Ընտանիքամետ գործատուն իմ ղեկավարն է

«Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «Ընտանիքամետ գործատու» էսսեների և բլոգային նյութերի մրցույթ։ Մրցույթն իրականացվում է «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք մրցույթի հայտը՝  առանց որևէ խմբագրման։ Նյութերը հրապարակվում են հեղինակների համաձայնությամբ։

Նշում․ Հեղինակի կողմից նշված փաստերի, իրադարձությունների իրավասիությունը կազմակերպության կողմից չի ստուգվում։

***

Կարիերան և ընտանիքը համատեղող կնոջ համար ամենամեծ արժեքներից մեկը ընտանիքամետ գործատու ունենալն է։ Հայկական իրականությունում դա, ցավոք, հաճախ հանդիպող երեւույթ չէ։ Տարածված կարծրատիպ կա՝ ամուսնացած, «երեխայատեր» աշխատակիցը կարող է անընդհատ բացակայել, չէ՞ որ երեխաների հետ կապված հոգսեր կան, որոնք պետք է հոգա
հենց մայրը, իսկ դրանից կտուժի աշխատանքը։ Բայց հաճախ ամենաարդյունավետ աշխատակիցները հենց մայրիկներն են՝ ավելի
կազմակերպված, հասուն և շնորհակալ իրենց հնարավորությունների համար։ Աշխատող մայրերը շատ հաճախ մեղքի ներքին զգացողություն ունեն՝ «քիչ ժամանակ հատկացրի երեխայիս, մյուս երեխաները շուտ են գնում տուն, իմը միշտ մնում է մանկապարտեզում մինչև 17․30, հանդեսից հետո տուն չեմ կարողանում տանել, միջոցառումներին, ժողովներին ուշանում եմ․․․»։
Եվ հենց այստեղ է կարևորվում գործատուի վերաբերմունքը՝ այն կարող է թեթևացնել քո մտահոգությունները, թե ավելացնել լարվածությունը։
Իմ հիշողության մեջ կան երկու դրվագներ, որոնք ընտանիքամետ և չընտանիքամետ վերաբերմունքի իսկական ապացույց են։
Տարիներ առաջ, երբ երեխաս վիրահատվում էր, գտնվելով արձակուրդում՝ ստացա հեռախոսազանգ, որտեղ ինձ տեղեկացրին, որ «քանի որ վիրահատարանում գտնվող երեխայիս ոչնչով օգնել չեմ կարող, կարող եմ աշխատել, օգնել գործին»։ Գուցե պրակտիկորեն դա ճշմարիտ էր, բայց մարդկային տեսանկյունից՝ ցավոտ։ Այդ գործատուն հաճախ էր ակնարկում՝ «երեխաներդ շատ են հիվանդանում, հա՞», կարծես դա աշխատակցի մեղքն էր․․․և այսպես շարունակ։
Իսկ իմ ներկայիս աշխատանքում ամեն ինչ այլ է։ Աշխատանքի առաջին իսկ ամսում կրկին երեխայի վիրահատություն ունեցանք։ Ամաչելով խնդրեցի բացակայել, ստացա ոչ թե զարմանք, զայրույթ, այլ հոգատար զանգեր՝ հետաքրքրվելու երեխայի առողջությամբ, իսկ հետո «կշտամբանք»՝ «գուցե դեռ մի քանի օր մնայիր տանը, ինչի՞ ես շտապել աշխատանքի»։

Մեկ ուրիշ դրվագ՝ երեխան հիվանդանում է, տեղեկացնում եմ ղեկավարին, իսկ պատասխանն անփոփոխ է՝ «իհարկե, մնա երեխայիդ կողքին։ Ջերմությունը ինչքա՞ն է, պետք է բժշկի հետ կապե՞մ, օգնե՞մ»։ Այսպես անցնում է մեր աշխատանքային առօրյան՝ ծնողի հիվանդություն, ծնողական ժողով, հանդես, տարեդարձ։ Ոչ մի բացակայություն երբևէ չի վերածվում «մեծ պատմության»։ Իհարկե, ընտանիքամետ գործատուն միայն «day off» նվիրելով չի բնորոշվում։ Դա վերաբերմունք է, լռելայն մշակույթ, միջավայր, որտեղ աշխատողը վստահ է, որ իր առաջնային արժեքները տեսադաշտից դուրս չեն մնում, որտեղ մարդը չի վճարում աշխատանքի գնով ընտանիքի համար, այլ աշխատանքն է հարմարեցվում մարդու կյանքին։
Գործատուն կարող է հունիսի 1-ին տասնյակ նվերներ ուղարկել, բայց եթե ամեն անգամ ծնողի կամ երեխայի հետ կապված հարցը խնդրելիս աշխատակիցը վախենում է կամ սթրես է ապրում, այդ նվերների արժեքը զրոյանում է։ Ի վերջո, մայրը երբեք չի ընտրի աշխատանքը երեխայի փոխարեն։ Բայց ամեն աշխատող՝ անկախ նրանից՝ կին է, տղամարդ, ծնող, թե դեռ ոչ, արժանի է աշխատանքի, որտեղ այդ
ընտրությունը իրեն չի պարտադրվում, որտեղ մարդկայնությունը աշխատանքային պարտականություններից չի զատվում։
Ընտանիքամետ լինելը մշակույթ է։ Այն ձևավորվում է ղեկավարի վերաբերմունքով՝ լայն սրտով, վստահություն ներշնչող միջավայրով, առանց աշխատակցի մեջ մեղքի զգացում արթնացնելու։ Եվ դա փոխում է ոչ միայն աշխատողի աշխատանքը, այլ նրա ողջ հոգեբանական վիճակը՝ ստեղծելով անվտանգ, հոգատար, մարդկային հարաբերությունների վրա հիմնված միջավայր։ Ընտանիքամետ վերաբերմունքը ոչ միայն հեշտացնում է աշխատանքը, այլ նաև ձևավորում է վստահելի, առողջ և հարգանքով լեցուն միջավայր։ Երբ աշխատողն իրեն գնահատված ու
հասկացված է զգում, նա դառնում է ավելի մոտիվացված, ավելի նվիրված և պատրաստ է առավելագույնն անել աշխատանքում։ Ընտանիքամետ գործատուն ոչ միայն աշխատանքում թևեր է տալիս, այլև ընտանիքում նպաստում ներդաշնակության։

Սիրելի կանայք, սիրելի մայրեր, մենք բոլորս իսկապես արժանի ենք ունենալու գործատու, որը տեսնում է ոչ միայն մեր մասնագիտական կարողությունները, այլև մեր մարդկային ու ծնողական կարիքները, չէ՞ որ աշխատանքի նկատմամբ հոգատարությունը, պատասխանատու
և նվիրված վերաբերմունքը սկսվում է ընտանիքից։Ես իսկապես հպարտանում եմ և շնորհակալ եմ, որ ունեմ սուպեր ընտանիքամետ
գործատու, ավելին՝ հաճախ ինքս ինձ նախանձում եմ հենց դրա համար և համարում, որ սա լավագույն փոխհատուցումն է իմ կյանքում հանդիպած բոլոր չընտանիքամետ գործատուների։
Հ․Գ․ Թերևս պատահական չէ, որ իմ ընտանիքամետ գործատուն աշխարհի ամենահումանիտար մասնագիտությունն ունի՝ բժիշկ է նաև էությամբ և ապրելակերպով։

Հեղինակ՝ Ինգա Մարտիրոսյան