Երեխաների խնամքի կենտրոնների/մանկապարտեզների խնդիրը
Մեր այս պատմությունը երեխաների խնամքի կենտրոնների/մանկապարտեզների խնդրի մասին է։
2018-ից գործում է «Դայակ՝ պետության աջակցությամբ» ծրագիրը, որի գաղափարը ողջունելի է, քանի որ կարող է օգնել կնոջը արձակուրդում մնալով չլճանալ և վերադառնալ աշխատանքի, շարունակել կարողությունների, հմտությունների կիրառումն ու զարգացումը, ինչպեսև ապահովել ընտանիքի եկամուտ ստանալու հարցը։ Սակայն կան մի շարք հարցեր, որոնք ծրագրի արդյունավետությունը կրճատում են․
Ծրագրից օգտվողների թիվը սահմանափակ է, և կան առաջնահերթություն ունեցող խմբեր, ովքեր կարող են մասնակցել ծրագրին։ Հիմնավորված չէ, թե ինչով են պայմանավորված հատկապես այս սոցիալական խմբերին առաջնահերթություն տալը։
*Ի դեպ, 2020 թ-ի ապրիլի 20-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ծրագրի շահառուների շրջանակի ընդլայնման նպատակով ներկայացրել է փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է հանել առաջնահերթությունների սահմանումը, ինչ դեպքում ծրագրից կարող են օգտվել բոլոր դիմողներն, ովքեր երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում վերադարձել են աշխատանքի։ Սակայն նախագիծը հասանելի չէ համացանցային բաց աղբյուրներում։
Ծրագիրն ավարտվում է երեխայի 2 տարեկանը լրանալուց հետո։ Անհրաժեշտ է ծրագրի տևողությունը երկարաձգել առնվազն մեկ տարով, քանի որ մանկապարտեզների հիմնական մասը երեխաներին ընդունում են 3 տարեկանը լրանալուց հետո (օրինակ, Երևան քաղաքի պետական մանկապարտեզներում ընդունելության համար հերթագրվելու համար պարտադիր պահանջ է երեխայի 2 տարեկանը լրացած լինելը)։ Եվ այս ծրագրից օգտվողները երեխայի 2 տարեկանը լրանալուց հետո նորից կանգնում են երեխայի խնամքի կազմակերպման խնդրի առաջ։