Ընտանիքամետ աշխատավայր․ ամփոփվեցին ծրագրի ու հետազոտության արդյունքները
«Ընտանիքամետ աշխատավայրն այն է, որը հնարավորություն է տալիս աշխատողին մոտ լինել խնամքի կարիք ունեցող իր ընտանիքի անդամին և հոգ տանել նրա մասին, միևնույն ժամանակ աշխատել ու եկամուտ ունենալ», – ասաց «Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ և «Դարձնենք ընտանիքամետ աշխատավայրն իրական» ծրագրի ղեկավար Աստղիկ Կարապետյանը՝ ծրագրի ամփոփման միջոցառման ժամանակ։
«Դարձնենք ընտանիքամետ աշխատավայրն իրական» ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի շրջանակում ստեղծվել է «Մեծ գործ» փոդքասթը, ստեղծվել են էպիզոդներ՝ նվիրված ընտանիք-աշխատանք բալանսի, աշխատավայրում կրծքով կերակրումը խրախուսելու, ծնողների աշխատանքային իրավունքների և այլ հարցերի մասին։
Ծրագրի շրջանակում իրականացվել են այցեր Չեխիա և Հունգարիա, որտեղ այցելություններ են եղել մի շարք կոմերցիոն և շահույթ չհետապնդող կազմակերպություններ, ուսումնասիրվել է այս երկրների՝ ընտանիքամետ աշխատավայրեր ունենալու փորձը։
Միջոցառման ժամանակ ներկայացվեց ծրագրի շրջանակում իրականացված «Ընտանիքամետ աշխատավայր․ հայաստանյան հնարավորությունները» հետազոտությունն ու դրա արդյունքում ամփոփված օրենսդրական և գործնական բարեփոխումների առաջարկությունները։
Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի և Չեխիա, Հունգարիա այցերի, փորձի ուսումնասիրության համար։
«Շատ հարցեր կարելի է լուծել օրենսդրական փոփոխությունների միջոցով, բայց շատ դեպքերում հարցը կախված է հենց գործատուի բարի կամքից։ Բարդ է, երբ մարդը մտածում է, որ չպետք է վերադառնաս աշխատանքի, որովհետև երեխա ունես։ Հասարակության մտածելակերպի ու սովորույթների հետ աշխատելն ամենաբարդն է», – ասաց դեսպան Պ․ Պիրունչիկը։
Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, անդրադառնալով բարեփոխումների առաջարկություններին, նշեց, որ ցանկացած լավ գաղափար, եթե պիտի օրենսդրական լուծում ստանա, ուղարկվելու է օրենսդիր մարմնին․ «Այս հետազոտությունը պատրաստի նյութ է օրենսդրական փոփոխությունների համար»:
Միջոցառմանը ներկա էին միջազգային, պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր քննարկման արդյունքում ներկայացրին իրենց դիտարկումներն ու կարծիքները։