Նոր գործիք․ տարբերանշան ընտանիքամետ գործատուներին
Այս տարի առաջին անգամ հայաստանյան գործատուները կարող են ստանալ «Ընտանիքամետ գործատու» տարբերանշանը։ Տարբերանշանի նպատակն է խրախուսել գործատուներին և նպաստել ընտանիքամետ մոտեցումների տարածումը գործատուների շրջանում՝ ապահովելով արաժանապատիվ աշխատանքային պայմաններ։
Նոր գործիքը ստեղծվել է «Կետ 33» հասարակական կազմակերպության կողմից՝ Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Տարբերանշանը ստանալու համար անհրաժեշտ է այցելել «Ընտանիքամետ գործատու» առցանց հարթակը և լրացնել հարցաշարը դրանով իսկ դիմելով «Ընտանիքամետ գործատու» տարբերանշան ստանալու համար։ Ստացված հայտը մանրամասն ուսումնասիրվելուց հետո կազմակերպությանը կարող է տրվել «Ընտանիքամետ գործատու» տարբերանշանը։
Առցանց հարթակում կազմակերպության ներկայացուցիչները կարող են գտնել գործատուի համար նախատեսված ձեռնարկը և տեղեկատվական նյութեր, որոնք կօգնեն գործատուներին ներդնել ընտանիքամետ քաղաքականություններ՝ ընդլայնելով իրենց մրցակցային առավելությունները։
Միևնույն ժամանակ, հարթակում տեղադրվելու են և պարբերաբար թարմացվելու են ընտանիքամետ գործատուների վերաբերյալ նյութերը։
Ի՞նչ է նշանակում լինել ընտանիքամետ գործատու․ Ընտանիքամետ է այն գործատուն, որը մշակել և կիրառում է քաղաքականություններ ու ընթացակարգեր, որոնք հնարավորություն են տալիս աշխատողին սահուն, առանց սթրեսի համատեղել ընտանեկան կյանքն ու աշխատանքը, օրինակ, մոտ լինել ընտանիքի խնամքի կարիք ունեցող անդամին և միևնույն ժամանակ չկորցնել աշխատանքն ու եկամուտը։
Ի՞նչ է նշանակում ընտանիքամետ աշխատավայր․ Ընտանիքամետ է այն աշխատավայրը, որտեղ աշխատողը ունի հնարավորություն սահուն, առանց սթրեսի համատեղել ընտանեկան կյանքն ու աշխատանքը, օրինակ, մոտ լինել ընտանիքի խնամքի կարիք ունեցող անդամին և միևնույն ժամանակ չկորցնել աշխատանքն ու եկամուտը։
Ինչպե՞ս լինել ընտանիքամետ գործատու․ Ընտանիքամետ աշխատավայրի բաղադրիչները կամ գործիքները շատ տարբեր ու բազմազան են, սակայն կարող ենք խմբավորել այսպես՝
- Ճկուն աշխատանքային ժամեր/պայմաններ,
- Արձակուրդներ և ազատ օրեր,
- Աջակցություն երեխայի/ընտանիքի անդամի խնամքի հարցում,
- Բարեկեցության կարևորում,
- Կարիերայի զարգացման կարևորում։
Յուրաքանչյուր գործատու կարող է ներդնել ընտանիքամետ լինելու բաղադրիչներ՝ իր հնարավորությունների սահմաններում ու գործունեության բնույթին համապատասխան։ Այս հարցում օգտակար կարող է լինել գործատուների համար նախատեսված ուղեցույցը։
Ինչու՞ լինել ընտանիքամետ գործատու․ Ընտանիքամետ լինելը գործիք է ա) տաղանդավոր, մեծ պոտենցիալ և բարձր որակավորում ունեցող մասնագետներին ներգրավելու բ) ընկերությունում պահելու համար, գ) աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, դ) կառուցելու դիմացկուն, ճկուն և մրցունակ բիզնես մոդելներ, որոնք ընկալելի են թե՛ աշխատուժի, թե՛ գործընկերների համար, ե) բարի համբավ ստեղծելու համար։
Սա տալիս է հնարավորություն լինել ոչ թե հերթական, այլ նախընտրելի գործատու և գործընկեր, որին վստահում են և պատրաստ են երկար ճանապարհ անցնել միասին։
Ինչու՞ ստանալ տարբերանշան․ Սա նոր գործիք է Հայաստանում, սակայն լայն տարածում ունի զարգացած երկրներում և լավագույն միջոցն է կազմակերպության համար իր արժեքներն ու մոտեցումները ներկայացնելու իր թիմին, պոտենցիալ աշխատակիցներին ու գործընկերներին։
Տարբերանշան ստացած կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվելու են հարթակում, նրանց մասին տարբեր ֆորմատներով մեդիանյութեր են ստեղծվելու և թարգմանվելու միջազգային գործընկերների համար։ Հարթակում կարող են հրապարակվել նաև այս կազմակերպությունների հայտարարությունները աշխատողներ կամ գործընկերներ փնտրելու վերաբերյալ։