Գործատուի կողմից կրծքով կերակրելու համար բարենպաստ աշխատավայր ստեղծելու գործողությունները

Գործատուն, որն արժևորում է իր աշխատակցին, հարգում է նրա իրավունքներն ու կարիքները, միևնույն ժամանակ գիտակցում է, որ աշխատողի համար հարամավետ պայմանները բխում են նաև իր գործարար շահից, ստեղծում է ընտանիքամետ աշխատանքային միջավայր։

Ղեկավարության հիմնական քայլերը՝

• Ընդունել աշխատավայրում կրծքով կերակրումը խրախուսելու քաղաքականություն որդեգրելու մասին որոշում,
• Ստեղծել համապատասխան պայմաններ՝ աշխատակցի կրծքով կերակրելու իրավունքն իրացնելու համար,
• Ուսումնասիրել կրծքով կերակրող աշխատակցի կարիքները, պատրաստել համապատասխան տեղեկատվական իրազեկում ղեկավար պաշտոն ունեցողների և մյուս աշխատակիցների համար։

Առաջին և կարևորագույն քայլը գործատուի կողմից կրծքով կերակրումը խրախուսելու քաղաքականություն որդեգրելու մասին որոշում ընդունելն է։ Եվ այդ որոշմամբ պետք է ամրագրվեն մի քանի կարևոր հանգամանք՝

• գործատուն գիտակցում է կրծքով կերակրելու կարևորությունն ու ստեղծում է աջակցող միջավայր,
տրամադրում է հավելյալ և վճարվող ընդմիջումներ,
• տրամադրում է կերակրասենյակ/երեխայի խնամքի սենյակ․ ի դեպ այս սենյակը կարող է ստեղծվել թե՛ ժամանակավորապես՝ այլ տարածքի վերակահավորման միջոցով, թե՛ մշտական,
• ԵՎ/ԿԱՄ տալիս է ճկուն աշխատանքային պայմաններով աշխատելու հնարավորություն,
• ԵՎ/ԿԱՄ տրամադրում է տրանսպորտային միջոց՝ կրծքով կերակրելու նպատակով տրված ընդմիջումները արդյունավետ օգտագործելու համար։

Աղբյուրը՝ «Կրծքով կերակրելու իրավունքը և ընտանիքամետ մոտեցումները աշխատավայրում» հետազոտություն:

*Իրազեկումը պատրաստվել է «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» արշավի ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում: