Ընտանիքամետ միջավայրի մասին քննարկումներ՝ FEMINNO կոնֆերանսի ժամանակ
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ FEMINNO ամենամյա միջազգային կոնֆերանսը, որի խորագիրն էր «Ուժը հիմա․ նորարարություն, ազդեցություն, կանայք»։
«Կետ 33» կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից հրավիրված էր որպես բանախոս՝ աշխատավայրում ընտանիքապետ քաղաքականությունները և ծառայությունների մասին պանելային քննարկմանը։

Նա ներկայացրեց ընտանիքամետ քաղաքականությունների միջազգային փորձը, որը էական ազդեցություն է թողել ընտանիք-աշխատանք հավասարակշռության և աշխատաշուկայում գենդերային հավասարության վրա, միաժամանկ զուգահեռ անցկացնելով հայաստանյան օրենսդրության և պրակտիկայի հետ։

Միևնույն ժամանակ, FEMINNO-ի հրավերով կազմակերպությունը մասնակցեց կոնֆերանսի շրջանակներում անցկացվող էքսպոյին՝ ներկայացնելով կազմակերպության գործունեությունը և մասնավորապես «Ընտանիքամետ գործատու» արշավը, որի շրջանակներում գործարկվել է նաև գործատուներին համանուն տարբերանշան տրամադրելու գործիքը։
Նշենք, որ «Ընտանիքամետ գործատու» արշավն իրականացվում է Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Նպատակը ընտանիքամետ աշխատավայրերի մշակույթի ընդլայնումն է, գործատուներին օգնելը ներդնել ընտանիքամետ քաղաքականություններ՝ ընդլայնելով իրենց մրցակցային առավելությունները, ինչպեսև մեկ տեղում հավաքել ընտանիքամետ գործատուների մասին տեղեկությունները։


