Կառավարությունը չունի բովանդակային լուծումներ՝ Արցախից բռնի տեղահանված երեխաների խնամքի կազմակերպման վերաբերյալ
Այս տարվա հոկտեմբերին «Կետ 33» հասարակական կազմակերպությունը մշակել էր առաջարկություններ՝ Արցախից բռնի տեղահանված երեխաների նախադպրոցական խնամքն ապահովելու և նրանց ընտանիքների հոգսը թեթևացնելուն ուղղված առաջարկություններ՝ ուղղված ՀՀ կառավարությանն ու Ազգային ժողովին։
Նշենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների համաձայն՝ այս տարվա սեպտեմբերից 24-ից հետո Արցախից բռնի տեղահանվել է 0-6 տարեկան 10 979 երեխա։ Միևնույն ժամանակ, հատկապես Երևանում կա նախակրթարաններ երեխաներին ընդունելու բավականին լուրջ խնդիր՝ հիմնականում խմբերի գերծանրաբեռնվածության պատճառով։
Նշենք, որ մեր առաջարկությունների վերաբերյալ Ազգային ժողովից մինչ օրս որևէ արձագանք չենք ստացել, իսկ ստորև կներկայացնենք կառավարության՝ ի դեմս տարբեր նախարարությունների կողմից ստացված արձագանքները։
- Այսպիսով, մեր կազմակերպության առաջարկություններից մեկը վերաբերում է Արցախից բռնի տեղահանված երեխաների համար նախադպրոցական հաստատության ընդունելության կարգը մեղմելուն․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի 76-Ն հրամանում կատարել լրացում այն մասին, որ ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթություն տրվի նաև Արցախից բռնի տեղահանված երեխաներին։
Սրա վերաբերյալ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատասխանել է հետևյալը․ «Նախադպրոցական ուսումնական հաստատությունները գործում են համայնքների ենթակայությամբ, և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների՝ հաստատություններ ընդգրկումը ևս իրականացվում է գործող իրավակարգավորումների շրջանակում, և որևէ օրենսդրական կամ այլ նախաձեռնություն առկա չէ:
Հավելեմ, որ «Նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգը սահմանելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 76-Ն հրամանում այժմ կատարվում է փոփոխություն, որով նախատեսվում է, որ սահմանված առաջնահերթությունների իրավունքից օգտվելու համար հերթագրումն իրականացվում է մինչև տվյալ օրացուցային տարվա մարտի 1-ը: Փոփոխությամբ նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունելության առաջնահերթություն չունեցող ծնողները հնարավորություն կունենան նախապես իրազեկված լինելու նախադպրոցական հաստատությունում արտահերթությամբ գրանցվածների վիճակագրության մասին: Առաջնահերթությունների ցանկում այլ փոփոխություններ կատարելը նպատակահարմար չէ»։
- Մյուս առաջարկությունն այն է, որ պետք է ընդլայնել մանկապարտեզներում խմբերի թիվը՝ հաշվի առնելով կոնկրետ նախադպրոցական հաստատության շենքային պայմանները և/կամ խմբերում ընդլայնել երեխաների թիվը մինչև հինգով։ Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի N857 հրամանով սահմանվում է նախադպրոցական կազմակերպությունների N 2.III-1 սանիտարական նորմերն ու կանոնները։ Համաձայն այս փաստաթղթի՝ 1-3 տարեկանների խմբերում կարող են լինել մինչև 20 երեխա, իսկ 3-6 տարեկանների խմբերում՝ մինչև 25 երեխա։
Սրան ի պատասխան՝ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ մշակել և շրջանառության մեջ են դրել նախարարի մեկ այլ հրաման, որով ուժը կորցված պետք է ճանաչվի վերոնշյալ հրամանը, որի համաձայն, նախակրթական հաստատությունների հաշվարկային տարողունակությունը սահմանվում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի 95-Ն և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 76-Ն հրամաններով։
Ի դեպ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի 95-Ն հրամանով նախադպրոցական խմբերում երեխաների թիվը սահմանված է այնքան, որքան ԿԳՄՍ նախարարի հրամանում է։
- Երրորդ առաջարկությունը վերաբերում է «Դայակ պետության աջակցությամբ» ծրագիրը վերսկսելուն, որը 2022 թվականից չի գործում։ Առաջարկում ենք՝ ծրագրի նախնական փուլում որպես շահառու ներգրավվել միայն Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին՝ տրամադրելով պետության կողմից համաֆինանսավորում՝ մինչև վեց տարեկան երեխայի նախադպրոցական ուսումնական հաստատություն այցելելու կամ դայակ վարձելու համար։
Այս առաջարկության վերաբերյալ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատասխանել է, որ «Դայակ պետության աջակցությամբ» ծրագրի իրականցում 2023-2024 թվականների ընթացքում նախատեսված չէ։
Ցավով փաստում ենք, որ ՀՀ կառավարությունը, մերժելով վերոնշյալ բոլոր առաջարկությունները, չի ներկայացրել ներկա իրավիճակի վերաբերյալ սեփական լուծումները։ Արցախից բռնի տեղահանված, սեփական ծածկ չունեցող ու օրվա ապրուստի մասին հոգացող ընտանիքներից շատերը շարունակում են դժվարություններ ունենալ երեխայի խնամքը պատշաճ կազմակերպելու և աշխատանքը համատեղելու հետ կապված։