիմաց. ՀԲ

Հայաստանում աշխատանքային տարիքի կանանց կեսից քիչն է ընդգրկված աշխատուժի կազմում` հիմնականում երեխաների և ընտանիքում հաշմանդամություն ունեցող անձի խնամքի պարտականությունների պատճառով: Աշխատաշուկայում ներգրավված կանայք վաստակում են միջինում 25-30 տոկոսով ավելի քիչ, քան իրենց արական սեռի գործընկերները, ովքեր զբաղվում են նույնատիպ աշխատանքով, ասվում է Համաշխարհային բանկի կողմից այսօր հրապարակված զեկույցում:

Համաշխարհային բանկի «Հայաստան. երկրի գենդերային գնահատում» զեկույցի տվյալներով՝ չնայած աշխատաշուկայում կանանց մասնակցության ցածր մակարդակի՝ կանանց 68%-ը բարձրագույն կրթություն է ստանում՝ տղամարդկանց 52%-ի համեմատ։

Զեկույցում նաև ընդգծվում է տղամարդկանց` բարձրագույն կրթության ոլորտում ընդգրկվածության ցածր ցուցանիշը, որը պահպանվում է մոտավորապես 44%-ի սահմաններում (ի հակադրություն կանանց` 65.1% ընդգրկվածության ցուցանիշի): Տղամարդկանց վրա նաև ազդում է չափահաս տարիքում ավելի բարձր մահացության ցուցանիշը: Չնայած իրենց մարդկային կապիտալի մեծ ներուժին` կանայք դեռևս թերներկայացված են որոշումներ կայացնող գործառույթներում, այդ թվում այնպիսի պաշտոններում, ինչպիսիք են նախարարի, փոխնախարարի ու համայնքապետերի պաշտոնները: Թեև Ազգային ժողովում կանայք ներկայումս կազմում են 35.5%, նախարարների ընդամենը 17% և փոխնախարարների 18%-ն է կին:

Հաշվի առնելով կանանց ավելի բարձր կրթական ցենզը` կանանց պարագայում աշխատաշուկայի միտումների վրա անդրադառնում են գենդերային դերերի վերաբերյալ հասարակության պատկերացումներն, այլ ոչ թե իրական հմտությունները: Թեև ժամանակի ընթացքում ավելացել է բնագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի (ԲՏՃՄ) բնագավառներում կանանց թիվը, նրանք դեռևս կենտրոնացած են ավանդաբար ցածր վճարվող ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը և սոցիալական աշխատանքը, մինչդեռ տղամարդիկ գերիշխում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ճարտարագիտությունը և տեխնոլոգիան։

Բացի այդ՝ զեկույցում նաև ընդգծվում է այն, որ Հայաստանում դեռևս կա գենդերային բռնություն, որը լուրջ և միաժամանակ թերի ներկայացված խնդիր է: Օրինակ, 15-59 տարեկան, երբևէ զուգընկեր ունեցած կանանց 18%-ը կյանքի ընթացքում ենթարկվել է ընտանեկան բռնության: